ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 106-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 112-րդ հոդվածի 1-ին մասը՝ սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է տասներկու մշտական հանձնաժողով՝ հետևյալ անվանումներով, գործունեության ոլորտներով և անդամների ընդհանուր թվով.
ա. աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, արհեստակցական միություններ, ժողովրդագրություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
բ. առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում և անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
գ. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ինչպես Նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր և կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
դ. կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
ե. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ եվրոպական ինտեգրում, Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
զ. մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
է. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմաարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ).
ը. պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաև քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք (11 անդամ).
թ. տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
ժ. տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, էներգետիկա, տրանսպորտ, բնական պաշարներ, պետական գույքի կառավարում, շրջակա միջավայրի պահպանություն և կայուն զարգացում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ).
ժա. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ).
ժբ. ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, հարկեր, տուրքեր, վճարներ, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ ,և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ).
2) գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին.
3) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին.
4) Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և Խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին.
5) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովին.
6) Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունը պատկանում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին.
7) Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները կարգավորող օրենքների, ինչպես նաև այդ ոլորտներին վերաբերող հարցերով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:
|
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ. Ռուբինյան |
|
2026 թվական, օգոստոսի 10 Երևան
ԱԺՈ-1-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|