ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1993 թ. N 591
Քաղ. Երևան
ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹ-ԲՆԱԿԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Մեղրու շրջանում անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց համար գյուղատնտեսական թեքումով ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայր ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը:
2. Պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը նշված գաղութ-բնակավայրի համար Նյուվադիի կոլտնտեսության Նյուվադի կայարանամերձ և Իրանի հետ սահմանամերձ տարածքի ու դրան հարող վարելահողերի, խոտհարքների ու արոտների հատկացման հարցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
3. Պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 20-օրյա ժամկետում լուծել Նյուվադի կայարանամերձ տարածքում գտնվող և չօգտագործվող բնակելի տները, օժանդակ կառույցները ու հանրակացարանի կիսաքանդ շենքը նշված նպատակի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինությանը հանձնելու հարցը:
Պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմին` Նյուվադիի կոլտնտեսության չօգտագործվող անասնագոմերը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
4. Գաղութ-բնակավայրի ստեղծման համար պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և հանձնարարել նրան` երկամսյա ժամկետում ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նշված գաղութ-բնակավայրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կառույցների վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտի:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությունը` 1994 թվականի կապիտալ շինարարության ծրագրում և բյուջեում նախատեսել նշված գաղութ-բնակավայրի շինարարությունը:
7. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` գաղութ-բնակավայրը կապի միջոցներով ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում պատվիրատուին ներկայացնել տեխնիկական պայմաններ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` գաղութ-բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար ցուցաբերել մեթոդական օգնություն և հատկացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` գաղութ-բնակավայրի կոնտինգենտի և տեղի բնակչության բուժսպասարկումն ապահովելու նպատակով Նյուվադի կայարանում ստեղծել բուժկետ:
10. Հայկոոպի վարչությանը` գաղութ-բնակավայրի կոնտինգենտի կենսական կարիքների բավարարման նպատակով Նյուվադիի կայարանամերձ տարածքում ստեղծել առևտրի կետ և ճաշարան:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|