ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 մարտի 2026 թվականի |
թիվ 2 |
քաղ. Շիմքենդ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 92-րդ հոդվածի 9-րդ կետը և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին» հիմնադրույթը (այսուհետ՝ Հիմնադրույթ)։
2. Սահմանել, որ եվրասիական տեխնոլոգիական հարթակներ ձևավորելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն առաջնորդվում է Պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված՝ արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների ցանկով։
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձևավորված եվրասիական տեխնոլոգիական հարթակները շարունակում են գործել՝ Հիմնադրույթին համապատասխան եվրասիական տեխնոլոգիական հարթակների անձնագրերում սահմանվող եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության պրոֆիլային ուղղությունների համաձայն։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին» թիվ 32 կարգադրության 2-րդ կետով նախատեսված եվրասիական տեխնոլոգիական հարթակների անձնագրերը ենթակա են համապատասխանեցման՝ Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով նախատեսված ձևին, և համապատասխան եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների կողմից ներկայացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ Դրանից հետո նշված անձնագրերը ենթակա են ներառման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության համապատասխան հավելվածներում։
Եվրասիական տեխնոլոգիական հարթակի անձնագիրը սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետում Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով նախատեսված ձևին չհամապատասխանեցնելու դեպքում եվրասիական տեխնոլոգիական հարթակի գործունեությունը դադարեցվում է՝ այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության համապատասխան հավելվածից հանելու միջոցով։
5. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» թիվ 2 որոշումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2026 թվականի մարտի 27-ի թիվ 2 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 92-րդ հոդվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և սահմանում է եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության նպատակներն ու խնդիրները՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության իրականացման գործիք Միության շրջանակներում արդյունաբերական-նորարարական և տեխնոլոգիական զարգացման ոլորտում, ինչպես նաև դրանց ձևավորման և գործունեության կարգը։
2. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
շահագրգիռ մարմին՝ անդամ պետության պետական իշխանության մարմին, որի իրավասության մեջ են մտնում տնտեսության ճյուղերի զարգացման հարցերը՝ ըստ հարթակի գործունեության պրոֆիլային ուղղությունների, և որը շահագրգռված է այդ հարթակի գործունեության նպատակների ու խնդիրների իրագործմամբ.
հարթակի նախաձեռնող՝ անդամ պետություններից մեկի կազմակերպություն, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողով հարթակի ձևավորման վերաբերյալ առաջարկություն է ուղարկում և համագործակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ՝ հարթակի ձևավորման փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման և ձևակերպման հարցերի շուրջ.
հարթակի համակարգող՝ անդամ պետություններից մեկի կազմակերպություն, որն իրականացնում է հարթակի մասնակիցների գործունեության համակարգումը և լիազորված է ներկայացնելու դրա մասնակիցների շահերը անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության ժամանակ.
ազգային համակարգող՝ հարթակի մասնակից, որը լիազորված է անդամ պետության կողմից իրականացնելու համակարգող գործողություններ անդամ պետության՝ հարթակի բոլոր մասնակիցների նկատմամբ.
հաշվետու ժամանակաշրջան՝ օրացուցային տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, որի համար կազմվում է հաշվետվությունը.
հարթակ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակ, որը նորարարական ենթակառուցվածքի օբյեկտ է, որը թույլ է տալիս ապահովել արդյունավետ հաղորդակցություն և բոլոր շահագրգիռ կողմերի (գործարարության, գիտության, պետության, հասարակական կազմակերպությունների) մասնակցության հիման վրա ստեղծել հեռանկարային առևտրային տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք.
հարթակի գործունեության պրոֆիլային ուղղություններ՝ հարթակի ճյուղային մասնագիտացում, որը սահմանվում է հարթակի անձնագրում՝ Պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված՝ տնտեսական գործունեության՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակների ցանկին համապատասխան.
«համատեղ նախագիծ»՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում անդամ պետությունների կազմակերպությունների կողմից համատեղ իրագործվող, համագործակցային կապերի զարգացմանն ուղղված նորարարական նախագիծ.
«հարթակի մասնակիցներ»՝ անդամ պետությունների ցանկացած կազմակերպական-իրավական ձևի և սեփականության ձևի կազմակերպություններ և արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ պետական հիմնարկներ, ոչ պետական կազմակերպություններ, մասնագիտական միավորումներ, ասոցիացիաներ, գիտական կազմակերպություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք մասնակցում են հարթակի գործառման նպատակների և խնդիրների իրագործմանը.
«եվրասիական կոմպետենցիաների կենտրոն»՝ ենթակառուցվածքային օբյեկտ, որը ձևավորվում է հարթակի հիմքի վրա անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական կազմակերպությունների և արտադրական ձեռնարկությունների մասնակցությամբ և, որը հնարավորություն է տալիս ապահովել նորարարական լուծումների մշակումը միջանցիկ տեխնոլոգիաների բնագավառում (այն առանցքային գիտատեխնոլոգիական ուղղություններով, որոնք ազդեցություն են ունենում հեռանկարային տեխնոլոգիական շուկաների և արդյունաբերության ճյուղերի վրա) և գլոբալ առաջատարություն այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են նման տեխնոլոգիաները ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար:
3. Հարթակի մասնակիցների կազմը որոշվում է նրանց միջև կնքված համաձայնագրով կամ հիմնադիր փաստաթղթերով՝ իրավաբանական անձ կազմավորելու դեպքում։
4. Հարթակի մասնակիցները Միության շրջանակներում ապահովում են համակարգային աշխատանք՝ ուղղված գիտատեխնիկական զարգացման առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների կուտակմանը՝ նորարարական արտադրանքի և տեխնոլոգիաների մշակման, դրանք արդյունաբերական արտադրության մեջ ներդնելու մասով կիրառական խնդիրների համատեղ լուծման համար։
5. Հարթակի մասնակիցները փոխգործակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), շահագրգիռ մարմինների, արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական հետազոտությունների կենտրոնների ու վերջնական սպառողների հետ և կարող են ստեղծել եվրասիական կոմպետենցիաների կենտրոններ։
6. Հարթակն ստեղծվում է առանց իրավաբանական անձ կազմավորելու՝ հարթակի մասնակիցների միջև դրա հիմնադրման մասին համաձայնագրի և հարթակի համապատասխան անձնագրի հիման վրա, կամ իրավաբանական անձ կազմավորելով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
7. Հարթակի մասնակիցներն իրենց գործունեությունն իրականացնում են հարթակի գործունեության պրոֆիլային ուղղություններին և հարթակի անձնագրում նշված կարողություններին համապատասխան:
II. Հարթակների գործունեության նպատակներն ու խնդիրները
8. Գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցությունն ապահովող հարթակների գործառման նպատակն է անդամ պետությունների ներուժի միավորման հիման վրա բարձրացնել բոլոր շահագրգիռ կողմերի (գործարարության, գիտության, պետության, հասարակական կազմակերպությունների) փոխգործակցության արդյունավետությունը՝ ազգային արդյունաբերական համալիրների փոխշահավետ նորարարական զարգացումը խթանելու, անդամ պետություններում եվրասիական կոմպետենցիաների կենտրոններ ստեղծելու, ապագայի տնտեսություն ձևավորելու, շարունակական տեխնոլոգիական նորացման, արդյունաբերության ոլորտում գլոբալ մրցունակությունը բարձրացնելու նպատակով։
9. Սույն Հիմնադրույթի 8-րդ կետում նշված նպատակին հասնելու համար իրագործվում են հետևյալ խնդիրները՝
ա) անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի համար նոր տեխնոլոգիաների անհրաժեշտությունը որոշելը․
բ) գերակա գիտատեխնիկական նախագծեր որոնելը և դրանց զարգացմանն օժանդակելը.
գ) անդամ պետությունների համագործակցությունը կարգավորելը և համատեղ նախաձեռնություններին աջակցելը.
դ) արդյունաբերական ոլորտում միջպետական ծրագրեր (այսուհետ՝ միջպետական ծրագրեր) նախաձեռնելը և մշակելը.
ե) անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքներ բացահայտելը և դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ մշակելը.
զ) գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում անդամ պետությունների համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելը․
է) անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումները, ինչպես նաև հարթակների գործունեության շրջանակներում ունեցած ձեռքբերումները մասսայականացնելը.
ը) անդամ պետությունների գիտատեխնիկական և նորարարական համագործակցության արդյունքները մշտադիտարկելը․
թ) եվրասիական կոմպետենցիաների կենտրոններ ձևավորելը և դրանց գործունեությանն աջակցելը.
ժ) առանցքային, ժամանակակից, բեկումնային, նորարարական, առաջանցիկ տեխնոլոգիաների, ապագայի տեխնոլոգիաների մշակման և ներդրման պլաններ սահմանելը, ինչպես նաև դրանց մշակմանն ու իրագործմանն աջակցելը.
ժա) փոխգործակցություն ճյուղային և միջճյուղային ասոցիացիաների հետ։
III. Հարթակների ձևավորման կարգը
10. Հարթակը ձևավորվում է Հանձնաժողովի խորհրդի՝ հարթակը թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով այն հարթակների ցանկում ներառելու մասին կարգադրության հիման վրա, որը տեղադրվում է Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալի «ԵԱՏՄ-ի արդյունաբերություն» բաժնում, և տվյալ հարթակի անձնագիրը ներառվում է Հանձնաժողովի խորհրդի՝ նշված կարգադրության համապատասխան հավելվածում։
Հարթակները ձևավորվում են ըստ հարթակների գործունեության պրոֆիլային ուղղությունների։
11. Հարթակները ձևավորվում են առնվազն 3 անդամ պետությունների մասնակիցների կողմից։
12. Հարթակի նախաձեռնողն առաջարկություն է ուղարկում Հանձնաժողով հարթակի ձևավորման վերաբերյալ, որը պետք է պարունակի.
ա) դիմում հարթակի ձևավորման մասին,
բ) առանց իրավաբանական անձ կազմավորելու ստեղծվող հարթակի մասնակիցների միջև համաձայնագրի նախագիծը (հարթակի համակարգողի պարտադիր նշմամբ) կամ իրավաբանական անձ կազմավորելով ստեղծվող հարթակի մասնակիցների կողմից նախապատրաստված հիմնադիր փաստաթղթի նախագիծը,
գ) հարթակի անձնագրի նախագիծը՝ ըստ թիվ 2 հավելվածով սահմանված ձևի՝ բացառությամբ ազգային համակարգողների վերաբերյալ տեղեկությունների,
դ) հարթակի մասնակիցների ցանկը՝ հետևյալ տեղեկությունների նշմամբ.
գիտական հիմնարկներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ հանդիսացող մասնակիցների մասով՝ հարթակի գործունեության պրոֆիլային ուղղություններով գիտության դոկտորների և թեկնածուների առկայության, նախկինում կատարված հետազոտությունների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) քանակի մասին տեղեկատվություն.
արդյունաբերական ձեռնարկություններ հանդիսացող մասնակիցների մասով՝ տեղեկատվություն հարթակի գործունեության պրոֆիլային ուղղություններով իրականացված նախագծերի մասին և (կամ) տեղեկատվություն նորարարական ակտիվության մակարդակի մասին՝ հիմնված վիճակագրական տվյալների վրա, ընդ որում, արդյունաբերական ձեռնարկության հայեցողությամբ կարող են տվյալներ բացահայտվել ներդրված արտոնագրերի քանակի, ԳՀՓԿԱ-ի, հետազոտությունների և մշակումների ընդհանուր ծախսերի, անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, ինժինիրինգի, արտադրանքի թողարկման ծավալում նորարարությունների ծախսերի մասնաբաժնի, արտադրված (իրացված) նորարարական արտադրանքի ծավալի մասին,
ե) հարթակի ձևավորման նպատակահարմարության հիմնավորումը՝ նշելով դրա համապատասխանությունը Պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված՝ տնտեսական գործունեության՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակների ցանկի դրույթներին,
զ) իրականացվող (իրականացված) միջպետական ծրագրերի ցանկը (առկայության դեպքում)։
13. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության մեջ են մտնում արդյունաբերական համագործակցության հարցերը, հարթակի ձևավորման առաջարկությունն ստանալու օրվանից մեկ օրացուցային ամսվա ընթացքում քննարկում է այն, և եթե այն համապատասխանում է սույն Հիմնադրույթի 12-րդ կետում նշված պահանջներին, ապա Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասության մեջ են մտնում արդյունաբերական համագործակցության հարցերը, սահմանված կարգով անդամ պետությունների կառավարություններ է ուղարկում հարթակի ձևավորման փաստաթղթերի փաթեթը՝ շահագրգիռ մարմինների կողմից քննարկվելու համար։
Շահագրգիռ մարմինները նշված փաստաթղթերի փաթեթի քննարկման արդյունքներով, դրա ստացման օրվանից ոչ ուշ, քան 1 օրացուցային ամսվա ընթացքում Հանձնաժողով են ուղարկում հարթակի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ (առաջարկություններ հարթակի անձնագրի վերաբերյալ՝ ներառյալ ազգային համակարգողների որոշումը, հարթակի մասնակիցների կազմի, հարթակի գործառման նպատակների, խնդիրների և պլանների վերաբերյալ)։
Հանձնաժողովը շահագրգիռ մարմինների առաջարկություններն ուղարկում է հարթակի նախաձեռնողին՝ անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի փաթեթը լրամշակելու համար։
Հարթակի նախաձեռնողը շահագրգիռ մարմինների առաջարկություններն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 օրացուցային ամսվա ընթացքում քննարկում է դրանք և Հանձնաժողով է ուղարկում հարթակի ձևավորման լրամշակված փաստաթղթերի փաթեթը։
Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, որի իրավասության մեջ են մտնում արդյունաբերական համագործակցության հարցերը, սահմանված կարգով ներկայացնում է հարթակի ձևավորման փաստաթղթերի փաթեթը Հանձնաժողովի քննարկմանը։
14. Հարթակի կազմում նոր մասնակիցների ներառումը կամ նրանց հեռացումը հարթակի կազմից իրականացվում է հարթակի մասնակիցների որոշմամբ՝ հաշվի առնելով առանց իրավաբանական անձ կազմավորելու ստեղծված հարթակի մասնակիցների միջև համաձայնագրով նախատեսված պայմանները, կամ իրավաբանական անձ կազմավորելով ստեղծված հարթակի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան։
Մասնակիցների կազմի փոփոխության դեպքում հարթակի համակարգողն այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին՝ սույն Հիմնադրույթի V բաժնով նախատեսված հարթակի գործառման ամենամյա մշտադիտարկման շրջանակներում։
Այն դեպքում, երբ մասնակիցների կազմի փոփոխության արդյունքում սույն Հիմնադրույթի 11-րդ կետով նախատեսված պահանջի կատարումը չի ապահովվում, ապա հարթակի համակարգողը նման փոփոխության օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին և համապատասխան ծանուցումն ուղարկելու օրվանից 3 ամսվա ընթացքում նշված պահանջի կատարմանն ուղղված աշխատանք է իրականացնում։ Եթե եռամսյա ժամկետը լրանալուց հետո նշված պահանջի կատարումն ապահովված չէ, ապա հարթակը ենթակա է հանման Հանձնաժողովի խորհրդի կարգադրության համապատասխան հավելվածից՝ սույն Հիմնադրույթի 27-րդ կետին համապատասխան։
IV. Հարթակների գործունեությունը
15. Հարթակի գործառումն ապահովելու նպատակով հարթակի մասնակիցների ներկայացուցիչներից, անհրաժեշտության դեպքում, ձևավորվում են հարթակի մարմիններ՝ եվրասիական կարողությունների կենտրոններ, փորձագիտական, համակարգող, գիտատեխնիկական խորհուրդներ, աշխատանքային խմբեր։
Նշված մարմինների գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են հարթակի մասնակիցների միջոցների հաշվին։
16. Հարթակի մասնակիցներն անհրաժեշտության դեպքում ճշգրտում են հարթակի անձնագրով նախատեսված հարթակի գործառման պլանը, ինչի մասին հարթակի համակարգողը տեղեկացնում է Հանձնաժողովին։
17. Համատեղ ԳՀՓԿԱ-ների, միջոցառումների, համատեղ նախագծերի իրականացման համար, այդ թվում՝ միջպետական ծրագրերի շրջանակներում իրականացվող, հարթակների մասնակիցները կարող են ներգրավել ֆինանսավորում հետևյալ աղբյուրներից՝
ա) հարթակի մասնակիցների սեփական միջոցներ.
բ) ներդրողների, ֆոնդերի, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների միջոցներ.
գ) անդամ պետությունների բյուջեների միջոցներ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հատկացվում են՝
որպես անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և արդյունաբերական-նորարարական զարգացման այլ ինստիտուտների պետական աջակցության գործիքներ.
համապատասխան պետական ծրագրերի շրջանակներում միջպետական ծրագրերով նախատեսված միջոցառումների ազգային մասերի ամբողջական կամ մասնակի ֆինանսավորման համար.
դ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցներ, որոնք հատկացվում են դրանց ներքին ֆինանսական քաղաքականությանը համապատասխան՝ միջպետական ծրագրերի ամբողջական կամ մասնակի ֆինանսավորման համար։
18. Հարթակի գործառման շրջանակներում կարող են օգտագործվել Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող՝ համապատասխան տարվա գիտահետազոտական աշխատանքների պլանին համապատասխան սահմանված կարգով անցկացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսները։
19. Հարթակների գործունեությանը համապատասխան համաձայնագրերի հիման վրա իրավունք ունեն մասնակցելու Միության անդամ չհանդիսացող պետությունների կազմակերպությունները։ Տվյալ կազմակերպությունները հարթակների մասնակիցներ չեն։
V. Հարթակների գործունեության համակարգումը
20. Հարթակների ձևավորման և գործունեության հարցերով՝ անդամ պետությունների փոխգործակցության ընդհանուր համակարգումն իրականացնում է Հանձնաժողովը:
21. Հարթակի գործառման մշտադիտարկման նպատակով հարթակի համակարգողն յուրաքանչյուր տարի, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը, Հանձնաժողով է ներկայացնում հաշվետվություն՝ թիվ 3 հավելվածով սահմանված ձևի համաձայն։
22. Ազգային մակարդակով հարթակի գործառման արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով շահագրգիռ մարմինների կողմից կարող են սահմանվել հարթակի ազգային համակարգողներ։
23. Հարթակների գործունեության մասին իրազեկման և հարթակների մասնակիցների միջև փորձի արդյունավետ փոխանակման նպատակով Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալի «ԵԱՏՄ-ի արդյունաբերություն» բաժնում կարող են տեղադրվել սույն Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով նախատեսված ձևի համաձայն հարթակների անձնագրերը, տեղեկատվություն հարթակների մասնակիցների գործունեության և հարթակների գործունեության շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին։
24. Հանձնաժողովն իրականացնում է՝
ա) հարթակի ձևավորման փաստաթղթերի փաթեթի քննարկում՝ սույն Հիմնադրույթի III բաժնին համապատասխան.
բ) հարթակների գործունեության մշտադիտարկում և դրա արդյունքներով անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող ամենամյա զեկույցի նախապատրաստում.
գ) հարթակների գործունեության մշտադիտարկման արդյունքների վերլուծություն և հարթակների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ Միության մարմինների համապատասխան ակտերում փոփոխություններ կատարելու համար (անհրաժեշտության դեպքում).
դ) կլոր սեղանների, խորհրդակցությունների և տեսակոնֆերանսների կազմակերպում (անհրաժեշտության դեպքում)։
25. Շահագրգիռ մարմիններն իրականացնում են՝
ա) հարթակի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի քննարկում.
բ) հարթակի ձևավորման փուլում հարթակի մասնակիցների կազմում անդամ պետության կազմակերպություններ ներառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հանձնաժողով․
գ) մասնակցություն հարթակների գործունեության մշտադիտարկմանը․
դ) մասնակցություն հարթակների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը (անհրաժեշտության դեպքում)։
26. Հանձնաժողովը հարթակի ձևավորման և զարգացման խթանմանն ուղղված աշխատանքների համակարգման համար շահագրգիռ մարմինների հետ համատեղ կազմակերպում է մշտապես գործող հարթակ, որի շրջանակներում անցկացվում են հարթակի հնարավոր մասնակիցների հանդիպումներ, հարթակի մասնակիցների կողմից քննարկվում են զարգացման արդիական ուղղությունները և զարգացման խոչընդոտների վերացման հարցերը։
VI. Հարթակների գործունեության դադարեցումը
27. Հարթակը հանվում է Հանձնաժողովի խորհրդի կարգադրության համապատասխան հավելվածից հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
ա) սույն Հիմնադրույթի 21-րդ կետով նախատեսված հաշվետվությունը Հանձնաժողով չներկայացնելը մտադիտարկման անցկացման տարվան նախորդող վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար,
բ) հարթակի զարգացման պլանների (հեռանկարային նախագծերի) բացակայելը կամ դրանք չկատարելը,
գ) մշտադիտարկման անցկացման տարվան նախորդող վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար Հանձնաժողով ներկայացված՝ սույն Հիմնադրույթի 21-րդ կետով նախատեսված հաշվետվությունների համաձայն, հարթակի գործունեություն հարթակի անձնագրում սահմանված՝ հարթակի գործառման պրոֆիլային ուղղություններին ոչ համապատասխան,
դ) հարթակի մասնակիցների կազմի կրճատում առնվազն մինչև 3 անդամ պետություններից ներկայացուցիչների։
28. Հանձնաժողովի խորհրդի՝ հարթակը Հանձնաժողովի խորհրդի կարգադրության համապատասխան հավելվածից հանելու մասին կարգադրությունը չի առնչվում անդամ պետությունների օրենսդրության այն նորմերին, որոնք կարգավորում են իրավաբանական անձանց գործունեության և լուծարման, ինչպես նաև անձանց՝ առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության հարցերը։
29. Սույն Հիմնադրույթի 27-րդ կետում նշված հիմքերի առաջացման դեպքում Հանձնաժողովն այդ մասին տեղեկատվությունը ներառում է հարթակների գործունեության մշտադիտարկման արդյունքներով ամենամյա զեկույցում, և Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, որի իրավասության մեջ են մտնում արդյունաբերական համագործակցության հարցերը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում առաջարկություն՝ հարթակը Հանձնաժողովի խորհրդի կարգադրության համապատասխան հավելվածից հանելու մասին։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին հիմնադրույթի |
(ձև)
ՑԱՆԿ
եվրասիական տեխնոլոգիական հարթակների
|
Համարը՝ ը/կ |
Եվրասիական տեխնոլոգիական հարթակի անվանումը |
Եվրասիական տեխնոլոգիական հարթակի համակարգողը |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին հիմնադրույթի |
(ձև)
ԱՆՁՆԱԳԻՐ
եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հարթակի անվանումը
2. Հարթակի համակարգողը
3. Հարթակի ազգային համակարգողները
4. Հարթակի մասնակիցները
5. Հարթակի գործառման նպատակը
6. Հարթակի գործառման խնդիրները
7. Հարթակի գործունեության պրոֆիլային ուղղությունները և կարողությունները
8. Հարթակի գործառման ակնկալվող արդյունքները
9. Հարթակի գործառման միջնաժամկետ հեռանկարի պլանը (3-ից 5 տարի)
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին հիմնադրույթի |
(ձև)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
եվրասիական տեխնոլոգիական հարթակի գործառման մասին
(եվրասիական տեխնոլոգիական հարթակի անվանումը) ____ թվականի համար
|
1. Համակարգողը, ազգային համակարգողները (նրանց արդիական կոնտակտները) և մասնակիցների ցանկը՝ հաշվետու տարվա վերջի դրությամբ |
|
|
2. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները (կլոր սեղաններ, աշխատանքային խորհրդակցություններ, խմբային քննարկումներ, այլն) |
|
|
3. Իրականացվող նախագծերը |
|
|
4. Զարգացման պլանները / հեռանկարային նախագծերը |
|
|
5. Ճյուղային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|