ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3818-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
03.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3818-Ա

«03» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մկրտիչ Մարիկյանի 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68659-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է բողոքի քննություն:

2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68659-26 դիմումի (այսուհետ՝ Դիմում) քննության շրջանակներում 2026 թվականի հուլիսի 22-ին հրավիրվել են լսումներ, որի մասին պատշաճ ծանուցված Մկրտիչ Մարիկյանը (ծանուցման փոստային առաքանի թիվ LO134251389AM) լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով Դիմումը և գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումով Մկրտիչ Մարիկյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 13-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեում կայանված «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը:

2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումը Մկրտիչ Մարիկյանը ներկայացրել է Խնգիանոս Մարիկյանի անունից, սակայն դիմումին կից չեն ներկայացվել Խնգիանոս Մարիկյանի անունից հանդես գալու իրավասություն սահմանող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, դիմումին կից ներկայացված օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված օրինակներ, վնասված ավտոմեքենայի հետքաբանական փորձագիտական եզրակացություն:

Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 22-ի N 3088-Ա որոշմամբ 2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:

Երևանի քաղաքապետարան ներկայացված Դիմումով Մկրտիչ Մարիկյանը խնդրել է վերանայել Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 22-ի N 3088-Ա որոշումը և փոխհատուցել առաջացած վնասը, սակայն Դիմումին կից չեն ներկայացվել Խնգիանոս Մարիկյանի անունից հանդես գալու իրավասություն սահմանող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, դիմումին կից ներկայացված օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված օրինակներ, վնասված ավտոմեքենայի հետքաբանական փորձագիտական եզրակացություն:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 22-ի N 3088-Ա որոշման հիմքում դրվել են Մկրտիչ Մարիկյանի՝ «BMW» մակնիշի «PP 205 TP» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը հանդիսանալու փաստն ապացուցված չլինելու և Խնգիանոս Մարիկյանի անունից հանդես գալու՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր ներկայացված չլինելու հանգամանքները, որպիսիք բավարար հիմք են հանդիսացել 2026 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-52441-26 դիմումի մերժման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, և ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով: Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաև դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

Ներկայացված Դիմումով չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 22-ի N 3088-Ա որոշմամբ քաղաքացի Մկրտիչ Մարիկյանի իրավունքները խախտված լինելու հանգամանքը, ինչպես նաև չի հիմնավորվել բողոքարկված որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի անվավերությանը հանգեցնող որևէ հիմքի առկայության պայմաններում ընդունված լինելու հանգամանքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ, 42-րդ, 43-րդ, 69-րդ, 75-րդ հոդվածներով և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Մկրտիչ Մարիկյանի 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68659-26 դիմումը մերժել և Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 22-ի N 3088-Ա որոշումը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ