ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹ-ԲՆԱԿԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 591
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(26.11.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1993 թ. N 591

Քաղ. Երևան

 

ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹ-ԲՆԱԿԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Մեղրու շրջանում անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց համար գյուղատնտեսական թեքումով ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայր ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը:

2. Պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը նշված գաղութ-բնակավայրի համար Նյուվադիի կոլտնտեսության Նյուվադի կայարանամերձ և Իրանի հետ սահմանամերձ տարածքի ու դրան հարող վարելահողերի, խոտհարքների ու արոտների հատկացման հարցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 20-օրյա ժամկետում լուծել Նյուվադի կայարանամերձ տարածքում գտնվող և չօգտագործվող բնակելի տները, օժանդակ կառույցները ու հանրակացարանի կիսաքանդ շենքը նշված նպատակի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինությանը հանձնելու հարցը:

Պատգամավորների Մեղրու շրջխորհրդի գործկոմին` Նյուվադիի կոլտնտեսության չօգտագործվող անասնագոմերը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

4. Գաղութ-բնակավայրի ստեղծման համար պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և հանձնարարել նրան` երկամսյա ժամկետում ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նշված գաղութ-բնակավայրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կառույցների վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտի:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությունը` 1994 թվականի կապիտալ շինարարության ծրագրում և բյուջեում նախատեսել նշված գաղութ-բնակավայրի շինարարությունը:

7. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` գաղութ-բնակավայրը կապի միջոցներով ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում պատվիրատուին ներկայացնել տեխնիկական պայմաններ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` գաղութ-բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար ցուցաբերել մեթոդական օգնություն և հատկացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` գաղութ-բնակավայրի կոնտինգենտի և տեղի բնակչության բուժսպասարկումն ապահովելու նպատակով Նյուվադի կայարանում ստեղծել բուժկետ:

10. Հայկոոպի վարչությանը` գաղութ-բնակավայրի կոնտինգենտի կենսական կարիքների բավարարման նպատակով Նյուվադիի կայարանամերձ տարածքում ստեղծել առևտրի կետ և ճաշարան:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ