ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1198-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱԿԱՈ-ՓՈՇՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու մասով փոփոխություններ կատարելու մասին» N 60 որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային արտոնություն՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1805 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-փոշու նկատմամբ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով։
2․ Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ սույն որոշման կիրարկման իմաստով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների՝ առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա՝ եզրակացության մեջ նշված քանակներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 20-ի N 60 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: