ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«17» օգոստոսի 2026 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Նախարար`
8/17/2026 |
Դ. Խուդաթյան |
|
|
Հավելված Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի 17 օգոստոսի 2026 թ. N 11-Ն հրամանի |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1․ Սույն պահանջներով սահմանվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված միության անդամ պետությունների կողմից հաստատված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետություններից մեկի տարածքում հաշվառված (գրանցված) փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պայմանները։
2․ ԵԱՏՄ որևէ անդամ պետությունում հաշվառված (գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներով բեռների կաբոտաժային փոխադրումներ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացնել այն փոխադրողները, որոնք անդամ պետության իրավասու մարմնի կողմից ստացել են միջպետական փոխադրումներ իրականացնելու իրավունք այդ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Հայաստանի Հանրապետության փոխադրողները ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար պետք է հաշվառված լինեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից վարվող փոխադրողների միասնական էլեկտրոնային ռեեստրում։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի պահանջներին համապատասխան և ունենան տեղորոշման համակարգ։
5․ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո միևնույն տրանսպորտային միջոցով։
6․ Կարող են կատարվել մինչև 3 հաջորդական բեռների կաբոտաժային փոխադրումներ միջպետական բեռնափոխադրումը ավարտելու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում։
7․ Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար ԵԱՏՄ այլ անդամ պետության փոխադրողը պետք է էլեկտրոնային եղանակով նախապես ծանուցի լիազոր մարմնին e-request.am էլեկտրոնային համակարգով։
8․ Բեռների առաջին կաբոտաժային փոխադրում իրականացնելու իրավունք ստանալու համար փոխադրողը լիազոր մարմնին ներկայացնում է հետևյալ տեղեկությունները․
1) փոխադրողի անվանումը
2) պետական գրանցման համարը․
3) կաբոտաժային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հաշվառման (գրանցման) համարանիշը․
4) դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող միջպետական բեռնափոխադրման բեռնաթափման ամսաթիվը, ժամկետը և վայրը, որից հետո պետք է իրականացվի կաբոտաժային փոխադրումը․
5) փոխադրողի էլեկտրոնային փոստի հասցեն․
6) բեռնառաքողի անվանումը, հասցեն․
7) բեռը ստացողի անվանումը, հասցեն․
8) բեռի անվանումը, ընդհանուր զանգվածը կամ քանակը․
9) բեռնման վայրն ու ամսաթիվը, բեռի առաքման ամսաթիվը, բեռի բեռնաթափման վայրը։
9․ Յուրաքանչյուր հաջորդ կաբոտաժային փոխադրումը կատարելու համար պետք է ներկայացվեն սույն պահանջների 8-րդ կետի 6-ից 9-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները և նախորդ կաբոտաժային փոխադրումը կատարելու իրավունք տալու վերաբերյալ լիազոր մարմնի փաստաթղթի համարը։
10․ Լիազոր մարմինը բեռների կաբոտաժային փոխադրում կատարելը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշում է կայացնում և դրա մասին ծանուցում տրանսպորտի բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) և փոխադրողին՝ մինչև նրա կողմից դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 18։00-ն։
11․ Սույն պահանջների 10-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից փոխադրողին կայացրած որոշման մասին չծանուցելու դեպքում, փոխադրում կատարելը համարվում է թույլատրված։
12․ Բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու սույն պահանջները խախտելու դեպքում Տեսչական մարմնի կողմից խախտումը արձանագրելու և դրա վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցելու օրվանից՝ 1 տարվա ընթացքում փոխադրողը զրկվում է Հայաստանի Հանրապետությունում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու իրավունքից։
13․ Լիազոր մարմինը բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու դիմումը մերժում է, եթե
1) փոխադրողը թերի է ներկայացրել սույն պահանջների 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը և լիազոր մարմնի առաջարկով սահմանված ժամկետում չի ներկայացրել ամբողջական տեղեկատվությունը.
2) սույն պահանջների 13-րդ կետով նախատեսված հիմքով կաբոտաժային փոխադրում իրականացնելու իրավունքից զրկվելու մեկ տարվա ժամկետը դեռևս չի լրացել․
3) իրականացվելու է վտանգավոր բեռի փոխադրում․
4) մեկ անդամ պետության տարածքում գրանցված և դատարկ այլ անդամ պետության տարածք ժամանած տրանսպորտային միջոցով իրականացվելու է բեռների կաբոտաժային փոխադրումներ։
14․ Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումների կատարման սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմինը փոխանցում է փոխադրողի գրանցման պետության իրավասու մարմնին։
15․ Բեռների կաբոտաժային փոխադրումների խախտումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումն իրականացվում է անդամ պետություններում իրավասու մարմինների ազգային ռեսուրսների, ինչպես նաև Միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր ռեսուրսի միջոցով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական: