ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3764-Ա |
«31» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանի 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68971-26 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2026 թվականի հուլիսի 20-ին հրավիրվել է լսումներ, որին ներկայացել և մասնակցել է Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանը (այսուհետ՝ նաև Դիմումատու):
Ուսումնասիրելով Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանի 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68971-26 դիմումը, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 20-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68971-26 դիմումով (այսուհետ՝ նաև Դիմում), ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում հայտնած դիրքորոշմամբ, Դիմումատուն, հիմք ընդունելով Դիմումում նկարագրված փաստերը, պահանջել է փոխհատուցել Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի ««Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու մասին» N ՈԱ-3 որոշմամբ անվավեր ճանաչված ապօրինի վարչական ակտերի և պաշտոնատար անձանց անգործության հետևանքով պատճառված վնասը, որը կազմում է 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Դիմումում նշված փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ապօրինի վարչարարության և դրան հաջորդած ակնհայտ անգործության հետևանքով Սալվատոռ Սարգսյանին և Վահե Սարգսյանին պատճառվել է էական գույքային և ոչ գույքային վնաս, ինչն արտահայտված է հետևյալում.
1) գույքային վնաս (մեքենայից լրիվ զրկում), այն է՝ 207 օր տևողությամբ մեքենան օգտագործելու անհնարինության պատճառով առաջացած վնաս, որը կազմում է 3.105.000 (երեք միլիոն մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ,
2) գույքային վնաս (մասնակի սահմանափակումներ), այն է՝ 100 օր մեքենայի նկատմամբ սահմանափակումների պահպանման պատճառով առաջացած վնաս, որը կազմում է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
3) անմիջական գույքային վնաս և այլ փաստացի ծախսեր, այն է՝ քարշակի ծառայության վճարի, վնասված մարտկոցի փոխարինման արժեքի տեսքով վնաս, որը կազմում է 260.000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ,
4) լրացուցիչ ծախսեր, այն է՝ խորհրդատվությունների, փաստաթղթերի պատրաստման և տվյալ իրադրության հետ կապված այլ կենցաղային ծախսերի տեսքով վնաս, որը կազմում է 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
5) ոչ գույքային բնույթի (բարոյական) վնաս, այն է՝ անչափահասի նկատմամբ 21 (քսանմեկ) ապօրինի որոշումների կայացման, գույքի առգրավման և դրա հետևանքով երեխայի ապրած խորը հոգեբանական ցնցման, երեք անչափահաս երեխաների (որոնցից մեկը՝ աուտիզմով տառապող) միայնակ խնամակալ հանդիսացող 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող հորը (ամուրի) կենսականորեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցից զրկելու, ինչպես նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անգործության արդյունքում միայնակ ծնողին տարբեր դատական ատյաններով ավելի քան 300 օր տևած հոգեբանական ծանրագույն տանջանքների ենթարկելու և ժամանակի կորստի վնաս, որը կազմում է 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ, թիվ ՎԴ/11376/05/25 վարչական գործով վարույթ է ընդունվել Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ անչափահաս Սալվատոռ Վահեի Սարգսյանի նկատմամբ ԵՔԱՏՎ-ի կողմից կայացրած բոլոր որոշումներն առ ոչինչ ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու պահանջի մասին:
Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի ««Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու մասին» N ՈԱ-3 որոշմամբ Սալվատոռ Սարգսյանի նկատմամբ կայացված թիվ Վ-0288462, թիվ Վ-0302775, թիվ Վ-0309402, թիվ Վ-0311776, թիվ Վ-0316914, թիվ Վ-0317331, թիվ Վ-0318829, թիվ Վ-0321750, թիվ Վ-0458189, թիվ Վ-0478843, թիվ Վ-0517772, թիվ Վ-0296129, թիվ ՎՏ-0185624, թիվ ՎՏ-0193723, թիվ ՎՏ-0213146, թիվ ՎՏ-0354489, թիվ ՎՏ-0371149, թիվ ՎՏ-0375596, թիվ ՎՏ-0389143, թիվ ՎՏ-0516079, թիվ ՎՏ-0409406 որոշումները ճանաչվել են անվավեր: Նշված որոշումների անվավերության հիմք է հանդիսացել Սալվատոռ Սարգսյանի՝ մինչև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու պահը տասնվեց տարին լրացած չլինելու, հետևաբար՝ վարչական պատասխանատվության ենթակա չլինելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2026 թվականի հունվարի 19-ի որոշմամբ թիվ ՎԴ/11376/05/25 վարչական գործի վարույթը կարճվել է:
Դիմումատուի կողմից Դիմումին կից և վարույթի ընթացքում չեն ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող ապացույցները:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ նույն օրենքի յոթերորդ բաժնի դրույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի բովանդակությունից և դրա հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյո՞ք Դիմումատուի կողմից հիմնավորվել է, որ.
1) Սալվատոռ Սարգսյանի նկատմամբ կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0288462, թիվ Վ-0302775, թիվ Վ-0309402, թիվ Վ-0311776, թիվ Վ-0316914, թիվ Վ-0317331, թիվ Վ-0318829, թիվ Վ-0321750, թիվ Վ-0458189, թիվ Վ-0478843, թիվ Վ-0517772, թիվ Վ-0296129, թիվ ՎՏ-0185624, թիվ ՎՏ-0193723, թիվ ՎՏ-0213146, թիվ ՎՏ-0354489, թիվ ՎՏ-0371149, թիվ ՎՏ-0375596, թիվ ՎՏ-0389143, թիվ ՎՏ-0516079, թիվ ՎՏ-0409406 որոշումների (այսուհետ՝ Որոշումներ) հետևանքով Դիմումատուն կրել է 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնաս,
2) Դիմումով ներկայացված՝ 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասի հատուցման պահանջն իրենից ներկայացնում է իրական, անհրաժեշտ և ողջամիտ պահանջ,
3) պահանջված 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասը հանդիսանում է Որոշումների անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը,
4) Որոշումների անվավերության և 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը որպես վնաս դիտարկել է խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված ծախսը, գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները (բաց թողնված օգուտ), հետևաբար Դիմումով ներկայացված պահանջի քննարկման շրջանակներում ենթակա է պարզման, արդյո՞ք Դիմումատուի կողմից ներկայացված վնասը համապատասխանում է մեջբերված իրավանորմով նախատեսված վնասի տեսակներից որևէ տեսակի բնորոշմանը:
Դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրվել է Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի ««Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու մասին» N ՈԱ-3 որոշումը, որով անվավեր են ճանաչվել Որոշումները:
Դիմումի բովանդակությունից հետևում է, որ Դիմումատուի ընդհանրական դիրքորոշումը հանգում է նրան, որ պահանջվող վնասն առաջացել է Որոշումներն օրենքի խախտմամբ կայացված լինելու և հարկադիր կատարման ներկայացված լինելու հետևանքով, քանի որ Դիմումատուն 2025 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 11-ը կրել է վնաս, որը դրսևորվել է ավտոմեքենան օգտագործելու անհնարինության ձևով, 2025 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2026 թվականի փետրվարի 19-ը կրել է վնաս ավտոմեքենայի նկատմամբ սահմանափակումների պահպանման ձևով (իրական վնաս), ամբողջ գործընթացի շրջանակներում կրել է խախտված իրավունքների պաշտպանության նպատակով կատարված ծախսերի ձևով վնաս և ոչ գույքային (բարոյական) վնաս:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է բաց թողնված օգուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների մեկնաբանությանը, մասնավորապես, նշելով, որ բաց թողնված օգուտն այն եկամուտն է, որը սեփականատերը քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում կստանար, եթե չխախտվեր նրա իրավունքը: Բաց թողնված օգուտի առկայությունը, այսինքն՝ անձի իրավունքի չխախտման պարագայում եկամտի ստացման իրական հնարավորությունը որոշելը յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները: Մասնավորապես, բաց թողնված օգուտի առկայությունը որոշելու համար նախ և առաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը, կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (տես` Ջուլիետա Պետրոսյանը, Կարեն Դավթյանը և Արման Դավթյանն ընդդեմ Թևոս Սաֆարյանի` պատճառված վնասների հատուցման պահանջի մասին թիվ 3-691(ՎԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
Հիշյալ որոշմամբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նաև նշել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում հաստատել է, որ բաց թողնված օգուտի որոշման ժամանակ իրական մտադրությունը պետք է զուգորդվի իրական հնարավորության հետ: Դա բխում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 4-րդ կետից, որի համաձայն` բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
….
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված օգուտի հաշվարկման ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն, որ բաց թողնված օգուտն այն եկամուտն է, որն այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: »:
Դիմումատուի կողմից չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ պահանջված 3.105.000 ՀՀ դրամ գումարն իրենից ներկայացնում է բաց թողնված օգուտ, քանի որ չի հիմնավորվել բաց թողնված օգուտի ձևով վնասի իրական գոյությունը, չի ապացուցվել մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում ավտոմեքենան վարձույթով տրամադրելու մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03 Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել են հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։
Մասնավորապես, վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ և ողջամիտ։
Իրական՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։
Անհրաժեշտ՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Ողջամիտ՝ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Դիմումով պահանջված՝ 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասից 3.105.000 ՀՀ դրամի չափով գումարը Դիմումատուն պահանջել է որպես բաց թողնված օգուտ, 1.000.000 ՀՀ դրամի և 260.000 ՀՀ դրամի չափով գումարները՝ որպես իրական վնաս, 750.000 ՀՀ դրամի չափով գումարը՝ որպես խախտված իրավունքների պաշտպանության նպատակով կատարված ծախս, իսկ 4.000.000 ՀՀ դրամի չափով գումարը՝ որպես բարոյական վնաս, սակայն նշված վնասների առաջացման և դրանց հաշվարկի կապակցությամբ գրավոր ապացույցներ Դիմումատուի կողմից չեն ներկայացվել:
Նշված հանգամանքների գնահատմամբ կարելի է փաստել, որ Դիմումատուի կողմից Դիմումի հիման վրա իրականացվող վարույթով չեն ներկայացվել վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ փաստաթղթային ապացույցներ, որոնց հետազոտմամբ հնարավոր կլիներ ապացուցված համարել Որոշումների ընդունման հետևանքով, որպես ոչ իրավաչափ վարչական ակտերի ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանք, Դիմումատուի կողմից ավտոմեքենայի վարձույթի օրավարձի չափով 2025 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում 3.105.000 ՀՀ դրամի չափով բաց թողնված օգուտի տեսքով վնաս կրած լինելու, 1.000.000 ՀՀ դրամի և 260.000 ՀՀ դրամի չափով իրական վնաս կրած լինելու, խախտված իրավունքների պաշտպանության նպատակով 750.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախս կատարած լինելու, վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարությամբ արտահայտված գործողությունների (անգործության) հետևանքով Դիմումատուի կողմից 4.000.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնաս կրած լինելու հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում՝ պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.
1) կյանքի իրավունքը.
2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
4) արդար դատաքննության իրավունքը.
5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.
8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
9) սեփականության իրավունքը:
Քննարկվող պարագայում՝ Դիմումատուի կողմից չեն ներկայացվել պատշաճ ապացույցներ, որոնց հետազոտմամբ հնարավոր կլիներ ապացուցված համարել 4.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ոչ նյութական վնաս կրած լինելու և այն վարչական մարմնի՝ անվավեր ճանաչված Որոշումների ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքները:
Այսպիսով, Դիմումի հիման վրա իրականացված վարույթում առկա ապացույցների և դիմումատուի կողմից բանավոր կերպով ներկայացված փաստարկների բազմակողմանի, ամբողջական և լրիվ հետազոտման արդյունքում՝ Դիմումով ներկայացված պահանջը գնահատվում է չապացուցված և չհիմնավորված:
Ինչ վերաբերում է Դիմումի վարույթի շրջանակներում Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանի կողմից ներկայացված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը տրամադրելու պահանջին, ապա այն Դիմումի առարկային անմիջականորեն առնչվող և վնասի փոխհատուցման պահանջին փոխկապակցված պահանջ չէ, հետևաբար իրավաբանորեն արդարացված կլինի այդ պահանջն առանձին դիմումի հիման վրա դիտարկելը:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանը կողմից, ի հիմնավորումն Դիմումով ներկայացված պահանջի իրավաչափության, չեն ներկայացվել վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ, չի ապացուցվել Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի ««Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու մասին» N ՈԱ-3 որոշմամբ անվավեր ճանաչված Որոշումների արդյունքում 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնաս կրած լինելու, Որոշումների անվավերության և ենթադրյալ 9.115.000 (ինը միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի ապացուցվել ենթադրյալ վնասը Որոշումների ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 162.1-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 95-րդ, 96-րդ և 104-րդ հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Սալվատոռ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Վահե Սարգսյանի` վնասի հատուցման պահանջի մասին 2026 թվականի հուլիսի 2-ի թիվ Դ-68971-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |