ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2026 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 3-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 4.1.5 կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի միատեսակ կիրառում ձևավորելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պարզաբանումների տրամադրման կարգը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել այն լիազորված մարմինների մասին, որոնք պատասխանատու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանումների պատրաստման աշխատանքների համակարգման համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2025 թվականի հուլիսի 28-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի փետրվարի 13-ի

թիվ 12 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պարզաբանումների տրամադրման

 

1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից պարզաբանումների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգ, պարզաբանումներ) տրամադրման կանոնները՝ ներառյալ այդ պարզաբանումների պատրաստման վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ներկայացնելու, դրանց քննարկման և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության այն մարմինների հետ համաձայնեցման կանոնները, որոնք լիազորված են այդ պարզաբանումների պատրաստման աշխատանքների համակարգման համար (այսուհետ՝ լիազորված մարմիններ)։

2. Պարզաբանումները տրամադրվում են Միության պաշտոնական կայքում՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալում՝ «Տեխնիկական կանոնակարգման արդիական հարցեր» բաժնում (այսուհետ՝ Միության կայք) դրանք հրապարակելու միջոցով։

Պարզաբանումները պատրաստվում են տեխնիկական կանոնակարգերի դրույթների հստակեցման նպատակով և ուղեցույց են անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգերի կիրառման միատեսակ մոտեցումն ապահովելու համար։

Պարզաբանումները չեն կարող սահմանել տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ նոր (լրացուցիչ) պահանջներ, որոնք նախատեսված չեն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև չեն կարող փոփոխել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների իմաստը և դուրս գալ պարզաբանվող դրույթների շրջանակներից։

3. Պարզաբանումների պատրաստումն իրականացվում է լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ (այսուհետ՝ առաջարկներ)։

4. Պարզաբանումների պատրաստումը նախաձեռնվում է լիազորված մարմինների կամ Հանձնաժողովի կողմից՝ հետևյալի հիման վրա՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի (այսուհետ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգ) 42–46-րդ կետերին համապատասխան՝ անդամ պետությունների կողմից իրականացվող՝ տեխնիկական կանոնակարգերի կիրառման մշտադիտարկման արդյունքները․

բ) տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառման հետ կապված խնդրահարույց այն հարցերին վերաբերող դիմումները, որոնք ունեն համակարգային բնույթ, այդ թվում՝ առաջանում են անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման շրջանակներում։

5. Հանձնաժողովում անդամ պետություններից և (կամ) իրավաբանական ու ֆիզիկական անձանցից ստացվող՝ տեխնիկական կանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ հարցումները Հանձնաժողովի կողմից մշակվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 93-99-րդ կետերով սահմանված կարգով։

6. Առաջարկն ուղարկվում է Հանձնաժողով՝ կցելով՝

ա) պարզաբանումների նախագիծը․

բ) համակարգային բնույթ կրող՝ հայտնաբերված այն խնդրահարույց հարցերի մասին տեղեկատվությունը, որոնք կապված են անդամ պետությունների ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների, լիազորված մարմինների և (կամ) այլ շահագրգիռ մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգի դրույթների տարատեսակ կիրառման հետ․

գ) առաջարկի ուսումնասիրման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (փաստաթղթեր և նյութեր) (առկայության դեպքում)։

7. Առաջարկների ընդունումը, սկզբնական մշակումը, հաշվառումը, գրանցումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան։

Պարզաբանումների պատրաստման գործունեությունը ղեկավարում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը։

Առաջարկներն ուսումնասիրելու նպատակով փոխանցվում են Հանձնաժողովի այն դեպարտամենտ, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման հետ կապված հարցերը (այսուհետ՝ լիազորված դեպարտամենտ)։

8. Լիազորված դեպարտամենտն առաջարկն ուսումնասիրում է սույն կարգի 6-րդ կետում նշված՝ ներկայացված նյութերի լիարժեք ու բավարար լինելու մասով և, անհրաժեշտության դեպքում, առաջարկը գրանցելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկը ներկայացրած լիազորված մարմին հարցում է ուղարկում նշված ժամկետի ընթացքում պակասող տեղեկատվությունը տրամադրելու համար։

9. Առաջարկի ուսումնասիրման արդյունքներով՝ Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը, սույն կարգի 6-րդ կետում նշված նյութերի ամբողջական փաթեթը Հանձնաժողովում ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է յուրաքանչյուր անդամ պետության լիազորված մարմինների, պետական իշխանության այլ շահագրգիռ մարմինների, գործարար համայնքից համակարգողների (առկայության դեպքում), անդամ պետությունների գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների, Հանձնաժողովի դեպարտամենտների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության կազմակերպումը։

Այն դեպքում, երբ պարզաբանումների պատրաստման նախաձեռնողը Հանձնաժողովն է, սույն կարգի 6-րդ կետում նշված նյութերի պատրաստումն ապահովում է Հանձնաժողովի՝ համապատասխան առաջարկը ներկայացրած դեպարտամենտը։

Լիազորված դեպարտամենտը փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու օրվանից ապահովում է պարզաբանումների ընթացակարգի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության և քննարկման ներկայացված պարզաբանումների նախագծի տեղադրումը Միության կայքում։ Շահագրգիռ անձինք իրավունք ունեն 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված դեպարտամենտ ուղարկելու պարզաբանումների նախագծի վերաբերյալ մեկնաբանությունները։ Ստացված մեկնաբանություններն ուղարկվում են լիազորված մարմիններ՝ մինչև խորհրդակցության անցկացման ամսաթիվը։

10. Այն դեպքում, երբ պարզաբանումների նախագծի շուրջ խորհրդակցության արդյունքներով խորհրդակցությանը մասնակցող բոլոր լիազորված մարմինները ձեռք են բերել ընդհանուր համաձայնություն, Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը, խորհրդակցության անցկացման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է այդ խորհրդակցության արձանագրության՝ պարզաբանումների նախագծի կցմամբ, ուղարկումը լիազորված մարմիններին, ինչպես նաև խորհրդակցության մասնակիցներին։

Լիազորված մարմինները Միության կայքում պարզաբանումները հրապարակելու վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով՝ պարզաբանումների նախագծի շուրջ խորհրդակցության արձանագրությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողով են ուղարկում պարզաբանումները Միության կայքում հրապարակելու հնարավորության մասին ծանուցում (այսուհետ՝ ծանուցում) կամ պարզաբանումների նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ։

Լիազորված դեպարտամենտը վերջին ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է պարզաբանումների հրապարակումը Միության կայքում և լիազորված մարմիններ է ուղարկում հրապարակման մասին տեղեկատվությունը, համաձայնեցված պարզաբանումը՝ հաստատված Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը, ինչպես նաև ստացված ծանուցումները։

Այն դեպքում, երբ պարզաբանումների նախագծի շուրջ խորհրդակցության անցկացման արդյունքներով սահմանվել է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ նոր (լրացուցիչ) պահանջների ներդրման և (կամ) տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների իմաստի փոփոխման անհրաժեշտություն, որոշում է ընդունվում տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան։

Այն դեպքում, երբ որոշում է ընդունվել խմբագրական բնույթ կրող և տեխնիկական կանոնակարգի պահանջները չփոփոխող փոփոխություններ կատարելու մասին՝ ներառյալ այն փոփոխությունները, որոնք ուղղված են դրա դրույթների հստակեցմանն ու կոնկրետացմանը՝ դրանց միատեսակ կիրառման նպատակով, որոշում է ընդունվում տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգի 53-րդ կետին համապատասխան։

Նշված փոփոխությունների նախագծի մշակող է սահմանվում այն անդամ պետությունը, որի լիազորված մարմինը եղել է առաջարկի նախաձեռնողը, կամ Հանձնաժողովը՝ այն դեպքում, երբ առաջարկը նախաձեռնվել է Հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովն այդպիսի որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների պատրաստման անհրաժեշտության մասին տեղեկատվությունը նշված լիազորված մարմին ուղարկելը։

Տեխնիկական կանոնակարգի մեջ պարզաբանումների առարկային առնչվող փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից այդ պարզաբանումները ենթակա չեն կիրառման, և Միության կայքում դրանց հրապարակումը չեղյալ է ճանաչվում։ Դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է լիազորված մարմիններ։

11. Այն դեպքում, երբ սահմանված ժամկետը լրանալուց հետո Հանձնաժողով չեն ներկայացվել ծանուցումներ կամ ներկայացվել են պարզաբանումների նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ, պարզաբանումների նախագծի խմբագրությունը համարվում է չհամաձայնեցված։

Պարզաբանումների նախագծի վերաբերյալ դիտողությունների և առաջարկների առկայության դեպքում նշված նախագիծը լրամշակվում է և համաձայնեցման նպատակով՝ կրկին ուղարկվում է լիազորված մարմիններ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան