ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4003-Ա |
«14» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հովհաննես Եսայանի 2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2026 թվականի օգոստոսի 5–ին ժամը 11։00–ին հրավիրվել են լսումներ, որը կայանալու տեղի և ժամանակի մասին թիվ 07/97341-26 գրությամբ և էլեկտրոնային փոստի միջոցով 2026 թվականի հուլիսի 21-ին ծանուցվել է Հովհաննես Եսայանը, ով լսումներին չի ներկայացել։
Ուսումնասիրելով 2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումի և կից նյութերի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 14-ին Երևան քաղաքի Պապ թագավորի (նախկին Ամիրյան) փողոցի թիվ 8 շենքի բակում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «Toyota Corolla» մակնիշի «11 LL 171» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչով պայմանավորված Հովհաննես Եսայանը խնդրել է փոխհատուցել առաջացած վնասը, որը կազմում է 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2016 թվականի ապրիլի 18-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ HB878797 վկայագրի համաձայն՝ «Toyota Corolla» մակնիշի «11 LL 171» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսացել է Հովհաննես Եսայանի սեփականությունը:
2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումի կապակցությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2026 թվականի հուլիսի 27–ին տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պապ թագավորի (նախկին Ամիրյան) փողոցի թիվ 8 հասցեի բակում 2026 թվականի հունիսի 14-ին կենսունակ հացենու կենսունակ ճյուղը կոտրվել և ընկել է «Toyota Corolla» մակնիշի «11 LL 171» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետին ուղղված զեկուցագրի և «Հասցե այցելելու մասին» արձանագրության համաձայն՝ 2026 թվականի հունիսի 14–ին ժամը 11։38–ին ստացված հաղորդման կապակցությամբ այց է կատարվել Պապ թագավորի (նախկին Ամիրյան) փողոցի թիվ 8 հասցեի տարածք, որտեղ Հովհաննես Եսայանը հայտնել է, որ նշված հասցեում կայանված «Mercedes-Benz» մակնիշի «11 RB 110» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկել է ծառի ճյուղ, ինչ արդյունքում ավտոմեքենան վնասվել է:
2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումին կից վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել «Toyota Corolla» մակնիշի «11 LL 171» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետքաբանական փորձաքննության, վնասի չափը գնահատող ապրանքագիտական փորձաքննության արդյունքում կազմված և նշված դիմումում նկարագրված պատահարի ու 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ։
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չեն հիմնավորվել նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնասը 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գումար կազմելու և ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու փաստական հանգամանքները։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումին կից չեն ներկայացվել «Toyota Corolla» մակնիշի «11 LL 171» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացություններ, դիմումատուի կողմից չի հիմնավորվել պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հովհաննես Եսայանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Դ-75341-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|