ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 օգոստոսի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 91-Ա |
ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2026 թվականի մայիսի 8-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)` հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը։
Մրցութային հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (08.06.2026թ.-ից մինչև 29.06.2026թ.-ը ներառյալ)՝ ներկայացվել է մեկ հայտ։ 2026 թվականի հունիսի 23-ին հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն), որը հեղինակազորվել է 2021 թվականի հունիսի 4-ին։
Միաժամանակ, Ընկերությունը տեսալսողական մեդիայի ոլորտում լսողական ծրագրերի հեռարձակում է իրականացնում 2021 թվականից՝ Երևան քաղաքի տարածքում, իսկ 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Լոռու, Սյունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքներում։
Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն Ընկերությունը հայտին կից ներկայացրել է.
1. փաստաթուղթ՝ լսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2026 թվականի հուլիսի 8-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված մրցութային հայտը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ Հայտ)։ Ընկերության ներկայացուցչին նիստի ընթացքում հնարավորություն է տրվել մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացնելու դրանց բովանդակությունը։
Արձանագրենք, որ Ընկերության հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Ընկերությունն իր նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթում ներկայացրել է իր ծրագրի հայեցակարգը, որտեղ Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասով և Կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշներին ընդհանուր անդրադարձ է կատարվել։
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության Հայտի համաձայն՝
Ծրագրի թեմատիկ ուղղվածությունը ժամանցային է, որտեղ գերիշխելու է հումորային բարձր տրամադրություն ապահովող բովանդակություն։ Ծրագրում նախատեսվում են բազմազան հաղորդումներ՝ մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ ուղղվածության, հաշվի առնելով ունկնդիրների երաժշտական նախասիրությունները և ժանրային հետաքրքրությունները։ Եթերում կլինեն նաև հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները ներկայացնող, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ, գովազդ, մանկական, մարզական, լրատվական, ինչպես նաև կոմերցիոն բնույթի հաղորդումներ։
Ընկերությունը պատրաստվում է արտադրել ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությունը, երկրի արդի մշակութային կյանքը ներկայացնող հաղորդումներ՝ նպատակ ունենալով ազգային ու համամարդկային հոգևոր բարոյական արժեքների տարածումը։ Կարևոր տեղ կհատկացվի նաև տվյալ մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։ Հետագայում, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, նախատեսվում է ծրագրում ներառել նաև որոշակի ծավալով օտարերկրյա հաղորդումներ, որոնք ուղղված կլինեն համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը։
Լրատվական հաղորդումները ներկայացվելու են բազմակողմանիորեն՝ հիմնվելով անկողմնակալ և հավաստի տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև տվյալ մարզի համար կարևոր խնդիրների և թեմաների օպերատիվ լուսաբանման սկզբունքի վրա։
Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր սեփական հաղորդումները տրամադրել նաև այլ մարզային հեռարձակողներին, ինչպես նաև վերջիններիս կողմից պատրաստված հաղորդումները ներառել իր եթերում։
Ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին, որոնք գերակշռելու են եթերում։
Բազմակարծության ապահովումն Ընկերության հիմնական ուղենիշն է լինելու իր ողջ գործունեության ընթացքում և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու հնարավորինս լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները։
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են օգտագործվելիք տեխնիկական միջոցների բնութագրերը, տրվել են ավտոմատացված եթերային համակարգի, ձայնագրման ստուդիայի, ձայնագրման խցի, արտագնա ձայնագրման և ուղիղ հեռարձակման համակարգերի, տեսաձայնագրման, թվային հեռարձակման և այլ տեխնիկական միջոցների նկարագրությունները։ Հեռարձակումն իրականացվելու է արդիական ավտոմատացված համակարգերով (եթերի որոշ մասը)։ Հեռարձակման ավտոմատացման համար նախատեսված է օգտագործել «Radio Boss» հավելվածը, որը բազմաթիվ տարիների ընթացքում օգտագործվել և մինչ օրս էլ օգտագործվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում՝ մի շարք լսողական մեդիածառայություն մատուցողների կողմից։
Ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է բանկային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկանք։ Նշվել է, որ ֆինանսական միջոցները գոյանալու են օրենքով թույլատրելի աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներից, գովազդից, հովանավորությունից, վճարովի եթերաժամանակից, հաղորդումների վաճառքից, ինչպես նաև Ընկերության գործունեության հետ կապված այլ ծառայություններից։ Ընկերությունը մարզային սփռման լսողական ծրագրի հեռարձակման լիցենզիա ստանալու դեպքում նախատեսում է ավելի շատ գովազդ ներառել եթերում՝ որպես ֆինանսական ապահովվածության երաշխիք։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Ընկերությունն արդեն գործող հեռարձակող է՝ մեկ մարզում լրացուցիչ հեռարձակում կազմակերպելու համար Ընկերությունը բավարար է համարում աշխատակազմում ներառել մեկական լրագրող, եթերի ապահովման մասնագետ և տեխնիկական մասնագետ, որոնք զբաղվելու են միայն տվյալ մարզի տարածքում հաղորդումների, այդ թվում՝ տեղական լուրերի արտադրությամբ և տեխնիկայի պատշաճ աշխատանքի ապահովմամբ։ Ընկերության ամբողջական մեդիա արտադրանքի ստեղծման մեջ ներգրավված է լինելու Ընկերության ողջ աշխատակազմը, որտեղ ընդգրկված են ինչպես ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, այնպես էլ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ։ Նախատեսվում է ընդհանուր աշխատակազմում ընդգրկել ևս երկու տեխնիկական մասնագետ։
Հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունը և եզրահանգումը.
Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերության Հայտի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը.
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը լսողական ծրագրերի հեռարձակման ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ հինգ տարի, ինչի շնորհիվ ձեռք է բերել նշանակալի փորձ և մասնագիտական կարողություններ տվյալ ոլորտում։
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում՝ 1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, 2. հայերեն հաղորդումների գերակայությունը, 3. բազմակարծությունը խթանելու կարողությունը, 4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, 5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, 6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, 7. գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի (հաճախականության) օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում նշենք, որ Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի 7-րդ կետով սահմանված չափանիշը կիրառելի է Ընկերության նկատմամբ, քանի որ Ընկերությունը գործող լիցենզավորված լսողական ծրագրեր հեռարձակող է։ Հետևաբար, Հանձնաժողովի կողմից Հայտի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում գնահատման հիմք են հանդիսացել ինչպես Հայտում ներկայացված տեղեկությունները, այնպես էլ վերոնշյալ բոլոր գնահատման չափանիշները։
Հարկ է արձանագրել, որ թեև Հայտում Ընկերության նպատակները, ծրագրի ուղղվածությունը ներկայացված են բովանդակային առումով ընդգրկուն, սակայն Հայտի գնահատումը պետք է իրականացվի Օրենքով և Կարգով սահմանված գնահատման չափանիշների համատեքստում։
Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների գերակայությունը
Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ապահովման վերաբերյալ Հայտում առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը փաստում է, որ Ընկերությունն իր ծրագրում նախատեսում է սեփական արտադրության և հայերեն հաղորդումներ, որոնք գերակշռելու են եթերում։
Միաժամանակ, Հանձնաժողովն արձանագրում է, որ Հայտում չեն ներկայացվել սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ծավալների վերաբերյալ քանակական տվյալներ, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք գնահատելու Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ հայերեն հաղորդումների ամսական ընդհանուր ժամաքանակի նվազագույնը 55 տոկոսի պահանջի, ինչպես նաև ծրագրում սեփական արտադրության և հայերեն հաղորդումների գերակայության ապահովումը։
Բազմակարծությունը խթանելու կարողություն
Կարևորելով հանրային իրազեկման գործում հեռարձակողների դերակատարումը և ժողովրդավարական պետության մեջ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքի ապահովումը, հարկ է նշել, որ Օրենքով երաշխավորված է տեղեկատվության ազատությունը, հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, կարծիքների արտահայտման իրավունքը։ Նշված իրավական երաշխիքները կոչված են նպաստելու տեսալսողական հաղորդումների բովանդակության բազմազանությանը և բազմակարծության խթանմանը:
Այս համատեքստում նշենք, որ Ընկերությունը նախատեսում է հիմնականում ժամանցային ուղղվածության ծրագիր, իսկ լիցենզիա ստանալու դեպքում ծրագրում կընդգրկվեն նաև մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, լրատվական, մանկական, մարզական և այլ թեմատիկ ուղղվածության հաղորդումներ, հետևաբար կարելի է եզրակացնել, որ Ընկերությունն ապահովելու է հաղորդումների բազմազանությունը։
Ինչ վերաբերում է հաղորդումներում բազմակարծությունը խթանելու կարողությանը, նշենք, որ Ընկերությունը նախատեսում է բազմակարծությունն ապահովել լրատվական, ինչպես նաև այլ հաղորդումներում՝ հիմնվելով անկողմնակալ և հավաստի տեղեկատվության տրամադրման սկզբունքի վրա։ Սակայն այս չափանիշի ապահովման վերաբերյալ հաղորդումներ չեն ներկայացվել։
Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը
Մրցութային Հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը ծրագրում նախատեսում է մշակութային հաղորդումներ, որոնք միտված են ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը։
Թեև Ընկերության ծրագրի հիմնական ուղղվածությունը ժամանցային է, այն ներառում է նաև հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ։ Ընդ որում, Օրենքի համաձայն, նման հաղորդումների հեռարձակման պարտականությունն Ընկերության վրա չի տարածվում։ Այդ համատեքստում Հանձնաժողովը կարևոր է համարում Ընկերության որդեգրած խմբագրական քաղաքականությունը, որով առաջնահերթություն է տրվում ազգային, համամարդկային, հոգևոր և մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված բովանդակությանը։ Դրական է գնահատվում նաև ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ կրթական, մանկական և մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումների ներառման հանձնառությունը, ինչպես նաև տվյալ մարզի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հաղորդումների հեռարձակմանը ծրագրով առանձնակի տեղ հատկացնելու մտադրությունը։ Այդուհանդերձ, Հայտում տվյալ չափանիշի ապահովմանն ուղղված հաղորդումների հեռարձակման ծավալի, ձևաչափերի կամ նկարագրության վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը դժվարացնում է այս չափանիշի գնահատումը։
Տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ
Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում արձանագրենք հետևյալը․
Տեխնիկական միջոցների վերաբերյալ ներկայացված ցանկում ներառված են Երևան քաղաքում տեղակայված կենտրոնական գրասենյակում, ինչպես նաև մարզային գրասենյակներում շահագործման մեջ գտնվող տեխնիկական և համակարգչային միջոցները:
Տավուշի մարզում եթերային հեռարձակման գերակշող մասը Ընկերությունը նախատեսում է իրականացնել Երևանի կենտրոնական գրասենյակից հեռավար կարգով:
Ներկայացված է մարզում նախատեսվող ռադիոհաղորդակների տեղաբաշխումն ըստ քանակների և հզորությունների՝ օգտագործվելու են 100-300 ՎՏ հզորության 3 անալոգային տրանզիստորային հաղորդակներ, որոնք հայտնի են իրենց որակով ու հուսալիությամբ և տեղադրվելու են Նոյեմբերյան, Իջևան և Բերդ քաղաքներում։
Նախատեսված 3 հաղորդակները փոխկապակցված կլինեն միմյանց հետ, ինչը հնարավորություն կտա Տավուշի մարզում հեռարձակել նույն եթերային ցանցը, որը նաև կապահովի ծրագրային փոփոխություններ կատարել, RadioBoss եթերային ծրագրի հնարավորությունների շրջանակներում, առանց եթերային ցանցի ընդհատման: Ընդ որում RadioBoss-ը համարվում է լավագույն եթերային ծրագրերից մեկը և կիրառվում է աշխարհի ավելի քան 150 երկրում:
Հաղորդակների տեղաբաշխումն ըստ իրենց հզորությունների և տոպոլոգիայի հնարավորություն է տալիս իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում Տավուշի մարզի ողջ տարածքով:
Ընկերությունը նախատեսում է շահագործել AXON մակնիշի անալոգային հաղորդակներ:
Ներկայացված է, թե ինչպես է իրականացվելու Տավուշի մարզում ձայնային ազդանշանի սփռումը, օգտագործելով DEVA DB6400 թվային համակարգերը, DEVA 9009-TX ձայնային համակարգերը, IP համակարգերի կոդավորիչները և DEVA 9009-RX դեկոդավորիչները, որոնք համարվում են ժամանակակից ձայնային համակարգերում արդիական տեխնիկական սարքավորումներ:
Ընկերությունը նախատեսում է ունենալ տեխնիկապես հագեցած ժամանակակից ձայնագրման սարքասրահ, որը կապահովի ձայնային գերազանց որակ և ֆունկցիոնալ արդյունավետություն: Սարքասրահում կտեղադրվի PRESONUS STUDIOLIVE 32S SERIES III S-40 մակնիշի պրոֆեսիոնալ բազմաֆունկցիոնալ թվային ձայնային վահանակ, որը համարվում է լավագույններից իր սերնդի ձայնային վահանակների շարքում: Ընկերությունը պլանավորում է շահագործել AKG P820 և AKG P420 մակնիշի կոնդենսատորային խոսափողներ, AKG K 612 PRO OVER – EAR REFERENCE DTODIO մակնիշի ականջակալներ, ինչպես նաև PRESONUS SCREPTRE S6 TWO-WAY ACTUAL STUDIO մակնիշի տաղավարային ձայնահսկման սարքեր:
Նախատեսվում է օգտագործել հետևյալ ձևաչափի ձայնային սարքավորումներ՝
1. Presonus Studio 1824C Audio/Midi Interface
2. Hartage Audio Successor Stereo Bus Compressor for Pro Audio Application
3. Headphone Amplifier and Audio Interface։
Ձայնային սարքասրահում թվային ձայնագրում ապահովելու համար պլանավորվում է օգտագործել RODECASTER PRO INTEGRATED PRODUCTION մակնիշի թվային սարք, որը կարող է լիովին ինտեգրվել ձայնագրման սարքասրահի համակարգում:
Շահագործվելու են արտագնա ձայնագրման և հեռարձակման համակարգեր, որոնք հիմնականում օգտագործվելու են միջոցառումների, ռեպորտաժների, համերգային ծրագրերի կամ հատուկ թողարկումների, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզերից ուղիղ միացումների ժամանակ, որն իրականացնելու համար շահագործվելու են նաև ստորև ներկայացված ձայնային և համակարգչային տեխնիկական միջոցները․
1. LIVEU STUDIO SOLO HDMI VIDEO/AUDIO ENCODER - փոխակերպիչներ
2. RTASCAM DR-701D 4-CHANNEL/6 – MULTITRACK FIELD RECORDER - տեսագրիչներ
3. RODE LINK NESSHOORTER KIT DIGITAL CAMERA – MOUNT WIRELESS PLUG – ON MICRIPHONE SYSTEM WITH MIC 2.4 GHz – ձայնային սարքեր
4. SENNHEISER MKE 600 SHOTGUN MICROPHONE - խոսափողեր։
Ընկերությունը պլանավորում է իրականացնել նաև տեսաձայնային և թվային հեռարձակման ինտեգրված տարբերակը, որի օգտագործումը կապահովի ռադիոալիքի տեսաազդանշանի հասանելիությունը տարբեր սոցիալական հարթակներում: Այն իրականացնելու համար կշահագործվեն հետևյալ տեխնիկական միջոցները․
1. BLACKMAGIC DESIGN ATEM 2 M/E PRODUCTION STUDIO 4 K - հեռարձակման տեսաձայնային վահանակ
2. BLACKMAGIC DESIGN ULTRASTUDIO 4K MINI THUNDERBOLT 3 CAPTURE PLAYBACK UNIT - ռադիոկայանի հեռարձակման տեսաձայնային սարք
3. CANON EOS 5D Mark IV DSLR ձևաչափի տեսախցիկներ։
Ընկերությունը նախատեսում է 2 կամ 3 քաղաքներում ստեղծել փոքրիկ սրահներ՝ տեղական հաղորդումների ուղիղ հեռարձակման կամ ձայնագրման համար: Այդ տաղավարները հագեցած կլինեն հետևյալ մակնիշի ձայնային սարքավորումներով․
1. Behringer Xenyx QX 1202 USB – ձայնային վահանակ
2. T. Bone SC 400 - տաղավարային ձայնային խոսափողներ
3. AKG K- 52 – ձայնային ականջակալներ
4. Behringer Studio 50 USB – ձայնային վերահսկման սարքեր։
Աուդիո ազդանշանը մարզային կայաններ հասցնելու համար Ընկերությունը նախատեսում է օգտագործել համակարգեր, որոնք կթվայնացնեն անալոգային ազդանշանը և ինտերնետային տեխնոլոգիաների միջոցով այն կտեղափոխեն ինտերնետային հասանելիություն ունեցող ցանկացած քաղաք: Այն իրականացնելու համար նախատեսվում է օգտագործել հետևյալ սարքավորումները․
1. BARIX Instreamer ICE
2. BARIX Extreamer 120։
Ըստ ներկայացված ձայնային և տեխնիկական սարքավորումների ցանկի և աշխատանքի պլանավորման ժամանակացույցի, Ընկերությունն ունի Տավուշի մարզում լսողական ծրագրի սփռումն ապահովելու անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։
Ընկերության ֆինանսական կարողությունները վերլուծելու նպատակով ուսումնասիրվել են Հայտում ներկայացված ֆինանսական փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի են առնվել Ընկերության ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և դրանց կատարումն ապահովելու կարողությունը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը։
Ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է 19.06.2026թ. դրությամբ բանկային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկանք։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ Ընկերությունը տեսալսողական մեդիայի ոլորտում գործունեություն իրականացնող հեռարձակող է, և Հայտով ներկայացված միջոցառումներն ու ծրագրերը համապատասխանում են նրա գործունեության հիմնական ուղղություններին, ներկայացված տեղեկատվությունը բավարար հիմք է տալիս եզրակացնելու, որ Ընկերությունն ունի դրանց պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և կազմակերպչական հնարավորությունները։
Համաձայն Հայտի՝ Ընկերության ֆինանսական միջոցները գոյանալու են հիմնադրի ներդրումներից, գովազդից, հովանավորությունից, վճարովի եթերաժամանակից, հաղորդումների վաճառքից, ինչպես նաև Ընկերության գործունեության հետ կապված այլ ծառայություններից։ Ընկերությունը նախատեսում է եթերում ներառել կոմերցիոն բնույթի հաղորդումներ, ինչը ևս կավելացնի Ընկերության հասույթը։
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն
Աշխատակազմի վերաբերյալ Ընկերությունը ներկայացրել է բավարար չափով տեղեկություններ և նշել նրանց փորձառության և մասնագիտական պատրաստվածության մասին։
Հաշվի առնելով, որ Ընկերությունն արդեն իսկ իրականացնում է հեռարձակման գործունեություն և ունի անհրաժեշտ հիմնական աշխատակազմ, իսկ լրացուցիչ ներգրավվող մասնագետների կազմը համապատասխանում է Հայտով նախատեսված գործունեության ծավալին, կարելի է եզրակացնել, որ մարդկային ռեսուրսները բավարար են նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար։
Էթիկայի կանոնագիր, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները
Օրենքի համաձայն hեռարձակողները կազմում և սպառողին են ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն են կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ Այս համատեքստում նշենք, որ Էթիկայի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով Ընկերությունը միացել է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ Հայաստանում լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ 2024-2025 թվականների ընթացքում և 2026 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Ընկերության կողմից հեռարձակվող ծրագրերում («ՌԱԴԻՈ ՔՈՄԵԴԻ», «ՄԵԿ ԷՖԷՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ», «ՄԵԿ ԷՖԷՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ», «ՄԵԿ ԷՖԷՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ», «ՄԵԿ ԷՖԷՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ») էթիկական նորմերի խախտումներ չեն արձանագրվել։
Հաշվի առնելով, որ մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ գնահատման չափանիշներից է նաև գործող լիցենզավորված հեռարձակողի կողմից լիցենզավորման Հայտով ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանությունը, Հանձնաժողովն արձանագրում է, որ 2024–2025 թվականների ընթացքում և 2026 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Ընկերության կողմից տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության և լիցենզիայի պայմանների խախտումներ չեն արձանագրվել։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի անդամները վարկանիշային փակ քվեարկության միջոցով կատարում են լիցենզավորման մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պատահականության սկզբունքով վերցրել է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկներից մեկը և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկում նշված թվագրումով գնահատման թերթիկը տրամադրել է Հանձնաժողովի անդամին:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում՝
1․ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2․ հայերեն հաղորդումների գերակայությունը,
3․ բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4․ հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5․ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6․ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,
7․ գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի (հաճախականության) օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, սահմանվել է Հանձնաժողովի կողմից:
Օրենքի 60-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սլոթի վերաբերյալ Օրենքով նախատեսված կարգավորումները։
Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, Կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։
Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝ Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերության Հայտը գնահատել են հետևյալ միավորներով.
|
հ/հ |
Մասնակցի անվանումը |
Գնահատման միավորը՝ ըստ գնահատման թերթիկի համարի |
Վարկանիշային միավորը | |||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |||
|
1 |
«ԷՖ-ԷՄ» ՍՊԸ |
14 |
14 |
14 |
13 |
12 |
14 |
81 |
|
Անցողիկ շեմը |
40 | |||||||
Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։
Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը, Կարգի 33-րդ կետի համաձայն, որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։
Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 40 միավորն է։
Հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ստացել է 81 միավոր։
Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:
Հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը հաղթահարել է անցողիկ շեմը։
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 9․1-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:
2․ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը ՀՀ Տավուշի մարզում տրամադրել հետևյալ հաճախականությունները՝ ք. Նոյեմբերյան՝ 98.7 ՄՀց, ք. Իջևան՝ 94.3 ՄՀց և ք. Բերդ՝ 99.7 ՄՀց։
3. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. օգոստոսի 6 ք. Երևան |
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 6-ի թիվ 91-Ա որոշման |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի գնահատման
Հանձնաժողովը քաջ ծանոթ է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության գործունեությանը, քանի որ ընկերության լսողական ծրագրերը շուրջ հինգ տարի հեռարձակվում են FM տիրույթում, հետևաբար «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունն ունի որոշակի փորձ և մասնագիտական կարողություններ հեռարձակման ոլորտում։
Համաձայն հայտի ռադիոծրագիրը հեռարձակվելու է երաժշտական-ժամանցային ձևաչափով։ Սակայն նրա բովանդակությունը ներառելու է նաև հանրօգուտ բաղադրիչ՝ այդ թվում մանկական, մշակութային ուղղվածության, ինչպես նաև Տավուշի մարզի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հաղորդումներ։
Տեխնիկական միջոցների վերաբերյալ ներկայացված ցանկն ըստ մասնագետների եզրակացության լիովին բավարար է հաղորդումներ պատրաստելու և անխափան եթեր ապահովելու համար։ Կարևոր է, որ հեռարձակման համար ընկերությունն օգտագործելու է 3 հաղորդակներ, ինչը մեծացնելու է հաղորդումների սփռման տարածքը։
Կարող եմ նաև եզրակացնել, որ որակյալ հաղորդումներ պատրաստելու և տարածելու համար ընկերությունն ունի անհրաժեշտ ֆինանսական և կազմակերպչական հնարավորություններ։
Անշուշտ, մրցույթին ներկայացված ծրագիրն ունի որոշ թերություններ և ամբողջական չէ։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հստակ սահմանում է այն պահանջներն ու չափորոշիչները, որով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը, սակայն ընկերության մրցութային հայտն անտեսում է այդ չափորոշիչներից մի քանիսը: Օրինակ, նշված չէ հայերեն լեզվով հաղորդումների տեսակարար քանակը։
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի վերլուծությունը, ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանքն ու եզրակացությունը, ընկերության նախորդ տարիների աշխատանքը հիմք է տալիս ինձ գնահատել ծրագիրը միջինից բարձր գնահատականով։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
03.08.2026 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի գնահատման
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 8-ին հայտարարել էր լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին ներկայացվել է մեկ մրցութային հայտ՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության կողմից:
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը 2021 թվականի օգոստոսի 19-ին ստացել է մայրաքաղաքային սփռման լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա և Երևան քաղաքում հեռարձակում է «ՌԱԴԻՈ ՔՈՄԵԴԻ» ծրագիրը։ Միաժամանակ, 2022 թվականին ընկերությունը ստացել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի սփռման տարածքներում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիաներ և հեռարձակում է «ՄԵԿ ԷՖԷՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ», «ՄԵԿ ԷՖԷՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ», «ՄԵԿ ԷՖԷՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ» և «ՄԵԿ ԷՖԷՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» ծրագրերը։
Ծրագրի ուղղվածությունը ժամանցային է։ Ծրագրում գերիշխելու է հումորային բովանդակությունը, միևնույն ժամանակ՝ ծրագրային հայտում նախատեսված են մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ բնույթի հաղորդումներ, որը թույլ կտա ապահովել հայրենասիրական, հոգևոր, լրատվական-տեղեկատվական, սոցիալ-տնտեսական տեղեկությունների տրամադրումը: Եթերում նախատեսվում են նաև կոմերցիոն բնույթի հաղորդումներ, գովազդ, ժամանցային, մանկական, մարզական, զվարճալի հաղորդումներ և հանրության համար կարևոր տեղեկություններ։ Ըստ հայտի՝ նախապատվություն է տրվելու սեփական արտադրության և հայերեն հաղորդումներին, որոնք գերակշռելու են ծրագրում։ Սակայն նախատեսվող հաղորդումների վերաբերյալ տեղեկությունը ընդհանրական բնույթի է։
Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է ընկերության բանկային հաշվի մնացորդի՝ 7 367 822 ՀՀ դրամ գումարի մասին տեղեկանք։
Ներկայացված հայտը ամբողջական է։ Այն գնահատում եմ 14 միավոր։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Գ. Մամիկոնյան |
|
05.08.2026 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի գնահատման
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցում է մեկ ընկերություն՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։
Ուսումնասիրելով հայտի բովանդակությունը և նախորդ փորձը (2021 թվականից այն հեռարձակվում է Երևանում, հետագայում նաև ՀՀ Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում), կարելի է եզրակացնել, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունն ունի բավարար տեխնիկական և մասնագիտական կարողություններ անխափան հեռարձակելու իր լսողական ծրագիրը նաև Տավուշի մարզում։
Համաձայն հայտի՝ հեռարձակվելու են երաժշտական, ժամանցային, հումորային հաղորդումներ, զերծ քաղաքական բաղադրիչից։ Սակայն ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր հաղորդումները և ներառել նաև մանկական, մշակութային, կրթական, պատմամշակութային ժառանգությանը նվիրված հաղորդումներ։
Ներկայացված տեխնիկական և ֆինանսական միջոցների առկայությունը թույլ է տալիս վստահ լինել, որ ընկերությունը չի ունենա լուրջ խոչընդոտներ հաղորդումները պատրաստելու և եթերը ապահովելու համար։ Ըստ հայտի՝ նախապատվություն է տրվելու սեփական արտադրության և հայերեն հաղորդումներին, սակայն նախատեսվող հաղորդումների ցանկը չի կարելի համարել ամբողջական ու մանրամասն։
Առավել կարևորում եմ ֆինանսական հնարավորությունները՝ ընկերությունը ներկայացրել է բանկային հաշվի մնացորդի՝ 7 367 822 ՀՀ դրամ գումարի մասին տեղեկանք, նաև կոմերցիոն հաղորդումներ պատրաստելու ցանկությունը, ինչը լավ մեկնակետ է լսողական ծրագիրն արդիականացնելու ու բովանդակությունը թարմացնելու համար։
Ներկայացված հայտը գնահատում եմ 12 միավոր։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ն. Հախվերդյան |
|
05.08.2026 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի գնահատման
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ստացել է մեկ հայտ՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունից։ Հաշվի առնելով, որ մրցույթին մասնակցող «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունն ունի լսողական ծրագրեր հեռարձակելու մեծ փորձ և արդեն հեռարձակվում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում, Տավուշում ևս կկարողանա ապահովել եթեր։
Տեխնիկական հնարավորությունները ու ֆինանսական ներդրումները բավարար են հայտին դրական եզրակացություն տալու համար։
Հայտում ներկայացված լսողական ծրագրի ուղղվածությունը ժամանցային և հումորային է, սակայն ընկերությունը պլանավորում է բովանդակության մեջ ավելացնել մշակութային, կրթական, ուսումնական, մանկական, ճանաչողական և հանրօգուտ բնույթի այլ հաղորդումներ, նաև պատրաստել լրատվական-տեղեկատվական, սոցիալ-տնտեսական հաղորդումներ:
Ներկայացված հայտը գնահատում եմ 14 միավոր։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ա. Մանուկյան |
|
05.08.2026 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի գնահատման
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ռազմավարության համաձայն՝ ռադիոհաճախականությունները պետական այն կարևոր տիրույթն են, որոնք կոչված են ապահովելու անկողմնակալ և բազմակարծիք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև որակյալ ժամանցի ու մշակույթի հաղորդակից լինելու հանրային իրավունքը։ Սրանից բխում է, որ մրցույթում հաղթած ընկերությունները պետք է ունենան կայուն ֆինանսատեխնիկական հենք և իրենց գործունեությամբ ծառայեն բացառապես պետական ու հանրային շահերին։ Առաջնորդվելով այս սկզբունքով և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ ստորև շարադրում եմ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի դրական գնահատման իմ հիմնավորումը, որով փաստվում է ընկերության լիակատար համապատասխանությունը սահմանված պահանջներին։
1. Տեխնիկական հագեցվածություն և կայուն ենթակառուցվածքների առկայություն
Ի տարբերություն ոլորտում հաճախ հանդիպող թերի պլանավորված նախագծերի, «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն ներկայացրել է գործնական և հստակ հիմնավորված տեխնիկական ապահովում։ Ընկերությունը նախատեսում է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ քաղաքներում տեղադրել 100-300 ՎՏ հզորության 3 անալոգային տրանզիստորային հաղորդակներ։ Այս հաղորդակները փոխկապակցված կլինեն միմյանց հետ՝ հնարավորություն տալով իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում ողջ մարզի տարածքով։ Բացի այդ, մարզային հեռարձակումն իրականացվելու է աշխարհում լայնորեն կիրառվող RadioBoss ծրագրով, ինչը երաշխավորում է եթերային ցանցի անխափան աշխատանքը և ճկունությունը։
2. Գործող հեռարձակողի փորձառություն և օրինապահ գործունեություն
«ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն նորաստեղծ կամ մեդիադաշտում փորձ չունեցող կազմակերպություն չէ։ Ընկերությունն արդեն իսկ ունի լսողական ծրագրերի հեռարձակման մի շարք գործող լիցենզիաներ։ Մասնավորապես՝ ընկերությանը 2021 թվականին տրամադրվել է մայրաքաղաքային սփռման լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա, որի հիման վրա Երևան քաղաքում հեռարձակում է «ՌԱԴԻՈ ՔՈՄԵԴԻ» ծրագիրը։
Բացի այդ, ընկերությունը լիցենզավորված գործունեություն է իրականացնում նաև ՀՀ Սյունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում՝ հեռարձակելով համապատասխան մարզային ծրագրեր։ Այս հանգամանքը վկայում է, որ ընկերությունն ունի մարզային ռադիոհեռարձակման կազմակերպման գործնական փորձ, ծանոթ է ոլորտի տեխնիկական, կազմակերպական և բովանդակային առանձնահատկություններին։
Կարևոր է նաև այն, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից 2024, 2025 թվականներին և 2026 թվականի հուլիսի 31-ի դրությամբ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի կողմից տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Սա վկայում է ընկերության օրինապահ գործունեության, կարգավորող պահանջներին հետևելու և լիցենզավորված գործունեությունը պատշաճ իրականացնելու կարողության մասին։
3. Ծրագրային ուղղվածության և բովանդակային բազմազանության ապահովում
Հայտի համաձայն՝ ընկերության նախատեսվող լսողական ծրագիրը հիմնականում ունենալու է ժամանցային ուղղվածություն, որտեղ գերիշխելու է հումորային և դրական տրամադրություն ապահովող բովանդակությունը։ Միևնույն ժամանակ, ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ ընկերությունը չի սահմանափակվում միայն ժամանցային ձևաչափով։
Ծրագրում նախատեսվում են մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական, մանկական, մարզական, լրատվական հաղորդումներ։ Նախատեսվում է անդրադառնալ նաև հայրենասիրական, հոգևոր, ազգային և համամարդկային արժեքներին, ինչպես նաև տվյալ մարզին առնչվող կարևոր թեմաներին։
Տավուշի մարզի համար հատկապես կարևոր է տեղական տեղեկատվության հասանելիությունը, համայնքային խնդիրների լուսաբանումը և մարզի հասարակական, մշակութային ու սոցիալ-տնտեսական կյանքի ներկայացումը։ Ընկերության հայտում նշված է, որ լրատվական հաղորդումները ներկայացվելու են բազմակողմանիորեն՝ հիմնվելով անկողմնակալ և հավաստի տեղեկատվության տրամադրման սկզբունքի վրա։ Սա համահունչ է հանրային շահի և բազմակարծության ապահովման պահանջներին։
Թեև հայտում որոշ հաղորդումների բովանդակային կառուցվածքը ներկայացված է ընդհանրական, այդուհանդերձ ընկերության արդեն գործող ռադիոհեռարձակողի կարգավիճակը և առկա եթերային փորձը թույլ են տալիս արձանագրել, որ հայտում նշված ծրագրային ուղղությունները գործնականում իրագործելի են։
4․ Գործնական երաշխիքներ և ժամանակակից թվային լուծումներ
Հատկանշական է, որ ընկերությունը չի բավարարվում միայն ավանդական ռադիոսփռմամբ, այլ նախատեսում է իրականացնել տեսաձայնային և թվային հեռարձակման վիդեո տարբերակը։ BLACKMAGIC DESIGN և CANON սարքավորումների կիրառումը թույլ կտա ռադիոծրագրի բովանդակությունը հասանելի դարձնել տարբեր սոցիալական հարթակներում։ Շահագործվելու են նաև արտագնա ձայնագրման համակարգեր՝ տարբեր միջոցառումներից և հանրապետության այլ մարզերից ուղիղ միացումներ ու ռեպորտաժներ ապահովելու նպատակով։ Սա վկայում է լուրջ ֆինանսական ներդրումների և զարգացման հստակ տեսլականի մասին:
Եզրակացություն․ Հիմնվելով հայտի և դրան կից ներկայացված տեխնիկական փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության վրա՝ արձանագրում եմ, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի ծրագրային և տեխնիկական դրույթներն ունեն հիմնավորվածության շատ բարձր աստիճան: Ներկայացված հարուստ տեխնիկական բազան վկայում է թիմի պատրաստվածության և նախագծի իրատեսական լինելու մասին։ Ըստ մասնագիտական վերլուծության՝ ընկերությունը լիովին կարող է ապահովել Տավուշի մարզում լսողական ծրագրի սփռումը:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտը գնահատվում է բարձր և համարվում է նպատակահարմար մարզային հեռարձակողի պարտավորությունները ստանձնելու համար։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Հ. Հակոբյան |
|
05.08.2026 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2026 թվականի մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ի հայտի գնահատման
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է ծրագրեր, որոնք բավարար են համապատասխան գործունեություն ծավալելու համար: ՀՀ Տավուշի մարզը մեր հանրապետության կարևոր սահմանամերձ կենտրոններից է, և ավելորդ է ասելը, թե որքան կարևոր է այստեղ մեդիա գործունեությունը: Ցավոք վերջինս մի անգամ այնտեղ բարեհաջող ընթացք չի ունեցել, և պետք է հուսալ, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունն իր ներկայացրած ծրագրերով իր գործունեությամբ կլրացնի այդ բացը:
Միաժամանակ, ընկերությունը տեսալսողական մեդիայի ոլորտում լսողական ծրագրերի հեռարձակում է իրականացնում 2021 թվականից՝ Երևան քաղաքի տարածքում, իսկ 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Լոռու, Սյունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքներում, ինչը փորձի հուսալիություն է ապահովում։
Ընկերության ներկայացրած փաստաթղթերը՝ ստեղծագործական գործունեության, դրա հիմնական ուղղությունների, ֆինանսական աղբյուրների, աշխատակազմի և դրա մասնագիտական կարողությունների, էթիկական սկզբունքների մասին, ինչպես նաև տեխնիկական միջոցների նկարագրությունը ցույց է տալիս, որ դրանք կարող են բավարար լինել նախատեսված լրատվական-տեղեկատվական, կրթական, հոգևոր-մշակութային ծրագրերն իրականացնելու համար:
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի համաձայն՝ ծրագրի թեմատիկ ուղղվածությունը հիմնականում ժամանցային է: Նախատեսվում են նաև տարաբնույթ մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ ուղղվածության հաղորդումներ, որոնք բավականին տարողունակ կարող են դարձնել ընկերության գործունեությունը:
Նույնը կարելի է ասել ընկերության տեխնիկական հնարավորությունների մասին: Դրանք ժամանակակից են և օգտագործվում են բազմաթիվ լսողական համակարգերում:
Շատ կարևոր է տվյալ մարզի պատմա-մշակութային արժեքներին անդրադառնալու ընկերության միտումը, որը տեղական նշանակությունից զատ ունի նաև ընդհանուր համազգային արժեք:
Այս ամենը թույլ է տալիս հուսալ, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը կարող է իր գործունեության մեջ ներառել նաև Տավուշի մարզը և դառնալ նրա քաղաքական, մշակութային և հոգևոր կյանքի արտացոլման և պրոպագանդման մի կարևոր մշակութային օղակը:
Ես ընկերության ներկայացրած ծրագիրը համարում եմ իրական:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Հ. Հակոբյան (Հակոբ Մովսես) |
|
06.08.2026 թ. |