ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3966-Ա |
«13» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Պավել Ղավազյանի 2026 թվականի հուլիսի 15 թիվ Դ-73698-26 բողոքի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 3-ին հրավիրվել է լսումներ, որին ներկայացել և մասնակցել է Պավել Ղավազյանը:
Ուսումնասիրելով Պավել Ղավազյանի 2026 թվականի հուլիսի 15 թիվ Դ-73698-26 բողոքը, գնահատելով նշված բողոքին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի օգոստոսի 3-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի հուլիսի 15 թիվ Դ-73698-26 բողոքով (այսուհետ՝ նաև Բողոք) և վարույթի լսումների ընթացքում հայտնած դիրքորոշմամբ Պավել Ղավազյանը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումը և հատուցել Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված շինությունը քանդելու արդյունքում պատճառված վնասը 3.271.000 (երեք միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամի չափով, որից 3.171.000 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամն իրենից ներկայացնում է նյութական վնաս, իսկ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը՝ այլ ծախսեր:
Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման 1-ին կետով որոշվել է չօրինականացնել Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցված շինությունը:
Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման 2-րդ կետով որոշվել է հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված քարե շինությունն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:
Բողոքին կից ներկայացված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթի բովանդակության համաձայն՝ Խոսրով Հովհաննիսյանը հայտնել է, որ 2011 թվականին իր միջոցներով կառուցել է ավտոտնակ, որը գտնվում է Երևանի Շիրազի փողոցի թիվ 36 շենքի հարևանությամբ, որը գրանցվել է Աջափնյակի թաղապետարանում և ստացել շահագործման արտոնագիր՝ Ա-15-0010 գրանցման համարով, իսկ 2022 թվականին նույն ավտոտնակը վաճառել է Պավել Ղավազյանին՝ 3.171.000 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ գումարով և թաղապետարանում կատարվել է անվանափոխություն Պավել Ղավազյանի անվամբ:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից 2022 թվականի հունիսի 10-ին տրվել է թիվ 28/101706-22 տեղեկանքը, որի համաձայն՝ Շիրազի փողոցի թիվ 36 շենքի հարևանությամբ գտնվող թիվ Ա15-0010 ավտոտնակը փաստացի տիրապետվում և օգտագործվում է Պավել Ղավազյանի կողմից (հիմք՝ «Անուշիկ» համատիրության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 866 տեղեկանք):
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարողի 2026 թվականի մայիսի 8-ի թիվ 28/60339-26 գրությամբ, ի պատասխան Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Պավել Ղավազյանի 2026 թվականի ապրիլի 28-ի թիվ Դ-43115-26 դիմումի, տեղեկացվել է, որ Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող քարե շինությունն ապամոնտաժվել է համաձայն Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի հունիսի 15-ի թիվ 28/78595-26 գրությամբ, ի պատասխան Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Պավել Ղավազյանի 2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58776-26 դիմումի, տեղեկացվել է, որ Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող քարե շինությունն ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման հիման վրա: Նույն գրությամբ նաև նշվել է, որ նշված հասցեում իրականացվում են բակի հիմնանորոգման աշխատանքներ:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի հուլիսի 21-ի թիվ Դ-73698-26 գրությամբ տեղեկացվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծրագրով 2026 թվականի ապրիլի 22-ի կնքված «Կապալային աշխատանքների կատարման» թիվ ԵՔ-ԳՀԱՇՁԲ-26/71-1 պայմանագրի շրջանակներում իրականացվում են Շիրազի փողոցի թիվ 32 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ՝ կազմված և փորձաքննությունն անցած թիվ ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-25/33 աշխատանքային նախագծի համաձայն: Հիշյալ գրությամբ նաև նշվել է, որ նույն նախագծի համաձայն՝ պետք է ապամոնտաժվեին բարեկարգվող տարածքի՝ ինքնակամ կառուցված մետաղական և քարե շինությունները, այդ թվում՝ Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց գտնվող ինքնակամ քարե շինությունը:
Բողոքին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Պավել Ղավազյանի կողմից չեն ներկայացվել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման կատարման արդյունքում 3.271.000 (երեք միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամի չափով վնաս առաջացած լինելու և այդ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը՝ վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.
գ) շահերի բախման իրավիճակում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Վերը մեջբերված իրավանորմերի դրույթներից և նկարագրված փաստական հանգամանքներից հետևում է, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումը կայացվել է գործող իրավանորմերի պահանջներին համապատասխան, չի միջամտել և չի խախտել բողոքաբերի որևէ իրավունք, բողոքաբերը տվյալ շինության նկատմամբ չի ունեցել օրինական ակնկալիք կամ իրավունք ձեռք բերելու արդարացված շահ, հետևաբար Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման ընդունման կապակցությամբ առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նախատեսված՝ վարչական ակտի անվավերությանը հանգեցնող որևէ նախադրյալ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրանալու, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ նորմատիվ իրավական ակտը համարվում է ուժը կորցրած: Նման դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ չի ընդունվում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որևէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ): Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը:
Քննարկվող պարագայում Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումն ընդունվել է Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը չօրինականացնելու, այն ապամոնտաժելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու հարցերի լուծման և համապատասխան գործողությունների կատարման նպատակով, որպիսիք արդեն իսկ իրականացվել են, ինչով պայմանավորված՝ օրենքի ուժով նշված որոշման գործողության ժամկետը համարվում է ավարտված և իսկ որոշումն՝ ուժը կորցրած:
Քննարկվող պարագայում՝ նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համատեքստում այլևս ուժը կորցրած լինելու պայմաններում չի հանդիսանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կարգավորման առարկա և չի կարող հանդիսանալ անվավեր ճանաչման ենթակա վարչական ակտ, ուստի նշված հանգամանքն արդեն իսկ բավարար հիմք է ստեղծում Բողոքով ներկայացված առաջին՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար, ինչով պայմանավորված՝ առանձին գնահատման առարկա չի դարձվում վարչական ակտի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը, քանի որ այն ածանցվում է վարչական ակտի անվավերության պահանջից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ նույն օրենքի յոթերորդ բաժնի դրույթներին համապատասխան:
Քննարկվող պարագայում, ելնելով Բողոքով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի բովանդակությունից և դրա հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյո՞ք Պավել Ղավազյանի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ.
1) Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման հետևանքով Պավել Ղավազյանը կրել է վնաս,
2) Պավել Ղավազյանի կրած ենթադրյալ վնասը կազմում է 3.271.000 (երեք միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ,
3) Պավել Ղավազյանի կրած ենթադրյալ վնասը հանդիսանում է Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման կամ Երևանի քաղաքապետարանի գործողությունների անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը,
4) Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման կամ Երևանի քաղաքապետարանի գործողությունների և Պավել Ղավազյանի կրած ենթադրյալ վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից:
Բողոքում նկարագրված փաստարկներից պարզվում է, որ Պավել Ղավազյանի կողմից, որպես վնասված կամ կորսված (քանդված) գույք ներկայացվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի՝ ինքնակամ կառուցված շինությունը, ինչը թույլ է տալիս փաստելու, որ այն չի համապատասխանել նոր անշարժ գույք ստեղծելու, դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու և այն պետական գրանցման ենթարկելու, այն է՝ անշարժ գույքի կարգավիճակն ու պատկանելությունը որոշելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի պահանջներին, հետևաբար վարույթով ապացուցված չէ այն հանգամանքը, որ դրա ապամոնտաժման գործողությունների արդյունքում Պավել Ղավազյանը նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով ունեցել է գույքի կորուստ կամ վնասվածք (իրական վնաս):
Վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված ընդհանրական դիրքորոշումը հանգում է նրան, որ ենթադրյալ վնասն առաջացել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրենքի խախտմամբ, այն է՝ առանց հողօգտագործման և քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված ինքնակամ շինությունը հողամասի սեփականատիրոջ կողմից ապամոնտաժելու (քանդելու) արդյունքում, մինչդեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող շինությունը կառուցված է եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, այդ թվում՝ խախտելով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը, Պավել Ղավազյանի մոտ չէր կարող առաջանալ ողջամիտ համոզմունք, որ իր կողմից գնվել է Խոսրով Հովհաննիսյանի կողմից ստեղծված օրինական նոր գույք, որի նկատմամբ կարող է ձեռք բերվել սեփականության իրավունք:
Պավել Ղավազյանը, գնելով օրենքի խախտմամբ՝ ինքնակամ կառուցված շինություն, գիտակցել է կամ կարող էր (պարտավոր էր) գիտակցել իր կողմից կատարվող ծախսերի կորստի ռիսկը, որպիսին վնասի առաջացման և փոխհատուցման իրավական հետևանքի չի կարող հանգեցնել: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման առարկա շինությունը գրանցված լինելու վերաբերյալ փաստարկին, ապա այն ինքնակամ կառույց իրականացրած անձին կամ վերջինիս իրավահաջորդին չի օժտում ինքնակամ կառույցի նկատմամբ օրինական իրավունքներով և ենթադրյալ գրանցումն ու ենթադրյալ շահագործման արտոնագիրը (բողոքին կից չի ներկայացվել) չեն փոխում շինության իրավական կարգավիճակը և այն չեն վերածում օրենքի ուժով պաշտպանության ենթակա սեփականության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումը և դրա կատարմանն ուղղված գործողություններն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչված չեն, ինչպես նաև Բողոքին կից և վարույթի լսումների ընթացքում չեն ներկայացվել պահանջները հիմնավորող ապացույցներ, Բողոքի քննությամբ չեն ապացուցվել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման կամ դրա պահանջի կատարմանն ուղղված գործողությունների արդյունքում Պավել Ղավազյանին վնաս պատճառած լինելու, Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման կամ Երևանի քաղաքապետարանի գործողությունների և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու, ինչպես նաև ենթադրյալ վնասի չափը գնահատված լինելու հանգամանքները, չի ապացուցվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշման կամ դրա կատարմանն ուղղված գործողությունների ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի, 135-րդ հոդվածի, 172-րդ հոդվածի 1-ին մասի, 173-րդ հոդվածի, 188-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 61-րդ, 75-րդ հոդվածների, 76-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 95-րդ, 96-րդ հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Պավել Ղավազյանի 2026 թվականի հուլիսի 15-ի թիվ Դ-73698-26 բողոքով ներկայացված՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 1911-Ա որոշումն անվավեր ճանաչելու և վնասը փոխհատուցելու պահանջները մերժել ամբողջությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|