ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1259-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և 13-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման, ներառյալ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գիտական աստիճանի շնորհման կարգը, չափանիշներն ու ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և հավելվածին ներկայացվող պահանջները` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի «Ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և բարձրագույն ու հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշման 2-րդ կետից հանել «՝ բացառությամբ որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերի» բառերը:
4. 2031 թվականի դեկտեմբերի 25-ից ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների շնորհման կարգը և չափանիշները հաստատելու մասին» N 327 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշումը:
5. Սույն որոշման հավելվածներով հաստատված կարգավորումները գործում են 2027/2028 ուսումնական տարվանից ընդունված դոկտորանտների համար։
6. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 65-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ՄԳՇ հրապարակումների մասով կարգավորումները հայագիտություն և հումանիտար, հասարակական, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում կիրառվում են հետևյալ ժամանակահատվածներում՝
1) 65-րդ կետի 1-ին ենթակետի դեպքում՝ մինչև 2030 թվականը՝ գիտական ղեկավարն ունի տվյալ մասնագիտությամբ առնվազն 2 ՄԳՇ հրապարակում, իսկ 2030 թվականից՝ հայագիտություն և հումանիտար, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 5 ՄԳՇ հրապարակում (առնվազն չորսը տվյալ մասնագիտությամբ), իսկ հասարակական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 10 ՄԳՇ հրապարակում (առնվազն չորսը տվյալ մասնագիտությամբ).
2) 65-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ մինչև 2030 թվականը՝ գիտական ղեկավարը վերջին հինգ տարիների ընթացքում ունի առնվազն 2 ՄԳՇ հրապարակում, իսկ 2030 թվականից՝ հայագիտություն և հումանիտար, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 4 ՄԳՇ հրապարակում (որոնցից առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, ինչպես նաև առնվազն երկուսը պետք է հանդիսանան առնվազն երկրորդ քառորդում (Q2) ներառված ամսագրում հրապարակված գիտական հոդվածներ), իսկ հասարակական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 8 ՄԳՇ հրապարակում (որոնցից առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, ինչպես նաև առնվազն չորսը պետք է հանդիսանան առնվազն երկրորդ քառորդում (Q2) ներառված ամսագրում հրապարակված գիտական հոդվածներ):
7. Սույն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետով սահմանված ՄԳՇ հրապարակումների մասով կարգավորումները հայագիտություն և հումանիտար, հասարակական, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում կիրառվում են հետևյալ ժամանակահատվածներում՝ մինչև 2030 թվականը՝ առնվազն 5 ՄԳՇ հրապարակում, որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր, իսկ 2030 թվականից՝ հայագիտություն և հումանիտար, ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 10 ՄԳՇ հրապարակում, որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր, իսկ հասարակական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 20 ՄԳՇ հրապարակում, որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր:
8. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը հաստատել գիտական աստիճանի դիպլոմի, այդ թվում՝ համատեղ դիպլոմի և դիպլոմի հավելվածի ձևանմուշի, դրանց լրացման, պատվիրման, բաշխման, հաշվառման, գրանցման և պահպանման կարգով սահմանված թվային տեխնոլոգիաների կիրառմամբ դիպլոմների թվայնացման ժամանակացույցը.
2) թվային դիպլոմների տրամադրումն իրականացնել 1994 թվականի մարտի 10-ից սահմանված կարգով գիտության թեկնածուի կամ գիտության դոկտորի գիտական աստիճան ստացած կամ ստացող անձանց համար, ներառյալ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի որոշման կարգավորումների շրջանակներում ընդունված և պաշտպանած ու թղթային տարբերակով դիպլոմ ստացած դոկտորանտների համար.
3) հաստատել թղթային տարբերակներով տրամադրված թեկնածուական և դոկտորական դիպլոմների թվայնացման նախահաշիվը` անհրաժեշտ միջոցները հատկացնելով պետական բյուջեի «1162․ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «11019․ Գիտական աստիճանաշնորհման և գիտամանկավարժական կոչումների շնորհում» միջոցառման ֆինանսական միջոցներից, աշխատանքներն ավարտել մինչև 2027 թվականի նոյեմբերի 20-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1259-Ն որոշման |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմանները և պահանջները կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված կամ նախահավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) կողմից բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (ներառյալ երկրորդ ու երրորդ մակարդակի ինտեգրված ծրագրեր) կրթական ծրագրերով ընդունելության և ուսումնառության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Դոկտորական կրթության սկզբունքներն են`
1) դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման բազմազանությունը` այդ թվում միջազգային և միջինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի միջոցով.
2) ծրագրերի կազմակերպման ճկունությունը և հետազոտական հագեցած ու բազմազան միջավայրը.
3) շարժունությունը` ինչպես երկրների միջև, այնպես էլ միջմասնագիտական ոլորտում.
4) ըստ հնարավորության դոկտորանտների ներգրավումը որպես կրտսեր պաշտոնների հետազոտողներ կամ գիտական աշխատողներ:
3. Դոկտորանտուրայում կրթական ծառայությունները բուհերն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան մասնագիտությունների շրջանակներում` դրանց իրականացման համար համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում և լիցենզիայով սահմանված առավելագույն տեղերի շրջանակում:
4. Դոկտորանտուրայում ընդունելությունը և ուսումնառությունը կազմակերպվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, սույն պայմանների և բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատված ներքին ընթացակարգի համաձայն՝ մասնագիտության մուտքային որակավորման պահանջներին համապատասխան, իրականացվում է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ և միտված է ապահովելու դոկտորի որակավորման համար սահմանված վերջնարդյունքները՝ ներառյալ ատենախոսության (այսուհետ՝ ատենախոսություն) պաշտպանությամբ ամփոփվող հետազոտական աշխատանքը:
2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Դոկտորանտուրայում, նախընտրած մասնագիտությամբ ընդունվելու համար կարող են դիմել այն անձինք, որոնք ուսումնառել են բարձրագույն կրթության նախորդ մակարդակի հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով կրթություն իրականացնող բուհում և ունեն մասնագիտությանը համապատասխան կամ հարակից բնագավառում մագիստրոսի կամ առնվազն դրան համարժեք որակավորում (բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում):
6. Հարակից բնագավառների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատում է բուհը` երաշխավորելով, որ նախորդող մակարդակում ստացված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն դոկտորանտուրայի կրթական ծրագրով արդյունավետ ուսուցմանն ու հետազոտություններին:
7. Երկրորդ ու երրորդ մակարդակի ինտեգրված ծրագրի դեպքում ընդունելությունն իրականացվում է ըստ համապատասխան ինտեգրված կրթական ծրագրերի ցանկի` հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով կրթություն իրականացնող բուհում համապատասխան բնագավառում բակալավրի կամ առնվազն դրան համարժեք որակավորում ունեցող անձանց համար:
8. Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի դիպլոմը (վկայագիրը) Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի դիպլոմին համապատասխանեցնում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված ակադեմիական փոխճանաչման լիազորություններ ունեցող համապատասխան մասնագիտացված կառույցը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
9. Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի դիպլոմի (վկայագրի) համապատասխանեցումը՝ ներառյալ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է լիազոր մարմնի կողմից հաստատված բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման կարգի համաձայն:
10. Յուրաքանչյուր տարի՝ մայիսի առաջին տասնօրյակում, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով մեկնարկում է հաջորդ տարվա դոկտորանտուրայի պետական կրթաթոշակով տեղերի հնարավոր ատենախոսության թեմաների հավաքագրման գործընթացը: Ատենախոսության թեմաների հավանական գիտական ղեկավարները մինչև սահմանված վերջնաժամկետը (նոյեմբերի առաջին տասնօրյակում) կոմիտեի կողմից վարվող բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) լրացնում են հայտ, որը ներառում է դոկտորական հետազոտության հնարավոր թեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ`
1) թեմայի հակիրճ նկարագիրը.
2) թեմայի իրականացման նյութատեխնիկական բազայի նկարագիրը.
3) թեմայի իրականացման անհրաժեշտությունը (ըստ հնարավորության կապակցելով գերակա ուղղությունների կամ ռազմավարական ուղղությունների հետ).
4) հետազոտության իրականացման համար նյութատեխնիկական և ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
5) առկայության դեպքում` առաջարկվող թեմայով հնարավոր դոկտորանտների տվյալները:
11. Էլեկտրոնային համակարգում հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո, յուրաքանչյուր բուհ իր սահմանած ընթացակարգերով քննարկում է ներկայացված հայտերը և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ կոմիտե է ներկայացնում բուհի ակադեմիական խորհրդի երաշխավորությամբ բուհի ղեկավարի կողմից հաստատված ընդունելության տեղերի առաջարկը՝ ըստ մասնագիտությունների:
12. Բուհի ակադեմիական խորհրդի երաշխավորությամբ բուհի ղեկավարի կողմից հաստատված ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի և էլեկտրոնային համակարգով ներկայացված հայտերի հիման վրա կոմիտեն` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է ներկայացված հայտերի համադրություն ոլորտի ռազմավարության, գերակա ուղղությունների և կադրային համալրվածության, ինչպես նաև առկայության դեպքում, մասնավոր հատվածի կողմից դոկտորի որակավորմամբ մասնագետների պահանջարկի տվյալների հետ և լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում պետական կրթաթոշակով տեղերի երաշխավորված ցանկն ըստ մասնագիտությունների, որը հաստատվում է մինչև փետրվարի 2-րդ տասնօրյակը:
13. Բուհի ակադեմիական խորհուրդը` ընդունելության գործընթացի մեկնարկից առաջ հաստատում է տվյալ ուսումնական տարվա ընդունելության համար պետական կրթաթոշակով տեղերի ատենախոսությունների թեմաների և հավանական գիտական ղեկավարների նախնական ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կոմիտե ներկայացված ընդունելության տեղերի առաջարկի հիման վրա, ու հրապարակում է ընդունելության հայտարարության հետ:
14. Դոկտորանտուրայում ընդունելության համար յուրաքանչյուր տարվա մինչև մարտի առաջին տասնօրյակը բուհը իր պաշտոնական կայքում հրապարակում է համապատասխան լիցենզիա ունեցող մասնագիտություններով դոկտորանտուրայում ընդունելության կազմակերպման հայտարարությունը` հաստատված բուհի ղեկավարի կողմից, որը ներառում է՝
1) ըստ մասնագիտությունների և ուսումնառության ձևերի ընդունելության տեղերը.
2) սույն պայմանների 23-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված մասնագիտական քննության և գիտական հարցազրույցի անցկացման օրվա, տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը.
3) ըստ մասնագիտությունների ուսման վճարի չափը, պետական կրթաթոշակով ու լրիվ բեռնվածությամբ ուսման վարձի փոխհատուցման և կրթաթոշակի համար դիմելու պայմանները.
4) ընդունելության համար դիմորդից պահանջվող մասնագիտական բովանդակային շրջանակը՝ ներառյալ նախորդ մակարդակի մասնագիտությունների և որակավորումների ցանկը.
5) բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով նախատեսված այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
15. Դիմումների ընդունելությունն ավարտվում է ապրիլի երրորդ տասնօրյակում, իսկ ընդունելության գործընթացը կազմակերպվում է տվյալ տարվա մայիս ամսվա ընթացքում՝ բուհի սահմանած ժամանակացույցով, հաշվի առնելով նաև տվյալ տարվա ամառային զորակոչը կազմակերպելու ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետները:
16. Դոկտորանտուրայի ընդունելության կազմակերպման համար բուհի ղեկավարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ բուհի ղեկավարի կամ տեղակալի նախագահությամբ, որը համակարգում է ընդունելության ամբողջ գործընթացը և մասնագիտական հանձնաժողովների աշխատանքը:
17. Ընդունելության գործընթացի սկզբից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, ըստ ընդունելության համար նախատեսված բարձրագույն կրթության համապատասխան մասնագիտությունների կամ մասնագիտությունների խմբերի՝ բուհի կողմից ձևավորվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գիտության տվյալ կամ հարակից բնագավառի գիտական աստիճան ունեցող 3-5 մասնագետ (գիտական կազմակերպությունների կամ այլ բուհերի հետ համատեղ իրականացվող ծրագրերի դեպքում՝ հանձնաժողովում ընդգրկվում է նաև գործընկեր կազմակերպության կամ բուհի առնվազն 1 ներկայացուցիչ):
18. Մասնագիտական քննությունը և գիտական հարցազրույցն անցկացնում է համապատասխան մասնագիտական հանձնաժողովը՝ բուհի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում:
19. Դոկտորանտուրայում ընդունելության համար դիմորդների կողմից դիմում-հայտերը լրացվում են առցանց՝ տվյալ բուհի կողմից վարվող էլեկտրոնային համակարգում գրանցելով իրենց անհրաժեշտ անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), ծննդյան տարեթիվը, ուսումնառած բուհը, մասնագիտությունը և որակավորումը, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար, բնակության հասցե) և բուհի կողմից սահմանված այլ տվյալներ) և կցելով հետևյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները՝
1) դիմում (բուհի ձևանմուշով).
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) սույն պայմանների 5-րդ և 7-րդ կետերի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթության կամ հետավարտական լրացուցիչ ուսումնառության դիպլոմները և դրանց հավելվածները (եթե դիմորդը դեռևս չի ստացել դիպլոմը, ապա դիպլոմի փոխարեն պետք է ներկայացնի տեղեկանք` բուհն ավարտած լինելու վերաբերյալ, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն` ակադեմիական տեղեկանք բուհից` ՄՈԳ-ի պարտադիր նշումով), իսկ օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին.
4) մոտիվացիոն նամակ՝ հետազոտական գործունեության ընդգծմամբ (տվյալ բնագավառում գիտական փորձի և աշխատանքների, գիտական հրապարակումների, գիտական (հետազոտական) դրամաշնորհներում ընդգրկվածության, գիտաժողովների ու կոնֆերանսների մասնակցության վերաբերյալ).
5) նախորդ մասնագիտական փորձի և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում ձեռք բերված կարողունակությունները հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում).
6) ընդունելության կարգով սահմանված այլ փաստաթղթեր՝ ըստ բուհի պահանջի:
20. Պետական կրթաթոշակով դոկտորանտուրայում ընդունված և հրամանագրված դոկտորանտների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, բուհը ներկայացնում է կոմիտե՝ ոչ ուշ, քան հունիսի 1-ը:
21. Կոմիտեն պետական կրթաթոշակով դոկտորանտուրայի տեղերում ընդունված դոկտորանտների ցանկի համաձայն բուհի հետ կնքում է պետական կրթաթոշակի տրամադրման պայմանագիր:
22. Բուհը թափուր մնացած տեղերում կարող է կազմակերպել լրացուցիչ ընդունելություն իր սահմանած ժամանակացույցով` պահպանելով ընդունելության համար սահմանված սկզբունքներն ու գործընթացները, ապահովելով, որ ընդունված և հրամանագրված դոկտորանտների ցանկը՝ ըստ մասնագիտությունների և ուսումնառության ձևերի, հոկտեմբերի 1-ի դրությամբ մուտքագրված լինի կոմիտեի թվային տիրույթում:
23. Ընդունելության գործընթացը ներառում է՝
1) մասնագիտական քննություն (գրավոր կամ բանավոր, ելնելով մասնագիտության առանձնահատկությունից).
2) գիտական հարցազրույց (մասնագիտական պատրաստվածության և նպատակադրությունների գնահատում).
3) բուհի ակադեմիական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով սահմանված այլ պահանջներ:
24. Բուհի համապատասխան ստորաբաժանումը դիմումները ստանալու վերջնաժամկետից հետո տասնօրյա ժամկետում ուսումնասիրում է փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը երրորդ մակարդակի ընդունելության և ուսումնառության կազմակերպման սույն ընդհանրական պայմանների ու ընդհանուր պահանջների և բուհի սահմանած լրացուցիչ պահանջներին և ներկայացնում է տեղեկատվությունը ընդունող հանձնաժողովին, որի որոշման հիման վրա ընդունելության գործընթացին են մասնակցում այն դիմորդները, ում ներկայացրած փաստաթղթերը բավարարում են պահանջներին:
25. Մասնագիտական քննության հարցաշարը պետք է հիմնված լինի տվյալ մասնագիտությամբ դոկտորանտուրա ընդունվելու համար բուհի ակադեմիական խորհրդի, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում համապատասխան ակադեմիական միավորի ակադեմիական կամ գիտական խորհրդի կողմից երաշխավորված և բուհի ղեկավարի կողմից հաստատված մասնագիտական բովանդակային շրջանակի վրա, որը հիմնված է նախորդ կրթական աստիճանների ծրագրային նյութի վրա:
26. Ընդունելության մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 (քսան) միավորանոց սանդղակով, և քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդն ստացել է առնվազն տասներեք միավոր:
27. Գիտական հարցազրույցի փուլը գնահատվում է 4 մակարդակներով` գերազանց, լավ, բավարար և անբավարար: Անբավարար գնահատման դեպքում դիմորդը չի կարող ընդունվել դոկտորանտուրա:
28. Ընդունելության գործընթացի տեսաձայնագրությունը և գրավոր փուլի նյութերը արխիվացվում են բուհի կողմից սահմանված կարգով և օրենսդրությամբ նախատեսված թափանցիկության սկզբունքի ու ձայնագրման վերաբերյալ ընդունելության գործընթացի մասնակիցների իրազեկվածության ապահովմամբ` հնարավոր բողոքարկման համար, ձայնագրությունները կարող են օգտագործվել նաև որակի հավաստման կամ մշտադիտարկման գործընթացներում ներկայացվելու համար:
29. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
30. Մասնագիտական քննության բողոքարկման ընթացակարգային պահանջներն են՝
1) դիմորդը կարող է մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքները հրապարակվելուց հետո մեկ օրվա ընթացքում, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը.
2) բողոքարկման փուլը նշանակվում է դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որին մասնակցում են նաև բուհի վարչական անձնակազմի՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատողը և բուհի ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են բուհի ղեկավարի կողմից.
3) բողոքարկման ժամանակ դիմորդի ներկայությամբ ուսումնասիրվում և քննարկվում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր քննության դեպքում լսվում է ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների և ներգրավված անձանց ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում` գնահատականն անփոփոխ թողնելու կամ գնահատականը բարձրացնելու մասին.
4) ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, բուհի վարչական անձնակազմի, ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցչի և դիմորդի կողմից: Նշված անձանցից որևէ մեկից ընդունված որոշմանն անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը.
5) մասնագիտական քննության գնահատականի բողոքարկման կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը:
31. Մասնագիտական քննության և գիտական հարցազրույցի վերահանձնում չի թույլատրվում:
32. Ընդունելությունն իրականացվում է տվյալ մասնագիտությամբ բուհի լիցենզիայով հատկացված տեղերի շրջանակներում` գիտական հարցազրույցի և մասնագիտական քննության արդյունքների համադրմամբ` մրցութային կարգով, ըստ արդյունքների հանրագումարի:
33. Ընդունելության գործընթացն ամփոփվում է ընդունող հանձնաժողովի կողմից, և ամփոփումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվողների ցանկերը, ըստ մասնագիտությունների և ուսումնառության ձևերի, ներկայացվում են բուհի ղեկավարի հաստատմանը:
34. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում նախատեսված լինելու դեպքում բուհը կարող է երրորդ մակարդակի կրթական ծրագրի ընդունելության տեղը համալրել նաև առանց հրապարակային մրցույթի:
35. Ընդունելության արդյունքների մասին դիմորդներն իրազեկվում են մասնագիտական քննությունը և գիտական հարցազրույցը հանձնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։
36. Ընդունվողի հրամանագրումն ու կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի սահմանված կարգով կնքումը կատարվում է բուհի ղեկավարի հրամանով՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետում` պահպանելով սահմանված ժամկետները:
37. Հրամանագրումից հետո՝ 1 ամսվա ընթացքում (պահպանելով սահմանված ժամկետները) բուհի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կոմիտեի էլեկտրոնային համակարգում պետք է լրացնի ընդունված դոկտորանտին 19-րդ և 36-րդ կետերով նախատեսված տվյալների ու փաստաթղթերի մասով վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը (անկախ կրթության կազմակերպման ձևից), որը ենթակա է պարբերաբար համալրման` դոկտորանտի ուսումնառության ողջ ժամանակահատվածում (ներառյալ դոկտորի գիտական աստիճանի շնորհումը):
38. Բուհի ակադեմիական խորհուրդը, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում համապատասխան ակադեմիական միավորի կամ գործընկեր գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհուրդը՝ տվյալ ուսումնական տարվա համար նախատեսված ժամկետներում, հաստատում է դոկտորանտի` բարձրագույն կրթության տվյալ մասնագիտությանը համապատասխան ատենախոսության թեման և գիտական ղեկավարին և, առկայության դեպքում, արտերկրի համաղեկավարին, ինչպես նաև ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար դոկտորանտի անհատական աշխատանքային պլանը, որոնք լրացվում են կոմիտեի թվային տիրույթում:
39. Ուսումնառության սահմանված ժամկետի վերջին ուսումնական տարում դոկտորանտի մասնագիտության փոփոխություն չի թույլատրվում, իսկ գիտական ղեկավարի կամ ատենախոսության թեմայի փոփոխություն, ըստ անհրաժեշտության, թույլատրվում է միայն ղեկավարին առաջադրած ակադեմիական միավորի պատճառաբանված հիմնավորմամբ և թեման հաստատած ակադեմիական խորհրդի որոշմամբ:
40. Յուրաքանչյուր փոփոխության մասին՝ տվյալ փոփոխության համար համապատասխան հիմքի առաջացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բուհը տեղեկացնում է կոմիտեին` համապատասխան թվային տիրույթում կատարելով փոփոխություն:
41. Դոկտորանտի կողմից անհատական աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների, պայմանագրով նախատեսված ֆինանսական պայմանների ու կրթական և հետազոտական գործընթացներին առնչվող պահանջների չկատարման դեպքերում, ինչպես նաև բուհի կողմից պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների չկատարման դեպքերում, պայմանագիրը կարող է լուծվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
42. Դոկտորանտուրայում կրթության և հետազոտությունների արդյունավետ կազմակերպման համար պատասխանատու են բուհը, ակադեմիական միավորը, գիտական ղեկավարը և դոկտորանտը, որոնց պարտականություններն ու պատասխանատվությունների շրջանակները հստակ պետք է ամրագրված լինեն պայմանագրով, որի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
43. Դոկտորանտուրայում (ներառյալ երկրորդ ու երրորդ մակարդակներն ընդգրկող ինտեգրված ծրագրերը) որակավորումը ձեռք է բերվում դոկտորական կրթական ծրագիրն ավարտելով, և համապատասխան հետազոտական աշխատանքի հիման վրա ամփոփված ատենախոսության պաշտպանությամբ:
44. Դոկտորանտուրայում ստացված որակավորումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված որակավորումների ազգային շրջանակի (այսուհետ` ՈԱՇ) 8-րդ մակարդակին:
45. Դոկտորանտուրայում ուսումնառությունն իրականացվում է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, ընդ որում՝
1) լրիվ բեռնվածությամբ ուսումնառության տևողությունը կազմում է 3 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 1 տարով, առանց կրթաթոշակի պահպանման.
2) մասնակի բեռնվածությամբ ուսումնառության նվազագույն տևողությունը սահմանվում է բուհի կողմից, սակայն չի կարող պակաս կամ համարժեք լինել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված լրիվ բեռնվածությամբ ծրագրի տևողության ժամկետին՝ ներառյալ դրա երկարաձգված ժամանակահատվածը (կրեդիտների ամբողջական կուտակման պարագայում) և չի կարող գերազանցել 6 տարին.
3) մասնակի բեռնվածությամբ դոկտորանտուրայում ուսումնառության ժամկետը կարող է լինել պակաս` նախորդող կրթության կամ հետազոտության հիմքով` սույն կարգի 70-72-րդ կետերին համապատասխան կրեդիտների ճանաչման պարագայում:
46. Երկրորդ և երրորդ մակարդակներն ընդգրկող ինտեգրված կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, ընդ որում՝
1) լրիվ բեռնվածությամբ ուսումնառության տևողությունը կազմում է 5 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 1 տարով, առանց կրթաթոշակի պահպանման.
2) մասնակի բեռնվածությամբ ուսումնառության նվազագույն տևողությունը սահմանվում է բուհի կողմից, սակայն չի կարող պակաս կամ համարժեք լինել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված լրիվ բեռնվածությամբ իրականացվող համապատասխան կրթական ծրագրի տևողության ժամկետին՝ ներառյալ դրա երկարաձգված ժամանակահատվածը (կրեդիտների ամբողջական կուտակման պարագայում) և չի կարող գերազանցել 7 տարին:
47. Դոկտորանտուրայում կրթության համար, անկախ ուսումնառության կազմակերպման ձևից, ծանրաբեռնվածությունը կազմում է առնվազն 180 ակադեմիական կրեդիտ, որից 50 կրեդիտ նախատեսվում է կրթական բաղադրիչի համար, իսկ 130-ը՝ հետազոտական:
48. Երկրորդ և երրորդ մակարդակներն ընդգրկող ինտեգրված կրթական ծրագրերով կրթության համար ընդհանուր ծանրաբեռնվածությունը կազմում է ոչ պակաս, քան 300 ակադեմիական կրեդիտ, անկախ ուսումնառության կազմակերպման ձևից, որի շրջանակներում հետազոտական բաղադրիչին հատկացվում է 180-210 կրեդիտ, իսկ կրթական բաղադրիչին՝ առնվազն 90 կրեդիտ:
49. Ինտեգրված կրթական ծրագիրը պետք է կառուցված լինի այնպես, որ դոկտորանտի գրավոր դիմումի հիման վրա ծրագիրը հնարավոր լինի ավարտել մագիստրոսի որակավորում ստանալու հավակնությամբ` երաշխավորելով համապատասխան կրեդիտների կուտակումը և մագիստրոսական թեզի պաշտպանությունը:
50. Երրորդ մակարդակում կրթական ծրագրերը բաղկացած են հետևյալ երկու հիմնական փոխկապակցված մասերից՝
1) կրթական մաս, որը ներառում է դասախոսությունների և սեմինարների մասնակցություն (ընդհանուր և մասնագիտացված առարկաներ, ընտրովի առարկաներ), որոնց ծավալը և հատկացվող ակադեմիական կրեդիտների քանակը որոշում է բուհը, և մանկավարժական կամ մասնագիտական աշխատանքային պրակտիկա.
2) հետազոտական մաս, որը ներառում է ատենախոսության թեմային համապատասխանող գիտական գրականության ուսումնասիրություն, ատենախոսության թեմային վերաբերող ինքնուրույն գիտական աշխատանք և ատենախոսության դրույթներին վերաբերող գիտական հրապարակումներ, ինչպես նաև գիտական միջոցառումների (գիտաժողովներ, սիմպոզիումներ և այլն) մասնակցություն, կամ հետազոտական այլ բաղադրիչներ (փորձարարական նախագծային գործունեություն, նախատիպավորում կամ այլ գիտատեխնոլոգիական աշխատանք):
51. Կրթական մասում նախատեսվում են կրթական մոդուլներ կամ դասընթացներ, որոնք վերաբերում են միջգիտակարգային հետազոտությունների ոլորտին, հետազոտությունների պլանավորմանը, կազմակերպմանը և կառավարմանը, ակադեմիական գրագրությանն ու էթիկային և որոնք երաշխավորում են դոկտորանտի կողմից ՈԱՇ 8-րդ մակարդակի համար նախատեսված գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերումը, ինչպես նաև մասնագիտության շրջանակում առավել առաջադեմ դասընթացներ:
52. Կրթական մասն ավարտվում է համապատասխան կրթական մոդուլներով կամ դասընթացներով կրթությունը ստանալով ու գնահատմամբ՝ բուհի ակադեմիական խորհրդի սահմանած ընթացակարգով:
53. Հետազոտական մասն իրականացնելիս` դոկտորանտն օգտվում է բուհի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներից:
54. Դոկտորանտուրայի հետազոտական մասը որպես կանոն բաղկացած է հետևյալ փուլերից՝
1) առաջին փուլ - անհատական աշխատանքային պլանի հաստատում, հետազոտության թեմայի ճշգրտում և հետազոտության նախնական մեթոդաբանության մշակում, ատենախոսության համար անհրաժեշտ մասնագիտական գրականության վերլուծություն, հետազոտական աշխատանքների մեկնարկ.
2) երկրորդ փուլ - հիմնական տվյալների հավաքագրում և վերլուծություն, գիտական հոդվածների կամ ատենախոսության դրույթների վերաբերյալ հրապարակումներ.
3) երրորդ փուլ - գիտական հոդվածների հրապարակումներ, ատենախոսական աշխատանքի ավարտ, արդյունքների ամփոփում և նախապատրաստում պաշտպանության:
55. Դոկտորանտը կարող է օգտվել գործուղումների իրավունքից, կացարանային հնարավորություններից և տվյալ բուհի ուսանողների համար նախատեսված այլ արտոնություններից կամ հնարավորություններից:
56. Երրորդ մակարդակի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպվում է բուհի համապատասխան ակադեմիական միավորների (ամբիոն, ֆակուլտետ կամ դոկտորական դպրոց) կողմից:
57. Դոկտորանտուրայում ուսումնառությունն իրականացվում է ըստ դոկտորանտի անհատական աշխատանքային պլանի, որը կազմվում է համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակում և հաստատվում է բուհի ակադեմիական խորհրդի կողմից՝ ակադեմիական խորհրդի սահմանած կարգով ու ժամկետներում, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան ակադեմիական միավորի կամ գործընկեր գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհրդի կողմից:
58. Սույն կարգի 57-րդ կետի հիմքով անհատական աշխատանքային պլանը հաստատած համապատասխան ակադեմիական խորհուրդը կամ գիտական խորհուրդը՝ տարեկան պարբերականությամբ լսում է նախորդող ժամանակահատվածի ընթացքում դոկտորանտի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և գնահատում է այն՝ բուհի ակադեմիական խորհրդի կողմից սահմանած պայմաններով և ընթացակարգով:
59. Գնահատման արդյունքներով անբավարար առաջընթացի դեպքում՝ անհատական աշխատանքային պլանը հաստատած խորհուրդը կարող է քննարկել դոկտորանտի աշխատանքային պլանի վերանայումը կամ ուսումնառության դադարեցումը՝ բուհի սահմանած ընթացակարգով:
60. Դոկտորանտն ուսումնառության ընթացքում պետք է նաև՝
1) հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունները և ստուգարքները՝ կուտակելով համապատասխան ակադեմիական կրեդիտները.
2) ավարտի ատենախոսությունը և բուհում անցնի ատենախոսության նախնական քննարկում:
61. Եթե տվյալ բուհում հնարավոր չէ ապահովել անհատական աշխատանքային պլանով նախատեսված դասընթացը կամ մոդուլը, ապա դրա ուսուցումը պայմանագրային հիմունքներով իրականացվում է այլ հաստատությունում՝ ուղարկող կազմակերպության միջոցների հաշվին` կրեդիտների փոխանցման պայմանագրի հիմքով:
62. Բուհը՝ մինչև ուսումնառության սահմանված ժամանակահատվածի ավարտը, կարող է դոկտորանտին առաջարկել ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ կրտսեր գիտաշխատողի պաշտոնում աշխատելու համար:
63. Երրորդ մակարդակի կրթական ծրագրով լրիվ բեռնվածությամբ ուսումնառության սահմանված ժամանակահատվածը համարվում է ակադեմիական գործունեության ստաժ:
64. Ատենախոսությունը չպաշտպանելու կամ ուսումնառությունը անավարտ թողնելու դեպքում, դոկտորանտին կարող է տրվել ակադեմիական տեղեկանք` մասնակցած կրթական մոդուլների և դասընթացների մասին ու դրանցից կուտակած կրեդիտների վերաբերյալ, որը կարող է դիտարկվել գործատուի կողմից` աշխատանքի ընդունելիս: Ակադեմիական տեղեկանքի օրինակելի ձևը և լրացվող տեղեկատվության նկարագիրը հաստատում է լիազոր մարմինը, իսկ տեղեկանքները հաշվառվում են կոմիտեի թվային տիրույթում:
4. ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
65. Դոկտորանտի գիտական ղեկավար կարող է հանդիսանալ գիտության տվյալ բնագավառում ակտիվ գիտական գործունեություն ծավալող և գիտական աստիճան ունեցող ցանկացած հետազոտող, ով բավարարում է հետևյալ բոլոր պահանջներին և սահմանափակումներին`
1) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններին համապատասխանող մասնագիտություններով ունի առնվազն տասը (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն հինգ) հրապարակված գիտական աշխատանք Վեբ օֆ Սայնս (Web of Science™) հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում՝ որպես հոդված (article), ակնարկ (review), նամակ (letter), գիտաժողովի նյութ (Conference paper, Proceedings Paper) կամ գրքի գլուխ (book chapter) (այսուհետ` ՄԳՇ հրապարակում), այդ թվում՝ առնվազն չորսը տվյալ մասնագիտությամբ.
2) վերջին հինգ տարիների ընթացքում ունի առնվազն ութ (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն չորս) ՄԳՇ հրապարակում, որոնցից առնվազն չորսում (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երկուսում) հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ: Հրապարակումներից առնվազն չորսը (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երկուսը) պետք է հանդիսանան գիտական հոդվածներ (article) և պետք է հրապարակված լինեն հրապարակման տարում Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2) ներառված ամսագրում.
3) հանդիսանում է բուհի ակադեմիական կազմի հիմնական աշխատող կամ, համատեղ ծրագրի դեպքում, համապատասխան պայմանագրերի կամ իրավական շրջանակի համաձայն` այլ բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կազմի հիմնական աշխատող կամ արտերկրի բուհի կամ գիտական կազմակերպության հետազոտող, ում հետ բուհն ունի տվյալ դոկտորական հետազոտությունը ղեկավարելու պայմանագիր:
66. Նախատեսված լինելու դեպքում` ատենախոսության արտերկրի համաղեկավարը պետք է բավարարի սույն կարգի 65-րդ կետի պահանջներին և սահմանափակումներին:
67. Գիտական ղեկավարները պետք է գրանցված լինեն կոմիտեի թվային տիրույթում` ներկայացնելով անհրաժեշտ տվյալները:
68. Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ հանդիսանալ 5-ից ոչ ավել դոկտորանտի ղեկավար:
69. Սույն կարգի 65-րդ կետի 2-րդ ենթակետում նշված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել սահմանված քանակից երկու անգամ ավել քանակով ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) պարբերականներում հրապարակված գիտական հոդվածներով, եթե ներկայացված աշխատանքներն իրականացվել են միջազգային խոշոր համագործակցության շրջանակներում, և հեղինակի գիտական ներդրման վերաբերյալ հրապարակման մեջ առկա է հատուկ նշում կամ համագործակցության ղեկավարի կողմից առկա է հեղինակի ներդրման մասին համապատասխան տեղեկանք։ Միջազգային խոշոր համագործակցության հրապարակում է համարվում այն գիտական հոդվածը, որտեղ մասնակից երկրների թիվն առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից։
5. ՆԱԽՈՐԴՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
70. Երրորդ մակարդակի ընդունելության և ուսումնառության կազմակերպման սույն ընդհանրական պայմաններն ու ընդհանուր պահանջները կարող են համալրվել կամ համարվել բավարարված` նախորդող կրթության կամ ձեռքբերումների ճանաչմամբ` հետևյալ կարգով՝
1) դոկտորի կրթական ծրագրի համար սահմանված 180 ակադեմիական կրեդիտը կուտակած և ուսումնառությունն ավարտած, սակայն հանրային պաշտպանությունը չիրականացրած անձը (ներառյալ ատենախոսության նախնական փորձաքննությունը) կարող է դիմել իր ուսումնառած կամ համապատասխան մասնագիտության երրորդ մակարդակի կրթություն իրականացնող բուհին՝ վերջինիս կողմից սույն կարգի պահանջներին ու պայմաններին համապատասխան ատենախոսության պաշտպանության հետագա գործընթացի կազմակերպման համար, եթե առկա են կրեդիտների կուտակման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը.
2) դոկտորի կրթական ծրագրի համար սահմանված 180 ակադեմիական կրեդիտը չկուտակած և ուսումնառությունը չավարտած կամ ընդհատած անձը կարող է դիմել իր ուսումնառած կամ համապատասխան մասնագիտության երրորդ մակարդակի կրթություն իրականացնող բուհին՝ ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով նախկինում կուտակած ակադեմիական կրեդիտների ճանաչման և կրեդիտների պակասող մասի լրացման համար մասնակի բեռնվածությամբ ուսումնառելու համար (անհրաժեշտ ակադեմիական կրեդիտների քանակի և ուսումնառության տարիների հաշվառմամբ), սույն կարգի պահանջներին ու պայմաններին համապատասխան ատենախոսության պաշտպանության հետագա գործընթացի կազմակերպման համար: Այս դեպքում որպես հետազոտական մասի ձեռքբերում հաշվառվում են միայն վերականգնվելուն նախորդող հինգ տարիներում հրապարակված հոդվածները:
71. Դոկտորական ծրագրով ուսումնառությունը ընդհատած անձը կարող է վերականգնվել նույն կամ հարակից ծրագրով` ակադեմիական տեղեկանքի հիման վրա` կրթական ծրագրին վերաբերելի կրեդիտների ճանաչմամբ և կրեդիտների պակասող մասի լրացման համար մասնակի բեռնվածությամբ ուսումնառելու համար (անհրաժեշտ ակադեմիական կրեդիտների քանակի և ուսումնառության տարիների հաշվառմամբ): Այս դեպքում որպես հետազոտական մասի ձեռքբերում հաշվառվում են միայն վերականգնվելուն նախորդող հինգ տարիներում հրապարակված հոդվածները:
72. Բարձրագույն կրթության համապատասխան որակավորում ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում գիտական գործունեություն ծավալած անձը կարող է դիմել դոկտորի որակավորում ստանալու` որպես հետազոտական մաս ներկայացնելով իր վերջին հինգ տարիների հետազոտական աշխատանքը և, առկայության դեպքում վերջին հինգ տարիներին հրապարակած, սույն կարգի և Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի շնորհման կարգի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածները: Այս դեպքում բուհը կազմակերպում է դիմորդի հրամանագրումը հետազոտությանը համապատասխանող մասնագիտությամբ` հետազոտական մասի կրեդիտների ճանաչմամբ և պակասող կրթական մասը սահմանված ձևով ավարտելուց ու ատենախոսությունը կազմելուց հետո ներկայացնում է դոկտորանտին ատենախոսության պաշտպանության:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
21.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1259-Ն որոշման |
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի շնորհման հետ առնչվող հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում շնորհվում է դոկտորի գիտական աստիճան (համարժեք՝ PhD)՝ ըստ բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան որակավորումների:
3. Դոկտորի գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ)՝ հիմք ընդունելով դոկտորական ատենախոսության (այսուհետ՝ ատենախոսություն) պաշտպանությունը, որի ժամանակ հավաստվում է`
1) դոկտորանտի մասնագիտական առաջընթացի մակարդակը` ներկայացված ինքնուրույն և ինքնատիպ (օրիգինալ) հետազոտության միջոցով.
2) հետազոտության և արդյունքների համապատասխանությունը հետազոտությունների իրականացման ժամանակակից առաջատար չափանիշներին.
3) հետազոտության կամ նորարարության ոլորտում կարևոր խնդիրներ լուծելու, ինչպես նաև գիտելիքների կամ մասնագիտական գործունեության սահմանների ընդլայնման համար պահանջվող առաջադեմ և մասնագիտական հմտությունների ու մեթոդների տիրապետումը՝ ներառյալ տվյալների վերլուծությունն ու գնահատումը.
4) դոկտորանտի կարողությունը ցուցաբերելու նորարարական մոտեցումներ, ինքնավարություն, առաջնորդություն, գիտական և մասնագիտական բարեվարքություն, ինչպես նաև աշխատանքի կամ հետազոտության ոլորտների սահմանագծում նոր գաղափարների և գործընթացների զարգացման ուղղությամբ հետաքրքրվածություն ու պատրաստակամություն:
4. Գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ խորհրդի որոշումը հաստատում և դիպլոմով ամրագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)։
2. ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
5. Ատենախոսությունը հանդիսանում է դոկտորանտի կողմից, գիտական ղեկավարի մասնագիտական ուղղորդմամբ և հսկողությամբ, տվյալ բնագավառի գիտական մեթոդների հիման վրա իրականացված ինքնուրույն գիտական աշխատություն, որը պետք է վկայի դոկտորանտի կարողությունը՝ տվյալ ոլորտում ստեղծելու նոր գիտելիք, զարգացնելու առկա տեսությունները և առաջարկելու նոր գիտական լուծումներ։
6. Ատենախոսությունը պետք է լինի համակարգված, գիտականորեն հիմնավորված և կազմված այնպիսի ձևաչափով, որը հնարավորություն կտա գնահատելու դոկտորանտի հետազոտական հմտությունները, գիտական մտածողությունը և ոլորտային ներդրումը։ Ատենախոսության և սեղմագրի ձևավորման պահանջները սահմանվում են կոմիտեի նախագահի հրամանով:
7. Ատենախոսությունը սովորաբար ներառում է հետևյալ հիմնական կառուցվածքային բաժինները՝
1) ներածություն, որը ներառում է հետազոտական թեմայի արդիականության և նշանակության հիմնավորումը, հետազոտական խնդրի ձևակերպումը և նպատակի սահմանումը, հիմնական հարցադրումների կամ հիպոթեզի ներկայացումը, հետազոտության կառուցվածքի և տրամաբանության համառոտ նկարագիրը.
2) գրականության վերլուծություն, որը ներառում է հետազոտության թեմային վերաբերող բնագավառում առկա տեսությունների, մեթոդների և արդյունքների քննություն, գիտական աղբյուրների համակողմանի վերլուծություն, գիտական բացերի և չլուծված հարցերի վերհանում, դոկտորանտի կողմից ընտրված հետազոտական թեմայի հիմնավորում.
3) մեթոդաբանություն, որը ներառում է հետազոտության տեսական և գործնական մոտեցումների նկարագրությունը, օգտագործված մեթոդների, գործիքների և տվյալների աղբյուրների հիմնավորումը, հետազոտության իրականացման ընթացքի և էթիկական չափանիշների ներկայացումը, ընտրված մեթոդաբանության հիմնավորումը՝ հիմնվելով գիտական փաստարկման վրա.
4) հետազոտական մաս, որը ներառում է իրականացված հետազոտության ընթացքի ներկայացումը, ստացված արդյունքների վերլուծությունը, համադրությունը և մեկնաբանությունը, արդյունքների համադրությունը ձևակերպված հիպոթեզներին կամ նպատակներին, հնարավոր սահմանափակումների և հետագա ուսումնասիրության ուղղությունների քննարկումը.
5) եզրակացություններ և առաջարկություններ, որտեղ ամփոփվում են հետազոտության հիմնական արդյունքները, հստակ ձևակերպվում է նոր գիտելիքի ստեղծման կամ ընդլայնման փաստը, նկարագրվում է հնարավոր տեսական կամ գործնական նշանակությունը, ներկայացվում են հետագա հետազոտությունների կամ կիրառական քայլերի առաջարկներ.
6) գրականության ցանկ, որտեղ սահմանված ձևաչափով բերվում են բոլոր օգտագործված գիտական աղբյուրների հղումները` տվյալ աղբյուրը միանշանակ նույնականացնող, միատեսակ և ամբողջական ձևով.
7) հավելվածներ, ըստ անհրաժեշտության, որտեղ բերվում են լրացուցիչ տվյալներ, հարցաթերթիկներ, աղյուսակներ, փորձարկման արդյունքներ, կամ այլ օժանդակ նյութեր։
8. Ատենախոսության մեջ դոկտորանտը պարտավոր է հղում կատարել այն հեղինակներին և աղբյուրներին, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր։
9. Ատենախոսությունը պետք է հանդիսանա ինքնուրույն գիտական աշխատանք, որը ինքնատիպ և նոր ներդրում է գիտության տվյալ ոլորտում, այն պետք է ապահովի մեթոդաբանական հստակություն և գիտական ճշգրտություն, պետք է համապատասխանի էթիկական չափանիշներին՝ ներառյալ տվյալների մշակման, հեղինակային իրավունքի և աղբյուրների պատշաճ հղման կանոններին։
10. Ատենախոսությունը պետք է հանդիսանա գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում: Այն պետք է ապահովի մեթոդաբանական հստակություն և գիտական ճշգրտություն, համապատասխանելով էթիկական չափանիշներին՝ ներառյալ տվյալների մշակման, հեղինակային իրավունքի և աղբյուրների պատշաճ հղման կանոններին:
11. Ատենախոսությունը պետք է ցուցադրի դոկտորանտի կարողությունը՝
1) վերլուծելու բարդ գիտական խնդիրներ.
2) ստեղծելու նոր գիտելիք կամ կիրառական լուծումներ.
3) արդյունավետ հաղորդակցվելու գիտական հանրության հետ գրավոր և բանավոր ձևով։
12. Հետազոտական աշխատանքի իրականացման ամբողջ ընթացքում բուհի ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով և պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ դոկտորանտը և գիտական ղեկավարը զեկուցում են գիտական առաջընթացի մասին` թեման հաստատած բուհի ակադեմիական խորհրդի, կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում համապատասխան ակադեմիական միավորի կամ գործընկեր գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհրդի, նիստի ժամանակ, որի արդյունքներով ձևավորված եզրակացությունները կցվում են դոկտորանտի անհատական գործին, որը վարվում է կոմիտեի թվային տիրույթում:
13. Ատենախոսության հեղինակային իրավունքը պատկանում է դոկտորանտին և գիտական աստիճանի դիպլոմը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում այն արխիվացվում է բուհի և կոմիտեի թվային տիրույթում, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվում և Հայաստանի ազգային գրադարանում: Դոկտորանտի գրավոր համաձայնությամբ ատենախոսությունը կարող է տեղադրվել համապատասխան թվային տիրույթներում բաց հասանելիությամբ:
14. Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք՝ սեղմագիր, որն արտացոլում է ատենախոսության հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների գիտական նորույթը, կիրառական նշանակությունը:
15. Խորհրդի առաջարկությամբ սեղմագիրը հրատարակվում է կոմիտեի կողմից ատենախոսության պաշտպանությունը կազմակերպելու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի ստուգման արդյունքում պաշտպանության նշանակված օրվանից առնվազն 25 օր առաջ` մինչև երկու տպագրական մամուլ ծավալով, իսկ հասարակական և հումանիտար գիտությունների դեպքում ատենախոսության սեղմագիրը կարող է գերազանցել սահմանված ծավալը մինչև 30 տոկոսով:
16. Սեղմագիրը պետք է հրապարակվի կոմիտեի թվային տիրույթում և բուհի կայքում՝ ազատ հասանելիությամբ, կոմիտեի թվային տիրույթում սեղմագրի հասանելիությունն անժամկետ է:
17. Ատենախոսությունը և սեղմագիրը ներկայացվում են հայերեն: Օրենքով սահմանված դեպքում (օտարերկրյա դոկտորանտների, օտարերկրացի ղեկավարի կամ համաղեկավարի առկայություն) ատենախոսությունը կարող է ամփոփվել այլ լեզվով (անգլերեն կամ ռուսերեն): Ատենախոսությունը և սեղմագիրը կարող են ներկայացվել անգլերեն կամ ռուսերեն, որի դեպքում ատենախոսության հայերեն հակիրճ անոտացիան (ծանոթագրությունը) պարտադիր է:
18. Սեղմագրի վերջում տրվում է անգլերեն լեզվով ամփոփագիր (հայերեն ամփոփագիրը պարտադիր է, եթե սեղմագիրն այլ լեզվով է): Սեղմագիրը կարող է ունենալ նաև այլ լեզվով տարբերակ:
3. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
19. Բարձրագույն կրթության տվյալ մասնագիտությանը համապատասխան ատենախոսության թեմա հաստատելու իրավունք ունեն հավատարմագրված կամ նախահավատարմագրված այն բուհերը, որոնք ունեն տվյալ մասնագիտությամբ դոկտորական կրթություն իրականացնելու լիցենզիա, և դրան համապատասխան բնագավառում գիտական աստիճան ունեցող առնվազն 3 հիմնական աշխատակից և վերջին 5 տարում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններին համապատասխանող մասնագիտություններով առնվազն 20 ՄԳՇ հրապարակում (հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 10 ՄԳՇ հրապարակում), որոնցում բուհը նշված է որպես հեղինակի աշխատանքի վայր։
20. Ատենախոսության թեմայի հաստատման վերաբերյալ որոշման մեջ նշվում են թեմայի անվանումը, գիտական ղեկավարը, գիտական աստիճանի շնորհման բնագավառը և մասնագիտությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի:
21. Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման վերաբերյալ որոշման մասին քաղվածքը բուհը ներկայացնում է կոմիտե՝ հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:
22. Ատենախոսության պաշտպանության համար ուսումնառության ժամանակահատվածի ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) դոկտորանտը, ըստ իր մասնագիտության կիրառվող համապատասխան ենթակետի համաձայն, պետք է ունենա`
1) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններին համապատասխանող մասնագիտություններով՝ առնվազն 2 հոդված, որոնք հրապարակվել են Վեբ օֆ Սայնս (Web of Science™) հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում՝ որպես գիտական հոդված (article) (այսուհետ ՄԳՇ գիտական հոդված), որոնցում պետք է հանդես գա որպես առաջին հեղինակ (դոկտորանտի անունը և ազգանունը տվյալ դեպքում հեղինակների շարքում առաջինն է նշված).
2) հայագիտություն և հումանիտար, ինչպես նաև ռազմական գիտությունների մասնագիտություններով համապատասխանող մասնագիտություններով՝ սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան հրապարակումներ կամ առնվազն 3 հրապարակում Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների գրախոսվող գիտական պարբերականներում, որոնցից առնվազն 1-ը` ՄԳՇ գիտական հոդված, որում դոկտորանտը պետք է հանդես գա որպես առաջին հեղինակ:
23. Սույն կարգի 22-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերում նշված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել սահմանված քանակից երկու անգամ ավել քանակով ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) պարբերականներում հրապարակված գիտական հոդվածներով, եթե ներկայացված աշխատանքներն իրականացվել են միջազգային խոշոր համագործակցության շրջանակներում, և հեղինակի գիտական ներդրման վերաբերյալ հրապարակման մեջ առկա է հատուկ նշում կամ համագործակցության ղեկավարի կողմից առկա է դոկտորանտի ներդրման մասին համապատասխան տեղեկանք։ Միջազգային խոշոր համագործակցության հրապարակում է համարվում այն գիտական հոդվածը, որտեղ մասնակից երկրների թիվն առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից։
4. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
24. Գիտական աստիճանի շնորհման գործընթացը սկսվում է դոկտորանտի կողմից կրթական մասում նախատեսված բոլոր քննությունները հաջողությամբ հանձնելու և հետազոտական մասի հիմնական հատվածն իրականացված լինելու պարագայում և անգլերենի իմացության «TOEFL» iBT (6)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 4.0 միավոր կամ «IELTS» (9)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 6.0 միավոր մակարդակը հաստատող պաշտոնական հավաստագրի (անկախ վավերականության ժամկետից) ներկայացման դեպքում:
25. Նախքան ատենախոսությունը հանրային պաշտպանության ներկայացնելը, ատենախոսության թեման հաստատած բուհի համապատասխան ակադեմիական միավորը, իսկ գիտական կազմակերպությունում իրականացվող ատենախոսական աշխատանքի դեպքում՝ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական խորհուրդը կազմակերպում է ատենախոսության նախնական փորձաքննություն (նախապաշտպանություն), որի ժամանակ դոկտորանտը ներկայացնում է հետազոտական մասում իր աշխատանքների ընթացքը և արդյունքները, որի արդյունքում տվյալ ակադեմիական միավորը հավաստում է դոկտորանտի պատրաստվածության համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակի 8-րդ մակարդակի նկարագրերին, ինչպես նաև հաստատում է հետազոտության արդյունքների հավաստիությունը, գիտական նորույթը, կիրառական նշանակությունը, հրատարակած աշխատություններում դոկտորանտի ներդրումը, դրանցում հետազոտության արդյունքների ընդգրկման լիարժեքությունը և ատենախոսության համապատասխանությունը մասնագիտությանը: Մասնագիտական կարծիքը ներկայացվում է դրական կամ բացասական եզրակացության տեսքով, որը բուհի կողմից կցվում է դոկտորանտի անձնական գործին և տեղադրվում է կոմիտեի թվային տիրույթում:
26. Եզրակացությունը բուհի կողմից պետք է տրվի ատենախոսությունը նախնական փորձաքննության հանձնելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում (քննարկումների և փոփոխությունների անհրաժեշտության դեպքում՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 1 ամսով) և ուժի մեջ է տրվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Բացասական եզրակացության դեպքում ատենախոսությունը վերադարձվում է դոկտորանտին լրամշակման՝ բուհի ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
27. Եզրակացությունը տրամադրելուց հետո, 10 օրվա ընթացքում, սույն կարգի և «Գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի» կանոնակարգի (այսուհետ՝ կանոնակարգ) համաձայն՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (ներառյալ առանց հղման այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված առանձին դրույթների կամ նյութերի բացակայության վերաբերյալ դոկտորանտի գրավոր հավաստումը) բուհը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է կոմիտե` ատենախոսության պաշտպանության օր նշանակելու և համապատասխան խորհուրդ ձևավորելու համար:
28. Ատենախոսությունների պաշտպանություններն անցկացվում են տվյալ տարվա հունվար, մայիս և սեպտեմբեր ամիսների երրորդ տասնօրյակներում:
29. Խորհուրդը կոմիտեի կողմից ձևավորված և հաստատված խորհուրդ է, որը ստեղծվում և գործում է համաձայն սույն կարգի և կանոնակարգի։
30. Խորհուրդները ձևավորվում են կոմիտեի կողմից վարվող աստիճանաշնորհման փորձագիտական բազայից, որը կազմվում է համաձայն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գործունեության բնագավառների և մասնագիտությունների` ապահովելով մասնագիտական ավելի լայն ներգրավվածություն: Յուրաքանչյուր ատենախոսության պաշտպանության համար նշված բազայից ձևավորվում է խորհուրդ` ըստ փորձագետների գիտական և տեխնոլոգիական գործունեության շրջանակի և պաշտպանության ներկայացված հետազոտական թեմայի համապատասխանության:
31. Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորող «Պետական գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների հիմքով պետական գաղտնիք պարունակող ատենախոսությունների պաշտպանությանը, ընդդիմախոսությանը և փորձաքննությանը կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր ունեն սահմանված կարգով գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն: Կոմիտեի ղեկավարը, բուհի (որտեղ պատրաստվել է ատենախոսությունը) ղեկավարի ատենախոսության գաղտնիության մասին տրամադրած եզրակացությունը, սահմանված կարգով, ուղարկում է խորհուրդ:
32. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել կոմիտեի էլեկտրոնային բազայում գրանցված տվյալ կամ հարակից գիտական բնագավառների գիտական աստիճան ունեցող հետազոտողներ և արտերկրի բուհի կամ գիտական կազմակերպության հետազոտողներ, ովքեր հանդիսանում են գիտության տվյալ կամ հարակից բնագավառում ակտիվ գործունեություն ծավալող գիտնականներ և ունեն առնվազն 10 հրապարակում, այդ թվում՝ առնվազն 5-ը տվյալ մասնագիտությամբ, և վերջին 5 տարում՝
1) ունեն առնվազն 5 ՄԳՇ հրապարակումներ (հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտությունների դեպքում՝ առնվազն 2 ՄԳՇ հրապարակում), որոնք չեն ընդգրկվել իրենց ատենախոսության պաշտպանության ներկայացված հրապարակումների ցանկում, կամ
2) վերջին 10 տարում եղել են առնվազն 3 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար:
33. Ատենախոսության պաշտպանությունը, որը հրապարակային է և բաց, կոմիտեի նախագահի հրամանով կարող է կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան կամ մեկ այլ կազմակերպություն` վերջինիս համաձայնությամբ, տվյալ կազմակերպությունում պաշտպանությունը կազմակերպելու նպատակահարմարության հիմնավորմամբ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների երաշխավորմամբ (հագեցած առցանց հեռարձակման համար անհրաժեշտ տեսաձայնային սարքավորումներով)։ Ատենախոսության պաշտպանությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիք պարունակող ատենախոսությունների) հեռարձակվում է առցանց, ձայնագրությունը պահպանվում է (առնվազն մինչև տվյալ դոկտորանտի գիտական աստիճանի հաստատումը և դիպլոմի հանձնումը), և ձայնագրության հղումը տեղադրվում է կոմիտեի կայքի համապատասխան բաժնում: Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիք պարունակող ատենախոսությունների պաշտպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի լինում, իսկ ատենախոսության նյութերը պահպանվում են կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից առնվազն 5 տարի ժամկետով, իսկ այնուհետ՝ սահմանված կարգով արխիվացվում են:
34. Ատենախոսության պաշտպանության ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակով կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։
35. Բուհերի կողմից ատենախոսության պաշտպանության ներկայացող դոկտորանտների փաստաթղթերի փաթեթը ստանալուց հետո կոմիտեի նախագահի հրամանով փետրվար, հունիս և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակում ձևավորվում են խորհուրդներ` ըստ համապատասխան գիտության բնագավառների` ներառելով նաև տվյալ բնագավառներում պաշտպանության ներկայացվող թեմաների ուղղվածության մասնագետների, և նշանակվում են ատենախոսությունների պաշտպանության օրերը:
36. Խորհրդի կազմը բաղկացած է 9 անդամից՝ ներառյալ խորհրդի նախագահը, նախագահի տեղակալը, որոնց նշանակում է կոմիտեի նախագահը։
37. Սույն կարգի 35-րդ կետի և կանոնակարգի համաձայն՝ խորհուրդներ ձևավորելուց հետո, կոմիտեն ատենախոսությունները և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է խորհուրդ՝ նախնական քննարկման։
38. Խորհրդի կողմից նախնական քննարկումը կազմակերպվում է դոկտորանտի փաստաթղթերի փաթեթը ստանալու օրվանից հետո 15 օրվա ընթացքում:
39. Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու դեպքում խորհուրդը նշանակում է ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներ (սույն կարգի 32-րդ կետով խորհրդի անդամին ներկայացվող նույն պահանջներին բավարարող)՝ գիտության տվյալ կամ հարակից բնագավառի 2 գիտնականից, որոնց հետազոտական գործունեության ուղղվածությունը համապատասխանում է ատենախոսության թեմատիկ բովանդակությանը:
40. Ընդդիմախոս կարող է նշանակվել արտերկրից, եթե ատենախոսությունը ներկայացված է այն լեզվով, որին տիրապետում է ընդդիմախոսը։
41. Տվյալ ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս հանդես գալու առաջարկը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդդիմախոսը ներկայացնում է իր համաձայնությունը, որից հետո, ուսումնասիրելով ատենախոսությունը և այդ թեմայով հրատարակված աշխատանքները, 15 օրվա ընթացքում խորհուրդ ներկայացնում է կարծիք, որտեղ գնահատում է ատենախոսության թեմայի արդիականությունը, դրույթների և եզրահանգումների հիմնավորվածությունը, գիտական նորույթը և հիմնավորման աստիճանը, ատենախոսության համապատասխանությունը սույն կարգի 6-11-րդ և 22-րդ կետերի նկարագրերին և պահանջներին:
42. Ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամներից՝ որպես տվյալ ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս կարող է լինել ընդդիմախոսներից միայն մեկը:
43. Պաշտոնական ընդդիմախոսներ չեն կարող լինել կոմիտեի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի նախագահը, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, դոկտորանտի գիտական ղեկավարը և ատենախոսության վերաբերյալ եզրակացություն տրամադրած բուհի համապատասխան ակադեմիական միավորի ղեկավարը:
44. Խորհուրդը՝ ատենախոսության պաշտպանությունից առնվազն 30 օր առաջ, պաշտոնական ընդդիմախոսների կարծիքների պատճենները հանձնում է դոկտորանտին և ուղարկում է կոմիտե՝ դրանց հրապարակային հասանելիությունն ապահովելու համար։
45. Ատենախոսության հանրային պաշտպանությունը կայանում է ընդդիմախոսների ներկայության պարագայում, այդ թվում՝ նաև առցանց:
46. Ատենախոսության պաշտպանությունը կարող է կայանալ նաև ընդդիմախոսներից մեկի բացակայության դեպքում, որի դրական կամ բացասական կարծիքը հրապարակվում է խորհրդի նիստում:
47. Երկու ընդդիմախոսների բացակայության դեպքում՝ խորհրդի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել առավելագույնը մեկ ամսով, որից հետո` ընդդիմախոսների ներկայության անհնարինության դեպքում խորհուրդն իրավասու է պաշտպանության նիստն անցկացնել նաև առանց տվյալ ընդդիմախոսների:
48. Խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է խորհրդի անդամներից առնվազն 6-ի մասնակցությունը, ընդ որում՝ առանձնահատուկ դեպքերում խորհրդի անդամները (մասնավորապես՝ խորհրդի արտերկրում գտնվող անդամը) նիստին կարող են մասնակցել առցանց, բացառությամբ խորհրդի նախագահի, նախագահի տեղակալի։
49. Ատենախոսության պաշտպանությունը և խորհրդի նիստերն անցկացվում են հայերեն, կամ օտար լեզվով` անհրաժեշտության դեպքում ապահովելով երկկողմանի թարգմանությունը:
50. Ատենախոսության պաշտպանությունը հեռարձակվում է առցանց, որի հղումը պաշտպանությունից 10 օր առաջ տեղադրվում է կոմիտեի և ատենախոսության պաշտպանությունն անցկացնող կազմակերպության կայքերում, ընդ որում՝ պաշտպանության ընթացքի վերաբերյալ ձայնագրությունը պետք է տեղադրվի նաև բաց հասանելիությամբ՝ պաշտպանությունից հետո 15 օրվա ընթացքում, և հասանելի լինի մինչև դիպլոմի ստացումը:
51. Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից և հինգ օրվա ընթացքում որոշումը՝ սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին, ուղարկում է կոմիտե:
52. Դոկտորանտի վերափոխված ատենախոսությունը կարող է ներկայացվել պաշտպանության խորհրդի որոշումից առնվազն մեկ տարի հետո, ընդ որում՝ առնվազն մեկ նոր հրապարակում հրատարակելուց հետո, որը պետք է արտացոլված լինի վերափոխված ատենախոսության մեջ:
53. Եթե խորհուրդը դոկտորանտի ատենախոսությունը հանել է պաշտպանությունից սույն կարգի 51-րդ կետով կամ կոմիտեն մերժել է խորհրդի որոշումը սույն կարգի 61-րդ կետով, ապա դոկտորանտի գիտական ղեկավարը հինգ տարով զրկվում է ատենախոսության ղեկավար նշանակվելու իրավունքից, իսկ ատենախոսության վերաբերյալ դրական կարծիք տված ընդդիմախոսը՝ հինգ տարով ատենախոսության ընդդիմախոս նշանակվելու իրավունքից։
54. Ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ:
55. Գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» է քվեարկել խորհրդի կազմի անդամներից առնվազն 5-ը:
56. Գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց գիտական նորույթի, հավաստիության գնահատականը, տեսական և կիրառական նշանակությունը, ինչպես նաև գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
57. Դրական որոշման դեպքում խորհուրդը կոմիտե է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը, տեղեկանք գրագողության բացակայության մասին և կանոնակարգով սահմանված փաստաթղթերը:
58. Բացասական որոշման դեպքում խորհուրդն այդ մասին գրավոր հայտնում է կոմիտեին և դոկտորանտին է տալիս քաղվածք խորհրդի նիստի արձանագրությունից՝ գաղտնի քվեարկության արդյունքների մասին:
59. Խորհրդի բացասական որոշման դեպքում դոկտորանտը ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանության որոշման ընդունումից առնվազն 6 ամիս հետո։
60. Ատենախոսության պաշտպանության գործընթացների ժամկետներն ու կազմակերպական ընթացքը նկարագրվում է կանոնակարգով:
5. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿՈՄԻՏԵՈՒՄ
61. Կոմիտեն ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կարգի 8-րդ և 22-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում՝ մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը, և մերժման մասին կոմիտեի նախագահի հրամանն ուղարկվում է խորհուրդ:
62. Դոկտորանտը, որի գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժվել է սույն կարգի 8-րդ կետի խախտման հիմքով, վերափոխված ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանության գիտական աստիճանի շնորհումը մերժելու մասին կոմիտեի նախագահի հրամանի ընդունումից առնվազն մեկ տարի հետո, ընդ որում՝ առնվազն մեկ նոր ՄԳՇ հրապարակում հրատարակելուց հետո, որը պետք է արտացոլված լինի վերափոխված ատենախոսության մեջ:
63. Սույն կարգի 22-րդ կետի հիմքով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժելու դեպքում՝ պաշտպանություն կարող է կազմակերպվել գիտական աստիճանի շնորհումը մերժելու մասին կոմիտեի նախագահի հրամանի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում՝ անհամապատասխանությունները վերացնելուց հետո:
64. Սույն կարգի 61-րդ կետով սահմանված խախտումներ չհայտնաբերելու դեպքում սույն կարգի 7-9-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով՝ կոմիտեն ատենախոսությունը տալիս է փորձագետի (սույն կարգի 32-րդ կետով խորհրդի անդամին ներկայացվող պահանջներին բավարարող), եթե՝
1) դոկտորանտի որակավորման գործում առկա է բացասական կարծիք.
2) դոկտորանտին դոկտորի գիտական աստիճանի որակավորում շնորհվել է խորհրդի անդամների 7-ից պակաս «կողմ» ձայներով:
65. Փորձագետ չեն կարող լինել կոմիտեի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամները, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, դոկտորանտի գիտական ղեկավարը, ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսները և ատենախոսության վերաբերյալ եզրակացություն տրամադրած բուհի համապատասխան ակադեմիական միավորի ղեկավարը, ինչպես նաև շահերի բախում ունեցող այլ անձինք, ովքեր դրա առկայության կամ բացակայության մասին պետք է հայտնեն համաձայնության տեքստում: Կոմիտեն փորձագետի հետ կնքում է պայմանագիր, որտեղ ամրագրվում են փորձագետի աշխատանքի կատարման պայմանները և ժամկետը: Կոմիտեն փորձագետի մասին տեղեկությունները (անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան, մասնագիտություն, աշխատավայր և կոնտակտային տվյալներ) կարող է հրապարակել իր պաշտոնական կայքում կամ հանրային հաշվետվություններում կամ տրամադրել երրորդ անձանց (այդ թվում՝ ատենախոսության գործընթացի մասնակիցներին) միայն նրա գրավոր համաձայնության դեպքում՝ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխան:
66. Փորձագետը, ստուգելով ատենախոսության համապատասխանությունը սույն կարգի 7-9-րդ կետերի պահանջներին, տալիս է դրական կամ բացասական եզրակացություն՝ պատճառաբանված հիմնավորմամբ։
67. Սույն կարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և փորձագետի դրական եզրակացության դեպքում՝ որակավորման գործը կոմիտե մուտքագրվելու օրվանից 1 ամսվա ընթացքում, կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը և հանձնում է գիտական աստիճանի դիպլոմ՝ հիմք ընդունելով նաև առանց հղման այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված առանձին դրույթների կամ նյութերի բացակայության վերաբերյալ խորհրդի ներկայացրած տեղեկանքը:
68. Փորձագետի բացասական եզրակացության դեպքում՝ որակավորման գործը կոմիտե մուտքագրվելու օրվանից 1 ամսվա ընթացքում, կոմիտեն եզրակացությունն ուղարկում է խորհուրդ՝ դոկտորանտի մասնակցությամբ քննարկում կազմակերպելու համար:
69. Դոկտորանտը, հաշվի առնելով փորձագետի բացասական եզրակացությունը, կարող է ատենախոսությունը (փոփոխություններով կամ պատճառաբանված հիմնավորմամբ՝ առանց փոփոխությունների) խորհուրդ (կոմիտեի կողմից այն ձևավորվում է նույն կազմով, դրա անհնարինության դեպքում՝ ձևավորվում է նոր խորհուրդ՝ նախկին խորհրդի կազմի առնվազն 5 անդամի ընդգրկմամբ) ներկայացնել կոմիտեի եզրակացությունը ստանալուց հետո մինչև 6 ամսվա ընթացքում:
70. Խորհուրդը ատենախոսությունը (փոփոխություններով կամ պատճառաբանված հիմնավորմամբ՝ առանց փոփոխությունների) ստանալուց հետո մինչև 2 ամսվա ընթացքում քննարկում է ներկայացված ատենախոսությունը և կայացնում դոկտորանտին գիտական աստիճան շնորհելու մասին դրական կամ բացասական որոշում:
71. Սույն կարգի 70-րդ կետում նշված որոշումը խորհուրդը հնգօրյա ժամկետում ուղարկում է կոմիտե, որը խորհրդի դրական որոշման դեպքում կայացնում է գիտական աստիճանի դիպլոմ տալու մասին որոշում:
72. Խորհրդի բացասական որոշման դեպքում դոկտորանտը վերափոխված ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանության որոշման ընդունումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, ընդ որում՝ առնվազն մեկ նոր ՄԳՇ գիտական հոդված հրատարակելուց հետո, որը պետք է արտացոլված լինի վերափոխված ատենախոսության մեջ:
73. Խորհրդի և կոմիտեի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
21.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1259-Ն որոշման |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գիտական աստիճանի դիպլոմը պետական փաստաթուղթ է, որը հավաստում է անձի գիտական աստիճանը, որը տրամադրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, սույն կարգի և օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն: Դիպլոմում նշվում են անձի անվանական տվյալները, գիտական աստիճանը, որակավորումը, մասնագիտությունը, ինչպես նաև ատենախոսության թեմայի վերնագիրը և բուհի անվանումը:
2. Դիպլոմին կից անձին տրամադրվում է նաև հավելված (ակադեմիական տեղեկանք), որում նշվում են տվյալ կրթական ծրագրի շրջանակներում անձի մասնակցած ակադեմիական մոդուլների և դասընթացների անվանումները, դրանց համապատասխանող կրեդիտները և գնահատականները, համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակի 8-րդ մակարդակին և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներին:
3. Հավելվածում ներառվում են նաև տվյալներ լրացուցիչ դասընթացների, կրթական ծրագրի հավատարմագրված կամ նախահավատարմագրված լինելու կարգավիճակի, կրթության ձևի, հրամանագրման ամսաթվի, ինչպես նաև գիտական ղեկավարի և դիպլոմը ստացող անձի անվանական տվյալները:
4. Համատեղ իրականացվող ծրագրերի պարագայում դիպլոմում նշվում են բուհի և մասնակից կազմակերպության (բուհ, գիտական կազմակերպություն, մասնավոր ընկերություն) անվանումները, իսկ ակադեմիական տեղեկանքում նկարագրվում են համագործակցության էությունը և յուրաքանչյուր մասնակցի դերակատարումը:
5. Գիտական աստիճանի դիպլոմը և ակադեմիական տեղեկանքը պետք է հասանելի լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (verify.e-gov.am):
6. Գիտական աստիճանը հավաստող դիպլոմը պետք է հստակ նույնականացվելի լինի անձի հետ` հանրային ծառայությունների համարանիշի միջոցով, կամ, օտարերկրյա քաղաքացիների դեպքում` անձի քաղաքացիության երկրի կողմից տրամադրված նույնականացման փաստաթղթի միջոցով:
7. Գիտական աստիճանի և ակադեմիական տեղեկանքների բաշխման մատյանները հասանելի են լիազոր մարմնին, կոմիտեին և կրթության տեսչական մարմնին՝ ամբողջությամբ, բուհին՝ իր մասով:
8. Մինչ սահմանված կարգով թվային դիպլոմների տրամադրումն անձի ստացած գիտական աստիճանի դիպլոմը կորցնելու դեպքում, անձը գրավոր դիմում է ներկայացնում կոմիտե` կրկնօրինակ ստանալու համար: Դիմումի ստացումից 30 օրվա ընթացքում կոմիտեն անվավեր է ճանաչում կորցրած դիպլոմը և հանձնում սահմանված ձևաչափով կրկնօրինակը՝ համապատասխան գրառմամբ:
9. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց առաջ տրամադրված գիտական աստիճանի դիպլոմները սահմանված ժամկետում թվայնացվելուց հետո՝ սույն կարգի 8-րդ կետի կարգավորումները չեն գործում, իսկ անձը կարող է ստանալ իր դիպլոմի թվային տարբերակի նույնականացման համարը` իր գրավոր դիմումի համաձայն` նույնականացվելուց հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
21.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|