ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՖԱՐԽՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-54-Ո-Կ-27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.07.2026
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-54-Ո-Կ-27

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՖԱՐԽՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի

 

մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ա. Դանիելյանի

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

 Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարանի դատավոր

Կ. ՖԱՐԽՈՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

2026 թվականի հուլիսի 21-ին

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի հունիսի 9-ի N 63-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Էդգար Ղազարյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 30.03.2026 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար կամ Լիազոր մարմին) ներկայացված հաղորդումը (այսուհետ՝ Հաղորդում)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Նախարարի 10.04.2026 թվականի թիվ 35-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 09.06.2026 թվականի թիվ 63-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 Խորհրդի 16.06.2026 թվականի որոշմամբ 25.06.2026 թվականին նշանակվել է դատական նիստ, որը Խորհրդի 19.06.2026 թվականի որոշմամբ տեղափոխվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 23.06.2026 թվականին։

Խորհրդի 23.06.2026 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 16.07.2026 թվականին, որի ընթացքում բավարարվել է Խորհրդի անդամ Ա. Հայրապետյանի՝ Դատավորի հետ ունեցած ընկերական հարաբերությունների հիմքով ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

Խորհրդի 16.07.2026 թվականի արձանագրային որոշմամբ վարույթի մասնակցի մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով Դատավորի միջնորդությամբ գործի մի մասը քննվել է դռնփակ դատական նիստում։ Նույն նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 21.07.2026 թվականը:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 3-րդ մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 299-րդ հոդվածի 1-ին մասը, ՔԴՕ 302-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասը, ՔԴՕ 304-րդ հոդվածի 4-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ վերոգրյալ իրավանորմերի համադրությունից հետևում է, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են դատական կարգով բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի սպառիչ ցանկը, որոնց քննության և լուծման համար օրենսդիրը նախատեսել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր ընթացակարգեր։ Միաժամանակ հարկ է նշել, որ մինչդատական ակտերի վիճարկման դեպքում դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու, գործը քննելու և լուծելու համար օրենսդիրը նախատեսել է հստակ ժամկետներ։ Մասնավորապես, ի թիվս այլ որոշումների, համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կայացնել մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, իսկ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը դատարանը պարտավոր է կայացնել վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, և այն անհապաղ հանձնել կամ ուղարկել դատական ակտի հասցեատերերին։

Նախարարը նշել է, որ Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր տպավորություն ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։ Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։ Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է դատական իշխանության հեղինակազրկման։ Այլ կերպ՝ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված միայն այն դեպքում, երբ գործի քննությունը և լուծումն իրականացվում են առանց անհարկի ձգձգումների, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու արդարադատության հանդեպ վստահությունը, և միևնույն ժամանակ քննության արդյունքում կայացված դատական ակտն օրենքով սահմանված կարգով, եղանակներով և ժամկետներում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին։

Նախարարը նշել է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքում որոշումը չի կայացվել վարույթ հարուցելուց հետո մեկ ամսվա ընթացքում և մինչդատական ակտի վիճարկման վարույթի շրջանակներում 19.12.2025 թվականով թվագրված որոշումը բողոք ներկայացրած կողմին ուղարկվել է միայն 14.04.2026 թվականին: Տվյալ դեպքում, Հաղորդման, դրան կից ներկայացված նյութերի, ինչպես նաև Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Լիազոր մարմնին տրամադրված Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 27.11.2025 թվականին Դատավորը որոշում է կայացրել մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին և այն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Միաժամանակ, Դատարանը վարույթի հանրային մասնակցին պարտավորեցրել է մինչև 18.12.2025 թվականը ներառյալ Դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութերը։ Դատավորը 19.12.2025 թվականով թվագրված որոշմամբ մերժել է Էդգար Ղազարյանի բողոքը, և նշված որոշումը Հաղորդում ներկայացրած անձին է ուղարկվել միայն 14.04.2026 թվականին, այսինքն՝ նախատեսված ժամկետից 3 ամիս 26 օր անց։ Միաժամանակ հարկ է նշել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1 Ե-4456 գրության համաձայն՝ Գործով 19.12.2025 թվականի որոշումը «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային համակարգում տեղադրվել է 29.04.2026 թվականին։

Նախարարը նշել է, որ արդյունքում ստացվում է, որ Դատավորը թեև 3 ամիս 26 օր անց դատավարության կողմերին ուղարկել է 19.12.2025 թվականով թվագրված որոշումը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն նաև «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային համակարգում տեղադրվել է 29.04.2026 թվականին՝ նշված փաստական տվյալների համակցության արդյունքում կարելի է գալ ողջամիտ հետևության առ այն, որ համապատասխան դատական ակտն իրականում չի կայացվել 19.12.2025 թվականին, այլ պարզապես թվագրվել է այդ ամսաթվով և Հաղորդում ներկայացրած անձին է տրամադրվել միայն Լիազոր մարմնի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո, հակառակ դեպքում՝ Հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատավորի աշխատակազմ կատարած հեռախոսազանգերից անմիջապես հետո այն կտրամադրվեր, եթե նույնիսկ Դատավորի աշխատակազմի աշխատակիցների պատճառով այն չէր ուղարկվել օրենքով սահմանված ժամկետում։

Վերոգրյալի արդյունքում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատարանի կողմից խախտվել են Գործի քննությունն օրենքով սահմանված սեղմ ժամկետում իրականացնելու և լուծելու, դատական ակտը դատավարության մասնակիցներին հասանելի դարձնելու վերաբերյալ դատավարական իրավունքի նորմերի պահանջները։

Սահմանադրական դատարանը 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը։ Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ, ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine. Applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն․ այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը, ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (օրինակ, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է՝ ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից։ Չնայած դրան, դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ։ Մասնավորապես, դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը։

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքն ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ անդրադառնալով օրենքով սահմանված հստակ դատավարական ժամկետների պահպանման հարցին՝ արձանագրել է, որ. «(...) օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն։ Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը)։ Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:»:

Նախարարը նշել է, որ վկայակոչված իրավական նորմերից բխում է, որ դատավորը պարտավոր է ապահովել գործերի քննության ողջամիտ ժամկետը՝ գործադրելով անհրաժեշտ ջանք և վերահսկողություն՝ դատավարական գործընթացի արդյունավետ կազմակերպման և կողմերի դատավարական իրավունքների ապահովման նպատակով։

Այլ կերպ ասած՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի երաշխավորումը՝ անկախ դատարանի կազմակերպչական կարողություններից, ուղղակիորեն կախված է հենց դատավորի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարումից։ Դատավորը, հանդիսանալով դատավարության ղեկավարող անձը, պարտավոր է ապահովել, որ դատավարական գործողությունները կատարվեն առանց անհարկի ձգձգումների, իսկ դատական ակտերը՝ ուղարկվեն սահմանված ժամկետներում՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Ինչպես արդեն նշվել է՝ Դատավորը քննարկվող որոշումը Հաղորդում ներկայացրած անձին ուղարկել է ՔԴՕ 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնի էական խախտմամբ՝ 3 ամիս 26 օր անց։ Նախարարը նշել է, որ արդյունքում ստացվում է, որ Դատավորը 19.12.2025 թվականի որոշումը դատավարության կողմերին փաստացի ուղարկել է Լիազոր մարմնի 10.04.2026 թվականի թիվ 35-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո միայն։ Նման պայմաններում Նախարարը գտել է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու վարքագծի կանոնի խախտում, որն ինքնին հեղինակազրկում և վարկաբեկում է դատական իշխանությունը։

Նախարարը նշել է, որ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դատական ակտը նախատեսված ժամկետից ուշ կողմին տրամադրելու արդյունքում սահմանափակվել է նաև վերջինիս վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքը այն հանգամանքի հաշվառմամբ, որ կողմը ունի ողջամիտ ակնկալիք, որ իր գործով կայացրած որոշումն օրենքով սահմանված ժամկետներում իրեն հասանելի կդառնա, ինչի արդյունքում վերջինս հնարավորություն կունենա իրացնելու իր բողոքարկման իրավունքը։

Ամփոփելով ամբողջ վերոգրյալը՝ Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորի կողմից թույլ են տրվել ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասով, 304-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։

Անդրադառնալով մեղքի ձևին՝ Նախարարը անհրաժեշտ է համարել նշել հետևյալը.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69֊րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Նախարարը գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի, ինչպես նաև վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմի և վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Անդրադառնալով ներկայացված Բացատրությանը՝ Նախարարը հարկ է համարել նշել հետևյալը.

Բացատրությամբ Դատավորի կողմից 3.1 կետում նշված դիրքորոշման կապակցությամբ հարկ է նշել, որ ՔԴՕ 304-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդրի կողմից ամրագրված ուղղակի պահանջ է մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքում կայացված որոշումը դատական վարույթի կողմերին անհապաղ հանձնելը կամ ուղարկելը, ուստի հարկ է արձանագրել, որ Դատավորի՝ 22.12.2025-05.01.2026 թվականներն ընկած ժամանակահատվածում արձակուրդում գտնվելու հանգամանքը կամ վարույթում առկա քրեական գործերի քանակը որևէ կերպ չեն խոչընդոտել որոշման՝ դատական վարույթի կողմերին՝ դրա կայացումից հետո անհապաղ ուղարկելու պարտավորության կատարմանը, մանավանդ այն դեպքում, երբ, ըստ Դատավորի, այն կայացված է եղել հենց դատական ակտում նշված ամսաթվին։

Անդրադառնալով Բացատրությամբ Դատավորի կողմից 3.2 կետում նշված դիրքորոշմանը՝ Նախարարը նախ հարկ է համարել նշել, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշման 19.12.2025 թվականին կայացված լինելու պայմաններում, այն ոչ թե ուշ է ուղարկվել դատական վարույթի կողմերին համապատասխան աշխատակցի կողմից, այլ ուշ է տրամադրվել համապատասխան աշխատակցին՝ դատական վարույթի կողմերին ուղարկելու համար։ Մասնավորապես՝ տվյալ որոշումը ենթակա էր անհապաղ հանձնման կամ ուղարկման, իսկ դա նշանակում է, որ գործողություններ պետք է ձեռնարկվեին դեռ 19.12.2025 թվականին՝ որոշման կայացումից անմիջապես հետո։ Մինչդեռ, Դատավորի պնդմամբ բողոքաբերն այդ որոշումը ստացել է 16.04.2026 թվականին, որովհետև աշխատակցի կողմից այն ուշ է ուղարկվել։ Նախարարն ընդգծել է, որ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Դատավորն արդարացնում է սույն որոշումը դատական վարույթի կողմերին ուղարկելուն ուղղված գործողություններն իր կողմից միայն 05.01.2026 թվականին սկսել ձեռնարկելը, սակայն նշում է, որ ուշացումը պայմանավորված է եղել աշխատակցի գործողություններով։ Նման պայմաններում Նախարարը հարկ է համարել արձանագրել, որ 19.12.2025 թվականին կայացված որոշումը դատական վարույթի կողմերին ուղարկելու համար աշխատակցին 05.01.2026 թվականին տրամադրելն արդեն իսկ խախտում է օրենսդրի պահանջը։

Բացի այդ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր 05.05.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4 որոշմամբ արձանագրել է. «Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ չբացառելով նշված գործընթացում Դատարանի աշխատակազմի թերացումները՝ պայմանավորված աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չեն կարող մեկնաբանվել որպես դատավորի վարքագծի կանոնների առերևույթ կոպիտ խախտման առկայություն Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի նման պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար», նույն օրենքի 67-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը»։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ»։ Դատավորը հանդիսանում է իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, հետևաբար պարտավոր է նաև վերահսկել վերջիններիս գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման համար»։

Խորհուրդն իր 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ նշել է հետևյալը. «դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին և պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը»։

Խորհուրդն իր մեկ այլ 22.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշմամբ արձանագրել է, որ «դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա։ Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է անձի իրավունքների և ազատությունների իրականացման ապահովման հետ։ Արդարադատություն իրականացնելը չպետք է ընկալվի զուտ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող դատական ակտի կայացման ձևով։ Արդարադատության իրականացումը ոչ ամբողջական, այլ փուլային ձևաչափով դիտարկելու պարագայում, հստակ է, որ յուրաքանչյուր գործով և յուրաքանչյուր փուլում դատարանի կողմից իրականացված ցանկացած ոչ պատշաճ գործողություն կարող է խաթարել արդարադատության իրականացումը, ինչպես նաև դրա ողջ տրամաբանությունը։ Դատավորը կայացնելով համապատասխան որոշում, թե օրենքով նախատեսված կարգով և թե իրավունքի իրացման ամբողջական տրամաբանության լույսի ներքո պարտավոր է դատավարության բոլոր շահագրգիռ կողմերին տեղյակ պահել իր կայացրած դատական ակտի մասին»։

Դատավորի՝ իր աշխատակազմի նկատմամբ ունեցած լիազորությունների վերաբերյալ վերոգրյալ դիրքորոշումը գնահատելով Խորհրդի որոշումների լույսի ներքո՝ Նախարարը արձանագրել է, որ դատավորն իր աշխատակազմի անմիջական ղեկավարն է, ուստի աշխատակազմի անդամների գործունեության կազմակերպման և նրանց գործողությունների նկատմամբ անմիջական վերահսկողության պատասխանատվությունը կրում է հենց դատավորը։ Ավելին՝ դատական ակտի՝ սահմանված ժամկետում կայացված լինելու պայմաններում անգամ դատավորը պարտավոր է նաև վերահսկել իր աշխատակազմի գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման, տվյալ դեպքում՝ դատական ակտի՝ օրենսդրի կողմից սահմանված ժամկետում դատական վարույթի կողմերին հասանելի դարձնելու պարտավորության կատարումը։

Այլ կերպ, դատավորի ծանրաբեռնվածությունը կամ աշխատակազմի բացթողումները չեն կարող համարվել օբյեկտիվ կամ արդարացնող հանգամանք այն պարտականության չկատարման համար, որն ուղղակիորեն բխում է դատավորի պաշտոնից և սահմանված է օրենքով։

Այսպես, հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ըստ որոնց դատավորը կրում է ամբողջական պատասխանատվություն իր աշխատակազմի թե' գործողությունների և թե' անգործության համար, ինչպես նաև այն հանգամանքը, որ Դատավորը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դատական ակտերի պատշաճ և սահմանված ժամկետում ուղարկելու ուղղությամբ, կարելի է եզրակացնել, որ վերջինիս գործողություններում առկա են՝ ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասով, 304-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։

Ինչ վերաբերում է Դատավորի՝ առողջական խնդիրներ ունենալու հանգամանքով պայմանավորված բժշկական հետազոտություններ անցնելուն, ապա հարկ է արձանագրել, որ Դատավորի կողմից չի տրամադրվել քննարկվող փաստարկը հիմնավորող որևէ ապացույց, ինչը Լիազոր մարմնին հնարավորություն կտար քննարկվող հանգամանքի առկայության պայմաններում գնահատել դրա ազդեցությունը Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների վրա։

Այսպիսով, ամփոփելով Դատավորի Բացատրության վերաբերյալ վերը ներկայացված դիրքորոշումները՝ Նախարարը գտել է, որ Բացատրությամբ ներկայացված փաստարկները, փաստերը և պատճառաբանությունները չեն կարող ընդունվել Լիազոր մարմնի կողմից։

Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը, իսկ Դատավորի կողմից առողջական խնդիրների վերաբերյալ հայտնված տեղեկատվության կապակցությամբ նշել է, որ դրանք բավարար չեն կարգապահական խախտումը բացառելու համար:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը, վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ մասնավորապես, նշել է, որ.

- 19.12.2025 թվականին Դատարանի կողմից կայացվել է Էդգար Ղազարյանի բողոքը մերժելու մասին որոշում, որին հաջորդող աշխատանքային օրվանից մինչև 05.01.2026 թվականը Դատավորը գտնվել է արձակուրդում։

- 05.01.2026 թվականից մինչև 11.01.2026 թվականն ընկած ժամանակահատվածում մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների քննությունն իրականացնելու համար հերթապահության ժամանակացույցով սահմանված կարգով հերթապահություն է իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում։

- Դատավորի կողմից քննվել են տարբեր բարդության շուրջ 160 քրեական գործեր, որոնց թվում են եղել հանրային հնչեղություն ունեցող, ինչպես նաև բազմադրվագ, մեծածավալ և վարույթի մեծաքանակ մասնակիցներով քրեական գործեր։ Վերոնշյալ գործերից որոշները եղել են առանձնակի բարդության, իսկ ավելի քան երեք տասնյակ քրեական գործերով դատավարությանը մասնակցող անձանց թիվը յուրաքանչյուր գործով անցել է մեկ տասնյակը։

- Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների քննությամբ պայմանավորված՝ որոշումն ուղարկելու տվյալ շաբաթը մեծ ծանրաբեռնվածություն է եղել, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում, այնուամենայնիվ, փորձ է արվել հնարավորինս ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննության պարտականությունը, ինչի արդյունքում հերթապահության օրերին ևս մինչդատական վարույթի միջնորդությունների քննության հետ միաժամանակ նշանակվել է միջինում 5-6 դատական նիստ: Որոշ գործերի տևական քննությամբ, մինչդատական վարույթով պայմանավորված ծանրաբեռնվածության կտրուկ մեծացմամբ և նմանատիպ այլ հանգամանքներով պայմանավորված՝ Դատավորի կողմից տվյալ շաբաթվա ընթացքում հնարավոր չի եղել մեծ չափով վերահսկողություն իրականացնել աշխատակիցների պարտականությունների կատարման նկատմամբ, որպիսի պայմաններում Գործով 19.12.2025 թվականի որոշումը 05.01.2026 թվականին տրվել է համապատասխան աշխատակցին՝ այն դատավարության մասնակիցներին ուղարկելու համար, սակայն վերջինիս կողմից որոշումն ուշ ուղարկվելու արդյունքում բողոքաբերն այն ստացել է միայն 16.04.2026 թվականին։

- 22.12.2025 թվականից մինչև 30.03.2026 թվականն ընկած ժամանակահատվածում առողջական խնդիրներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ Դատավորը պարբերաբար անցել է բժշկական հետազոտություններ, ինչը ևս ազդեցություն է ունեցել աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման՝ աշխատակազմի աշխատակիցների աշխատանքի վերահսկման վրա։

Դատավորը նիստի ընթացքում պնդել է ներկայացված վերոնշյալ փաստարկները:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1. Էդգար Ղազարյանը 19.11.2025 թվականին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Համզոյանի 21.10.2025 թվականի «Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրավոր իրազեկում» վարութային ակտի, ինչպես նաև ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանի 11.11.2025 թվականի «Բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ։

4.2. Նշված բողոքը 21.11.2025 թվականին մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և նույն օրը թիվ ԵԴ1/0597/11/25 համարի ներքո մակագրվել և 24.11.2025 թվականին հանձնվել է Դատավորի աշխատակազմին։

4.3. Դատավորի կողմից 27.11.2025 թվականին կայացվել է «Մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին» որոշում, որով վարույթի հանրային մասնակցին պարտավորեցվել է մինչև 18.12.2025 թվականը Դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութերը։

4.4. 27.11.2025 թվականից մինչև 31.03.2026 թվականը՝ Նախարարությունում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ստացման օրը, Դատարանը Հաղորդում ներկայացրած անձին չի տրամադրել Գործի շրջանակներում կայացված որևէ որոշում։

4.5. Հաղորդում ներկայացրած անձի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկությունների համաձայն՝ «Բողոքը քննության առնելու մասին» Դատավորի 19.12.2025 թվականի որոշումը վերջինիս կողմից ստացվել է 16.04.2026 թվականին:

4.6. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից Լիազոր մարմնին հասցեագրված՝ 19.05.2026 թվականի պատասխան գրությանը կից տրամադրված՝ «Բողոքը քննության առնելու մասին» որոշման պատճենի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Դատարանի կողմից 19.12.2025 թվականի թվագրմամբ կայացվել է որոշում, որով մերժվել է Էդգար Ղազարյանի բողոքը (այսուհետ նաև՝ Դատական ակտ)։ Բացի այդ, կից ներկայացված՝ «Բողոքը քննության առնելու մասին» 19.12.2025 թվականի որոշման՝ դատական վարույթի կողմերին տրամադրելը հավաստող փաստաթղթերի պատճենների ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատական ակտը դատական վարույթի կողմերին է ուղարկվել միայն 14.04.2026 թվականին, իսկ Էդգար Ղազարյանի կողմից ստացվել է 16.04.2026 թվականին՝ համաձայն կից ներկայացված ծանուցագրի։

4.7. Դատական դեպարտամենտի ղեկավարի 05.06.2026 թվականի թիվ ԴԴ-1 Ե-4456 գրության համաձայն՝ Գործով «Բողոքը քննության առնելու մասին» Դատավորի 19.12.2025 թվականի որոշումը «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում տեղադրվել է 29.04.2026 թվականին՝ ժամը 16։43-ին։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է (են) տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,

5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) իր (իրենց) հերթին հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման։

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցած մարմնի ներկայացուցչի, Դատավորի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Օրենսգրքի 89-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը։

Խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում՝ դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը նաև վերահաստատում է, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդը, հաշվի առնելով իր սահմանադրական առաքելությունը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պարտավոր է իրականացնել այնպես, որ պահպանվեն դատավորի և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները։ Այդ լիազորության իրականացումը պետք է բացառի դատավորի կարգապահական պատասխանատվությունն այն դեպքերում, երբ վերջինս, գործելով իր լիազորությունների շրջանակներում, բարեխղճորեն մեկնաբանել և կիրառել է օրենքը, ինչպես նաև ապահովի նրա պաշտպանվածությունն անհիմն կարգապահական հետապնդումից՝ կանխելով կարգապահական վարույթի օգտագործումը որպես դատական գործունեության վրա ազդեցության միջոց։

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ և դրան կից նյութերով ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...)։

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտնելու հիմքեր, իսկ նույն մասի 6-րդ կետի համաձայն՝ առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանության համաձայն՝ դատավորն իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումների պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը։ Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները։ Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների։

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ գործը դատավորի կողմից ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունը ենթադրում է դատական վարույթի ամբողջական իրականացում՝ սկսած գործը դատարանի վարույթ ընդունելու պահից մինչև քննության արդյունքում կայացված դատական ակտը կողմերին պատշաճ կերպով հանձնելը և օրենքով սահմանված կարգով հանրությանը հասանելի դարձնելը։ Ուստի գործի քննության ողջամիտ ժամկետի գնահատումը չի կարող սահմանափակվել միայն գործի փաստացի քննության ավարտով և դատական ակտի կայացման փաստով, քանի որ դատական պաշտպանության արդյունավետությունը պահանջում է, որ դատական ակտը ոչ միայն կայացվի, այլև իր իրավական նշանակությանը համապատասխան հասանելի դառնա կողմերին և հանրությանը։ Հետևաբար, դատական ակտի ձևական կայացումը, եթե այն չի հանձնվել կողմերին կամ օրենքով սահմանված կարգով հասանելի չի դարձել հանրությանը, ինքնին չի կարող վկայել դատավորի կողմից գործը ողջամիտ ժամկետում և ամբողջականությամբ քննելու պարտականության պատշաճ կատարման մասին։

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ։ Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունն իր մեջ ներառում է ոչ միայն պատշաճ և ժամանակին քննության իրականացում, այլ նաև գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում։

Անդրադառնալով արդարադատության մատչելիության՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման կարևոր նախապայմանի, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդիրներին Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշմամբ արձանագրել է, որ հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնք հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

10.03.2016 թվականի ՍԴՈ-1257 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ դատարան դիմելն անձի իրավունքն է, որի իրացումն օրենքով նախատեսված իրավական գործընթաց է, պայմանավորված չէ դատական կամ հանրային իշխանության այլ մարմնի հայեցողությամբ, և որի իրացմամբ առաջացած իրավական հետևանքները պարտադիր են ինչպես դիմող անձի, դատավարության մյուս մասնակիցների, այնպես էլ դատարանի համար (...): Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար (...), իսկ 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է նաև, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը1։

ՔԴՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատական բողոքարկման ենթակա է նաև ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու մասին մինչդատական ակտը։

ՔԴՕ 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, որում նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

ՔԴՕ 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով (...), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։

ՔԴՕ 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն, իսկ 4-րդ մասի համաձայն՝ բանավոր ընթացակարգով բողոքի քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, վիճարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) հանրային մասնակցին, քննիչին և հսկող դատախազին:

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հստակ կարգավորել է մինչդատական ակտը վիճարկելու վարույթի ընթացակարգը, դրա իրականացման եղանակն ու ժամկետները՝ միաժամանակ արձանագրելով դրա արդյունքում կայացված որոշումը վարույթի մասնակիցներին անհապաղ հանձնելու կամ ուղարկելու անհրաժեշտությունը։

Խորհուրդն ինչպես նախկինում, այնպես էլ սույն գործով վերստին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել կամայականության վտանգը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջնարդյունքում ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, այսինքն՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Սույն վարույթով Դատավորը թիվ ԵԴ1/0597/11/25 դատական գործով 2025 թվականի նոյեմբերի 27-ին կայացրել է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում և արձանագրել, որ բողոքի քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով և միաժամանակ վարույթի հանրային մասնակցին պարտավորեցրել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ Դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութերը։

Բողոքի քննության արդյունքում որոշումը ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատավորի կողմից պետք է կայացվեր վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։ Այդուհանդերձ, հիշյալ դատական գործով 2025 թվականի դեկտեմբերի 19-ով թվագրված որոշումը դատավարության կողմերին է ուղարկվել 2026 թվականի ապրիլի 14-ին, իսկ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային համակարգում հրապարակվել է 2026 թվականի ապրիլի 29-ին, այսինքն՝ Լիազոր մարմնի կողմից սույն գործով կարգապահական վարույթի հարուցումը նախաձեռնելուց հետո:

Անդրադառնալով դատական ակտերի կայացման, հրապարակման և կողմերին տրամադրելու օրենքով սահմանված ժամկետները չպահպանելու խնդրին՝ Խորհուրդն իր 12.06.2026 թվականի ԲԴԽ-42-Ո-Կ-21 որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկման առարկա դառնա՝ հաշվի առնելով գործի բոլոր փաստական և իրավական հանգամանքները, դրանց համակցված վերլուծությունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք ժամկետների խախտումը պայմանավորված է եղել դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներով, թե հանդիսացել է դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման առարկա պետք է լինի ոչ միայն խախտման փաստը, այլ նաև դրա պատճառները, գործի առանձնահատկությունները, դատավորի դրսևորած վարքագիծը, խախտման տևողությունը և բնույթը։

Տվյալ դեպքում, Խորհուրդը փաստում է, որ թիվ ԵԴ1/0597/11/25 դատական գործով անձի կողմից մինչդատական ակտը վիճարկելու բողոքի վերաբերյալ որոշումը Դատավորը 2025 թվականի դեկտեմբերի 19-ի փոխարեն, ըստ էության, կայացրել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից շուրջ 3 ամիս 26 օր ուշացումով, այն է՝ 2026 թվականի ապրիլի 14-ին, որպիսի հանգամանքն ուղղակիորեն հանգեցրել է ՔԴՕ 303-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մինչդատական ակտը վիճարկելու բողոքի քննությունն իրականացնելու ժամկետի, ինչպես նաև ՔԴՕ 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը բողոքը ներկայացրած անձին ուղարկելու սահմանված ժամկետի խախտումների։

Սույն գործով անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ ունեցած աշխատանքային ծանրաբեռնվածության և առողջական խնդիրներով պայմանավորված չի կարողացել վերահսկել իր աշխատակազմի կողմից Դատարանի կողմից կայացված որոշման օրինակները դատավարության կողմերին ուղարկելու և դատական համակարգ ներբեռնելու գործընթացը, ապա Խորհուրդն իր 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «…դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը:»:

Ուստի Դատավորը, հանդիսանալով իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, պարտավոր է նաև վերահսկել վերջիններիս գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման համար և տվյալ դեպքում հետամուտ լինել իր վարույթում առկա գործերով դատական ակտերի օրենքով սահմանված կարգով հրապարակման և դատավարության կողմերին դատական ակտերն ուղարկելու գործընթացին:

Միաժամանակ, անդրադառնալով Դատավորի կողմից մատնանշված այլ փաստարկներին, Խորհուրդը գտնում է, որ դրանք չեն բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ և հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլիներ տվյալ իրավիճակում Դատավորի կողմից կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ։ Մասնավորապես, Դատավորի առողջական վիճակի, գործերի քանակի, դրանց բարդության, դատական համակարգում, ինչպես նաև Դատարանում առկա ընդհանուր ծանրաբեռնվածության աստիճանի և այլ համադրելի ցուցանիշների գնահատմամբ, Խորհուրդը հանգում է եզրակացության, որ դրանք չեն կարող օբյեկտիվորեն բացառել օրենքով սահմանված ժամկետների պահպանումը։

Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԴ1/0597/11/25 դատական գործով անձի կողմից մինչդատական ակտը վիճարկելու բողոքի վերաբերյալ որոշումը Դատավորի կողմից օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից շուրջ 3 ամիս 26 օր ուշացումով կայացնելու և այն բողոքը ներկայացրած անձին օրենքով սահմանված ժամկետի խախտումով ուղարկելու արդյունքում, Դատավորը խախտել է դատավորի վարքագծի՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կանոնները։

Քննարկելով մեղքի ձևը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Տվյալ դեպքում Դատավորն իրեն վերագրվող խախտումը կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել՝ այնքանով, որքանով հստակ իրավակարգավորումների պայմաններում չի պահպանել դրանց պահանջները։

Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ (Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մաս):

Խորհուրդը գտնում է, որ Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից էական նշանակություն ունեն խախտման բնույթը, մեղքի աստիճանը, խախտման տևողությունն ու հետևանքները, դատավարության մասնակիցների իրավունքների ու արդարադատության շահի վրա դրա ազդեցությունը։

Նշվածի համատեքստում Խորհուրդն, անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումների հետևանքին, արձանագրում է, որ տվյալ պարագայում խախտումների տևողությունն ինքնին բացառում է դրանց հետևանքների բացակայությունը, քանի որ կատարված խախտումներն իրենց բնույթով բացասաբար են անդրադառնում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության պահպանման, ամրապնդման և դատական իշխանության հեղինակության ապահովման վրա։

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին հայտարարել նախազգուշացում:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

_______________

1 Տես՝ Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019; Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱն ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝

Անդամներ`

Ա․ ԱթաբեկՅԱՆ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

 

 

ԴԵՄ (ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ)

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: