ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԵՆՈՔՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 10761/16)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2026 թվականի մարտի 26
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ենոքյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui]՝ Նախագահ,
Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Երևանում բնակվող և համապատասխանաբար Ստրասբուրգում և Երևանում գործող իրավաբաններ տկն Օ. Պրեոբրաժենսկայի և Զ. Մեժլումյանի կողմից ներկայացված պրն Մհեր Ենոքյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի փետրվարի 22-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 10761/16),
գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, իսկ այնուհետև՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ. Անդրեասյանը, ծանուցելու վերաբերյալ որոշումը,
Կողմերի փաստարկները,
Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանի՝ գործով քննությունից հրաժարումը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),
2026 թվականի մարտի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում դիմումատուի կալանավորման պայմաններին: Դիմումատուն հիմնվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա։ Նա նաև այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի տարբեր հոդվածների վերաբերյալ։
2. Դիմումատուն կալանավորվել է 1996 թվականի հուլիսի 13-ին: 1996 թվականի նոյեմբերի 29-ին նա մեղավոր է ճանաչվել ծանրացնող հանգամանքներում սպանության համար և դատապարտվել է մահապատժի: Նրա պատիժը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 2005 և 2010 թվականներին նա նաև դատապարտվել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու համար:
3. Կոնվենցիայի՝ Հայաստանի նկատմամբ ուժի մեջ մտնելու պահին՝ 2002 թվականի ապրիլի 26-ին, և մինչև 2004 թվականի մարտի 17-ը նա կալանավորված է եղել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվել է տարբեր խցերում։ Նա բողոքել է, որ իր պահման պայմանները պատշաճ չեն եղել:
4. 2004 թվականի մարտի 17-ից մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նա պահվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկում: Նա պնդել է, որ այնտեղ կալանավորման պայմանները գրեթե նույնն են եղել, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պայմանները:
5. 2004 թվականի դեկտեմբերի 9-ին կամ 10-ին նա փախել է Գորիսի քրեակատարողական հիմնարկից: Նա կրկին ձերբակալվել է 2004 թվականի դեկտեմբերի 20-ին և համաձայն իր ցուցմունքների՝ պահվել է կալանքի տակ Էրեբունու ոստիկանության բաժանմունքում: Նա բողոքել է այնտեղ իր պահման պայմաններից:
6. 2004 թվականի դեկտեմբերի 29-ին նրան հետ են ուղարկել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվել է տարբեր խցերում մինչև 2009 թվականի նոյեմբերի 27-ը, երբ նա կրկին փախուստի է դիմել: Նա կրկին ձերբակալվել է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել են նույն քրեակատարողական հիմնարկի 77-րդ խուց: Նա մնացել է այդ խցում մինչև 2018 թվականի հունիսի 1-ը՝ բացառությամբ 2011 թվականի երկամսյա ժամանակահատվածի, որի ընթացքում նա պահվել է 78-րդ խցում:
7. 2018 թվականի հունիսի 1-ին նրան տեղափոխել են 75-րդ խուց, որտեղ նա մնացել է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը: 2021 թվականի օգոստոսի 31-ից նա պահվել է այլ քրեակատարողական հիմնարկներում՝ մինչև 2025 թվականի հունիսի 18-ին նրա պայմանական վաղաժամկետ ազատումը:
8. Ըստ դիմումատուի՝ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի 77-րդ խուցը մոտ 20 քմ էր, և այնտեղ առկա էր չորս մետաղական մահճակալ՝ նախատեսված առավելագույնը չորս կալանավորի համար: Ինչպես ցուցադրված է Դատարան ներկայացված լուսանկարներում, խցում միայն մեկ պատուհան էր, որը պատված էր ցանցերի և ձողերի մի քանի շերտով, որոնք սահմանափակում էին բնական լույսի և մաքուր օդի հասանելիությունը։ Օդափոխության համակարգը չէր աշխատում, ինչի պատճառով ամռանը խցում անտանելի շոգ էր: Խուցը խոնավ և խարխուլ վիճակում էր, անձրևի և ձնհալի ժամանակ առկա էին ջրի արտահոսք և տեսանելի բորբոս, ինչը կարելի է տեսնել լուսանկարներում։ Քրեակատարողական հիմնարկը կենտրոնական ջեռուցում ուներ միայն 2017 թվականից։ Բացի այդ, որպես չծխող տարբեր ժամանակահատվածներում նա ստիպված էր ծխողների հետ լինել միևնույն խցում, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը մերժել էր ծխողներին որևէ այլ վայր տեղափոխելու վերաբերյալ նրա խնդրանքները։ Խցի՝ ամբողջությամբ միջնապատով տարանջատված սանհանգույցը, որն ակնհայտորեն ապահովված էր ցնցուղով, խարխուլ վիճակում էր և ենթադրաբար ոչ հիգիենիկ, քանի որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չէր ապահովում մաքրման անհրաժեշտ պարագաները։ Այն նաև գտնվում էր մահճակալներից մեկին և ճաշասեղանին շատ մոտ, ինչի պատճառով խցում անընդհատ տհաճ հոտ էր տարածվում։ Խցում մշտապես միջատներ կային, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որևէ գործողություն չէր ձեռնարկում միջատների հարցը կարգավորելու համար: Խցում ցնցուղ ընդունել հնարավոր չէր, իսկ խցից դուրս ցնցուղ ընդունելը չէր կազմակերպվում կանոնավոր կերպով։ Ցնցուղի ընդհանուր հարմարանքը մաքուր չէր և գտնվում էր խարխուլ վիճակում. ցնցուղի գլխիկի խողովակը բարակ էր: Լոգանք ընդունելու համար հատկացվում էր 15 րոպե: Բացօթյա մարզանքները սահմանափակ էին և ոչ կանոնավոր: Մինչև 2014 թվականը բացօթյա մարզանքներն անցկացվում էին շաբաթական ընդամենը մեկից երեք անգամ՝ մեկ ժամով, և թեև 2014 թվականից հետո դրանք անցկացվում էին ամեն օր, խախտումները, այդ թվում՝ կարճատև բացօթյա մարզանքները կամ դրանց չեղարկումը կրում էին շարունակական բնույթ: Դրանք անցկացվում էին 20քմ մակերեսով բակում, որը ծածկված էր մետաղական ձողերից պատրաստված առաստաղով. ըստ դիմումատուի՝ ավելի ուշ ավելացված ծածկը խոչընդոտում էր արևի լույսի ներթափանցումը և ստեղծում ջերմոցային էֆեկտ։
9. Մահճակալը պատրաստված էր պողպատից և ուներ անհարթ մակերես, իսկ ներքնակը բարակ էր։ Խցում գտնվող սեղանին կցված էր ընդամենը մեկ նեղ աթոռ։ Քանի որ սննդի որակը և քանակը բավարար չէին, նա ստիպված էր կազմակերպել, որ սնունդը տրամադրեր իր ընտանիքը։ Քրեակատարողական հիմնարկում ենթադրաբար չկար բժշկական անձնակազմ և դեղորայք, օրինակ՝ յոդ։ Դիմումատուն, առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու, պնդել է, որ իր առողջությունը վատթարացել էր պահման պայմանների պատճառով։ Քանի որ պետության կողմից սուբսիդավորվող բժշկական խնամքը ենթադրաբար դանդաղ և ոչ հստակ էր, նրա ընտանիքը վճարել է քաղաքացիական հիվանդանոցներում կատարվող նրա բժշկական զննությունների և ատամնաբուժական ստուգումների համար։ Նրա բժշկական զննությունների արդյունքում բացահայտվել են որոշ քրոնիկ հիվանդություններ, սակայն դիմումատուն չի պնդել, որ իրեն մերժել են դրանց համար դեղորայք տրամադրել։ Նա նաև բողոքել է, որ մինչև 2002 թվականը քրեակատարողական հիմնարկում իրականացվող ատամնաբուժական խնամքը ներառում էր միայն ատամների հեռացում, երբ ցավը դառնում էր անտանելի, ինչը հանգեցրել էր իր հինգ ատամների հեռացմանը։
10. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ)՝ Հայաստան կատարած այցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված 2015 թվականի զեկույցում ԽԿԿ-ն նշել է, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը գտնվում էր «ծայրահեղ խարխուլ վիճակում», թեև ցմահ դատապարտյալների խցերը «ընդհանուր առմամբ գտնվում էին վերանորոգման և մաքրության ընդունելի վիճակում»։ 2019 թվականի դրությամբ ԽԿԿ-ն հայտնել է, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պայմանները շարունակում էին մնալ «ոչ պատշաճ»։
11. Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դիմումատուն 2012 թվականին սկսել է համալսարանական դասընթացներ, 2014 թվականից սկսած՝ աշխատել է որպես լրագրող, իսկ իրավաբանական կրթությունն ավարտելուց հետո՝ որպես իրավաբան։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
12. Դիմումատուն բողոքել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում իր պահման նյութական պայմաններից մինչև 2018 թվականի հունիսի 1-ը, երբ նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկի 75-րդ խուց։
Ա. Ընդունելիությունը
13․ Քանի որ պահման ոչ պատշաճ պայմանների վերաբերյալ դիմումատուի բողոքները վերաբերում են 2002 թվականի ապրիլի 26-ից առաջ ընկած ժամանակահատվածին, այն է՝ Կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ մտնելու ամսաթվին, դրանք պետք է հայտարարվեն անընդունելի ժամանակային իրավազորության առումով Դատարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով։ Այնուամենայնիվ, նշված ամսաթվից հետո դիմումատուի վրա այդ պայմանների ազդեցությունը գնահատելիս Դատարանը կարող է հաշվի առնել նրա՝ պահման տակ գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը (տե՛ս, որպես համեմատություն, Ստայկովն ընդդեմ Բուլղարիայի [Staykov v. Bulgaria] թիվ 49438/99 գործը, § 78, 2006 թվականի հոկտեմբերի 12, հաջորդող հղումների հետ միասին):
14. Դատարանը նաև նշում է, որ Կառավարությունը զրկված է առարկություն ներկայացնելու իրավունքից առ այն, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նրանք այդ հարցն առաջին անգամ բարձրացրել են 2022 թվականի մարտի 18-ի իրենց հետագա դիտարկումներում (տե՛ս Վարյանն ընդդեմ Հայաստանի [Varyan v. Armenia] թիվ 48998/14 գործը, § 75, 2024 թվականի հունիսի 4, հաջորդող հղումների հետ միասին):
15. Դիմումատուի կալանքը բաժանվել է մի քանի առանձին ժամանակահատվածների, քանի որ քրեակատարողական հիմնարկից նրա փախուստներից հետո երկու ժամանակահատվածների ընթացքում նա «դե ֆակտո» եղել է ազատության մեջ: Դատարանը նախկինում վճռել է, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքների համատեքստում վեցամսյա ժամկետի հաշվարկման հատուկ կանոնները, որոնք ուժի մեջ են եղել համապատասխան պահին, կիրառվում են այն դեպքերում, երբ դիմումատուն պատիժը կրել է պահման տարբեր ռեժիմներում և (կամ) տարբեր հաստատություններում: Այդ կապակցությամբ Դատարանը վճռել է, որ դիմումատուի պահման ժամանակահատվածը պետք է համարվի «շարունակական իրավիճակ», քանի դեռ կալանքը տեղի է ունեցել նույն տեսակի կալանավայրում՝ էապես նման պայմաններում: Բացակայության կարճ ժամանակահատվածները, որոնց ընթացքում հարցաքննությունների անցկացման կամ դատավարական այլ միջոցների կիրառման համար դիմումատուին դուրս են հանել հիմնարկից, որևէ ազդեցություն չէին ունենա պահման շարունակական բնույթի վրա։ Այնուամենայնիվ, դիմումատուին ազատ արձակելը կամ պահման ռեժիմի մեկ այլ տեսակի անցնելը վերջ կդներ «շարունակվող իրավիճակին» թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում, թե՛ քրեակատարողական հիմնարկից դուրս։ Պահման պայմանների վերաբերյալ բողոքը պետք է ներկայացվի բողոքարկվող իրավիճակի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում (15-րդ արձանագրության ուժի մեջ մտնելուց չորս ամիս հետո), կամ եթե պետք է կիրառվեր ներպետական պաշտպանության արդյունավետ միջոց, ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում գործով վերջնական որոշումն ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում (տե՛ս Անանյևը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ananyev and Others v. Russia] գործը, թիվ 42525/07 և թիվ 60800/08, § 78, 2012 թվականի հունվարի 10 և Ուլեմեկն ընդդեմ Խորվաթիայի [Ulemek v. Croatia] գործը, թիվ 21613/16, § 92, 2019 թվականի հոկտեմբերի 31): Դատարանը նաև վճռել է, որ երբ դիմումատուն ազատ է արձակվել պահման տարբեր ժամանակահատվածներում, դա նշանակում է տվյալ շարունակական իրավիճակի ընդհատում (համեմատե՛ք Սելեզնևն ընդդեմ Ռուսաստանի [Seleznev v. Russia] գործը, թիվ 15591/03, § 35 ընդհանուր առմամբ, 2008 թվականի հունիսի 26, հաջորդող հղումների հետ միասին): Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու նույն մոտեցումը չպետք է կիրառվի այնպիսի հանգամանքներում, երբ պահման ժամկետն ընդհատվել է, և դիմումատուն ազատության մեջ է եղել քրեակատարողական հիմնարկից ապօրինի փախուստից հետո, հատկապես, երբ դիմումատուն կրկին չի ձերբակալվել և անմիջապես կրկին չի կալանավորվել։
16․ Սույն գործում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկից երկու անգամ փախուստի դիմելու հետևանքով դիմումատուի պահման ընդհատումները, Դատարանը գտնում է, որ ենթադրելով, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցներ առկա չեն եղել, 2004 թվականի դեկտեմբերի 9-ին և 2009 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած փախուստներից առաջ նրա պահման պայմանների վերաբերյալ ցանկացած բողոք պետք է ներկայացվեր պահման համապատասխան ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում։ Քանի որ նա այդ բողոքները ներկայացրել է Դատարան 2016 թվականի փետրվարի 22-ին և 2024 թվականի հուլիսի 10-ին (Էրեբունու ոստիկանական բաժանմունքում առկա պայմանների վերաբերյալ), Դատարանը գտնում է, որ 2002 թվականի ապրիլի 26-ի (Կոնվենցիայի` Հայաստանի նկատմամբ ուժի մեջ մտնելու ամսաթվի) և 2009 թվականի նոյեմբերի 27-ի (իր երկրորդ փախուստի ամսաթվի) միջև ընկած ժամանակահատվածում իր պահման պայմանների վերաբերյալ նրա բողոքները դուրս են վեցամսյա ժամկետից և պետք է մերժվեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն։
17. Մնացած ժամանակահատվածի մասով Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 2009 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պահման պայմանների վերաբերյալ բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
18. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ պահման պայմանների նկատմամբ կիրառման վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մուրշիչն ընդդեմ Խորվաթիայի [Muršić v. Croatia] գործում ([ՄՊ], թիվ 7334/13, §§ 99-101 և 122-41, 2016 թվականի հոկտեմբերի 20):
19. Սույն գործում կուտակումների խնդիր չի առաջանում: Պահման նյութական պայմանների այլ հայեցակետերի մասով դիմումատուն շատ մանրամասն և հետևողական փաստարկներ է ներկայացրել թիվ 77 խցում իր պահման պայմանների վերաբերյալ, որտեղ նա անցկացրել է համապատասխան ժամանակահատվածի գրեթե ամբողջ մասը՝ բացառությամբ 78-րդ խցում անցկացրած երկու ամսվա, որտեղ պայմանները, ըստ երևույթին, նման էին: Կառավարությունն իր հերթին դիմումատուի պնդումները վիճարկելու համար որևէ հուսալի ապացույց չի ներկայացրել (համեմատե՛ք Վոլոդյա Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Volodya Avetisyan v. Armenia] գործը, թիվ 39087/15, § 37, 2022 թվականի մայիսի 3, հաջորդող հղումների հետ միասին): Ինչպես երևում է դիմումատուի ներկայացրած լուսանկարներում, խցում բնական լույսի հասանելիությունը սահմանափակ էր: Ավելին, Կառավարությունն ընդունել է, որ մինչև 2017 թվականը քրեակատարողական հիմնարկում կենտրոնական ջեռուցում չի եղել: Նրանք չեն ներկայացրել դիմումատուի՝ պատշաճ կերպով գործող օդափոխության համակարգի բացակայության մասին պնդումը հերքող որևէ հավաստի ապացույց: Լուսանկարները, որտեղ երևում էին ջրի արտահոսքից առաջացած բծերը և այն, ինչը, ըստ երևույթին, առաստաղին առաջացած բորբոս էր, դիմումատուի՝ այդ կապակցությամբ ներկայացված պնդումը դարձնում էին հավաստի: Նրա իրավիճակն ավելի էր սրվել՝ պայմանավորված այն փաստով, որ նա ծխող չէր և ենթարկվում էր պասիվ ծխի ազդեցության: Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի այն պնդումը (կամ նրա ապացույցների իսկությունը), որ ծխող խցակիցների հետ չմնալու վերաբերյալ նրա դիմումները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից մերժվել են:
20. Լուսանկարներում երևում է, որ սանհանգույցը գտնվում էր խարխուլ վիճակում, և ինչպես պնդում էր դիմումատուն, ոչ հիգիենիկ վիճակում էր։ Հաշվի առնելով սանհանգույցի՝ բնակելի տարածքին մոտ լինելը, ինչը Կառավարությունը չի վիճարկել, Դատարանը հավանական է համարում, որ խցից տհաճ հոտ էր տարածվում։ Ավելին, Կառավարությունը երբևէ չի վիճարկել այն պնդումը, որ խուցը լի էր միջատներով, կամ իշխանությունների՝ դրա դեմ որևէ միջոց ձեռնարկելու ենթադրյալ անկարողությունը։ Ցնցուղի հարմարությունների մասով կարելի է ասել, որ թեև սանհանգույցում, ըստ երևույթին, առկա էր ցնցուղ, դիմումատուն պնդել է, իսկ Կառավարությունը չի հերքել, որ ինքը ցնցուղ է ընդունել ընդհանուր լոգասենյակում, որը խարխուլ և ոչ մաքուր վիճակում էր։ Ցնցուղի գլխիկը բաղկացած էր նեղ խողովակից, որը դժվար թե թույլ տար պահպանել անձնական հիգիենայի պատշաճ կանոնները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանտարկյալներին ցնցուղի համար հատկացված ժամանակը, ըստ տեղեկությունների, սահմանափակվում էր շաբաթը մեկ անգամ ընդամենը տասնհինգ րոպեով (համեմատե'ք վերևում հիշատակված՝ Անանիևի և այլոց [Ananyev and Others] գործը, § 158):
21. Ի վերջո, ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալները կարողացել են օգտվել միայն օրական մեկ ժամ բացօթյա մարզանքից՝ սկսած 2014 թվականից։ Այնուամենայնիվ, նույնիսկ 2014 թվականից հետո բացօթյա ժամանակը կանոնավոր չէր, իսկ մարզանքներն անցկացվում էին ոչ պատշաճ պայմաններում։
22. Դատարանը չի անտեսում այն փաստը, որ Հայաստանի վերաբերյալ 2015 թվականի իր զեկույցում ԽԿԿ-ն նշել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների խցերը «ընդհանուր առմամբ գտնվում էին վերանորոգման և մաքրության ընդունելի վիճակում»։ Բացի այդ, թեև ԽԿԿ-ի զեկույցներում նշվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալներին խցից դուրս այլ զբաղմունք չի առաջարկվել, դիմումատուն ներգրավվել է հեռավար ուսուցման մեջ և աշխատել է՝ սկսած 2014 թվականից։ Այնուամենայնիվ, Կառավարությունը կասկածի տակ չի դրել ո՛չ դիմումատուի ներկայացրած պնդումները, ո՛չ էլ տվյալ ժամանակահատվածում ցմահ բանտարկության ընդհանուր պայմանների վերաբերյալ իր բողոքները հիմնավորող ապացույցների իսկությունը։ Ավելին, 2015 թվականի միևնույն զեկույցում ԽԿԿ-ն, այդ թվում՝ բանտարկյալների պահման ընդհանուր պայմանների վերաբերյալ, նշել է, որ քրեակատարողական հիմնարկը «գտնվում էր ծայրահեղ խարխուլ վիճակում»։ ԽԿԿ-ի՝ 2019 թվականի զեկույցի հրապարակման ամսաթվի դրությամբ քրեակատարողական հիմնարկի պայմանները շարունակում էին մնալ «վատ» վիճակում։ Այդպիսի հանգամանքներում և հաշվի առնելով այդ պայմանների հավաքական ազդեցությունը, մասնավորապես՝ 77-րդ խցում դիմումատուի պահման տևողությունը՝ Դատարանը համարում է, որ նրան պահելն այդ պայմաններում հավասարազոր է եղել նվաստացնող վերաբերմունքի։
23. Հաշվի առնելով վերոնշյալ եզրահանգումները և այնքանով, որքանով իր պահման պայմանների այլ հայեցակետերի վերաբերյալ դիմումատուի մնացած բողոքները (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը) անընդունելի չեն հայտարարվել (տե՛ս վերոնշյալ 16-17 կետերը), Դատարանը դրանց կարգավորումն անհրաժեշտ չի համարում։
24․ Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 2009 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի պահման պայմանների կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
II. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ
25. Դիմումատուն ներկայացրել է նաև այլ բողոքներ՝ համաձայն Կոնվենցիայի տարբեր հոդվածների։ Հաշվի առնելով սույն գործի փաստերը, կողմերի փաստարկները և վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը գտնում է, որ ինքը քննել է սույն գործով հիմնական իրավական հարցը, և մնացած բողոքները քննելու անհրաժեշտություն չկա (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania] [GC] գործը, թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
26. Դիմումատուն պահանջել է 130 000 եվրո (EUR)՝ որպես նյութական վնասի հատուցում՝ սննդի, այլ ծանրոցների, հեռախոսային քարտերի և սառնարանի արժեքներին, ինչպես նաև իր և իր ընտանիքի կողմից կրած բժշկական ծախսերին համապատասխան։ Նա պահանջել է նաև 580 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Բացի այդ, նա պահանջել է 3150 եվրո իր դատական ծախսերի համար և 195 000 հայկական դրամ (որը մոտավորապես համարժեք է 400 եվրոյի)՝ Դատարան ներկայացված փաստաթղթերի թարգմանության համար։
27. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
28. Դատարանը հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում։ Ամեն դեպքում այն նշում է, որ դիմումատուի ծախսերը հիմնականում վերաբերում են նրա ընտանիքի կողմից ենթադրաբար կրած ծախսերին, որոնք սույն գործով դիմումատուներ չեն (համեմատե՛ք Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Myasnik Malkhasyan v. Armenia] գործը, թիվ 49020/08, § 94, 2020 թվականի հոկտեմբերի 15): Հետևաբար Դատարանը մերժում է սույն պահանջը։ Այնուամենայնիվ, այն դիմումատուին տրամադրում է 7500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
29. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Ստևան Պետրովիչն ընդդեմ Սերբիայի [Stevan Petrović v. Serbia] գործը, թիվ 6097/16 և թիվ 28999/19, § 186, 2021 թվականի ապրիլի 20)՝ Դատարանը մերժում է դատական ծախսերի վերաբերյալ պահանջը, քանի որ գործի նյութերում առկա չէ որևէ դրույթ, որից կարելի էր ենթադրել, որ դիմումատուն վճարել է կամ պարտավոր էր վճարել իր ներկայացուցչին (տե՛ս Հայկ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Hayk Grigoryan v. Armenia] գործը, թիվ 9796/17, § 73, 2025 թվականի ապրիլի 3): Այն նաև մերժում է թարգմանության ծախսերի վերաբերյալ դիմումատուի պահանջը։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է 2009 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի պահման պայմանների վերաբերյալ 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքն ընդունելի, իսկ այդ ժամանակահատվածից առաջ պահման պայմանների վերաբերյալ նրա բողոքները՝ անընդունելի․
2. Վճռում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 77-րդ խցում դիմումատուի պահման պայմանների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ մնացած բողոքների ընդունելիության և ըստ էության քննության անհրաժեշտություն չկա.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 7500 եվրո (յոթ հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարիա Էլոսեգի՝ |
Մարտինա Կելլեր՝ |
|
Նախագահ |
Քարտուղարի տեղակալ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|