ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆՈՒ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
13.12.2024
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2026

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆՈՒ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

ձգտելով արդյունավետորեն օգտագործել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարանցիկ ներուժը, բարձրացնել եվրասիական տրանսպորտային միջանցքներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետությունը,

գիտակցելով անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի պահպանվածության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևորությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

Հոդված 1

 

1. Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը.

ավտոբուս՝ վարորդի տեղից բացի 8-ից ավելի նստատեղ ունեցող՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

ավտոգնացք՝ համակցված տրանսպորտային միջոց, որը բաղկացած է բեռնատար ավտոմոբիլից և կցորդից (կցորդային ավտոգնացք), քարշակից և կիսակցորդից (թամբավոր ավտոգնացք).

բեռնատար ավտոմոբիլ՝ սեփական շարժիչով կահավորված և ավտոմոբիլային ճանապարհներով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

տրանսպորտային միջոցի թույլատրելի բարձրություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի բարձրություն, որը չի գերազանցում թիվ 1 հավելվածում նշված արժեքները.

տրանսպորտային միջոցի թույլատրելի երկարություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի երկարություն, որը չի գերազանցում թիվ 1 հավելվածում նշված արժեքները.

տրանսպորտային միջոցի թույլատրելի լայնություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի լայնություն, որը չի գերազանցում թիվ 1 հավելվածում նշված արժեքները.

տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգված՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի զանգված, որը չի գերազանցում թիվ 2 հավելվածում նշված արժեքները.

սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգված՝ տրանսպորտային միջոցի սռնու կամ սռնիների խմբի միջոցով ավտոմոբիլային ճանապարհի մակերևույթին փոխանցվող՝ բեռով կամ առանց բեռի զանգված, որի մեծությունը չի գերազանցում թիվ 3 հավելվածում նշված արժեքները.

եվրասիական տրանսպորտային միջանցք՝ երթուղիների ամբողջություն, որոնք ինտեգրված են այդ թվում անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների ցանցում և միջազգային հաղորդակցության մեջ ապահովում են ուղևորների ու բեռների փոխադրումը դրանց առավել մեծ կենտրոնացվածության ուղղություններով, ինչպես նաև այդ փոխադրումների իրականացման տեխնոլոգիական և կազմակերպաիրավական պայմանների ամբողջությունը.

անդամ պետության իրավասու մարմին՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որի լիազորություններին են վերապահված սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը.

անբաժանելի բեռ՝ բեռ, որը չի կարող բաժանվել մասերի առանց սպառողական հատկությունները կորցնելու կամ առանց այն վնասելու ռիսկի: Խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցով փոխադրման դեպքում անբաժանելի է համարվում այն բեռը, որն անբաժանելի է ըստ տրանսպորտային միջոցի թույլատրելի եզրաչափերը գերազանցող եզրաչափի (եզրաչափերի)՝ դրա վրա այդպիսի բեռ բեռնելիս.

կիսակցորդ՝ բեռների փոխադրման համար հատուկ սարքավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է քարշակի հետ այնպես միացնելու համար, որ այդ տրանսպորտային միջոցի մի մասը գտնվի անմիջապես քարշակի վրա և դրան փոխանցի իր քաշի մի մասը.

կցորդ՝ քարշակի կամ բեռնատար ավտոմոբիլով քարշակման միջոցով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

միակցված ավտոբուս՝ երկու կամ ավելի կոշտ հատվածամասերից բաղկացած, միմյանց հոդակապով միացված և յուրաքանչյուր հատվածամասում ուղևորասրահ ունեցող ավտոբուս, որն ուղևորներին թույլ է տալիս ազատորեն տեղաշարժվել մի սրահից մյուսը.

հատուկ թույլտվություն՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով տրված մեկանգամյա կամ բազմակի թույլտվություն՝ այն տրանսպորտային միջոցով եվրասիական տրանսպորտային միջանցքներով երթևեկելու համար, որի բեռով կամ առանց բեռի քաշային և (կամ) եզրաչափային պարամետրերը գերազանցում են սույն համաձայնագրին համապատասխան սահմանված թույլատրելի արժեքները.

քարշակ՝ սեփական շարժիչով կահավորված և բացառապես կամ առավելապես կցորդի կամ կիսակցորդի քարշակման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոց՝ տրանսպորտային միջոց, որի՝ բեռով կամ առանց բեռի առավելագույն քաշային և (կամ) եզրաչափային պարամետրերը գերազանցում են սույն համաձայնագրի թիվ 1-ից թիվ 3 հավելվածում նշված արժեքները.

անդամ պետության լիազորված մարմին՝ հատուկ թույլտվություն տրամադրող անդամ պետության պետական իշխանության մարմին:

2. Սույն համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով:

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը: Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 3

 

1. Տրանսպորտային միջոցների՝ սույն համաձայնագրով սահմանվող թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը պահպանվում են որպես տրանսպորտային միջոցների չափերին և զանգվածներին ներկայացվող նվազագույն պահանջներ՝ ելնելով ավտոմոբիլային ճանապարհներով դրանց անցման տեխնիկական հնարավորությունից:

Տրանսպորտային միջոցների՝ սույն համաձայնագրով սահմանված թույլատրելի զանգվածները, սռնու բեռնվածությունները և եզրաչափերը չեն վերաբերում տրանսպորտային միջոցների արտադրությանը:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել համապատասխան անդամ պետության ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի այլ արժեքներ, որոնք չեն կարող ցածր լինել սույն համաձայնագրով սահմանված արժեքներից:

3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ավտոմոբիլային ճանապարհներով ոչ խտրական հիմքով կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման մասին որոշումներ ընդունելու դեպքում դրանց տիրապետողները ձեռնարկում են ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհի կազմակերպման միջոցով, ինչպես նաև տեղեկացնում ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին՝ տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման ժամկետների և շրջանցիկ ճանապարհից օգտվելու հնարավորության մասին:

Ավտոմոբիլային ճանապարհներին չի թույլատրվում նվազեցնել տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածի և սռնու կամ սռնիների խմբերի վրա ընկնող՝ սույն համաձայնագրի թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նշված թույլատրելի զանգվածի արժեքները՝ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած՝ ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի կրողունակության նվազեցման ժամանակահատվածում:

 

Հոդված 4

 

1. Ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ կատարելիս անդամ պետությունները պետք է ձգտեն, որ տրանսպորտային միջոցների եզրաչափերը, զանգվածները և տրանսպորտային միջոցների սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող զանգվածները չգերազանցեն սույն համաձայնագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արժեքները:

2. Սույն համաձայնագրի թիվ 1-ից թիվ 3 հավելվածներում նշված թույլատրելի զանգվածի, սռնու բեռնվածության և եզրաչափային արժեքները գերազանցելու դեպքում, իսկ անդամ պետությունների օրենսդրությամբ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այլ արժեքներ սահմանվելու դեպքում տվյալ արժեքները գերազանցելիս ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցի երթևեկության համար պահանջվում է հատուկ թույլտվության առկայություն։

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անբաժանելի չհանդիսացող բեռով ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների երթևեկության՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հատուկ թույլտվությունների տրամադրման սահմանափակումներ:

 

Հոդված 5

 

Անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի ավտոմոբիլային ճանապարհները, ավտոմոբիլային ճանապարհների հատվածներն ամբողջությամբ համապատասխանեն սույն համաձայնագրով սահմանված զանգվածի, սռնու բեռնվածության և եզրաչափերի թույլատրելի արժեքներ ունեցող տրանսպորտային միջոցների՝ դրանցով երթևեկության համար նախատեսված պահանջներին:

 

Հոդված 6

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 7

 

1. Անդամ պետությունները սահմանում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններ։

2. Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին՝ միաժամանակ ծանուցելով սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Լիազորված կամ իրավասու մարմնի անվանումը փոխվելու դեպքում համապատասխան անդամ պետությունն այդ մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

 

Հոդված 8

 

Անդամ պետությունների իրավասու և (կամ) լիազորված մարմինների ներկայացուցիչները սույն համաձայնագրի իրականացման հարցերի վերաբերյալ կարող են անցկացնել աշխատանքային հանդիպումներ:

 

Հոդված 9

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անդամ պետությունների կողմից՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի

 

Տրանսպորտային միջոցների թույլատրելի եզրաչափերը

 

(մետր)

Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները

Տրանսպորտային միջոցի թույլատրելի երկարությունը

Միակի տրանսպորտային միջոցներ

12

Կցորդներ

12

Ավտոգնացքներ

20

Երկսռնի ավտոբուսներ

13.5

Ավտոբուսներ՝ 2-ից ավելի սռնիով

15

Միակցված ավտոբուսներ

18.75

Տրանսպորտային միջոցի եզրաչափի հետևի կետից դուրս ցցված բեռի երկարությունը չպետք է գերազանցի

2

Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները

Տրանսպորտային միջոցի թույլատրելի լայնությունը

Բոլոր տրանսպորտային միջոցները

2.55

Տրանսպորտային միջոցների իզոթերմային թափքերը

2.6

Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները

Տրանսպորտային միջոցի թույլատրելի բարձրությունը

Բոլոր տրանսպորտային միջոցները

4

 

Ծանոթագրություններ՝

1. Տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի եզրաչափերը ներառում են հանովի թափքերի և բեռների համար տարայի, այդ թվում՝ բեռնարկղերի չափսերը, և չեն ներառում ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման և պահպանման ժամանակ օգտագործվող տրանսպորտային միջոցների կախովի սարքավորումների չափսերը:

2. Երկարությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները՝ հողմապակու մաքրման և ողողման սարքվածքները,

առջևի ու հետևի գրանցման համարանիշների ցուցատախտակները և պետհամարանիշների տեղադրման համար կառուցվածքային տարրերը,

մաքսային կապարակնիքը և դրա պաշտպանության տարրերը, վրանածածկի ամրացման սարքվածքները և դրա պաշտպանության տարրերը, լուսավորման և լուսային ազդանշանման սարքվածքները, արտաքին հայելիները և ոչ ուղիղ տեսանելիության այլ սարքվածքներ, դիտման օժանդակ միջոցները,

դեպի ներքին այրման շարժիչի ներթող համակարգ օդառքի սարքվածքները,

ապամոնտաժվող թափքերի համար սևեռապնդման սարքվածքները,

ոտնատեղերը և բռնաձողերը,

էլաստիկ բուֆերային սարքվածքները կամ համանման սարքավորումները, շարժման դիրքում վերհան հարթակները, թեքահարթակները և համանման սարքավորումները, որոնք եզրաչափերը չեն ավելացնում 300 մմ-ից ավելի՝ պայմանով, որ տրանսպորտային միջոցի բեռնունակությունը չի մեծանում,

տրանսպորտային միջոցների կցման և քարշակման սարքվածքները, արտաթող համակարգի խողովակները,

հանովի սփոյլերները,

տրանսպորտային միջոցների հոսանընդունիչները՝ հպումային ցանցից էլեկտրասնմամբ,

արտաքին արևապաշտպան հովարները։

3. Լայնությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.

մաքսային կապարակնիքը և դրա պաշտպանության տարրերը,

վրանածածկի ամրացման սարքվածքները և դրա պաշտպանության տարրերը, դողերում ճնշումը հսկելու սարքվածքները․

անիվների տակից ցրցայտման պաշտպանիչ համակարգի ցցված ճկուն մասերը,

М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների՝ շարժման դիրքում մուտքի թեքահարթակները, շարժման դիրքում վերհան հարթակները և համանման սարքավորումները՝ պայմանով, որ այդ սարքվածքները տրանսպորտային միջոցի կողային մակերևույթից, 10 մմ-ից ավելի չեն ցցվում, և թեքահարթակների՝ դեպի առաջ ու հետ ուղղված անկյունային եզրերն ունեն 5 մմ-ից ոչ պակաս կլորացման շառավիղներ,

ընդ որում, մնացած եզրերի կլորացման շառավիղները պետք է լինեն 2,5 մմ-ից ոչ պակաս,

արտաքին հայելիները և ոչ ուղիղ տեսանելիության այլ սարքվածքներ, դիտման օժանդակ միջոցները,

հավաքվող ոտնատեղերը,

լուսավորման և լուսային ազդանշանման սարքվածքները,

դողերի կողային պատերի ձևախախտվող մասը՝ անմիջապես մակերևույթի հետ հպման կետի վերևում։

4. Բարձրությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.

ալեհավաքները,

հոսանահանները կամ հոսանընդունիչները՝ բարձրացված դիրքում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի

 

Տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները

 

Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները, սռնիների քանակը և դիրքը

Տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը (տոննա)

Միակի ավտոմեքենաներ

 

երկսռնի

18

եռասռնի

25

քառասռնի

32

5 և ավելի սռնի ունեցող

38

Միակի ավտոբուսներ

 

երկսռնի

18

եռասռնի

25

քառասռնի

32

Միակցված ավտոբուսներ

 

եռասռնի

28

քառասռնի

36

5 և ավելի սռնի ունեցող

40

Ավտոգնացքներ

 

եռասռնի

28

քառասռնի

36

5 սռնի ունեցող

40

6 և ավելի սռնի ունեցող

44

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի

 

Սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածները

 

Տրանսպորտային միջոցի սռնիների դիրքը*

Մոտեցված սռնիների միջև եղած հեռավորությունը (մետր)

Անվավոր տրանսպորտային միջոցի սռնու** թույլատրելի բեռնվածությունը, (տոննա)

Միակի սռնի

2,5-ից ավելի՝

10,5(11,5)

Մոտեցված կրկնակի սռնիների խումբ

մինչև 1-ը (ներառյալ)

11,5(12,5)

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ)

14(16)

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

17(18)

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

18(20)

Մոտեցված եռակի սռնիների խումբ

մինչև 1-ը (ներառյալ)

17(18)

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ)

20 (21)

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

23,5 (24)

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

25 (26)

3-ից ավելի սռնիով մոտեցված սռնիների խումբ (սռնու վրա 2-ից ոչ ավելի միադող կամ երկդող անիվներ)

մինչև 1-ը (ներառյալ)

5,5 (6)

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ)

6,5 (7)

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

7,5 (8)

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

8,5 (9)

2 և ավելի սռնիով մոտեցված

սռնիների խումբ (սռնու վրա 4

(ներառյալ) և ավելի միադող

կամ երկդող անիվներ)

մինչև 1-ը (ներառյալ)

11

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ)

12

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

14

 

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

16

* Միակի սռնի՝ տրանսպորտային միջոցի՝ մյուս ամենամոտ սռնուց 2,5 մետրից ավելի հեռավորության վրա տեղադրված սռնի:

Մոտեցված սռնիների խումբ՝ սայլակի մեջ կառուցվածքապես միավորված և (կամ) չմիավորված, ամենամոտ սռնիների միջև մինչև 2,5 մետր (ներառյալ) հեռավորությամբ խմբավորված սռնիներ:

** Մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար՝ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածը:

 

Ծանոթագրություններ.

 1. Առանց փակագծերի բերված են միադող անիվներով սռնիների համար արժեքները (տրանսպորտային միջոցի՝ մեկ դող ունեցող անիվ), փակագծերում՝ երկդող անիվներով սռնիների համար արժեքները (տրանսպորտային միջոցի՝ երկու դող ունեցող անիվ):

2. Իրենց կազմում միադող և երկդող անիվներ ունեցող՝ մոտեցված սռնիների խմբերը հարկավոր է դիտարկել որպես իրենց կազմում միադող անիվներ ունեցող՝ մոտեցված սռնիների խմբեր:

3. Մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար սռնու թույլատրելի բեռնվածությունը որոշվում է սռնիների խմբի թույլատրելի բեռնվածությունը խմբում սռնիների համապատասխան քանակի վրա բաժանելու միջոցով՝ բացառությամբ սույն ծանոթագրությունների 4-րդ կետում նշված դեպքերի:

4. Թույլատրվում է մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար սռնիների բեռնվածության անհամաչափ բաշխում, եթե սռնիների խմբի բեռնվածությունը չի գերազանցում սռնիների համապատասխան խմբի թույլատրելի բեռնվածությունը և սռնիների խմբում յուրաքանչյուր սռնու բեռնվածությունը չի գերազանցում միադող կամ երկդող անիվներով համապատասխան միակի սռնու թույլատրելի բեռնվածությունը:

5. Սռնիների խմբերում սռնիների միջև հեռավորությունների տարբեր արժեքների դեպքում սռնիների միջև յուրաքանչյուր հեռավորության տրվում է թվաբանական միջինացման եղանակով ստացված արժեք (խմբում սռնիների միջև բոլոր հեռավորությունների գումարները բաժանվում են խմբում սռնիների միջև հեռավորությունների քանակի վրա):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: