ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 115 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 10․6․5 կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում զբոսաշրջության զարգացման
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հայեցակարգը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 10.6.5 կետի իրագործման նպատակով։
Զբոսաշրջության զարգացումը պետության տնտեսական աճի կարևորագույն գործոն է, զբոսաշրջության հատվածը կարևոր դերակատարում ունի նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության իրական եկամուտների և կյանքի որակի բարձրացման, ենթակառուցվածքային ճյուղերի զարգացման միջոցով բնակչության զբաղվածության ապահովման գործում և ընդհանուր առմամբ՝ պետության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ զբոսաշրջության ճյուղում համագործակցության զարգացումն անդամ պետությունների տնտեսական փոխգործակցության կարևորագույն առաջնահերթություններից է, ինչի մասին վկայում է նաև այն, որ զբոսաշրջության ոլորտը ներառվել է «Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ «Եվրասիական տնտեսական ուղի»» հռչակագրում (ընդունվել է անդամ պետությունների ղեկավարների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 25-ին)։
Սույն հայեցակարգի իրագործման նպատակներն են զբոսաշրջության ոլորտում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացումը, փոխադարձ զբոսաշրջային հոսքերի աճը, անդամ պետությունների ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժնի ավելացումը, անդամ պետությունների զբոսաշրջային պրոդուկտների մրցունակության բարձրացումը։
Սույն հայեցակարգի խնդիրն է սահմանել զբոսաշրջության բնագավառում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները։
2. Աշխարհում զբոսաշրջության ժամանակակից միտումները և զարգացման հեռանկարները
Զբոսաշրջության զարգացումը համաշխարհային տնտեսության կայուն աճի կարևոր գործոն է, իսկ զբոսաշրջային հատվածը կարևոր դերակատարում ունի ՀՆԱ-ի ձևավորման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման, բնակչության զբաղվածության ապահովման, բիզնես գործունեության ակտիվացման գործում։
Զբոսաշրջությունը հսկայական ազդեցություն ունի տնտեսության այնպիսի առանցքային ճյուղերի վրա, ինչպիսիք են տրանսպորտը, կապը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, այսինքն՝ ինքնին առանձնահատուկ խթան (կատալիզատոր) է երկրների տնտեսական զարգացման համար։
Անդամ պետություններում զբոսաշրջային հատվածի զարգացման հիմնական ցուցանիշները ներկայացված են հավելվածում։
Ըստ միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների գնահատումների՝ 2024 թվականին զբոսաշրջության ոլորտում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ համավարակից հետո հետագա վերականգնման միտումը շարունակվել է։
Այսպիսով, ըստ Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալների՝ 2024 թվականին ճանապարհորդությունների ու զբոսաշրջության ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 10,9 տրլն ԱՄՆ դոլար, ինչը 10,1%-ով ավելի է, քան 2023 թվականին և 5,8%-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը։ Այդ տվյալների համաձայն՝ 2024 թվականին զբոսաշրջային հատվածի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում կազմել է 10%։
Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տեղեկատվությանը համապատասխան՝ 2024 թվականին զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի ընդհանուր քանակը կազմել է 357 մլն, ինչը 8,1%-ով ավելի է, քան 2023 թվականին և 6,9%-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը։ 2024 թվականին աշխարհում բոլոր աշխատատեղերի 10%-ը կազմել է զբոսարշրջության մասնաբաժինը։
Ըստ նույն տվյալների՝ ներքին զբոսաշրջիկների ծախսերը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացել են 5,4%-ով՝ գերազանցելով 2019 թվականի մակարդակը, և կազմել են 5,3 տրլն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը՝ 11,6%-ով և կազմել են 1,9 տրլն ԱՄՆ դոլար։
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը «Համաշխարհային զբոսաշրջության բարոմետր» զեկույցում (2025 թվականի հունվար) 2024 թվականի արդյունքներով նշում է միջազգային զբոսաշրջության ոլորտի՝ մինչև COVID-19 համավարակը գոյություն ունեցող մակարդակից 99%-ով վերականգնումը։
Այդ զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 1,4 մլրդ միջազգային զբոսաշրջիկ, ինչը 11%-ով կամ 140 մլն մարդով ավելի է 2023 թվականի համեմատ։ Այդ արդյունքներն ապահովվել են հետհամավարակային ժամանակահատվածում ճանապարհորդությունների բարձր պահանջարկի, իրացման խոշոր շուկաների (պահանջարկի աղբյուրների) կայուն գործունեության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զբոսաշրջային ուղղությունների թվի աճի շնորհիվ։
2024 թվականին զբոսաշրջության ոլորտում առավել դինամիկ զարգացող տարածաշրջաններն են եղել Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան, որտեղ զբոսաշրջային հատվածի զարգացման ցուցանիշները գերազանցել են 2019 թվականի մակարդակը։
Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալների՝ միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտներն իրական արտահայտությամբ (հաշվի առնելով գնաճը և փոխարժեքի տատանումները) արձանագրել են կայուն աճ 2024 թվականին այն բանից հետո, երբ 2023 թվականին դրանք գրեթե հասել էին նախահամավարակային մակարդակի։
«Համաշխարհային զբոսաշրջության բարոմետր» զեկույցի (2025 թվականի մայիս) համաձայն՝ 2024 թվականին միջազգային զբոսաշրջության ոլորտում արտահանումից (ներառյալ՝ ուղևորափոխադրումները) ստացված եկամուտները 2023 թվականի համեմատ 11%-ով ավելացել են և հասել 2 տրլն ԱՄՆ դոլարի, ինչը նախահամավարակային մակարդակից 15%-ով բարձր է։
Ըստ կանխատեսումային գնահատումների՝ 2025 թվականին զբոսաշրջության ոլորտում նկատվում են հետագա աճի միտումներ։
2024 թվականին աշխարհում զբոսաշրջության զարգացման արդյունքները նույնպես ներկայացված են Համաշխարհային տնտեսական ֆորումի «Ճանապարհորդությունների ու զբոսաշրջության զարգացման ինդեքս» զեկույցի մեջ, որն արտացոլում է զբոսաշրջային ճյուղի վիճակը, ներառյալ՝ դրա զարգացմանը նպաստող ներքին և արտաքին գործոնները։
Նշված զեկույցի համաձայն՝ 2024 թվականին դիտվել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո ճյուղի զարգացման տեմպերի հետագա վերականգնում։
Ճանապարհորդությունների ու զբոսաշրջության զարգացման ինդեքսի հաշվարկի մեջ ներառված 119 պետություններից 71-ի վարկանիշերը 2019 թվականի համեմատ 2024 թվականին աճել են։ Ինդեքսի ցուցանիշները վկայում են զբոսաշրջային ծառայությունների համաշխարհային պահանջարկի վերականգնման մասին, ինչը համընկել է համաշխարհային ավիաերթուղիների թողունակության ու կապակցվածության աճի, COVID-19 համավարակի առնչությամբ սահմանված սահմանափակումները հանելուց հետո երկրների՝ միջազգային մակարդակով բաց լինելու բարելավման, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ավելացման հետ։
Դրա հետ մեկտեղ ավիաերթուղիների թողունակության, զբոսաշրջային ճյուղի կադրային ապահովման, զբոսաշրջության ոլորտում կապիտալ ներդրումների գոյություն ունեցող մակարդակը չի համապատասխանում աշխարհում ճանապարհորդությունների ու զբոսաշրջային ծառայությունների ավելացած պահանջարկին։ Պահանջարկի ու առաջարկի առաջացած անհավասարակշռությունը գնաճային ճնշման հետ միասին հանգեցրել է զբոսաշրջության ոլորտի գնային մրցունակության նվազեցմանն ու սպասարկման խափանումների։
Ճանապարհորդությունների ու զբոսաշրջության զարգացման ինդեքսի համաձայն՝ 2024 թվականի վարկանիշի թոփ 30-ի մեջ մտած երկրների մասնաբաժինը կազմել է զբոսաշրջային ճյուղի ՀՆԱ-ի աճի ավելի քան 75%-ը 2022 թվականին և ճյուղի ՀՆԱ-ի աճի ավելի քան 70%-ը՝ 2020 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում։
Նշված զեկույցին համապատասխան՝ միջազգային զբոսաշրջության զարգացման առանցքային ուղղություններն են՝
զբոսաշրջային հատվածի համալիր զարգացման ռազմավարությունների մշակումը և իրագործումը, որոնք, ի թիվս այլոց, ենթադրում են ներդրումների ներգրավում՝ երկրների տրանսպորտային ու զբոսաշրջային ենթակառուցվածքի արդիականացման ու զարգացման համար.
կայուն զբոսաշրջության ապահովումը՝ բնության պահպանմանն ուղղված միջոցների ձեռնարկման, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմանն էներգետիկ անցման միջոցով.
զբոսաշրջային հատվածի ներուժի օգտագործումը՝ որակավորված կադրային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրումների ներգրավման միջոցով պետությունների տնտեսական աճի համար.
տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ զբոսաշրջային հատվածի հետագա դինամիկ զարգացման համար, ինչը ենթադրում է տեխնոլոգիաների ներդրում՝ զբոսաշրջության ոլորտում կայուն ու ճկուն կառավարման համար։
3. Անդամ պետություններում զբոսաշրջության ընթացիկ վիճակը և զարգացման առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետություն
2020 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել են COVID-19 համավարակի բացասական ազդեցությամբ պայմանավորված էական տատանումներ։
2021 թվականին համավարակային սահմանափակումների աստիճանական մեղմացումը նպաստել է զբոսաշրջային հատվածի որոշակի վերականգնմանը։ Այսպիսով, 2023 թվականին երկիր այցելել է 2,32 մլն զբոսաշրջիկ, ինչը 40%-ով ավելի է 2022 թվականի համեմատ և 22%-ով ավելի՝ 2019 թվականի համեմատ։ Նշված աճը պայմանավորված է ակտիվ միջոցառումներով, որոնք ուղղված են որպես զբոսաշրջային ուղղություն երկրի առաջմղմանը և ենթակառուցվածքի բարելավմանը։
2024 թվականին նկատվել է զբոսաշրջային հոսքի աննշան նվազում. Հանրապետություն այցելել է 2,21 մլն զբոսաշրջիկ, ինչը 7%-ով պակաս է 2023 թվականի համեմատ։ Կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվի նվազմամբ, սակայն արձանագրվել է այցելուների թվի աճ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Հնդկաստանը, Ֆրանսիան և Իրանը։
2020 թվականին COVID-19 համավարակի բացասական ազդեցության պատճառով էապես կրճատվել է ՀՆԱ-ում երկրի զբոսաշրջային հատվածի ներդրումը, որը կազմել է 3,5% (համեմատության համար՝ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 13,3%)։
Սակայն 2021 թվականից նկատվել է, որ Հանրապետության զբոսաշրջային հատվածը վերականգնվում է։ Մասնավորապես 2023 թվականին ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը կազմել է 1,32 տրլն դրամ (3,4 մլրդ ԱՄՆ դոլար) (ՀՆԱ-ի 13,9%), ինչը 29,4% -ով բարձր է 2019 թվականի մակարդակից և 11,1%-ով բարձր է 2022 թվականի մակարդակից։
Ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2024 թվականին Հանրապետության ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը կազմել է 1,38 տրլն դրամ (3,6 մլրդ ԱՄՆ դոլար) (ՀՆԱ-ի 13,5%), ինչը 35,7%-ով բարձր է 2019 թվականի մակարդակից։ Երկարաժամկետ հեռանկարում (մինչև 2034 թվականը) Հանրապետության ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը կհասնի 1,59 տրլն դրամի (4,1 մլրդ ԱՄՆ դոլար)։
Զբոսաշրջության ոլորտում աշխատանքային զբաղվածության մասով հարկ է նշել, որ զբոսաշրջային հատվածում աշխատատեղերի քանակը 2023 թվականին կազմել է 176,3 հազ., ինչը 11,7%-ով բարձր է 2019 թվականի մակարդակից։
Կանխատեսումային գնահատումների համաձայն՝ մինչև 2034 թվականն ակնկալվում է մինչև 198,5 հազ. աշխատատեղերի թվի աճ, ինչը 18,1 հազ. աշխատատեղով ավելի է 2024 թվականի համեմատ։
2020 թվականից հետո նկատվում է զբոսաշրջային ծառայությունների արտահանման ու ներմուծման դրական դինամիկա, ինչը կապված է COVID-19 համավարակից հետո ճյուղի վերականգնման հետ։ 2024 թվականին զբոսաշրջային ծառայությունների արտահանման ծավալը կազմել է 2 441,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը 59,5%-ով ավելի է, քան 2019 թվականին, զբոսաշրջային ծառայությունների ներմուծման ծավալը կազմել է 1 710 մլն ԱՄՆ դոլար, ինչը 14,9%-ով ավելի է, քան 2019 թվականին։
Հայաստանի Հանրապետության վիճակագրական ցուցանիշների դինամիկան ներկայացված է սույն հայեցակարգի հավելվածում։
Հայաստանի Հանրապետությունում զարգացել են զբոսաշրջության հետևյալ տեսակները՝ պատմամշակութային, արկածային, գաստրոնոմիական, բժշկական, առողջարարական, կրոնական, գործնական ու էկոզբոսաշրջություն։
Հանրապետությունում ձեռնարկվում են զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված միջոցներ, առաջարկվում է տարբեր նախասիրություններով ու բյուջեով զբոսաշրջիկների տեղավորման միջոցների լայն ընտրություն, ակտիվորեն զարգանում են հյուրանոցային համալիրները, էկոհյուրանոցները, բուտիկ հյուրանոցները և հյուրատները, ինչը յուրաքանչյուր ճանապարհորդի թույլ է տալիս կացության հարմար տարբերակ գտնել։
Մեծ ուշադրություն է դարձվում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը՝ չնայած բարդ լեռնային ռելիեֆին և դեպի ծով ելքի բացակայությանը։ Հուսալի ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունն առանցքային դեր է կատարում ներքին շարժունակության ապահովման, զբոսաշրջության ու միջազգային առևտրի զարգացման գործում։
Հայաստանի Հանրապետությունը ձգտում է դառնալ հարմար միջազգային տրանսպորտային հաբ՝ ակտիվորեն արդիականացնելով իր օդանավակայանները և բարելավելով ենթակառուցվածքը՝ զբոսաշրջիկների հարմարավետ ընդունման համար։
Սակայն Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է հետևյալ խնդիրների առկայությունը՝
որակավորված մասնագետների պակաս՝ հյուրանոցային ու զբոսաշրջային բիզնեսում.
Հանրապետության շրջաններում ենթակառուցվածքի ու զբոսաշրջային պրոդուկտների զարգացման ոչ բավարար մակարդակը.
ենթակառուցվածքային սահմանափակումներ (դիտվում է գոյություն ունեցող տրանսպորտային ու հյուրանոցային ենթակառուցվածքի արդիականացման անհրաժեշտություն).
լոգիստիկ խնդիրներ (հեռավոր շրջաններում հանրային տրանսպորտի սահմանափակ քանակ).
սեզոնայնություն (զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանի Հանրապետություն է այցելում ամռանը, ինչը ենթակառուցվածքի բեռնվածության անհավասարակշռություն է ստեղծում և տարվա մյուս ժամանակահատվածներում հանգեցնում է եկամուտների կորստի)։
Հայաստանի Հանրապետությունն ունի հարուստ մշակութային ժառանգություն, եզակի բնություն և հին պատմություն, ինչն այն գրավիչ է դարձնում զբոսաշրջիկների համար։
Այդ առումով զբոսաշրջության զարգացման հեռանկարային ուղղություններն են՝
էկոզբոսաշրջությունը (տուրերի զարգացում դեպի բնության այնպիսի արգելոցներ, ինչպիսիք են Դիլիջանի ազգային պարկը, Դեբեդի կիրճը և Սևանը, տեղավորում էկո-հանգրվաններում և ագրոզբոսաշրջության զարգացում).
մշակութային ու պատմական զբոսաշրջությունը (տուրերի կազմակերպում դեպի այնպիսի հին վանքեր ու եկեղեցիներ, ինչպիսիք են Տաթևը, Հաղպատը, Սանահինը, Գառնին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտները).
գաստրոնոմիական զբոսաշրջությունը (խոհարարական տուրերի կազմակերպում՝ հայկական ուտեստների, գինիների և կոնյակների համտեսներով, տոլմայի, լավաշի և խաշլամայի պատրաստման վարպետության դասերի անցկացում, ինչպես նաև գինու հետ կապված երթուղիների զարգացում մարզերում).
ակտիվ և արկածային զբոսաշրջությունը (լեռնադահուկային կուրորտների զարգացում, լեռնային շրջաններում քայլարշավային, ժայռամագլցման և հեծանվային սպորտի համար տուրերի կազմակերպում, այնպիսի ջրային սպորտաձևերի զարգացում, ինչպիսիք են կայակինգը, SUP սերֆինգը, ռաֆթինգը, դայվինգը և այլն, պարապլանով, օդապարիկով, ուղղաթիռով, զիպլայնով թռիչքները)).
իրադարձային զբոսաշրջությունը (ամենամյա փառատոների կազմակերպում, միջազգային մակարդակի երաժշտական, թատերական և սպորտային միջոցառումների անցկացում).
առողջարարական զբոսաշրջությունը (սպա-կուրորտների և առողջարանների զարգացում Ջերմուկում, Արզնիում և այլ տաք աղբյուրներում).
բժշկական զբոսաշրջությունը (կլինիկաների զարգացում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցելու համար (ստոմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, ակնաբուժության և սրտաբանության ոլորտներում))։
Բելառուսի Հանրապետություն
Բելառուսի Հանրապետության զբոսաշրջային ներուժը բնության բազմազանության և գեղեցկության, պատմամշակութային ժառանգության եզակիության մեջ է։ Վերջին տարիներին երկրում ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացման դրական դինամիկա է նկատվում։
Այսպիսով, 2024 թվականին Բելառուսի Հանրապետություն ներգնա ուղևորությունների թիվը գրեթե կրկնակի ավելացել է 2020 թվականի համեմատ և կազմել է 6,6 մլն ուղևորություն։
Բացի այդ, ավելացել է Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը։ Այսպիսով, 2024 թվականին տվյալ ցուցանիշը 2020 թվականի մակարդակի համեմատ աճել է ավելի քան 4 անգամ և կազմել է 367 հազ. մարդ։
Դիտվում է Հանրապետության ՀՆԱ-ում զբոսաշրջային հատվածի մասնաբաժնի ավելացում։ Եթե 2020 թվականին ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը կազմել է 1,4%, ապա 2022 թվականին տվյալ ցուցանիշն ավելացել է մինչև 1,9%։
2022 թվականին Բելառուսի Հանրապետությունում զբոսաշրջային հատվածում ստեղծվել է 231,5 հազ. աշխատատեղ, ինչը 18,5%-ով ավելի է, քան 2020 թվականին։
Դիտվում է զբոսաշրջային ծառայությունների արտահանման դրական դինամիկա։ Այսպիսով, 2024 թվականին տվյալ ցուցանիշի արժեքը հասել է նախահամավարակային մակարդակի և կազմել է 265,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 28,6%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։
Բելառուսի Հանրապետությունում սկսել է զարգանալ ագրոէկոզբոսաշրջությունը։ Այսպիսով, 2024 թվականին ագրոէկոզբոսաշրջիկների թիվը հասել է 2020 թվականի մակարդակին և կազմել 428 հազ․ մարդ։
Բելառուսի Հանրապետության վիճակագրական ցուցանիշների դինամիկան ներկայացված է սույն հայեցակարգի հավելվածում։
Զարգացել են նաև զբոսաշրջության այլ տեսակներ՝ ակտիվ, գաստրոնոմիական, գործնական, պատմամշակութային, բուժական-առողջարարական, բժշկական, կրթական, որսորդական, արդյունաբերական, կրոնական, իրադարձային, էկոլոգիական։
2024 թվականի հունվարի 1-ից ամբողջ տարվա օրացուցային ամիսներին զբոսաշրջության այս կամ այն տեսակի թեմատիկա տալու պրակտիկա է ձևավորվել։ Զբոսաշրջության տարբեր տեսակների հանրահռչակման համար անցկացվել է ավելի, քան 2,5 հազ. միջոցառում, որոնց մասնակցել է մոտ 1 միլիոն մարդ։
Բելառուսի Հանրապետությունում մեծ ուշադրություն է դարձվում զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանը։ Այսպիսով, 2024 թվականին կոլեկտիվ տեղավորման միջոցներում տեղավորվել է 3,6 մլն մարդ, ինչը 618 հազ. մարդով ավելի է, քան 2019 թվականին։
2024 թվականին գործել է 39 հազ. տեղ տարողունակությամբ 618 հյուրանոց, որոնցում տեղավորվել է ավելի, քան 2,5 մլն մարդ, որոնցից 1,2 մլն-ն օտարերկրյա քաղաքացի, բեռնվածության տարեկան միջին գործակիցը կազմել է 37,3% (հյուրանոցների բեռնվածության ամենաբարձր ցուցանիշը 2016 թվականից հետո):
Ամառային սեզոնին զբոսաշրջային գրավչության կետերում գտնվող հյուրանոցներն առավելագույնն են բեռնված։ Հյուրանոցային ծառայությունների արտահանման աճին կնպաստի 100-120 համար ունեցող «տուրիստական դասի» հյուրանոցների կառուցումը, որոնք կարող են ընդունել 1-2 զբոսաշրջային ավտոբուս։
Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2021 թվականի հունվարի 29-ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ «Հյուրընկալ Բելառուս» 2021-2025 թվականների պետական ծրագրի շրջանակներում կառուցվել և վերակառուցվել է զբոսաշրջային ենթակառուցվածքի 39 օբյեկտ։ Ծրագրի իրականացման համար արտաբյուջետային աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 244 մլն ռուբլի, բյուջեից ծախսերը կազմել են 4%։
Զբոսաշրջային բրենդ և ընդհանուր ծավալի՝ արտահանման մուտքերի (մինչև 50%) աղբյուր են առողջարանային-կուրորտային հաստատությունները։ Գործում է 20 հազ. տեղ տարողունակությամբ 75 առողջարան։ 2024 թվականին առողջարանների միջին զբաղեցվածությունը կազմել է 84,3%։
Ավելին, մինչև 2030 թվականը «Հյուրընկալ Բելառուս» նոր պետական ծրագրի մշակման շրջանակներում առողջարանների ենթակառուցվածքի կատարելագործման 16 միջոցառում է մշակվում։ Նոր առողջարանների կառուցման համար հեռանկարային շրջաններ են Մոգիլյովի և Վիտեբսկի մարզերը, ինչպես նաև երկրի բնապահպանական և զբոսաշրջային ռեկրեացիոն գոտիները (Կամենեցկի, Պրուժանսկի, Բրասլավսկի, Լոգոյսկի, Մյադելսկի):
Տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման մասով միջոցներ կձեռնարկվեն անդամ պետություններից օդային տրանսպորտով զբոսաշրջիկների ժամանման լոգիստիկ հնարավորությունները բարելավելու և երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար՝ նաև հաշվի առնելով համատեղ եվրասիական զբոսաշրջային երթուղիների իրագործումը։
Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներն են՝
զբոսաշրջային և տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման ոչ բավարար մակարդակը (մասնավորապես անհրաժեշտ է բարելավել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններից օդային տրանսպորտով զբոսաշրջիկների ժամանման լոգիստիկան և վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը): Բացի այդ, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի կատարելագործման հարցը արդիական է նաև խոշոր տնտեսական և առևտրային նախագծերում (օրինակ՝ «Մեծ մետաքսի ճանապարհ» նախագծում) անդամ պետությունների միջև համագործակցության շրջանակներում.
զբոսաշրջության ոլորտում ներդրումային ցածր ակտիվություն.
զբոսաշրջության մարքեթինգային միջոցառումների ոչ բավարար ֆինանսավորում։
Զբոսաշրջության ոլորտում պետական կարգավորման առաջնահերթ ուղղություններն են զբոսաշրջային ինդուստրիային տրամադրվող աջակցությունը, ներքին զբոսաշրջության զարգացումը և միջազգային ներգնա զբոսաշրջությունը։
Զբոսաշրջության զարգացման հեռանկարային ուղղությունների շարքում առանձնանում են՝
զբոսաշրջության ոլորտում Բելառուսի Հանրապետության 12 պետական ստանդարտների մշակում և ներդրում, զբոսաշրջային ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության մասով քաղաքացիների իրազեկվածության բարձրացում․
զբոսաշրջության ոլորտում մասնագիտական ստանդարտների մշակում.
կոլեկտիվ տեղավորման նոր միջոցների կառուցում և գործող միջոցների արդիականացում, նախևառաջ՝ խոշոր առողջարանային-կուրորտային կազմակերպությունների և հյուրանոցային համալիրների, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդում և ծառայությունների շրջանակի ընդլայնում.
զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ցանցի զարգացում՝ դրանց ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմամբ.
ակտիվ զբոսաշրջության ջրային ուղղության համար ենթակառուցվածքի զարգացում.
ներգնա զբոսաշրջային ուղղությունների բազմազանեցում (դիվերսիֆիկացում), հարավարևելյան երկրներից զբոսաշրջիկների ժամանումների մասնաբաժնի ավելացում.
թվային զբոսաշրջային ծառայությունների ստեղծում և զարգացում (հիմնված «Խելացի քաղաք» հարթակի և այլ թվային լուծումների վրա).
զբոսաշրջային օբյեկտների և ծառայությունների առաջմղում՝ ժամանակակից թվային կապուղիների և SMM տեխնոլոգիաների՝ կոնտենտ մարքեթինգի (հրապարակումներ թեմատիկ կայքերում, բլոգներում և այլն), еmail մարքեթինգի (էլեկտրոնային փոստային առաքումներ, որոնք նույնպես կարող են կոնտենտ մարքեթինգի մաս լինել), սոցիալական ցանցերում թիրախային գովազդի, կոնտեքստային գովազդի, մեդիա գովազդի, SEO-ի (կայքերի առաջմղում որոնողական համակարգերում), գործընկերային ծրագրերի, աուդիո և վիդեո գովազդի (գովազդ փոդքաստերում և այլն) միջոցով.
զբոսաշրջության ոլորտի կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում։
Բելառուսի Հանրապետությունում ներքին զբոսաշրջության խթանման նպատակով 2022 թվականից սկսած ամեն տարի իրականացվում է զբոսաշրջության ուղղությամբ սոցիալ-տնտեսական զարգացման սահմանված նպատակային ծրագիր։
2022-ից 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հաստատվել և ուժի մեջ է մտել զբոսաշրջության ոլորտը կարգավորող 39 նորմատիվ իրավական ակտ։
Այսպիսով, առաջին անգամ հաստատվել է Բելառուսի Հանրապետությունում զբոսաշրջության տեսակների միասնական դասակարգումը, որն իր մեջ ներառում է զբոսաշրջության 13 տեսակ։
Զբոսաշրջային ինդուստրիային աջակցելու, ներքին զբոսաշրջությունը և միջազգային ներգնա զբոսաշրջությունը զարգացնելու համար պետությունը միջոցներ է ձեռնարկում, որոնք ուղղված են՝
զբոսաշրջության ինդուստրիայի սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու ապահովմանը.
զբոսաշրջության ոլորտում հետազոտությունների անցկացմանը.
զբոսաշրջության ինդուստրիայի աջակցմանը, ինչպես նաև ներքին զբոսաշրջության և միջազգային ներգնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի, նախագծերի և միջոցառումների իրականացմանը.
զբոսաշրջային գոտիների ստեղծմանն ու զարգացմանը.
էքսկուրսիոն սպասարկման ծառայությունների զարգացմանը և էքսկուրսիաների նոր երթուղիների մշակմանը.
զբոսաշրջության ինդուստրիայի սուբյեկտների մասնակցությանը ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումների, որոնք ուղղված են ընդհանուր առմամբ Բելառուսի Հանրապետության և դրա վարչատարածքային միավորների զբոսաշրջային ներուժի զարգացմանը.
զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծմանն ու գործառմանը։
Համաշխարհային փորձից ելնելով՝ տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման գործուն մեխանիզմ են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները։ Ներկայումս ստեղծված է 36 այդպիսի կենտրոն։
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատանքի առաջնահերթ երկարաժամկետ նպատակը, անկախ գործունեության մասշտաբից և տեղակայման վայրից, տարածաշրջանի տնտեսության մեջ զբոսաշրջության ոլորտի ներդրման ավելացումն է։ Դրանց գործունեությունը չի սահմանափակվում միայն տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։
Այդ կազմակերպությունները բացարձակ նոր կառույցներ են զբոսաշրջության ոլորտի կառավարման ուղղահայաց համակարգում, սակայն արդեն իսկ ներգրավված են զբոսաշրջության ինդուստրիայի սուբյեկտների, պետության, բիզնեսի, զբոսաշրջիկների և էքսկուրսանտների միջև լայն սպեկտրի իրավական հարաբերություններում։
Հետագայում նախատեսվում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները վերափոխել զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային կենտրոնների՝ օժտված կառավարչական և առևտրային կոմպետենցիաներով, այդ թվում՝ հուշանվերային արտադրանքի վաճառքի և էքսկուրսիոն ծառայությունների մատուցման հետ կապված արտաբյուջետային գործունեության ոլորտում։
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների բազայի հիման վրա էքսկուրսիոն բյուրոների ստեղծումը թույլ կտա ապահովել բնակչության զբաղվածությունը, ինչպես նաև պետության կողմից եկամուտների ստացումը էքսկուրսիոն ծառայությունների մատուցումից և զբոսաշրջային երթուղիների հանրահռչակումից։
Պետությունը ձեռնարկում է այլ միջոցներ՝ ուղղված զբոսաշրջության ինդուստրիայի աջակցմանը, ներքին զբոսաշրջության և միջազգային ներգնա զբոսաշրջության զարգացմանը (հարկային, ֆինանսավարկային, մարքեթինգային և այլ միջոցներ):
Ղազախստանի Հանրապետություն
Զբոսաշրջության հատվածի զարգացումը Ղազախստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։
Զբոսաշրջության ոլորտում իրականացվող համակարգված միջոցառումների արդյունքում, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջային ճյուղի զարգացման 2023-2029 թվականների հայեցակարգի իրականացման շրջանակներում, երկրում զգալիորեն բարելավվել են ինչպես ներգնա զբոսաշրջության ցուցանիշները, այնպես էլ Ղազախստանի Հանրապետության դիրքը համաշխարհային վարկանիշային սանդղակում։
2024 թվականին Ճանապարհորդությունների և զբոսաշրջության զարգացման ինդեքսի համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունը 119 զբոսաշրջային ուղղությունների շարքում զբաղեցրել է 52-րդ տեղը։ Հարկ է նշել, որ նախորդ վարկանիշային սանդղակում Հանրապետությունը զբաղեցնում էր 66-րդ հորիզոնականը։
2024 թվականին զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նախահամավարակային (2019 թվականի) մակարդակի համեմատ աճել է 1,5 անգամ և կազմել 9,1 մլն մարդ։
2023 թվականին զբոսաշրջության մասնաբաժինը Հանրապետության ՀՆԱ-ում 2020 թվականի համեմատ գրեթե կրկնակի աճել է (2020 թվականին՝ 1,5% (1380 մլրդ տենգե), 2023 թվականին՝ 2,9% (3490 մլրդ տենգե)):
Զբոսաշրջության ճյուղում զբաղվածների թիվը 2024 թվականին գերազանցել է նախահամավարակային մակարդակը և կազմել 614 հազ. մարդ (2019 թվականին՝ 464 հազ. մարդ):
2024 թվականին զբոսաշրջային ծառայությունների արտահանումը հասել է նախահամավարակային մակարդակին և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար (2019 թվականին՝ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար):
Ղազախստանի Հանրապետության վիճակագրական ցուցանիշների դինամիկան ներկայացված է սույն հայեցակարգի հավելվածում։
Ղազախստանի Հանրապետությունում էապես զարգացել է էկոզբոսաշրջության ոլորտը։
Նկատվում է ազգային պարկեր այցելությունների դրական դինամիկա։ Այսպիսով, 2024 թվականի արդյունքների համաձայն, 2,8 մլն մարդ է այցելել 14 ազգային պարկ, ինչը 18%-ով ավելի է 2023 թվականի համեմատ (2023 թվականին՝ 2,1 մլն մարդ):
Բացի այդ, 2021 թվականից սկսած ազգային պարկերի տարածքում կառուցվում են նոր զբոսաշրջային օբյեկտներ՝ այցելուների կենտրոններ։ Դրանք տեղեկատվություն են տրամադրում էկոարահետների մասին և նպաստում են զբոսաշրջային ենթակառուցվածքի բարելավմանը՝ դեպի ազգային պարկեր այցելությունը դարձնելով առավել հարմարավետ և անվտանգ։ Ներկայումս Ղազախստանի Հանրապետությունում գործում է այցելուների 16 կենտրոն, որոնցից 7-ը գտնվում է ազգային պարկերում։
Ղազախստանի Հանրապետությունն ունի եզակի բնական էկոհամակարգեր, այդ թվում՝ տափաստաններ, լեռնազանգվածներ, անապատներ և ջրային ճանապարհներ, որոնք պահպանվում են բոլոր 14 ազգային պարկերի և 10 արգելոցների կազմում։ Այս տարածքները ոչ միայն պահպանում են բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակները, այլև հնարավորություններ են ընձեռում էկոլոգիապես պատասխանատու զբոսաշրջության համար։
Ղազախստանի Հանրապետությունը հատուկ կարևորություն է տալիս զբոսաշրջային և տրանսպորտային ու լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը՝ այդ ուղղությունը դիտարկելով որպես զբոսաշրջային ճյուղի մրցունակության բարձրացման առանցքային գործոններից մեկը։
Ներկայումս համակարգային աշխատանքներ են տարվում ինժեներական ցանցերի արդիականացման, տրանսպորտային հաղորդակցության հասանելիության ապահովման և ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման ուղղությամբ։
Հանրապետությունում գործում է տարբեր դասերի և ուղղվածության ավելի քան 4 հազար տեղավորման օբյեկտ՝ ժամանակակից հյուրանոցներից մինչև յուրօրինակ յուրտեր և էկո-հանգրվաններ բնական լանդշաֆտներում, որոնք նպաստում են դրա զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Ընդհանուր առմամբ երկրում բարենպաստ միջավայր է ձևավորվում ինչպես զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ զբոսաշրջության ճյուղում ներդրումային ներուժի իրացման համար։
Որպես զբոսաշրջության զարգացման առաջնահերթ ուղղություններ առանձնացվում են հետևյալները․
էկոլոգիական զբոսաշրջություն․ Էկոլոգիական զբոսաշրջության զարգացման գործում կարևոր դեր ունեն բնության հատուկ պահպանվող տարածքները։ Զբոսաշրջիկների այցելությունների համար առավել հասանելի են պետական ազգային բնական պարկերը։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոլոգիական զբոսաշրջության զարգացման նպատակով աշխատանքներ են տարվում ներդրողների ներգրավման ուղղությամբ, որոնք կապահովեն նաև երկրի նշանակալի բնական օբյեկտների պահպանվածությունը: Աշխատանքներ են տարվում նաև պետական ազգային բնական պարկերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ․
ագրոզբոսաշրջություն (գյուղական զբոսաշրջություն)․ Այս ուղղության իրագործումը կնպաստի զբոսաշրջիկներին դեպի գյուղեր (գյուղատնտեսական հողեր) հրապուրելուն և նրանց համապատասխան ծառայություններ մատուցելուն (օրինակ՝ ծանոթացում գյուղական բնակչության կյանքին և գործունեությանը, վարպետության դասերի անցկացում, արտադրվող արտադրանքի ցուցադրում, համտես, իրացում և այլն)
բուժական-առողջարարական և բժշկական զբոսաշրջություն։ Ղազախստանի Հանրապետությունը մեծ ներուժ ունի բժշկական (ինչպես ներքին, այնպես էլ ներգնա) զբոսաշրջության զարգացման համար։ Առավել պահանջված ուղղություններն են կարդիովիրաբուժությունը, նյարդավիրաբուժությունը, ատամնաբուժությունը, վերարտադրողական բժշկությունը և այլն։
Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներն են՝
պետական մարմինների կողմից տարածքային հասանելիության, ենթակառուցվածքային հագեցվածության ապահովման և սպասարկման ստանդարտների մակարդակի բարձրացման ապահովմանն ուղղված ջանքերի ոչ բավարար համակարգումը՝ հատկապես արագ զարգացող ուղղություններում․
զբոսաշրջային առաջարկի թեմատիկ և աշխարհագրական բազմազանության որոշակի սահմանափակվածության առկայությունը, ինչն էլ իր հերթին կարող է խոչընդոտել թիրախային աուդիտորիաների հետաքրքրվածության աճը․
զբոսաշրջության ճյուղի համար կադրերի պատրաստվածության ոչ բավարար մակարդակը, հատկապես՝ հեռանկարային, սակայն դեռևս ոչ բավարար չափով յուրացված զբոսաշրջային ներուժ ունեցող շրջաններում։
Ղազախստանի Հանրապետությունում միջոցներ են ձեռնարկվում զբոսաշրջության զարգացումը խթանելու ուղղությամբ։
Անցկացվել են հետևյալ առանցքային միջոցառումներն ու գովազդային արշավները, որոնք նպաստել են ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների ուշադրության գրավմանը։
Ամենամյա մասնակցությունն այնպիսի համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսներին, ինչպիսիք են ATM Dubai-ը, ITB Berlin-ը և China Outbound Travel & Tourism Market-ը, թույլ է տվել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջային ներուժը ներկայացնել միջազգային ասպարեզում։
Այս ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ներկայացնելու Ղազախստանի Հանրապետության եզակի զբոսաշրջային առաջարկները, կապեր հաստատել առաջատար արտասահմանյան զբոսաշրջային օպերատորների հետ և ներգրավել նոր զբոսաշրջիկների։
2024 թվականի մարտին Չինաստանում Ղազախստանի Հանրապետության Զբոսաշրջության տարվա պաշտոնական բացումը, որն ուղեկցվեց Ղազախստանի Հանրապետության շրջանների զբոսաշրջային ներուժը ներկայացնող ցուցահանդեսով, լայնորեն լուսաբանվեց չինական զանգվածային լրատվամիջոցներում, ինչն էլ նպաստեց Ղազախստանի Հանրապետության հանրահռչակմանը որպես զբոսաշրջային ուղղություն։
Ներքին և միջազգային ուղիղ չվերթերի բացումը զգալիորեն մեծացրել է Ղազախստանի Հանրապետության հասանելիությունը զբոսաշրջիկների համար։ Այսպիսով, 2024 թվականի առաջին եռամսյակում օդային հաղորդակցություններ բացվեցին Ալմաթի-Կուալա Լումպուր, Թուրքեստան-Սամարղանդ երթուղիներով։ Դա նպաստել է զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը և ճանապարհորդության դյուրինացմանը՝ Ղազախստանի Հանրապետությունն առավել հասանելի և գրավիչ ուղղություն դարձնելով միջազգային զբոսաշրջիկների համար։
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ճանապարհորդական բլոգերների համար տեղեկատվական շրջագայությունների կազմակերպումը նպաստել է Ղազախստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։
Այնպիսի միջազգային MICE միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են Շիմբուլակում SCIJ դահուկորդ լրագրողների ակումբի հանդիպումը և ENACTUS միջազգային համաժողովը, նպաստում է գործնական կապերի ամրապնդմանը, մեծացնում է Ղազախստանի Հանրապետության ճանաչելիությունը գործարար շրջանակներում և ընդհանուր առմամբ զարգացնում է երկրի զբոսաշրջային ներուժը։
Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը խթանելուն և զբոսաշրջային ճյուղում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված համալիր միջոցների շարքում անհրաժեշտ է ընդգծել նաև ստորև նշված ուղղությունների իրագործումը։
Զբոսաշրջության ճյուղում գործնական ակտիվության խթանման նպատակով ներդրվում են պետական աջակցության առանձին միջոցներ, ներառյալ՝ ներքին զբոսաշրջային ակտիվության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները (զբոսաշրջային փաթեթի կազմում երեխայի ավիատոմսի արժեքի փոխհատուցում (Kids Go Free)) և ներգնա զբոսաշրջությանն ուղղված միջոցները (զբոսաշրջային օպերատորների սուբսիդավորում յուրաքանչյուր օտարերկրյա զբոսաշրջիկի համար)։
Երկրում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ուղղված ենթակառուցվածքի արդիականացմանը։ Ներկայումս Ղազախստանի Հանրապետության տարբեր շրջաններում ավելի քան 87 ներդրումային ծրագիր է իրականացվում զբոսաշրջության ոլորտում։ Նշված նախաձեռնություններն ուղղված են ոչ միայն զբոսաշրջային ենթակառուցվածքի ընդլայնմանը և սպասարկման որակի բարձրացմանը, այլև բարձր զբոսաշրջային ներուժ ունեցող տարածքների զարգացման խթանմանը։
Առանձին ուղղություն է դարձել միջազգային շարժունակության ոլորտում համաշխարհային միտումներին համապատասխանող նոր գործիքների ներդրումը։ Այսպիսով, Ղազախստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ 2024 թվականին ներդրվեց նոր տեսակի Neo Nomad վիզան, որը նախատեսված է «թվային քոչվորների»՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որոնք համատեղում են աշխատանքը և հանգիստը, այսինքն՝ ճանապարհորդում են և հեռավար աշխատում։ Նոր վիզային ռեժիմը հաշվի է առնում ավելի քան 50 երկրի միջազգային փորձը և ուղղված է ժամանակակից վիզային քաղաքականութան ձևավորմանը, ներգնա զբոսաշրջության խթանմանը և Ղազախստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը։
Ղրղզստանի Հանրապետություն
Ղրղզստանի Հանրապետության զբոսաշրջության ճյուղը պահպանում է կայուն աճի տեմպը տնտեսության իրական հատվածում։
2021–2024 թվականներին նկատվում է զբոսաշրջային ճյուղի աճի տեմպերի վերականգնում։
2024 թվականին Ղրղզստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է նախահամավարակային մակարդակին և կազմել 8,9 մլն մարդ։
Ըստ Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականից սկսած Հանրապետության ՀՆԱ-ում արձանագրվել է զբոսաշրջային հատվածի մասնաբաժնի աճ։ Միևնույն ժամանակ, տվյալ ցուցանիշի արժեքը 2024 թվականին դեռևս չի հասել նախահամավարակային մակարդակին և կազմել է Հանրապետության ՀՆԱ-ի 3,6%-ը (54,8 մլրդ սոմ) (2019 թվականին՝ ՀՆԱ-ի 4,4%-ը (28,8 մլրդ սոմ)):
Հանրապետությունում դիտվում է զբոսաշրջային ծառայությունների արտահանման ու ներմուծման աճի դրական դինամիկա։ Մասնավորապես զբոսաշրջության ոլորտում ծառայությունների արտահանման ծավալը 2024 թվականին 2019 թվականի համեմատ ավելացել է 1,6 անգամ և կազմել է 1016,5 մլն ԱՄՆ դոլար։
Ղրղզստանի Հանրապետության վիճակագրական ցուցանիշների դինամիկան ներկայացված է սույն հայեցակարգի հավելվածում։
Ղրղզստանի Հանրապետությունում զարգացել են զբոսաշրջության հետևյալ տեսակները՝ մշակութային, գործնական, իրադարձային, կրոնական, սպորտային, ռեկրեացիոն և բուժական-առողջարարական, կրթական, արկածային, էկոլոգիական, տարանցիկ, գյուղական։
Զբոսաշրջության զարգացման համար ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված զբոսաշրջային ու տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի կատարելագործմանը։ Հանրապետությունն ունի խոշոր տրանսպորտային կցուղիներ և բարձրլեռնային ավտոմայրուղիներ, որոնք ապագայում կդառնան գրավիչ զբոսաշրջային օբյեկտներ՝ Բիշկեկ-Օշ մայրուղին, Բիշկեկ-Տորուգարտ մայրուղին և կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղին (ավտոմայրուղու բացումը կլինի մոտ ապագայում):
Ղրղզստանի Հանրապետությունը սահմանակից է չորս պետությունների՝ Ղազախստանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ։ Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ Ղրղզստանի Հանրապետությունն ունի հսկիչ սահմանային անցակետեր։
Բացի այդ, Ղրղզստանի Հանրապետությունից գործում են ուղիղ չվերթեր դեպի Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։ Սակայն դեպի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքներ ուղիղ չվերթեր չեն գործում, որոնց բացումն առաջարկվում է դիտարկել հետագայում։
2023 թվականի վերջին բացվեց ներքին «Ասման Էյրլայնս» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հանրապետության շրջաններ մինչև 100 ուղևորի համար նախատեսված փոքր ինքնաթիռներով։ Դրանք իրականացվում են Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեկից դեպի Օշ, Թալաս, Նարին, Կարակոլ, Բատկեն և Ջալալ-Աբադ քաղաքները: Բացի այդ, 2023 2024 թվականներին վերականգնվել են տեղական նշանակության օդանավակայանները։
Ղրղզստանի Հանրապետությունում գործում է նաև երկաթուղային հաղորդակցություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։
Ներկայումս Ղրղզստանի Հանրապետությունում իրագործվում են դեպի երկրի հարավ նոր երկաթուղային գծերի կառուցման նախագծեր։
Զբոսաշրջային հատվածի զարգացման հիմնական խնդիրներն են՝
զբոսաշրջության ոլորտի վիճակագրական հաշվառման առաջատար միջազգային փորձի և մեթոդաբանության ներդրումը վիճակագրական պրակտիկայում արագացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները (կարևոր նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման ոլորտում նորմատիվ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակման, զբոսաշրջության բնագավառում համապատասխան տնտեսական և քաղաքական որոշումների ընդունման համար)
համաշխարհային շուկաներում ազգային զբոսաշրջային պրոդուկտի առաջմղման ոչ բավարար մակարդակը, զբոսաշրջային ճյուղի տեղեկատվական ապահովման ցածր մակարդակը, ազգային զբոսաշրջային պրոդուկտի առաջմղման համար նյութերի ոչ բավարար քանակը
զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման ցածր մակարդակը
զբոսաշրջային շուկայի զարգացման համար սեզոնային գործոնի առկայությունը
զբոսաշրջային ծառայությունների որակի ստանդարտների, զբոսաշրջային օբյեկտների, զբոսաշրջային ճյուղի ռեսուրսների և սուբյեկտների մասին տվյալների բազայի բացակայությունը։
Առաջիկա 6 տարիների համար սահմանվել են զբոսաշրջության ճյուղի զարգացման հետևյալ հիմնական առաջնահերթությունները․
զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության օպտիմալացում
սպառողական շուկայի ձևավորում
թվային փոխակերպում՝ զբոսաշրջային ծառայությունների շուկայի ձևավորման գործում․
զբոսաշրջության ոլորտում անվտանգության ապահովում
պատմամշակութային ժառանգության, բնական միջավայրի և էկոլոգիական հավասարակշռության պահպանում
շրջանների զարգացում
զբոսաշրջային ճյուղի ենթակառուցվածքի զարգացում
զբոսաշրջության մեջ «կանաչ տեխնոլոգիաների» ներդրում
բժշկական, սպորտային և առողջարանային-կուրորտային զբոսաշրջության զարգացում։
Ղրղզստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանն ուղղված խթանիչ միջոցներ են ձեռնարկվում։ Զբոսաշրջության հատվածի արագացված զարգացման համար կարևոր գործոն դարձավ 2022 թվականին «Ղրղզստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման աջակցության հիմնադրամ» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումը։
Ներկայումս Ղրղզստանի Հանրապետությունում ավելի քան 80 երկրների քաղաքացիների համար սահմանվել է առանց վիզայի ռեժիմ։
Ավելացել է Անկախ Պետությունների Համագործակցության, Պարսից ծոցի երկրներից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից դեպի Ղրղզստանի Հանրապետություն նոր օդային երթուղիների քանակը։
Վերջին տարիներին զբոսաշրջային բրենդի առաջմղման մարքեթինգային քաղաքականությունն սկսել է շոշափելի արդյունքներ տալ։
Շրջաններում առկա է զբոսաշրջությունը զարգացնելու ձգտումը, մշակվում և իրականացվում են զբոսաշրջության զարգացման տարածքային ոլորտային ծրագրեր։
Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնությունում զբոսաշրջությունը զարգանում է դինամիկ կերպով և տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։ Ճանապարհորդությունների հասանելիությունն ապահովելու համար ստեղծվել է զարգացած տրանսպորտային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 230 օդանավակայան, 89 հազ․կիլոմետր երկարությամբ երկաթուղիներ և ավելի քան 1,5 մլն կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ։
Մեծ ուշադրություն է դարձվում զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանը տրամադրվող աջակցությանը։ Ռուսաստանի Դաշնությունում կա ավելի քան 1,1 մլն հյուրանոցային համար, Ռուսաստանի Դաշնության միայն հարավում լողափերի երկարությունը կազմում է մոտ 2 հազ․ կիլոմետր (չհաշված Ռուսաստանի Դաշնության մնացած մասի գետերն ու լճերը), ամբողջ տարին գործող ավելի քան 400 լեռնադահուկային և լեռնային համալիրներ, մոտ 15 հազ․ ատեստավորված գիդ-զբոսավարներ և ավելի քան 5,5 հազ․ հրահանգիչ-ուղեկցորդներ բարդ երթուղիներում։
Ավելանում է ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը։ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2,91%՝ հասնելով նախահամավարակային մակարդակին (2019 թվականին՝ 2,8%)։
2024 թվականին զբոսաշրջության ոլորտում ներդրումները գերազանցել են 1 տրլն ռուսական ռուբլին, ինչը 3,1 անգամ ավելի է 2019 թվականի համեմատ (359 մլրդ ռուսական ռուբլի), ավելացվել են նոր համարներ՝ ավելի քան 14 հազարով, ինչը 2,2 հազարով ավելի է 2019 թվականի համեմատ:
Զբոսաշրջային հատվածի առջև դրված են մինչև 2030 թվականը համապատասխան ցուցանիշները բարձրացնելու կարևորագույն խնդիրներ (զբոսաշրջային ուղևորությունների քանակի մասով՝ մինչև 140 մլն, ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժնի մասով՝ մինչև 5%, զբոսաշրջային ծառայությունների արտահանման ավելացման մասով՝ մինչև 10,8 մլրդ ԱՄՆ դոլարի չափով եռապատիկ աճ):
2024 թվականին զբոսաշրջային նպատակներով դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 9,1 մլն ներգնա ուղևորություն (ըստ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության՝ ուղղակի հանգստի և զբոսաշրջության, գործնական և անձնական ուղևորությունների և տարանցման նպատակներով), աճի ցուցանիշը կազմել է 10,3% (2023 թվականին՝ 8,21 մլն): 2024 թվականին 5,15 մլն օտարերկրյա քաղաքացիների զբոսաշրջային ուղևորություններն իրականացվել են կոլեկտիվ տեղավորման միջոցներում տեղավորմամբ, ինչը 29,8%-ով ավելի է, քան 2023 թվականին (3,97 մլն ուղևորություն): Մինչև 2030 թվականը նախատեսվում է ընդունել 16 մլն զբոսաշրջիկ։
2024 թվականին դեպի Ռուսաստանի Դաշնություն զբոսաշրջային ուղևորությունների թիվը կազմել է ավելի քան 90 մլն, ինչը 18,4%-ով ավելի է, քան 2019 թվականին (76 մլն)։
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալներով 2024 թվականին «ուղևորություններ» գծով ծառայությունների արտահանման ծավալը կազմել է 7,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 11,8%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։ 2024 թվականին «ուղևորություններ» գծով ծառայությունների ներմուծման ծավալը կազմել է 38,86 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերազանցելով 2019 թվականի մակարդակը (2019 թվականին՝ 36,15 մլրդ ԱՄՆ դոլար)։
Ռուսաստանի Դաշնության վիճակագրական ցուցանիշների դինամիկան ներկայացված է սույն հայեցակարգի հավելվածում։
Զբոսաշրջային հատվածի հետագա զարգացման համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարականով իրականացվում է «Զբոսաշրջություն և հյուրընկալություն» ազգային ծրագիրը։
Նշված ազգային ծրագրի իրականացման շրջանակներում աջակցություն է տրամադրվում 79 հազ․համար տարողունակությամբ 367 հյուրանոցի և 48 ենթակառուցվածքային նախագծի (ակվապարկերի, թեմատիկ պարկերի, լեռնադահուկային կուրորտների (արտոնյալ վարկավորման ծրագրով)) շինարարության համար։
2022 թվականից սկսած իրականացվում է մոդուլային հյուրանոցների ստեղծման ծրագիրը։ Ժամանակակից մոդուլային տեխնոլոգիաների կիրառմամբ հյուրանոցների կառուցումը թույլ է տալիս ավելացնել և ընդլայնել մատչելի և բարձրորակ տեղավորման միջոցների քանակը Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում, ստեղծել ժամանակակից ձևաչափի համարներ՝ հարմարավետ հանգստի ապահովման համար։
2022-2024 թվականներին տվյալ միջոցառման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստանի Դաշնության 60 սուբյեկտում մոտ 12,8 հազ․համարի շինարարության հարցում։
Ռուսաստանի Դաշնության շրջաններին աջակցության տրամադրման նպատակով 2024 թվականից զբոսաշրջության զարգացման համար հատկացվում է միասնական սուբսիդիա, որի միջոցները կարող են օգտագործվել զբոսաշրջային սարքավորումների և պարագաների ձեռքբերման, քեմպինգային կայանատեղիների ստեղծման և քեմպինգային վրանների ձեռքբերման համար, ինչպես նաև քաղաքներում զբոսաշրջային կենտրոնների կահավորման նախագծերի իրականացման համար։ Բացի այդ, կարող են կառուցվել ոչ կապիտալ կառանային կառույցներ, և միջոցներ ձեռնարկվել՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների զբոսաշրջային ներուժի առաջմղման համար։
Ծովային կուրորտներում և Բայկալ լճում նախատեսվում է կառուցել զբոսանավերի կայանատեղիներ և նոր զբոսաշրջային կլաստերներ (թվով 11-ը՝ 9 շրջաններում): Դրանք տարեկան կընդունեն մինչև 10 մլն զբոսաշրջիկ։ Սրանք մասշտաբային հեռանկարային նախագծեր են, որոնց համար գործում են արտոնյալ ռեժիմներ։
Նաև համակարգային աշխատանքներ են տարվում՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության օրենսդրության կատարելագործմանը։ Այս ուղղությամբ առանցքային խնդիրներից են խոշոր ներդրողների ու փոքր բիզնեսի համար պայմանների ստեղծումը, արգելքների ու սահմանափակումների վերացումը։
Կարգավորիչ միջավայրի բարելավման համար իրականացվել են մի շարք բարեփոխումներ։
Բարեփոխումների է ենթարկվել հրահանգիչ-ուղեկցորդների և գիդ-զբոսավարների աշխատանքը, սահմանվել է նրանց պարտադիր ատեստավորման պահանջ: Իրականացվել է տեղավորման միջոցների դասակարգման բարեփոխում։ Ընդլայնվել է դասակարգման ենթակա տեղավորման օբյեկտների ցանկը, որի մեջ ներառվել են նաև առողջարանները, հանգստի բազաները և քեմպինգները։ Սահմանվել են այդպիսի տեղավորման միջոցներին ներկայացվող պահանջները, և տեղավորման դասակարգված միջոցների ռեեստրում դրանց ներառման կարգը։ Փորձնական աշխատանք է իրականացվում նաև հյուրատների գործունեության կարգավորման մասով, որոնց՝ Ռուսաստանի Դաշնության մի շարք սուբյեկտների շարքին պարտադիր դասակարգումը մեկնարկելու է 2026 թվականից։ Սահմանվել է շրջանային մակարդակով վերահսկողություն զբոսաշրջության ոլորտում։
Իրականացվում են զբոսաշրջության ոլորտում միասնական թվային հարթակի ձևավորմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Հարթակի խնդիրն է ապահովել զբոսաշրջության ոլորտում առկա էտալոնային ռեեստրների ինտեգրումը, ստեղծել նորերը և վարել դրանք (տեղավորման դասակարգված միջոցների ռեեստրը, զբոսաշրջության ինդուստրիայի օբյեկտների ռեեստրը, զբոսավարների (գիդերի), գիդ-թարգմանիչների ռեեստրը և հրահանգիչ-ուղեկցորդների ռեեստրը, զբոսաշրջային օպերատորների (զբոսաշրջային պրոդուկտ ձևավորող զբոսաշրջային շուկայի մասնակիցների) ռեեստրը, զբոսաշրջային գործակալների (զբոսաշրջային պրոդուկտի առաջմղումը և դրա իրացումն իրականացնող՝ զբոսաշրջային շուկայի մասնակիցների) ռեեստրը, զբոսաշրջային ուղեգրերի (իրացվող զբոսաշրջային պրոդուկտի մասին տեղեկությունների) ռեեստրը):
Նախատեսվում է նաև կարգավորել զբոսաշրջային ագրեգատորների, սոցիալական ցանցերի, բջջային օպերատորների և ֆինանսական կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակումը՝ ստանալու համար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ճյուղային դեշբորդի ձևավորման համար, որում պարունակվելու է կազմակերպված զբոսաշրջային ուղևորությունների մասին մանրամասն տեղեկատվություն և զբոսաշրջային ճյուղի վիճակի մասին վիճակագրական տեղեկատվություն, այդ թվում՝ շրջանների կտրվածքով (ներքին, ներգնա և արտագնա զբոսաշրջության զբոսաշրջային ուղևորությունների ցուցանիշներ, համարների ֆոնդի ներդրման, դասակարգման և բեռնվածության ցուցանիշներ, կադրեր, վիճակագրություն ըստ զբոսաշրջային ճյուղի աջակցության միջոցների, գների, զբաղվածության դինամիկա և այլն) և զբոսաշրջիկի նկարագրի ձևավորման համար։
Ռուսաստանի Դաշնությունում «Ենթակառուցվածք կյանքի համար» ազգային ծրագրի շրջանակներում 2025 թվականին իրականացվել են ավելի քան 600 կմ զբոսաշրջային երթուղիներ ընդգրկող ճանապարհների վերանորոգման աշխատանքներ։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունում ներդրվել է «միասնական տոմս» համակարգը, որը թույլ է տալիս միասնական տրանսպորտային փաստաթուղթ ձևակերպել տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների օգտագործմամբ ուղևորության ամբողջ երթուղու համար։ Ներկայումս «միասնական տոմսը» գործում է 10 ուղղություններով։
Իրականացվում են ավտոմոբիլային զբոսաշրջային երթուղիների ձևավորման և զարգացման աշխատանքներ, այդ թվում՝ ապահովելու համար այն միջոցառումների իրագործումը, որոնք ուղղված են այդ երթուղիներին մոտ գտնվող ճանապարհատրանսպորտային, օժանդակող և զբոսաշրջային ենթակառուցվածքի պահպանմանը, նորմատիվային վիճակի բերմանը և ստեղծմանը։
Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2035 թվականը ավտոմոբիլային զբոսաշրջության զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ համատեղ աշխատանքներ են տարվում ավտոմոբիլային զբոսաշրջային երթուղիների թվային անձնագրերի ձևավորման ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա արդյունավետորեն փոխգործակցություն հաստատել շահագրգիռ մասնակիցների միջև, կառավարել ավտոմոբիլային զբոսաշրջային երթուղիների և ենթակառուցվածքի օբյեկտների զարգացման գործընթացները, հսկողություն իրականացնել առաջադրանքների կատարման և ցուցանիշների ապահովման նկատմամբ, իրականացնել տվյալների հավաքում և կազմել օպերատիվ հաշվետվություններ, մշակել միջոցառումների ծրագիր և կառավարել դրա իրականացման գործընթացները։
Ձևավորված և հաստատված ավտոմոբիլային զբոսաշրջային երթուղիները զետեղվում են «Путешествуем.РФ» ազգային զբոսաշրջային պորտալում (ռեսուրսը ներառում է տեղեկատվություն զբոսաշրջային օբյեկտների, նշանակման վայրերի և երթուղիների մասին, այդ թվում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ընտանեկան, ավտոմոբիլային, ներառական, արդյունաբերական, գյուղական զբոսաշրջությունը և այլն)։ Նշված պորտալում արդեն զետեղված են տվյալներ ավելի քան 60 ավտոմոբիլային զբոսաշրջային երթուղիների մասին, որոնցից 5-ը միջտարածաշրջանային են (ներառյալ՝ «Ոսկե օղակի տեսարժան վայրերով ավտոշրջագայությունը»):
Աշխատանքներ են տարվում նաև ազգային զբոսաշրջային երթուղիների ձևավորման ուղղությամբ։ Ներկայումս հաստատվել է 56 ազգային զբոսաշրջային երթուղի՝ Ռուսաստանի Դաշնության 50 սուբյեկտում։ Ազգային զբոսաշրջային երթուղիներն արդեն ունեն պատրաստի ծրագիր ինչպես զբոսաշրջային խմբերի, այնպես էլ անհատ ճանապարհորդների համար, որը ներառում է այցելություններ պատմամշակութային ժառանգության օբյեկտներ և գաստրոնոմիական գրավիչ վայրեր, ծանոթություն բնության եզակի հուշարձանների և ազգային պարկերի, արգելոցների հետ և շատ ավելին։
Երթուղիներն ունեն տեղավորման վայրերի մասով պատրաստի առաջարկություններ, ինչը թույլ է տալիս բարձրացնել սպասարկման որակը և բարելավել ուղևորությունների հասանելիությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Գոյություն ունեցող և նոր ի հայտ եկող ազգային զբոսաշրջային երթուղիների շնորհիվ՝ ճանապարհորդները հնարավորություն ունեն հարմարավետ և անվտանգ ճանապարհորդելու զբոսաշրջային երթուղու առանցքային վայրերով և անմոռանալի տպավորություններ ստանալ։
Զբոսաշրջության զարգացումը խոչընդոտող հիմնական արգելակող գործոններն են՝
սեզոնայնության գործոնի ազդեցությունը զբոսաշրջային ենթակառուցվածքի օգտագործման վրա․
զբոսաշրջիկների փոխադրման բարձր արժեքը և ենթակառուցվածքային սահմանափակումները․
զբոսաշրջության ոլորտում որակավորված կադրերի պակասը․
ռուսական զբոսաշրջային բրենդների ցածր ճանաչելիությունը արտասահմանյան շուկաներում։
4. Անդամ պետություններում զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները
Անդամ պետությունների զբոսաշրջային հատվածի ներկայիս վիճակի վերաբերյալ կատարված վերլուծությունը վկայում է այն մասին, որ անդամ պետություններում առկա է զբոսաշրջության հետագա զարգացման, այդ հատվածի մրցունակության բարձրացման և անդամ պետությունների ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում դրա մասնաբաժնի ավելացման զգալի ներուժ։
Միևնույն ժամանակ, անդամ պետություններում զբոսաշրջության զարգացումը խոչընդոտվում է մի շարք գործոններով, որոնցից են հիմնականում գոյություն ունեցող ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրները, ներդրումային ակտիվության ոչ բավարար մակարդակը, որակավորված կադրերի պակասը և այլն։
Այս առումով կարևոր նշանակություն ունի անդամ պետություններում բարենպաստ պայմանների ստեղծումը՝ զբոսաշրջային հատվածի հետագա զարգացման, դրա մրցունակության բարձրացման, համաշխարհային շուկաներում ազգային զբոսաշրջային պրոդուկտների առաջմղման համար։
Նշված խնդիրնեըի լուծման և անդամ պետությունների զբոսաշրջային հատվածի աճի կայուն տեմպերի ապահովման նպատակով ընդունվել են հետևյալ ռազմավարական փաստաթղթերը․
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ծրագիր․
Բելառուսի Հանրապետությունում մինչև 2035 թվականը զբոսաշրջության զարգացման ազգային ռազմավարություն․
Ղազախստանի Հանրապետությունում զբոսաշրջային ճյուղի զարգացման 2023-2029 թվականների հայեցակարգ․
Ղրղզստանի Հանրապետությունում զբոսաշրջության կայուն զարգացման 2025-2030 թվականների ծրագիր․
Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածի համար զբոսաշրջության զարգացման հայեցակարգ․
Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածի համար ավտոմոբիլային զբոսաշրջության զարգացման հայեցակարգ։
Նշված փաստաթղթերի հիման վրա ձևավորվել են անդամ պետություններում զբոսաշրջության զարգացման հետևյալ գերակա ուղղությունները․
զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործում հետևյալ նպատակներով․
զբոսաշրջային ծառայությունների հատվածի ներքին կարգավորման օպտիմալացում․
ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման խթանում․
զբոսաշրջային հատվածի ներդրումային գրավչության բարձրացում և հասանելի ու հարմարավետ զբոսաշրջային միջավայրի ստեղծում․
զբոսաշրջային ենթակառուցվածքի արդիականացում և հետագա զարգացում․
զբոսաշրջային ծառայությունների հատվածի մրցունակության բարձրացում․
զբոսաշրջային ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում․
զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակի բարձրացում․
անդամ պետությունների զբոսաշրջային պրոդուկտների մրցունակության բարձրացում հետևյալի միջոցով․
անդամ պետությունների զբոսաշրջային ռեսուրսների ներուժի զարգացում․
անդամ պետությունների ազգային զբոսաշրջային բրենդների մշակման և օգտագործման ակտիվացում․
անդամ պետությունների զբոսաշրջային պորտալների կատարելագործում, որոնց շնորհիվ ներքին և ներգնա զբոսաշրջիկներն ապահովվում են անհրաժեշտ տեղեկատվությամբ․
մասնակցություն ամենամյա միջազգային, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքներում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսներին և այլ համանման միջոցառումների․
ներքին ու ներգնա զբոսաշրջիկների համար զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավում և դրանց հասանելիության բարձրացում․
զբոսաշրջային պրոդուկտների առաջմղման համար թվային հարթակների օգտագործում․
արհեստական բանականության հնարավորությունների օգտագործմամբ թվային ծառայությունների մշակում՝ զբոսաշրջային ծառայությունների ամրագրման, ճանապարհորդության պլանավորման, զբոսաշրջիկների համար առցանց քարտեզների և բջջային հավելվածների մշակման ոլորտում և այլն․
զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համակարգի զարգացում հետևյալի միջոցով․
մատուցվող ծառայությունների որակն ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող մեխանիզմների մշակում և ներդրում․
զբոսաշրջիկների սպասարկման որակի բարձրացմանն ու նրանց անվտանգության ապահովմանն ուղղված ենթակառուցվածքի զարգացում․
զբոսաշրջիկների ժամանակավոր գտնվելու երկրում (վայրում) նրանց անվտանգության սպառնալիքի մասին տեղեկացման համակարգերի օգտագործում.
գերատեսչությունների և զբոսաշրջային ենթակառուցվածքի ձեռնարկությունների միջև կապի ու տեղեկատվության փոխանակման համակարգերի զարգացում.
զբոսաշրջության բնագավառում ապահովագրման համակարգի կատարելագործում․
մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացում հետևյալի միջոցով․
զբոսաշրջային ծառայությունների մատուցման առաջատար միջազգային (տարածաշրջանային) ստանդարտների հիման վրա ազգային (պետական) ստանդարտների մշակում կամ արդիականացում.
զբոսաշրջիկների տեղավորման վայրերի դասակարգման մասով պարտադիր պահանջների սահմանում կամ դասակարգման նպատակով զբոսաշրջային ճյուղի սուբյեկտների համար խթանող և մոտիվացնող միջոցների սահմանում.
զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը նպաստող՝ զբոսաշրջային ծառայությունների կամավոր սերտիֆիկացման ազգային համակարգերի հետագա զարգացում (դրանց առկայության դեպքում).
ամբողջ ուղևորության ընթացքում, ինչպես նաև նշանակման վայրերում գտնվելու համար զբոսաշրջիկների համար հարմարավետ միջավայրի ստեղծում հետևյալի միջոցով․
տրանսպորտային և զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացում, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, կայարանների ու ճանապարհամերձ սպասարկման օբյեկտների արդիականացում․
հանգուցային ուղևորային ենթակառուցվածքի որակի բարձրացում․
ուղևորների սպասարկման հաբային տեխնոլոգիայի մշակում․
խառը ուղևորափոխադրումների զարգացում, դրանց «անկար» երթևեկությունն ապահովելու համար պայմանների ստեղծում (համապատասխան թվային հարթակների հիման վրա)․
զբոսաշրջային երթուղիների զարգացման (անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ), կրուիզային նավագնացության և ավտոմոբիլային զբոսաշրջության զարգացման վերաբերյալ առաջարկների մշակում.
զբոսաշրջային օբյեկտների, այդ թվում՝ առողջարանային-կուրորտային և առողջարարական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի թարմացում և հզորացում․
զբոսաշրջային կլաստերների (գոտիների, հատուկ կամ առաջնահերթ տարածքների) ստեղծում․
բարենպաստ պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների զբոսաշրջային ճյուղում ներդրումների ներգրավման համար, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև ձեռնարկատիրության աջակցման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված խթանման գործիքների կիրառման միջոցով․
զբոսաշրջության ոլորտին պետական աջակցության ապահովում․
զբոսաշրջային հատվածի ժամանակակից պահանջները բավարարող մասնագիտական կադրերի պատրաստում, այդ թվում՝ կրթական գործող ստանդարտների թարմացման և կրթական նոր ստանդարտների ընդունման միջոցով, որոնցով հաշվի են առնվում այս ոլորտի կարիքները ու ընդլայնվում է մասնագիտական դիսցիպլինների ցանկը։
5. Միության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումները
Միության շրջանակներում անդամ պետությունների զբոսաշրջային ներուժի զարգացումը, փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացումը, զբոսաշրջության հատվածի մրցունակության բարձրացումը և անդամ պետությունների զբոսաշրջային պրոդուկտների առաջմղումն իրականացվում են անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ զբոսաշրջության ոլորտում անդամ պետությունների տնտեսական համագործակցությանն ուղղված համապատասխան միջոցառումների անցկացման միջոցով․
համատեղ եվրասիական զբոսաշրջային երթուղիների մշակում և զարգացում՝
նոր անդրսահմանային երթուղիների ստեղծում և գործող զբոսաշրջային երթուղիների արդիականացում․
զբոսաշրջային երթուղիների և օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության արդիականացում Միության տեղեկատվական պորտալում․
փոխգործակցություն և փորձի փոխանակում՝ զբոսաշրջության առանձին տեսակների (էկոլոգիական, մշակութային-ճանաչողական, լեռնադահուկային և այլ) զարգացման հարցերով․
անդամ պետությունների միջև զբոսաշրջային հոսքի ավելացման և զբոսաշրջային խմբերի ներգրավման համար պայմանների ստեղծում հետևյալի միջոցով․
փոխգործակցություն անդամ պետություններում զբոսաշրջային ծառայությունների տրամադրման ստանդարտների կիրառման հարցերով․
աջակցություն զբոսաշրջային ասոցիացիաների և օպերատորների միջև փոխգործակցության խորացման հարցում, այդ թվում՝ համատեղ զբոսաշրջային պրոդուկտների մշակման, այնպիսի տեղեկատվության փոխադարձ փոխանակման մասով, որը վերաբերում է զբոսաշրջային ծառայությունների սպառողների պահանջարկի խթանման համապատասխան միջոցների կիրառման հնարավորություններին (ներառյալ՝ զբոսաշրջային օպերատորների շահագրգռվածության դեպքում հատուկ առաջարկներն ու զեղչերը), հատկապես «ցածր» սեզոնին․
զբոսաշրջության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացում հետևյալի միջոցով․
Միության տեղեկատվական պորտալում զբոսաշրջության մասին թեմատիկ բաժնի մշակում և գործառման ապահովում, որը, ի թիվս այլոց, պարունակում է տեղեկատվություն զբոսաշրջային երթուղիների ու զբոսաշրջային օբյեկտների, ինչպես նաև զբոսաշրջիկների և (կամ) մասնագիտական համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող՝ անդամ պետություններում անցկացվող միջոցառումների մասին․
զբոսաշրջության ոլորտում թվային հարթակային լուծումների ներդրման հարցերով համագործակցություն և փորձի փոխանակում․
անդամ պետությունների՝ զբոսաշրջության ոլորտում լիազորված մարմինների վարչական համագործակցության ընդլայնում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի իրավական կարգավորման բնագավառում անդամ պետությունների փոխգործակցություն և անդամ պետություններում զբոսաշրջության ոլորտում օրենսդրության մշակման մասին տեղեկատվության փոխանակում։
Միության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրագործման և համակարգման ընթացքում անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է նաև Միության շրջանակներում զբոսաշրջության զարգացման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի շրջանակներում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Միության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրագործման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել ոչ պակաս, քան 2 տարին 1 անգամ։
Եզրափակիչ դրույթներ
Զբոսաշրջության զարգացումը պետությունների տնտեսական աճի կարևորագույն գործոն է, իսկ զբոսաշրջային հատվածը նշանակալի դերակատարում ունի նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության իրական եկամուտների ավելացման և կյանքի որակի բարձրացման միջոցով բնակչության զբաղվածության ապահովման, ենթակառուցվածքային ճյուղերի զարգացման և ընդհանուր առմամբ՝ երկրի ՀՆԱ-ի ձևավորման գործում։
Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալների համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում զբոսաշրջության և ճանապարհորդությունների հատվածի մասնաբաժինը կազմում է մոտավորապես 10%։ Աշխարհում յուրաքանչյուր 10-րդ աշխատատեղն ստեղծվել է զբոսաշրջության ոլորտում։
Զբոսաշրջային հատվածը կարևոր դեր ունի համաշխարհային տնտեսության կայուն աճի ապահովման գործում, և այդ առնչությամբ առաջնահերթ նշանակություն է ստանում զբոսաշրջության ոլորտում անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա ընդլայնումը։
Սույն հայեցակարգով սահմանվում են Միության շրջանակներում զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունները, որոնց իրագործումը նպաստելու է՝
զբոսաշրջության ոլորտում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացմանը․
զբոսաշրջության բնագավառում համատեղ հեռանկարային նախագծերի իրագործմանը․
անդամ պետությունների ՀՆԱ-ում զբոսաշրջային հատվածի ներդրման ավելացմանը․
անդամ պետություններում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց մասով անդամ պետությունների քաղաքացիների կարիքների բավարարմանը․
անդամ պետությունների զբոսաշրջային ներուժի՝ որպես դրանց կայուն տնտեսական աճի կարևոր գործոնի զարգացմանն ու արդյունավետ օգտագործմանը․
անդամ պետությունների զբոսաշրջային հատվածի մրցունակության բարձրացմանը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|