ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

19 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 126

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 26 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրականացման մասին հաշվետվությունը (կցվում է որպես տեղեկատվական նյութ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2026-2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »      -ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2026-2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության՝ կցվող հիմնական կողմնորոշիչները:

2. Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին՝ մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2026-2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20          թվականի

թիվ       որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2026-2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության

 

Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների համար առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները, ինչպես նաև պարունակում է դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ։

Սույն փաստաթուղթը միտված է Միության՝ Պայմանագրով սահմանված հիմնական նպատակներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակներին հասնելուն։

 

I. Համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները և հեռանկարները

 

2024-2025 թվականներին համաշխարհային տնտեսության զարգացումը տեղի էր ունենում գնաճային ճնշման աստիճանաբար նվազման պայմաններում։ Աշխարհի երկրների մոնետար կարգավորիչների կողմից վարվող կոշտ դրամավարկային քաղաքականության երկարատև ժամանակաշրջանից հետո գլոբալ գնաճի կրճատումն ընթացավ ավելի դանդաղ, քան կանխատեսվում էր։ 2024 թվականին համաշխարհային գնաճի մակարդակը կազմել է 5,7 տոկոս՝ 2023 թվականի 6,7 տոկոսի համեմատ։ Այնուամենայնիվ, առաջատար երկրների մեծ մասում գնաճի մակարդակը հասել կամ մոտեցել է դրանց ազգային նպատակային ցուցանիշներին, ինչը թույլ է տվել ազգային (կենտրոնական) բանկերին 2024 թվականի երկրորդ կիսամյակից սկսել դրամավարկային քաղաքականության մեղմացումը։

Հանրային ֆինանսների կայունության ռիսկերը, մասնավորապես՝ զարգացող երկրների համար, պահպանել են իրենց արդիականությունը ՝ կառուցվածքային կերպափոխումների և սոցիալական աջակցության համար պետական ​​ծախսերի ավելացման ավելի արտահայտված անհրաժեշտության պատճառով։ Կապիտալի համաշխարհային շուկաներում, փոխառությունների արժեքի աճի հետ մեկտեղ, պարտքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունը դարձել է ավելի քիչ հասանելի շատ երկրների համար, իսկ պարտքի սպասարկմանն ուղղված բյուջեների ծախսերն աճել են, ինչը սահմանափակում էր դրանց տնտեսություններում բյուջետային ներդրումների ծավալների ավելացման հնարավորությունները։

Գլոբալ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի՝ 2024 թվականին կազմելով համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 տոկոսը, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը դրա չափը կմոտենա ՀՆԱ-ի 100 տոկոսին։ Պարտքի բարձր մակարդակը ռիսկեր կառաջացնի համաշխարհային ֆինանսական կայունության և տնտեսական աճի համար, ինչը պահանջելու է երկրներից զգալի բյուջետային ճշգրտումներ` դրա ծավալը կայունացնելու և կրճատելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսությունը վերջին երկու տարիների ընթացքում ցուցաբերել է կայունություն, դրա աճի տեմպը այդուհանդերձ մնում էր COVID-19-ի համավարակից առաջ եղած միջին ցուցանիշից ցածր՝ աշխարհաքաղաքական լարվածության, պարտքի բարձր բեռի, ներդրումների թույլ դինամիկայի և արտադրողականության դանդաղ աճի, ինչպես նաև համաշխարհային առևտրի դանդաղման պատճառով։ Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է 3,3 տոկոս և, նրանց գնահատականներով, 2025 թվականին չի գերազանցի 2,8 տոկոսը։ Գլոբալ տնտեսության աճի հիմնական աջակցությունը ցուցաբերել են Հնդկաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (Չինաստան), որոնք, չնայած 2024 թվականին տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը մինչև համապատասխանաբար 6,5 տոկոս և 5,0 տոկոս՝ 2023 թվականի 9,2 տոկոսի և 5,4 տոկոսի համեմատ, պահպանել են համաշխարհային միջին արժեքներից բարձր տնտեսական աճի տեմպերը, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի առանձին երկրները (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, Մալայզիա, Ֆիլիպինների Հանրապետություն): Միաժամանակ, ՀՆԱ-ի աճի դինամիկայի դանդաղում նկատվել է նաև աշխարհի մի շարք խոշորագույն տնտեսություններում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)՝ 2,8 տոկոս՝ 2023 թվականի 2,9 տոկոսի համեմատ, Ճապոնիա՝ 0,1 տոկոս՝ 2023 թվականի 1,5 տոկոսի համեմատ):

Անկայուն գլոբալ տնտեսական աճի պայմաններում սննդամթերքի և հումքային ռեսուրսների համաշխարհային շուկաներում գները ցուցաբերել են զգալի անկայունություն։ Նավթի արժեքը ձևավորվել է 2022 թվականի մակարդակից ցածր և աշխարհաքաղաքական լարվածության, ինչպես նաև ՕՊԵԿ+-ի կողմից մատակարարումների ծավալների մասով որոշումների ազդեցության տակ մնացել է անկայուն։ Վերականգնվող էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում պահանջարկի պատճառով մի շարք գունավոր մետաղների գները հասան ռեկորդային մակարդակների, սակայն հետագայում նվազեցին Չինաստանի տնտեսության աճի դանդաղման ֆոնին։ Գյուղատնտեսական և պարենային ապրանքների շուկաներում գների դինամիկան տարբեր էր, սակայն ընդհանուր առմամբ, ապրանքների այդ խմբի գների ընդհանուր մակարդակը ցուցաբերում էր անկման միտում։

Համաշխարհային տնտեսությունը վերջին տարիներին բախվեց մի շարք մարտահրավերների, որոնք ազդեցություն ունեցան անդամ պետությունների տնտեսությունների զարգացման առաջընթացի դինամիկայի վրա, որոնցից հիմնականները առանձին երկրների նկատմամբ դարձան առևտրային սահմանափակումները, ինչը հանգեցրեց ազատ առևտրի մեխանիզմների ապահավասարակշռմանը և ձևավորեց տնտեսության ապագլոբալացման նախադրյալներ։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2024 թվականին նոր առևտրային սահմանափակումների քանակը 5 անգամ գերազանցել է 2010-2019 թվականների միջին ցուցանիշը։ ԱՄՆ-ի կողմից 2025 թվականի առաջին կիսամյակում ներմուծման մաքսատուրքերի բարձրացումն ու միջազգային առևտրի վերաձևաչափման փորձերն ավելացրել են անորոշությունը և առևտրային լարվածությունն աշխարհում, հանգեցրել են մատակարարումների գլոբալ շղթաներում խախտումների և միջազգային առևտրի հատվածականացման ավելացմանը։ Նման պայմաններում հետագայում ավելանում են ոչ միայն գլոբալ տնտեսական աճի դանդաղման, այլև գնաճային ճնշման ավելացման, համաշխարհային տնտեսության մեջ համակարգային փոփոխությունների արագացման ռիսկերը։

Միջազգային տրանսպորտային միջանցքների և հարակից ենթակառուցվածքի անխափան գործունեության ապահովումը կայուն զարգացման կարևոր պայմաններից է։

Տրանսպորտային միջանցքները, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ», Հյուսիսային միջանցքը (Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա), Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, Հյուսիսային ծովային ուղին և այլն, ապահովում են առևտրի աճը և խթանում են տնտեսական ակտիվությունը, ինչը որոշում է այն պետությունների միջև համակարգման բարձրացման անհրաժեշտությունը, որոնց տարածքներով դրանք անցնում են։

Տնտեսության մրցունակության բարձրացման և տնտեսական աճի արագացման առավել կարևոր բաղադրիչ է դառնում բարձր տեխնոլոգիական արտադրությունների զարգացումը, որոնք հիմնված են տեղեկատվական, կոգնիտիվ, նանո- և կենսաինժեներական տեխնոլոգիաների համալիրի վրա։ Համապատասխանաբար, պետությունների տեխնոլոգիական ինքնաբավության ապահովումը կայուն տնտեսական զարգացման որոշիչ գործոններից մեկն է։

Կլիմայի փոփոխությունը դադարել է լինել բացառապես էկոլոգիական խնդիր։ Ազդելով տնտեսական աճի և ֆինանսական կայունության վրա՝ կլիմայական օրակարգը ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։ Այդ իսկ պատճառով, մասնավորապես «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը և դրանց ազատ հասանելիության ապահովումը կլիմայի փոփոխության դանդաղեցման գործում որոշում են երկրների կոլեկտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը։ Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում թույլ չտալ երկրների կլիմայական կարգավորումներով պայմանավորված՝ միջազգային առևտրի քողարկված սահմանափակումները։

Այսպիսով՝ վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունը գործել է գլոբալ գնաճային գործընթացների աստիճանական դանդաղման և համաշխարհային տնտեսության աճի հարաբերական կայունացման պայմաններում։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական լարվածության պահպանման ֆոնին աշխարհի առանձին տնտեսությունների պրոտեկցիոնիստական քաղաքականության ուժեղացման և իրացման շուկաների համար մրցակցության սրման պայմաններում համաշխարհային ՀՆԱ-ի աճի դինամիկան մնում է բավականին թույլ և անկայուն։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում գլոբալ տնտեսական աճը չի գերազանցի 3,0-3,2 տոկոսը, ինչը ցածր է մինչև COVID-2019 համավարակն արձանագրված միջին արժեքներից։ Գլոբալ գնաճի ավելացման ռիսկերը միջնաժամկետ հեռանկարում միտված են վատթարացմանը, իսկ փոխառությունների բարձր արժեքը հետագայում շատ երկրների, հատկապես՝ զարգացող երկրների համար կշարունակի սահմանափակել հնարավորությունները կապիտալի միջազգային շուկաներում ներդրումների ներգրավման համար։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային կառավարությունների և ֆինանսական ինստիտուտների ուշադրությունը նշված մարտահրավերների վրա և ակտիվացնել դրանց ջանքերը մակրոտնտեսական կայունության պահպանման և երկրների տնտեսական ներուժի իրագործման առավել ճկուն պայմանների ձևավորման հարցում։

 

II. Անդամ պետությունների տնտեսությունների գործունեության պայմանները 2024-2025 թվականներին

 

Չնայած պահպանվող արտաքին մարտահրավերներին՝ անդամ պետություններին 2024-2025 թվականներին հաջողվեց հասնել տնտեսական զարգացման դրական դինամիկային։ Այդ ժամանակահատվածում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել գնային, ֆինանսական կայունության ապահովմանը և տնտեսությունների հավասարակշռված աճի կայուն երկարաժամկետ հետագծի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։

Վերջին 2 տարիների ընթացքում անդամ պետությունների տնտեսական աճի տեմպերը ձևավորվել են միջին համաշխարհային արժեքներից բարձր, սակայն ունեցել են բազմակողմանի ուղղվածություն։ Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի աճի տեմպերը 2024 թվականին դանդաղել են համապատասխանաբար 8,3 տոկոսից մինչև 5,9 տոկոս, 4,1-ից 4,0 տոկոս և 5,1-ից 5,0 տոկոս, իսկ Ռուսաստանի Դաշնությունում հակառակը՝ արագացել են 4,1-ից մինչև 4,3 տոկոս։ Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսական աճի դինամիկան պահպանվել է 9,0 տոկոսի մակարդակի վրա։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին անդամ պետությունների ՀՆԱ-ի աճը կազմել է 4,4 տոկոս։ Անդամ պետություններում գնաճային գործընթացների դինամիկան ձևավորվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցության ներքո։ Անդամ պետություններից շատերում սպառողական գների աճը դանդաղել է, այդ թվում՝ սպառողական գների աճի սահմանափակման մասով ձեռնարկված միջոցների հետ կապված։ Միության շրջանակներում 2024 թվականին գնաճի միջին մակարդակը նախորդ տարվա համեմատ կազմել է 8,1 տոկոս։

2025 թվականի առաջին կիսամյակում իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դանդաղել են համապատասխանաբար մինչև 5,6, 2,1 և 1,2 տոկոս, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում արագացել են համապատասխանաբար մինչև 6,3 և 11,6 տոկոս։ 2025 թվականին անդամ պետությունների համախառն ՀՆԱ-ի աճի տեմպը սպասվում է 1,7 տոկոսի մակարդակով։ Անդամ պետություններից շատերում 2025 թվականի առաջին կիսամյակում գնաճային ճնշումն ավելացել է, այդ թվում՝ առանձին անդամ պետությունների նկատմամբ արտաքին առևտրատնտեսական սահմանափակումների հաշվին։ Միաժամանակ, մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում անդամ պետությունների կողմից ընդունվող որոշումները նպաստում են արտաքին ցնցումների (շոկերի) ազդեցության հետևանքների մեղմացմանն ու քաղաքացիների եկամուտների և խնայողությունների պաշտպանությանը։

2024 թվականին անդամ պետություններում նկատվել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճ։ Միության շրջանակներում ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 4,5 տոկոսով, հիմնականում՝ մշակող հատվածի հաշվին։ Անդամ պետություններից շատերում մշակող արդյունաբերության աճի մեջ առավելագույն ներդրումը կատարել է սննդամթերքի, մետաղական արտադրատեսակների, տրանսպորտային միջոցների արտադրությունը։ Կատարված շինարարական աշխատանքների ծավալն աճել է 3,3 տոկոսով, ուղևորաշրջանառությունը՝ 7,1 տոկոսով, բեռնաշրջանառությունը՝ 0,6 տոկոսով, մանրածախ առևտուրը՝ 7,6 տոկոսով։ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշների արժեքները Միության շրջանակներում շարունակել են ցուցաբերել դրական դինամիկա՝ բոլոր անդամ պետություններում դրանց աճի հաշվին։ Միաժամանակ, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը անդամ պետություններից շատերում 2024 թվականի արդյունքներով ավելացել է, սակայն համախառն ցուցանիշը Միության շրջանակներում նվազել է 0,3 տոկոսով։ 2025 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության դրական դինամիկան Միության շրջանակներում հասել է 1,6 տոկոսի։

2024 թվականին Միության շրջանակներում հիմնական կապիտալում ներդրումներն աճել են 7,5 տոկոսով տարեկան արտահայտմամբ և պահպանվում են մինչև СОVID-2019 համավարակը միջին ցուցանիշներից բարձր, այդ թվում՝ անդամ պետություններում ֆինանսավորման ներքին աղբյուրների ավելացման հաշվին։ Դրական դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականի սկզբին՝ անդամ պետությունների կողմից իրագործվող՝ ֆինանսավորման ներքին աղբյուրների ու կապիտալ ծախսերի ավելացմանն ուղղված աջակցության միջոցառումների հաշվին։

Բյուջետային ազդակի ավելացումը՝ տնտեսությունների կառուցվածքային փոխակերպմանն (տրանսֆորմացիային) աջակցելու և ֆինանսական ռեսուրսները նոր գերակա նշանակություն ունեցող ուղղությունների զարգացմանն ուղղելու համար, որոնք, այդ թվում, կապված են անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծման և մրցունակ նորարարական տեխնոլոգիաների ներդրման հետ, հանգեցրել է 2024 թվականին գրեթե բոլոր անդամ պետություններում դեֆիցիտով բյուջեի կատարմանը։ 2025 թվականին անդամ պետություններից շատերում բյուջեն կշարունակի մնալ դեֆիցիտային, իսկ անդամ պետությունների բյուջետային քաղաքականության գերակայությունները կլինեն սոցիալական ոլորտը, ենթակառուցվածքային նախագծերը, նորարարական և տեխնոլոգիական զարգացումը։

2024 թվականին անդամ պետություններից շատերում բարելավվել է ընթացիկ գործառնությունների հաշիվների վիճակը։ Այսպիսով, օրինակ՝ Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դա տեղի է ունեցել հիմնականում ապրանքների արտահանման արժեքային ծավալի աճի հաշվին, իսկ Ղազախստանի Հանրապետությունում՝ եկամուտների հաշվեկշռի դեֆիցիտի կրճատման հաշվին։ Արդյունքում, ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը՝ Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում, կրճատվել է, իսկ պրոֆիցիտն աճել է Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտն աճել է ծառայությունների հաշվեկշռի վատթարացման և դրամական փոխանցումների ծավալի նվազման ֆոնին։ Բելառուսի Հանրապետությունում դեֆիցիտի աճը հիմնականում ապահովված է ներմուծման արժեքային ծավալի աճով։ Անդամ պետություններից շատերի արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի մեջ նկատվում է անդամ պետություններից առանձին առևտրային հոսքերի վերակողմնորոշումը դեպի Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ։

Փոխադարձ առևտրի դրական դինամիկան ապահովվել է դեպի Միության ներքին շուկա առևտրային հոսքերի վերաուղղորդմամբ։ 2024 թվականի արդյունքներով անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալն ավելացել է 8,1 տոկոսով, ինչը բարձր է նախորդ տարվա համեմատ։ Այդ մակարդակին հասնելը դրական արդյունք է ընթացիկ պայմաններում և վկայում է փոխադարձ առևտրի դերի ուժեղացման հարցում առաջընթացի մասին։

 

III. Անդամ պետությունների 2026 - 2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և դրանց հասնելու համար առաջարկվող միջոցները

 

Պահպանվող աշխարհաքաղաքական լարվածության, բարձր հիմնական դրույքների, որոշ անդամ պետությունների նկատմամբ առևտրային սահմանափակումների, գլոբալ գնաճի վերսկսման ռիսկերի և կապիտալի համաշխարհային շուկաներում փոխառությունների արժեքի բարձրացման պայմաններում անդամ պետությունների տնտեսական զարգացումը 2026-2027 թվականներին ակնկալվում է բավականին զսպված։

Համաձայն կանխատեսումային տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը վերջին տարիների բարձր ցուցանիշներից հետո՝ կոնյունկտուրային գործոնների ազդեցության ուժգնության նվազման և նեյտրալ բյուջետային քաղաքականությանը անցնելու ֆոնին, 2026-2027 թվականներին կմոտենա տնտեսության աճի տեմպերի 5,1-5,3 տոկոսի մակարդակին, Բելառուսի Հանրապետությունում տնտեսության աճը կկազմի 2,8 տոկոս 2026 թվականին՝ ձեռք բերված գնային կայունության, ներդրումային և արտադրական ակտիվության հաշվին։ Ղազախստանի Հանրապետությունում 2026-2027 թվականներին արտաքին գործոններին տնտեսության ադապտացման պայմաններում տնտեսական աճի տեմպերն ակնկալվում են մինչև 5,4 տոկոս մակարդակի վրա, իսկ Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվությունը կպահպանվի բարձր մակարդակի վրա, սակայն ՀՆԱ-ի աճի տեմպերը փոքր-ինչ կնվազեն՝ հաշվի առնելով նախորդ տարիների բարձր բազան, և կկազմեն մոտ 8,0 տոկոս։ Ռուսաստանի Դաշնությունում բյուջետային քաղաքականության աստիճանական նորմալացման պայմաններում դրամավարկային պայմանների մեղմացման ֆոնին 2026-2027 թվականների ժամանակահատվածում ակնկալվում է միջին տարեկան՝ մոտ 2,1 տոկոս տնտեսական աճ։ 2026-2027 թվականներին անդամ պետությունների համախառն ՀՆԱ-ի աճի տեմպն ակնկալվում է միջին տարեկան՝ մոտ 2,5 տոկոս մակարդակի վրա։

Միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների տնտեսությունների զարգացումն ապահովող կարևոր գործոններից մեկը Միության ներքին շուկայի լիարժեք գործունեությունն է։ Ներքին շուկայի ներդաշնակ և բազմակողմանի զարգացման մեխանիզմների ստեղծումն անբաժանելիորեն կապված է գոյություն ունեցող խոչընդոտների քանակի հետագա կրճատման և Միության ներքին շուկա անդամ պետությունների բիզնեսի մուտքի համար հավասար պայմանների տրամադրման հետ։ ԱՄՆ-ի կողմից ներմուծման սակագների բարձրացման և միջազգային առևտրի հատվածականացման պայմաններում անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել առանց անդամ պետություններն իրարից մեկուսացնելու ներքին շուկայի պաշտպանության վրա՝ ապահովելով փոխադարձ առևտրի ժամանակ ազգային ռեժիմը (Պայմանագրով նախատեսված դեպքերում) և կիրառելով Միությունում առկա գործիքները՝ ներառյալ մաքսասակագնային կարգավորման կատարելագործումը ներմուծված ապրանքների՝ ներքին շուկաներ մուտքի վերահսկվող պայմաններ ստեղծելու համար և առաջադեմ համաշխարհային գործելակերպի և գիտական ապացուցողական բազայի վրա հիմնված միասնական տեխնիկական պահանջների սահմանումը։ Միության ներքին շուկայի հետագա զարգացման համար որպես ազդակ կարող են հանդես գալ այնպիսի հեռանկարային ուղղություններ, ինչպիսիք են ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորումը, փոխադարձ էլեկտրոնային առևտրի զարգացումը և ապրանքների լոգիստիկայի կատարելագործումը, ինչը նույնպես բարենպաստ ազդեցություն կունենա սպառողական գների դինամիկայի վրա։

Անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Միության համար ավելի մեծ կարևորություն է ստանում թվային փոխակերպումը։ Բարձր տեմպերով ընթանում է տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների ներդրումը, և անդամ պետությունները կարող են ակտիվացնել փոխգործակցությունն այդ գործընթացն ավարտելու համար։ Առաջադեմ թվային տեխնոլոգիաների մշակման, ստեղծման և ներդրման սկզբունքորեն նոր մակարդակի վրա դուրս գալը, Միության շրջանակներում դրանց կիրառման դրական գործելակերպի մասշտաբավորումը և այդպիսի թվային լուծումներին անդամ պետությունների մուտքի հավասար պայմանների ստեղծման հնարավորությունները որոշիչ դեր ունեն անդամ պետությունների գլոբալ մրցունակության գործում։ Քանի որ թվային փոխակերպումն ընդգրկում է ավելի մեծ տնտեսական տարածք, ժամանակին տեխնոլոգիական լուծումների մշակումը դառնում է անդամ պետությունների համար հիմնական խնդիրներից մեկը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել թվայնացման գործընթացների աջակցության միջոցով Միության շրջանակներում տեխնոլոգիական ներուժի ուժեղացմանը՝ իրագործելով եվրասիական տեխնոլոգիական հարթակների մեխանիզմները և զարգացնելով ոլորտային էկոհամակարգերը։

Գիտատեխնիկական համագործակցության ոլորտում անդամ պետությունների փոխգործակցությունը տեխնոլոգիական կոոպերացիայի ճանապարհով հեռանկարային գիտական մշակումների հիման վրա տեխնոլոգիական վերազինման, դրանց տնտեսությունների նորարարական զարգացման և արդիականացման հիմնական տարրն է, ինչն իր հերթին կապահովի անդամ պետությունների տնտեսական աճի արագացումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտատեխնիկայի և նոր նյութերի ոլորտներում համագործակցությունը թույլ կտա վստահելի հիմք ապահովել անդամ պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային տնտեսական հարաբերությունների զարգացման համար, խթանել բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկումը, ստեղծել անդամ պետությունների՝ ներմուծմանը փոխարինող նոր արտադրություններ։

Որակյալ տնտեսական աճի հարցերը պահանջում են ներդրումների ներհոսք անդամ պետությունների տնտեսություններ։ Միության շրջանակներում ներդրումային ակտիվության բարձրացումն անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկն է։ Համապատասխանաբար՝ միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների առաջնահերթ խնդիրները կլինեն մակրոտնտեսական կայունության պահպանումը և ավելի բարենպաստ ներդրումային կլիմայի ստեղծումը, որը պայմաններ կապահովի փոխադարձ ներդրումների ավելացման համար։

Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, պարենային ապրանքների փոխադարձ առևտրի ծավալի ավելացման, տեխնոլոգիաների տրանսֆերի ապահովման ոլորտում ջանքերի ակտիվացման շրջանակներում անդամ պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղություն կարող է դառնալ Միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերն իրագործելիս ֆինանսական աջակցության մեխանիզմի զարգացումը։

Միության շրջանակներում տնտեսական կապերի ուժեղացումը նույնպես պահանջում է շարունակական աշխատանք միասնական տրանսպորտային տարածքի և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման գործում՝ ներառյալ ավտոփոխադրումների զարգացումը, ինչը բազա կապահովի նոր լոգիստիկ շղթաների ստեղծման և գործող լոգիստիկ շղթաների կատարելագործման, և ինչպես տարանցիկ բեռների, այնպես էլ Միության շրջանակներում ապրանքների անխափան տեղաշարժի համար։ Միության շրջանակներում տրանսպորտային տարածքի զարգացման ոչ պակաս նշանակալի ուղղություն է դառնում ուղևորափոխադրումների ենթակառուցվածքի նորացումը, ինչը հիմք է ներքին զբոսաշրջության զարգացման համար։

Համաշխարհային ֆինանսական համակարգի ճգնաժամը և միջազգային վճարային համակարգերի շրջանակներում գործարքների սահմանափակումներն ուժեղացնում են անդամ պետությունների փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը Միության շրջանակներում անդրսահմանային վճարումների անվտանգության բարձրացման և անցկացման անխափանության, ինչպես նաև ազգային վճարահաշվարկային ենթակառուցվածքների գործունեության կատարելագործման ոլորտում։ Դա կնպաստի տարածաշրջանային առևտրաֆինանսական կապերի կայունության բարձրացմանը և անդամ պետությունների ազգային արժույթներով իրականացվող գործառնությունների մասնաբաժնի ավելացմանը։

Երրորդ երկրների, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ՀԱԱՊԱ-ի և այլ ինտեգրացիոն միությունների հետ անդամ պետությունների համակարգային երկխոսության զարգացումը, այդ թվում՝ Եվրասիական մեծ գործընկերության նախաձեռնության իրագործման համատեքստում, ինչպես նաև Միությանը կից դիտորդ պետության ինստիտուտի շրջանակներում գործընկերության զարգացումը, Միության տնտեսական ներուժի ամրապնդման կարևոր գործոններ են, որոնք ազդում են տնտեսական գործընթացների դինամիկայի, Միության միջազգային դիրքավորման և գլոբալ շուկայում Միության ներկայությունն ապահովելու վրա։

Պահպանվող գլոբալ տնտեսական անորոշության համատեքստում անդամ պետությունների մակրոտնտեական քաղաքականության 2026-2027 թվականների ընթացքում առաջնահերթ նպատակներից է կայուն և առաջանցիկ տնտեսական աճի ապահովումը, որը հիմնված է մակրոտնտեսական պայմանների բարելավման, արտաքին շուկաներում անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության և ներդրումային ակտիվության բարձրացման, արտադրական, տեխնոլոգիական և նորարարական ներուժի հետագա զարգացման, Պայմանագրով սահմանված ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման, ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման և միջազգային տնտեսական համագործակցության զարգացման, Միության շրջանակներում անկանխիկ հաշվարկների և վճարումների համակարգի կատարելագործման վրա։ Միջնաժամկետ հեռանկարում վերոնշյալը պետք է հնարավորություններ ստեղծի անդամ պետությունների՝ ոչ պակաս, քան համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը համախառն ՀՆԱ-ի տարեկան հավելաճի հետագիծն ապահովելու համար։

Նախանշված խնդիրների լուծման և այդ նպատակին հասնելու համար խորհուրդ է տրվում ջանքերն ուղղել հետևյալ ուղղություններով միջոցների իրագործմանը։

Բարենպաստ մակրոտնտեսական միջավայրի ձևավորումը և ներդրումների աճի համար պայմանների ստեղծումը, այդ թվում՝

գնային կայունության ապահովումը.

պարտքային բեռի կրճատման և պարտքային կայունության պահպանման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը․

բյուջետային հավասարակշռվածության պահպանումը՝ հաշվի առնելով բյուջետային համախմբման անցկացումը․

փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներ կատարելիս անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացմանն ուղղված աշխատանքի շարունակումը․

մրցակցային միջավայրի զարգացումը և անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության ապահովումը։

Տնտեսության իրական հատվածում կոոպերացիոն համագործակցության ամրապնդումը, Միության տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացումը, այդ թվում՝

ագրոարդյունաբերական համալիրի ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերն անդամ պետությունների կողմից իրագործվելիս ֆինանսական աջակցության մեխանիզմի ձևավորումը.

անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում 2026-2030 թվականների համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական համատեղ աշխատանքների ցանկի ձևավորումը.

էներգետիկ արդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասով աշխատանքի շարունակումը.

տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և տարանցման ներուժի իրագործումը.

Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի իրագործման աշխատանքների շարունակումը.

Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող պահանջների և դրանց ստանդարտների ցանկերի արդիականացումը դրանց գիտատեխնիկական մակարդակի գնահատման հիման վրա՝ անդամ պետությունների տնտեսական և գիտատեխնիկական զարգացման մակարդակին Միության շրջանակներում տեխնիկական կարգավորման համապատասխանությունն ապահովելու նպատակով

անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ անդամ պետություններում տրամադրվող թվային ծառայություններին առցանց մուտքի համար պայմանների ստեղծումը՝

օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը և դրա ազգային հատվածները.

անդամ պետություններում ընդունված որոշումներից ելնելով՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղերում արհեստական բանականության համակարգերի ներուժի բացահայտումը և դրա ներառական, անվտանգ և պատասխանատու կիրառումն ապահովելը։

Միության ներքին շուկայի կայուն գործունեության ապահովումը և արտահանման հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝

արգելքների վերացումը, բացառումների ու սահմանափակումների կրճատումը, Միության ներքին շուկայում նոր խոչընդոտների առաջացման բացառումը.

Միության ներքին շուկայում խոչընդոտների և սահմանափակումների վերացման մեթոդաբանական մոտեցումների կատարելագործումն ու արդիականացումը.

Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման աշխատանքի ակտիվացումը.

Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքի շարունակումը.

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, գազի ընդհանուր շուկայի, նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը և զարգացումը.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման շարունակումը.

փոխադարձ էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

պետական (մունիցիպալ) գնումների մրցակցային եղանակների կիրառման բաժնեմասի ավելացման ձգտումը, այդ թվում՝ պետական գնումների ժամանակակից բաց և թափանցիկ համակարգերի զարգացման միջոցով.

ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի արտադրության ոլորտներում անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռների զարգացման համատեղ կանխատեսումների ձևավորումը.

Միության շրջանակներում զբոսաշրջության զարգացումը.

երրորդ կողմերի հետ փոխադարձ առևտրում խոչընդոտների բացահայտումն ու վերացումը՝ ինչպես Միության գործող առևտրային համաձայնագրերի իրագործման շրջանակներում.

 այնպես էլ այն երրորդ կողմերի հետ, որոնց նկատմամբ Միությունն ունի հետաքրքրություն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ոլորտում.

երրորդ կողմերի հետ առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման աշխատանքի շարունակումը.

Միության՝ երրորդ երկրների հետ կնքած առևտրային համաձայնագրերի կիրարկումը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան