ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1255-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» N 124-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը և որոշման հավելվածի վերնագիրը «ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ) ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ» բառերով.
2) որոշման 1-ին կետը «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման գումարը բնակարանային ապահովության շրջանակներում այլ նպատակային ծախսերի (վերանորոգում) կատարմանն ուղղելու դեպքերը» բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետը «ձեռքբերման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերված բնակելի անշարժ գույքի վերանորոգման ուղղությամբ» բառերով,
բ. 2-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձի» բառերը,
գ. 2-րդ կետի 7-րդ ենթակետը և 6-րդ կետը «տոկոսագումարի» բառից հետո լրացնել «, ձեռք բերված բնակելի անշարժ գույքի վերանորոգմանն ուղղված ծախսերի» բառերով,
դ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «180 ամիս» բառերը փոխարինել «ոչ պակաս, քան 120 ամիս» բառերով,
ե. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Եթե հավաստագրում սահմանված գումարի չափը գերազանցում է բնակելի անշարժ գույքի՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռքբերման արժեքը, ապա տարբերությունը, սակայն ոչ ավելի, քան 5,000,000 դրամը՝ համագործակցող կազմակերպությանը ներկայացված զինծառայողի դիմումի հիման վրա, կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը՝ ծրագրի ներքո գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկի շրջանակներում՝ որպես դրա բաղադրիչ։ Ընդ որում, բնակելի անշարժ գույքի վերանորոգման գումարը համագործակցող կազմակերպության կողմից տրամադրվում է փուլերով (տրանշներով)՝ կախված կատարված աշխատանքների ծավալից՝ համագործակցող կազմակերպության ներքին ընթացակարգերով սահմանված կարգով և պայմաններով:»,
զ. 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ձեռքբերման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն ծրագրի 6.1-ին կետով սահմանված դեպքում՝ ձեռք բերված բնակելի անշարժ գույքի վերանորոգման,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2026 թվական: