ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ՉԱՐԲԱԽ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 613
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(06.12.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1993 թ. N 613

Քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ «ՉԱՐԲԱԽ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ուղևորափոխադրումների գործում մետրոպոլիտենի կարևոր դերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի «Չարբախ» թաղամասում կառուցվող մետրոպոլիտենի կայարանի շինարարության պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը, իսկ գլխավոր կապալառու` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայտրանսշին» տրեստը:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մետրոպոլիտենի կառուցվող կայարանի շինարարության պատվիրատուի պարտականությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը փոխանցելու կապակցությամբ 10-օրյա ժամկետում կատարել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մետրոպոլիտենի կառուցվող կայարանի շինարարության պատվիրատուի փոխվելու կապակցությամբ համապատասխան փոփոխություններ կատարել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ֆինանսական պլաններում:

3. «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտին` մինչև 1993 թվականի դեկտեմբերի վերջը ավարտել և պատվիրատուին հանձնել մետրոպոլիտենի կառուցվող կայարանի շինարարության նախագծահաշվարկային փաստաթղթերը` լրիվ ծավալով:

4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել մետրոպոլիտենի կառուցվող կայարանի շինհրապարակի իրացումը` համաձայն օբյեկտի շինարարական բնութագրավկայականի.

բ) 1994 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացնել կառուցվող կայարանի գծի տարածքից նախագծով նախատեսված բոլոր ստորգետնյա հաղորդակցուղիների տեղափոխումը:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` «Հայտրանսշին» տրեստի հետ համատեղ ապահովել 1993 թվականի դեկտեմբերից մետրոպոլիտենի կառուցվող կայարանի հանգույցում շինարարական աշխատանքների սկիզբը:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու «Հայտրանսշին» տրեստի հետ համատեղ լուծել մետրոպոլիտենի կառուցվող կայարանի շինարարական տեղամասերի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման հարցը:

7. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու «Հայտրանսշին» տրեստի հետ համատեղ մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել մետրոպոլիտենի կառուցվող կայարանը անհրաժեշտ նյութական ռեսուրսներով ու սարքավորումներով ապահովելու հարցը` այն 1994 թվականի վերջին շահագործման հանձնելու հաշվով:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի կապիտալ շինարարության ծրագրի կազմման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1994 թվականին մետրոպոլիտենի կառուցվող կայարանի շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների հատկացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան