ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3763-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3763-Ա

«31» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Լուսինե Եղիազարյանի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68203-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Լուսինե Եղիազարյանի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68203-26 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից և լսումների ընթացքում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 17-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Լսումների ընթացքում Լուսինե Եղիազարյանը, հիմք ընդունելով 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68203-26 դիմումում նկարագրված փաստերը և «ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2026 թվականի հուլիսի 16-ին կազմված ապրանքագիտական և հետքաբանական թիվ 26-007ԱՊՀ եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել 2026 թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 10:15-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 682.000 (վեց հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև նշված եզրակացության դիմաց վճարված գումարը, որը կազմում է 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:

2016 թվականի հունիսի 16-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ HB924262 վկայագրի համաձայն՝ «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Լուսինե Եղիազարյանի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանի կողմից 2026 թվականի հունիսի 9-ին կազմվել է «Հասցե այցելելու մասին» արձանագրություն, իսկ 2026 թվականի հունիսի 14-ին նույն բաժնի պետին ներկայացվել է զեկուցագիր, համաձայն որոնց՝ 2026 թվականի հունիսի 9-ին Լուսինե Եղիազարյանից ստացված ահազանգի կապակցությամբ այց է կատարվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցե, որտեղ վերջինս հայտնել է, որ նշված հասցեում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա ճառի ճյուղ է ընկել, ինչի արդյունքում վնասվել են ավտոմեքենայի աջ և ձախ տանիքի ու դռների հատվածները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2026 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-68203-26 գրության համաձայն՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից 2026 թվականի հուլիսի 7-ին տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցեում 2026 թվականի հունիսի 9-ին կոտրվելու հետևանքով քաղաքացի Լուսինե Եղիազարյանին պատկանող «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկած ճապոնական սոֆորայի կենսունակ ճյուղը կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել նշված տարածքից:

«ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հուլիսի 16-ի ապրանքագիտական և հետքաբանական թիվ 26-007ԱՊՀ եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետում փորձագետը նշել է, որ ընդհանրացնելով հետազոտության արդյունքները՝ «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերված վնասվածքներում և հետքերում արտահայտված հատկանիշներից, դրանց բնույթից և առաջացման մեխանիզմից, ինչպես նաև հաշվի առնելով տեսագրությունում երևացող տվյալները՝ այն տեղամասը, որտեղ վայր է ընկնում ծառի ճյուղը, որոնք հիմնականում համապատասխանում են «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետազոտությամբ հայտնաբերված և վերը նկարագրված վնասվածքների և հետքերի տեղակայություններին, հիմք են տալիս եզրակացնելու, ու նշված ավտոմեքենայի հետազոտությամբ հայտնաբերված վնասվածքները և հետքերն առաջացել են տեսագրությունում երևացող ծառի ճյուղի վայր ընկնելու՝ հարվածային ներգործության հետևանքով:

«ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հուլիսի 16-ի ապրանքագիտական և հետքաբանական թիվ 26-007ԱՊՀ եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետում փորձագետը նշել է, որ փորձաքննությանը ներկայացված «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ, կազմել է շուրջ 682.000 (վեց հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամ:

Լուսինե Եղիազարյանի և «ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2026 թվականի հուլիսի 13-ին կնքված՝ ծառայությունների մատուցման թիվ 26-007ԱՊՀ պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն՝ ծառայության գինը փոխադարձ համաձայնությամբ կազմում է 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, որը Լուսինե Եղիազարյանի կողմից վճարվել է 206 թվականի հուլիսի 15-ին:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68203-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ստացված ապացույցներով հիմնավորվում է Լուսինե Եղիազարյանի սեփականությունը հանդիսացող «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68203-26 դիմումին կից ներկայացված՝ «Մեգնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի հունիսի 11-ին տրված տեղեկանքին, ըստ որի՝ «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասված հատվածների պահեստամասերի և աշխատանքների արժեքը կազմում է 1.165.000 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, ապա այն չի հանդիսանում վնասի չափը հիմնավորող պատշաճ ապացույց և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթի լսումների ընթացքում Լուսինե Եղիազարյանը, որպես վնասի չափը հիմնավորող ապացույց, հիմք է ընդունել «ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հուլիսի 16-ի ապրանքագիտական և հետքաբանական թիվ 26-007ԱՊՀ եզրակացությունը, ուստի «Մեգնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հունիսի 11-ի տեղեկանքը չի դիտարկվում վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված ապացույց և չի ենթարկվում առանձին գնահատման:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2026 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-68203-26 գրությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանի կազմած՝ 2026 թվականի հունիսի 9-ի «Հասցե այցելելու մասին» արձանագրությունը և 2026 թվականի հունիսի 14-ի զեկուցագիրը, «ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հուլիսի 16-ի ապրանքագիտական և հետքաբանական թիվ 26-007ԱՊՀ եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Լուսինե Եղիազարյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2026 թվականի հունիսի 1-ի թիվ Դ-68203-26 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «ԳԱԲԷՔՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հուլիսի 16-ի ապրանքագիտական և հետքաբանական թիվ 26-007ԱՊՀ եզրակացության համաձայն՝ «Renault» մակնիշի «30 GG 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 682.000 (վեց հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Լուսինե Եղիազարյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան