ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5778/17
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 10.08.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 5778/17)

 

Վ Ճ Ի Ռ

 

Հոդված 8 • Անձնական կյանքը • Անվտանգության ծառայությունների կողմից դիմումատուի անձնական տվյալների անհիմն հավաքագրումը և պահպանումը և սպառնալիքների միջոցով իրենց հետ համագործակցելու հարկադրանքը • Ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունը ներկայացված չէ • Հարկադրանքի մեթոդներ և սպառնալիքներ, որոնք անհամատեղելի են ներպետական իրավունքի հետ և էապես հակասում են օրենքի գերակայության սկզբունքներին • Միջամտությունը «նախատեսված չէ օրենքով» • Ազգային անվտանգության հետ կապված ակնհայտորեն վտանգված որևէ շահի բացակայություն • Դրական պարտավորություններ • Մի շարք հանցագործությունների լուրջ և հավաստի մեղադրանքների արդյունավետ քննության բացակայություն

Կազմվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

13 նոյեմբերի 2025 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Մանուկյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková]՝ Նախագահ,

Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides],

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Անդրեաս Զունդ [Andreas Zünd],

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],

Սեբաստիեն Բիանչերի [Sébastien Biancheri]՝ դատավորներ,

և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Հրայր Մանուկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 5778/17),

Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված՝ դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքին ենթադրաբար և անհարկի միջամտության, արդյունավետ քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2025 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է անվտանգության ծառայությունների կողմից դիմումատուի անձնական տվյալների ենթադրյալ հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, սպառնալիքների կիրառմամբ իրենց հետ համագործակցելուն հարկադրելուն, այդ մեղադրանքների վերաբերյալ արդյունավետ քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը։ Այն բարձրացնում է հարցեր Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների շրջանակներում։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1987 թվականին և ապրում է Ամստերդամում։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ա. Մելքոնյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ:

 

I. Նախապատմությունը

 

5. 2014 թվականին դիմումատուին մոտեցել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ Վ.Հ.-ն և խնդրել պարբերական հիմունքներով համագործակցել այդ ծառայության հետ։

6. 2014 թվականի հունիսի 30-ին՝ նախորդ շփումից հետո, դիմումատուն և Վ.Հ.-ն առերես հանդիպել են սրճարանում։ Այդ ժամանակ դիմումատուն Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մշտական կառավարման մարմնի նորընտիր անդամ էր։ Հանդիպման ընթացքում դիմումատուն հրաժարվել է համագործակցել, որից հետո Վ.Հ.-ն մի շարք հայտարարություններ է արել այդ մերժման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Դիմումատուն ձայնագրել է զրույցը՝ առանց Վ.Հ.-ի իմացության։ Կողմերը Դատարանին են տրամադրել ձայնագրությունը, որի տևողությունը եղել է մոտ 50 րոպե։ Այդ զրույցի ամենահամապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Վ.Հ.՝ ... — Այսպիսով, ասա՛ ինձ, ի՞նչ է պատահել, ի՞նչ մտածեցիր գիշերը։

Դիմումատու՝ — Ո՛չ, ես ընդհանրապես չեմ համապատասխանում։ Առաջինը, անկախ նրանից, որ Դուք ասում եք, որ դա կապ չունի մեր քաղաքական [գործունեության] հետ և այլն, որպես [կառավարման մարմնի] անդամ իմ կարգավիճակն ինձ թույլ չի տալիս աշխատել [ԱԱԾ]-ի հետ. դա անհնար է …

Վ.Հ.՝ — Բայց ես արդեն ասել եմ, այնպես չէ՞, որ այն չի խոչընդոտի քո գործունեությունը ...

...

Դիմումատու՝ ... Ես իմ բնույթով համապատասխան չեմ այդ տեսակ աշխատանքի համար։

Վ.Հ.՝ — Դու չգիտես աշխատանքի բնույթը, այդ պատճառով կարծում ես, թե ունակ չես ... Անցյալ անգամ ես քեզ ասացի՝ սա ինչ-որ բեռ չէ, սա ժամը իննից մինչև ժամը վեցը լրիվ դրույքով աշխատանք չէ, որտեղ դու կարող ես պարտականություններ ունենալ և ճնշման տակ գտնվել...

 

Դիմումատու՝ — Ես գիտեմ, բայց դա նշանակություն չունի. դու չես կարող համոզել ինձ։

...

Վ.Հ.՝ — Ես քեզ չեմ համոզում։ Ես ուզում եմ, որ դու ճիշտ որոշում կայացնես, և ուզում եմ օգնել քեզ այդ հարցում։ Ես ուզում եմ, որ մենք ճիշտ որոշման գանք։ [Անկախ նրանից, թե մենք ինչպես կմոտենանք այդ հարցին], կա միայն մեկ ճիշտ [որոշում], այնպես չէ՞։

Դիմումատու՝ — Ճիշտ [որոշումն] այն է, որ ես չեմ աշխատում, ես չեմ համագործակցում։

Վ.Հ.՝ — Դու սխալվում ես այդ հարցում։

Դիմումատու՝ — Նույնիսկ եթե ես սխալվում եմ։

Վ.Հ.՝ ... — Ես կընդունեի [քո] «Նույնիսկ եթե ես սխալվում եմ» [պատասխանը], եթե այդ սխալը հետևանքներ չունենար, սակայն սա այդ դեպքը չէ ...

Դիմումատու՝ — Դա չի կարող հետևանքներ ունենալ։

Վ.Հ.՝ — Շատ լավ է, որ դու այդ հարցում ինքնավստահություն ունես, սակայն արի՛ վերադառնանք իրականություն ... [Ինչպես] նախկինում ասել եմ քեզ, ինչպե՞ս ես պատկերացնում, որ մեկը «ո՛չ» ասի պետությանը [և այնուհետև] շարունակի մնալ այդ նույն պետությունում։ Ի՞նչ տեղի կունենա, ինչպե՞ս ամեն ինչ կվերջանա։

...

Դիմումատու՝ ... — Ես վստահ եմ, որ եթե ես չլինեի [կառավարման մարմնի] անդամ, այն պետությունը, որի մասին Դուք խոսում եք, նույնիսկ չէր հետաքրքրվի ինձանով։

 

Վ.Հ.՝ — Դու 200% սխալվում ես։ Դու երկար ժամանակ մեր տեսադաշտում ես եղել։ Այն հանգամանքը, որ դու [կառավարման մարմնի] անդամ ես, սկսել է քննարկվել վերջին մեկ կամ երկու ամիսների ընթացքում ... [կառավարման մարմնին] քո անդամակցությունը կամ նույնիսկ «Ժառանգություն» կուսակցությանը քո անդամակցությունն ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ ... Մեզ [կառավարման մարմին] անհրաժեշտ չէ։

Դիմումատու՝ — Այդ դեպքում ի՞նչ է Ձեզ անհրաժեշտ։

Վ.Հ.՝ — Ես արդեն բացատրեցի։ Դու խոստումնալից մարդ ես. ունենալով կրթություն, գիտելիք, սովորած լինելով Եվրոպայում և այլն՝ դու պետության համար կարող ես խոստումնալից [մարդ] լինել, և մենք ուզում ենք, որ դու այդպիսին լինես։

Դիմումատու՝ — Ես կլինեմ, սակայն առանց Ձեզ։

Վ.Հ.՝ — Առանց մեզ դու չես կարող։

Դիմումատու՝— Եթե ես չկարողանամ, ապա չեմ լինի։

Վ.Հ.՝ — Մոռացի՛ր, որ այս երկրում կարող ես ինչ-որ բանի հասնել, եթե «ո՛չ» ասես պետությանը։

Դիմումատու՝ — Ըստ իս՝ դա պետություն չէ, այլ ռեժիմ՝ անկախ նրանից, թե Դուք ինչ եք ասում։

Վ.Հ.՝ — Դու սխալ մոտեցում ունես, սխալ որոշում ես կայացնում։

Դիմումատու՝ — Թող սխալ լինի։

Վ.Հ.՝ — Դու պատրա՞ստ ես հետևանքներին։

Դիմումատու՝ — Այո՛, ես պատրաստ եմ։

Վ.Հ.՝ — Դու գիտակցու՞մ ես հետևանքները, որ դրանք միայն քեզ չէ, որ վերաբերում են։ Դու պատրա՞ստ ես դրանց։ ...

Դիմումատու՝ — Չեն կարող լինել այնպիսի հետևանքներ, որոնք վերաբերում են ոչ միայն ինձ, այլ նաև այլոց, որոնք իմ ազգականները և ինձ մոտ մարդիկ են։ Իմ հետ կապված շատ հարցեր կարող են լինել։

Վ.Հ.՝ — Ոչ թե կարող են, այլ շատ են, շատ, շատ-շատ։ Ես դրանք բոլորը մեկ առ մեկ չեմ թվարկի, որպեսզի զարմացնեմ քեզ, բայց իմացիր, որ շատ քիչ բան կա, որ ես չգիտեմ ...

Դիմումատու՝ — Անկախ այդ ամենից՝ իմ պատասխանն է՝ «ո՛չ»։

Վ.Հ.՝ — Մեզ ոչ ոք «ո՛չ» չի ասում։ Ես նույնիսկ չեմ ուզում քեզ «հեռակա» բացատրել քո «ո՛չ»-ի հետևանքները։ Հասկանու՞մ ես։ Ասեմ դրանցից փոքրագույնը։ Այս պահին ես եմ որոշում՝ արդյոք քեզ թույլ տամ գնալ [Չեխիայի Հանրապետություն], թե՝ ոչ։ Դա ընդամենը ամենաչնչին օրինակն է։

Դիմումատու՝ – Դուք միջոցներ չունեք։

...

Վ.Հ.՝ — Դու այդքան համոզվա՞ծ ես։ Դու մեզանից ավելի շատ կապեր ունե՞ս։ ... Նույնիսկ եթե գնաս, ես քեզ խորհուրդ կտայի, որ այնտեղ մնաս, քանի որ այստեղ դու հաստատ ապագա չունես։ Մեկը, ով պետությանը «ո՛չ» է ասում, այդ պետությունում ապագա չունի. պարզ տրամաբանություն է, ինչպես մեկին գումարած մեկը։ Քո հիանալի դիպլոմով քո ամենալավ աշխատանքն այստեղ կլինի պահակի աշխատանքը հացաբուլկեղենի խանութում։ Մոռացի՛ր, որ քո համար կարող են դռներ բացվել։ Կոպիտ ասած՝ դու սև ցուցակում ես։

Դիմումատու՝ — Ես նախընտրում եմ հեռանալ, և նույնիսկ եթե անհնար է վերադառնալ Հայաստան, նախընտրում եմ մնալ այնտեղ ... Տեսեք, ես գիտեմ, որ այնտեղ Դուք մեծ վերահսկողություն եք իրականացնում, որ [տարբեր] գործեր ունեք։

Վ.Հ.՝ — Ուզու՞մ ես ասեմ, թե քանի մարդու հետ ես խոսել մեր հանդիպման մասին։ Ես դա նույնպես գիտեմ։

Դիմումատու՝ — Շատ ավելի լավ։

Վ.Հ.՝ — Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Ինչու՞ ես դու հիմա թերագնահատում մեզ։ ... Դու այս ամենին լուրջ չես վերաբերվում, և այս ամենին լուրջ չվերաբերվելը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ոչ միայն քեզ համար։

Դիմումատու՝ — Նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում աշխատել Ձեզ հետ։ Եթե այդ ամենն արդեն կա, ... և ես հարկադրված եմ։

Վ.Հ.՝ — Ես քեզ չեմ ստիպում։ Դու պետք է ինձ ճիշտ հասկանաս։ Առաջին սկզբունքը կամավորության սկզբունքն է։ Ես նույնը քեզ ասել եմ անցյալ օրը։

Դիմումատու՝ — Դե, եթե դա կամավոր է, ապա ես ասում եմ «ո՛չ»։

Վ.Հ.՝ — Իմ պարտականությունն է քեզ ցույց տալ «այո՛»-ի ճանապարհը և նաև «ո՛չ»-ի ճանապարհը։ Անցյալ օրը ես քեզ ցույց տվեցի «այո՛»-ի ճանապարհը. ես սահմանեցի [դրական կողմերը]։ Այսօր ես քեզ ցույց եմ տալիս «ո՛չ»-ի ճանապարհը։ Դու ընտրեցիր բացասական կողմը ...

Դիմումատու՝ — Ես ընտրում եմ բացասական կողմը։ Ես ի նկատի ունեմ, որ այստեղ ամբողջ խոսակցությունն ավարտվում է։ Եթե իմ «ո՛չ»-ի դեպքում կարող են լինել շատ բացասական կողմեր, ապա արի՛ ավարտենք ...

Վ.Հ.՝ — Ես մեկ այլ սցենար կներկայացնեմ։ Կարող է որևէ բացասական բան [չարվի] քո նկատմամբ, սակայն կարող է արվել այլոց նկատմամբ քո պատճառով։ Դու դրա՞ն էլ ես պատրաստ։ Ասենք չգիտեմ, ոչ միայն կարող ես զոհաբերել քո կարիերան, քո ապագան, այլ նաև [մյուսներինը] ... Այդ որոշումը միանշանակ քո օգտին չէ. [բացասական կողմերը] սարսափելի շատ են, և ես քեզ ասել եմ բազմաթիվ [դրական կողմերի] մասին։ Ի՞նչ իմաստ ունի։

...

Դիմումատու՝ — Ո՛չ, ես գնում եմ [Չեխիայի Հանրապետություն] իմ «ո՛չ»-ի հետ միասին, և ես հետ չեմ գա։ Ես նույնիսկ չեմ հասկանում Ձեր կողմից իմ մտերիմների հանդեպ որևէ գործողություն կատարելու՝ նրանց ճնշման ենթարկելու կամ վնասելու իմաստը։

Վ.Հ.՝ — Հարգելի՛ Հրայր, դու գիտե՞ս, թե ինչու է դա արվում։ Դա չի արվում ուրախությամբ։ Դա արվում է որպես օրինակ՝ ցույց տալու մյուսներին, որ այդպես չի կարելի վարվել, որ որևէ մեկը չի կարող պետությանը դեմ գնալ ... Տե՛ս, հարգելի՛ Հրայր, պարզ տրամաբանություն է՝ դու կա՛մ օգնում ես պետությանը, կա՛մ հրաժարվում ես օգնել՝ այդպիսով վնաս հասցնելով դրան ... Ես քեզ ասացի դրա իմաստը, որպեսզի ձեր այն ընկերները, որոնք այսօր մեզ հետ են, հասկանան, որ ճիշտ ընտրություն են կատարել, իսկ նրանք, ովքեր դեռ պետք է կատարեն այդ ընտրությունը, ճիշտ ուղղությամբ առաջ շարժվեն՝ հիմք ընդունելով այն, թե որ ընտրությունն է ավելի լավ։ Ես չեմ կարող երաշխավորել, որ, ասենք, մի քանի ամսից մամուլում «Ժառանգության», «Ժառանգության» [ղեկավար մարմնի] կամ քո մասին ռումբ չի պայթի։ Մեկ մարդ կարող է չհավատալ դրան, 10 [մարդ] կարող է չհավատալ, բայց 1,000 [մարդ] կհավատա։ Ես դա չեմ ուզում ... Ես համոզում եմ ղեկավարությանը՝ ասելով. «Ո՛չ, տվեք այս տղային ևս մեկ հնարավորություն։ Գուցե տղան ինչ-որ հարցում շփոթված է։ Եկե՛ք նրան ևս մեկ հնարավորություն տանք և միայն դրանից հետո անցնենք ձեր մեթոդներին» ... Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ դա անում։

Դիմումատու՝ — Լավ, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են աշխատում ձեր մեթոդները։ Երբ լավ ձևը չի աշխատում, դուք ուզում եք դա անել վատ ձևով։

...

Վ.Հ.՝ — Թու՛յլ տուր քեզ մի բան ասեմ. այն մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք վատ [մեթոդներով], իրականում ավելի լավ են աշխատում, հավատա՛ ինձ։ Նրանց, ում մենք անմիջապես մոտեցել ենք՝ օգտագործելով այն վատ մեթոդները, որոնք դու պատկերացնում ես, նրանցից ոմանք հիմա իրենց ավելի լավ են զգում, նորմալ, շատ հանգիստ։ Քեզ հետ ես նախընտրում էի խոսել նորմալ ձևով, սկսել դրական կողմերից, այլ ոչ թե բացասական կողմերից, քանի որ 99%-ով վստահ էի, որ բացասական կողմերի կարիք չկա, որ կարելի է [քեզ] հետ խոսել դրական կողմերի մասին, ներկայացնել [քո] ապագան, ցույց տալ, թե ինչի կարող ես հասնել։ Ես կողմ էի այդ մոտեցմանը։ Եվ հիմա դու փորձում ես ինձ համոզել, որ ես սխալվել եմ։

Դիմումատու՝ Ընդհանուր առմամբ ԱԱԾ-ն սխալվել է, երբ ցանկացել է համագործակցել ինձ հետ։

Վ.Հ.՝ — ... հիմա ինձ հետաքրքիր չէ, թե արդյոք դու ձայնագրում ես այս խոսակցությունը, թե՝ ոչ։ Ես գիտեմ, որ ես քեզ որոշ խորհուրդներ եմ տվել ...

Դիմումատու՝ — Ես չեմ ձայնագրում, ես պարզապես ժամն եմ ստուգում։

Վ.Հ՝ — Ասեմ, բացատրեմ քեզ, որ ես այդպիսի ձայնագրությունների աստղն եմ։ Գիտե՞ս այդպիսի քանի ձայնագրություն կա։ Դա ոչինչ է իմ ունեցած ձայնագրությունների համեմատ։

Դիմումատու՝ — Նույնիսկ քո բոլոր ձայնագրություններով ես միևնույնն է ասում եմ «ո՛չ», ես չեմ աշխատելու։

Վ.Հ.՝ — Ես անկեղծորեն չեմ ուզում, որ պետությունը կորցնի քեզ նման մեկին, քանի որ դու խոստումնալից [անձնավորություն] ես. կարող էիր որոշ բաների հասնել։ Բայց քանի որ դու ասում ես. «փակի՛ր դռներն իմ առջև», «ոչինչ, որ իմ մտերիմները տառապեն իմ պատճառով», եթե քո ուզածը դա է, մենք դա կանենք։ Եթե դու գիտակցաբար ես դա անում։ Կրկնում եմ, եթե միայն դու լինեիր, ես կասեի՝ «խնդիր չկա, գնա՛, մի՛ վերադարձիր»։ Գուցե մենք այնքան անզոր ենք, որ մեր ազդեցությունը չի տարածվում [Չեխիայի Հանրապետության] վրա։ Բայց դու գնում ես, իսկ մենք մնում ենք այստեղ։ Քո մտերիմներն այստեղ են, քո կուսակցությունն այստեղ է ... Դու թողնում ես բոլոր [դրական կողմերը] և գնում ես [բացասական կողմերի] հետևից և քո հետ տանում ես մի խումբ մարդկանց, չգիտեմ, թե ուր ... Չգիտեմ՝ ուրիշ ինչ լեզվով կարող եմ դա ասել։

...

Դիմումատու՝ — Այսպիսով, ի՞նչ է սա նշանակում։ Դուք [կրակելու՞] եք ինձ։ Վերացնելու՞ եք ինձ։ Եկեք [կրակե՛ք] ինձ, վերացրե՛ք ինձ, ինչ կարող եմ ասել

Վ.Հ.՝ — Դու մեր մասին շատ վատ և սխալ կարծիք ունես։ Մարդկանց [կրակում] էին [1937] թվականին։ Այո՛, նրանց, ովքեր պետությանը «ո՛չ» էին ասում, կանգնեցնում էին պատի մոտ և կրակում էին ... [Այժմ] դա արվում է ավելի քաղաքակիրթ, այսպես կոչված ձեր ժողովրդավարական մեթոդներով ... Գովելի է քո համարձակությունը, բայց դու մենակ չես։ Կան ավելի փոքր, կեղտոտ հարցեր, որոնցում չարժե խորանալ ընդամենը մարդկային տեսանկյունից։ Դու մի կողմ ես դնում մարդկային հայեցակետը և մեզ ստիպում ես անել նույնը ... Ես քեզ հետ ուզում եմ խոսել առավելությունների մասին, բայց դու մի անհասկանալի պատ ես կառուցել, որը տանում է քեզ դեպի վտանգը ... Շատ ափսոս։ Ես երբեք չէի տեսել մի մարդու, որն այսպես ցանկանա իր անկումը։ Արի՛ տեսնենք, թե ինչ դուրս կգա։ Պարզապես հետո չզարմանաս։

Դիմումատու՝ — Ես չեմ զարմանա։ Ես արդեն կիմանամ հետևանքների մասին և պատրաստ կլինեմ դրանց։

Վ.Հ.՝ — Դու չես իմանա։ Դու նույնիսկ չես իմանա, թե ինչ կատարվեց։ Դու նույնիսկ չես հասկանա, թե ինչ կատարվեց, դու ոչինչ չես իմանա, քանի որ դու թերագնահատում ես, քանի որ դու չես հասկանում, թե որն է քեզ համար ամենալավը։

...

Դիմումատու՝ — Վաղը ես հրաժարականի դիմում կգրեմ և կհեռանամ [կառավարման մարմնից]։

Վ.Հ.՝ — Դրանից առաջ ռումբը կարող է պայթել, և նրանք կհեռացնեն քեզ ... Դռները, որոնք կապված են պետության հետ, և նույնիսկ 99%-ով մասնավոր ոլորտը փակ կլինի քեզ համար, համոզվա՛ծ եղիր ...

...

Դիմումատու՝ — Ո՛չ, դա նշանակություն չունի, իմ պատասխանն է «ո՛չ»։ Արե՛ք ինչ ուզում եք, ձեռնարկե՛ք ինչ գործողություն ուզում եք։

...

Վ.Հ.՝ — Մենք քեզ առաջարկեցինք բարձունքներ։ Դու ընտրեցիր անդունդը։ Այժմ դու կընկնես անդունդը, իսկ մենք կգնանք մեր ճանապարհով։ Մեզանից յուրաքանչյուրը համապատասխանաբար կկրի հետևանքները։

Դիմումատու՝ — Խնդրե՞նք հաշիվը։ Եկե՛ք խնդրենք հաշիվը և գնանք։

Վ.Հ.՝ — Տեղի ունեցավ այն, որ դու ապացուցեցիր քո տեսակետը։ Հազարից մեկ մենք սխալվում ենք։ Մենք խաղադրույք ենք կատարել սխալ մարդու վրա։ Մենք շատ բարձր կարծիք ունեինք քո մասին, շատ դրական, և դու մեզ ապացուցեցիր հակառակը, որ դու իմաստուն կերպով չես մոտենում որոշումներին և պատրաստ ես շատ մարդկանց տանել քո հետևից՝ ով գիտի, թե ուր։ Պատահում է։

Դիմումատու՝ — Իսկապե՛ս, պատահում է։

Վ.Հ.՝ — Ես հանուն քեզ վտանգեցի իմ կյանքը։ Դու միևնույնն է այդ ճանապարհով գնացիր։ Հիշի՛ր, որ հետո վիրավորված չլինես, չզղջաս։ Եթե քո որոշումը վերջնական է, ապա հետ ճանապարհ չկա։

Դիմումատու՝ — Այն վերջնական է... Ես գնամ։ Հուսով եմ, որ ընդմիշտ կհրաժարվեք ինձանից։

Վ.Հ.՝ — Հարգելի՛ Հրայր, դու հրաժարվում ես քո երկրից։

Դիմումատու՝ — Դե, եթե Դուք մտածում եք, որ ես հրաժարվում եմ իմ երկրից, ապա Դուք հրաժարվում եք ինձանից»։

7. 2014 թվականի հուլիսի 3-ին սույն խոսակցության աուդիո ձայնագրությունը հրատարակվել է, ի թիվս այլնի, «hetq.am» լրատվամիջոցում։

8. Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու առաջարկն արվել էր ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ղեկավարության թույլտվությամբ։

9. 2015 թվականի հուլիսի 18-ին Վ.Հ.-ն նշանակվել է Հայաստանի Հանրապետության մամուլի քարտուղարի պաշտոնում։

10. 2014-2016 թվականների սահմանահատումների վերաբերյալ դիմումատուի գրառումների համաձայն՝ ինքը Հայաստանից դուրս է եկել 2014 թվականի հուլիսի 11-ին և հետագայում ևս քսանվեց անգամ հատել է Հայաստանի սահմանը՝ մուտք գործելով և դուրս գալով, որոնցից վերջինը 2016 թվականի հունվարի 19-ին նրա մեկնումն էր երկրից։

11. 2016 թվականի հունվարի 21-ին դիմումատուն ժամանել է Նիդերլանդներ, որտեղ նրան ապաստան է տրամադրվել 2016 թվականի ապրիլի 5-ին։

 

II. Ներպետական վարույթը

 

12. 2014 թվականի հուլիսի 8-ին դիմումատուն գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում Վ.Հ.-ի հետ իր խոսակցության ձայնագրության հետ միասին։

13. 2014 թվականի հուլիսի 18-ի գրությամբ Գլխավոր դատախազությունը դիմումատուին պատասխանել է, որ ԱԱԾ գործակալին վերագրվող գործողությունները չեն պարունակում հանցագործության առերևույթ [prima facie] տարրեր։ Հետևաբար դիմումատուի բողոքը չի կազմում հանցագործության մասին հաղորդում և ենթակա չէ քննության` Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն։ Նամակում նաև նշվում էր, որ այդ հանգամանքները հաստատվել են նաև ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությամբ։

14. Դիմումատուն ապարդյուն վիճարկել է Գլխավոր դատախազության անգործությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում (Վարչական շրջանների դատարան), ապա Վերաքննիչ քրեական դատարանում։ Վերջինս 2015 թվականի մայիսի 14-ին մերժել է դիմումատուի բողոքը։

15. 2015 թվականի հունիսի 5-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Նա, ի թիվս այլնի, պնդում էր, որ Վ.Հ.-ի գործողությունները պարունակում էին Քրեական օրենսգրքի 144-րդ, 161-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների տարրեր (տե՛ս ստորև՝ 21-24-րդ պարբերությունները):

16. 2016 թվականի մարտի 30-ին Վճռաբեկ դատարանը բողոքի վերաբերյալ որոշում է կայացրել՝ գտնելով, ի թիվս այլնի, որ հանցագործության մասին դիմումատուի հաղորդումը բացահայտում էր առերևույթ [prima facie] տեղեկություններ կոնկրետ քրեական գործողությունների տարրերի վերաբերյալ, և որ այդ տեղեկության ստուգումը կարող էր ողջամտորեն ակնկալելի լինել քրեական վարույթ հարուցելու համար բավարար հիմքերը բացահայտելու առումով։ Հետևաբար այն բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել այդ դատարան՝ նոր քննության։

17. 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը կրկին քննելուց հետո եզրակացրել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են, քանի որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր էին կայացնել Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը (տե՛ս ստորև՝ 25-րդ պարբերությունը), սակայն դա չէին արել։ Հետևաբար այն որոշել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր էին վերացնել դիմումատուի իրավունքների խախտումը։

18. 2016 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազության դատախազը հանցագործության մասին դիմումատուի հաղորդումը կրկին քննելուց հետո որոշել է մերժել քրեական գործի հարուցումն այն հիմքով, որ ԱԱԾ գործակալին վերագրվող գործողությունները չէին պարունակում հանցագործության առերևույթ [prima facie] տարրեր։ Դատախազը, հղում կատարելով «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին» օրենքի 10 րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին և 3-րդ կետին, ինչպես նաև 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերին (տե՛ս ստորև՝ 29-33-րդ պարբերությունները), նշել է, որ օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից անհատների հետ համագործակցությունը կազմում էր հանցագործությունները և այլ իրավախախտումներ կանխարգելելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի մասը։ Հետևաբար դատախազը եզրակացրել է, որ օրենքով նախատեսված գործողությունները, որոնք ուղղված էին այդպիսի համագործակցությունն ապահովելուն, օրինական էին և չէին պարունակում իրավախախտման, առավել ևս հանցագործության տարրեր։

Ավելին, դատախազը նշել է, որ հանցագործության մասին դիմումատուի հաղորդման մեջ չեն նկարագրվել ենթադրաբար արված կոնկրետ սպառնալիքները։ Նա նաև նշել է, որ ձայնագրության բովանդակությունը (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը) հերքում է զրույցի և քաղաքական կուսակցության, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության միջև որևէ կապ, և որ զրուցակիցը նշել էր, որ համագործակցությունը պետք է հիմնված լիներ կամավորության սկզբունքի վրա։

19. Դիմումատուն բողոքարկել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը նախ գլխավոր դատախազին, ապա վարչական շրջանի դատարան, ապա Վերաքննիչ քրեական դատարան։ Սակայն նրա բոլոր բողոքները մերժվել են, և որոշումն ուժի մեջ է թողնվել բոլոր դատական ատյաններում։

20. 2017 թվականի հուլիսի 28-ին դիմումատուի վերջնական վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից անընդունելի է ճանաչվել հիմքերի բացակայության պատճառով։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

 

I. Քրեական օրենսգիրք

21. Նախկին Քրեական օրենսգրքի (որը գործել է 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) համապատասխան դրույթները հետևյալն էին։

22. 144-րդ հոդվածի համաձայն՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե այդպիսի գործողությունները նախատեսված չեն օրենքով, համարվում է հանցագործություն։

23. 161-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը խոչընդոտելը կամ միավորման կամ քաղաքական կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը համարվում է հանցագործություն։

24. 309-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակը ակնհայտորեն գերազանցող և անհատների կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս պատճառող գործողություններ միտումնավոր կատարելը համարվում է հանցագործություն։

 

II. Քրեական դատավարության օրենսգիրք

25. Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն (որը գործել է 1999 թվականի հունվարի 12-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը)՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալուց հետո իրավասու մարմինը պարտավոր էր ընդունել հետևյալ որոշումներից մեկը՝ հարուցել քրեական գործ, մերժել քրեական գործի հարուցումը կամ հաղորդումը հանձնել իրավասու մարմնին՝ ըստ ենթակայության։

 

II. «Անձնական տվյալների մասին» օրենքը

26. «Անձնական տվյալների մասին» օրենքի (որը գործել է 2003 թվականի փետրվարի 14-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը) 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում էր, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև պետական կամ համայնքային հիմնարկները լիազորված են մշակել անձնական տվյալներ միայն օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգերին համապատասխան։

 

III. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին» օրենքը

27. Համաձայն 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը նշված է որպես օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակներից մեկը։

28. Համաձայն 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ ազգային անվտանգության մարմինները ներառված են այն պետական մարմինների շարքում, որոնք լիազորված են իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում։

29. Համաձայն 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ օպերատիվ-հետախուզական մարմիններն իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն համագործակցելու այն անձանց հետ, որոնք գաղտնի համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։

30. Համաձայն 10-րդ հոդվածի 3-րդ մասի՝ օպերատիվ-հետախուզական մարմինները չեն կարող իրենց իրավունքներն իրականացնել որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի օգտին կամ ի վնաս նրանց կամ միջամտել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ կուսակցությունների գործունեությանը։

31. Համաձայն 12-րդ հոդվածի 1-ին կետի՝ չափահաս դարձած և գործունակ անձինք կարող են ներգրավվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում՝ անվճար կամ վճարովի պայմանագրային հիմունքներով՝ պայմանով, որ համագործակցությունը մնա գաղտնի։ Այդպիսի համագործակցությունը թույլատրվում է համապատասխան անձանց համաձայնությամբ։

32. 12-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ գաղտնիության հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, տեղաբաշխման և վարձատրության կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով։

33. 12-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է որոշ պետական պաշտոնյաների (այդ թվում՝ խորհրդարանի և կառավարության անդամների կամ դատավորների) ներգրավումն օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ՝ որպես համագործակցող անձինք։

34. Համաձայն 14-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի՝ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասակարգվում է որպես օպերատիվ- հետախուզական միջոցառումների այն հատուկ տեսակներից մեկը, որոնք ազգային անվտանգության մարմինները լիազորված են իրականացնելու։

35. 16-րդ հոդվածով սահմանվում է օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը՝ որպես օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց և փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն իրականացնելու նպատակով։

 

IV. «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենք

36. Համաձայն 7-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ պարբերությունների՝ քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները չեն կարող հավաքվել, պահվել, օգտագործվել կամ տարածվել առանց քաղաքացու համաձայնության՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Ազգային անվտանգության մարմիններն իրենց պարտականությունները կատարելիս օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում անձանց իրավունքների և ազատությունների խախտումների համար։

37. Համաձայն 9-րդ հոդվածի՝ ազգային անվտանգության մարմինները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը հետևյալ հիմնական ոլորտներում՝ հետախուզություն, հակահետախուզություն, ռազմական հակահետախուզություն, պետական սահմանի պահպանություն և հանցագործությունների դեմ պայքար։ Ազգային անվտանգության մարմինների գործունեության մյուս ոլորտները որոշվում են օրենքով։ Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, ինչպես նաև դրանց կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները չպետք է խախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները կամ վնաս պատճառեն մարդու կյանքին, առողջությանը, սեփականությանը կամ շրջակա միջավայրին։

38. Համաձայն 15-րդ հոդվածի «գ» կետի՝ ազգային անվտանգության մարմինները լիազորված են, ի թիվս այլնի, իրականացնելու օպերատիվ- հետախուզական միջոցառումներ։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

39. Դիմումատուն բողոքել է իր անձնական և ընտանեկան կյանքին անհիմն միջամտության և դրա արդյունավետ քննության բացակայության դեմ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որով սահմանվում է՝

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

 

Ա. Ընդունելիությունը

40. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ոչ ակնհայտ անհիմն է, ոչ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

41. Դիմումատուն պնդել է, որ իր և Վ.Հ.-ի միջև զրույցը հստակ հիմքեր է տալիս ենթադրելու, որ իր անձնական կյանքի մասին տեղեկություններ են հավաքագրվել, մշակվել և օգտագործվել իր վրա ճնշում գործադրելու համար։ Նա նաև պնդել է, որ Վ.Հ.-ն սպառնալիքներ է հնչեցրել իր, իր մտերիմների և իր քաղաքական կուսակցության վերաբերյալ։ Դիմումատուն պնդել է, որ այդ սպառնալիքներն ընկալել է որպես իրական, և որ դրանք լուրջ հետևանքներ են ունեցել իր համար՝ նշելով, որ ինքը լքել է Հայաստանը և այդ ժամանակվանից ապրում է արտերկրում։ Վերջապես, նա պնդել է, որ հանցագործության մասին իր հաղորդումը որևէ հետևանքի չի հանգեցրել, և որ դրան որևէ քննություն չի հետևել։

 

բ) Կառավարությունը

42. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքին միջամտություն չի եղել։ Նրանք պնդում էին, որ անկախ նրանից, թե արդյոք ԱԱԾ-ն հավաքագրել է դիմումատուի մասին անձնական տվյալներ, այդ միակ գործողությունն ինքնին միջամտություն չի համարվում։ Նրանք նաև պնդում էին, որ հավաքագրված տեղեկությունների հետ կապված որևէ գործողություն երբևէ չի ձեռնարկվել։ Դիմումատուն որևէ կոնկրետ պնդում չէր արել ենթադրաբար հավաքագրված տեղեկությունների ծավալի վերաբերյալ։ Չնայած ճամփորդության արգելքի կապակցությամբ ենթադրյալ սպառնալիքներին՝ դիմումատուն լքել էր Հայաստանը 2014 թվականի հուլիսի 11 ին և հետագայում բազմիցս ճանապարհորդել էր երկրի ներսում և երկրից դուրս (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։ Այսպիսով, նրանք պնդում էին, որ դիմումատուն որևէ բացասական հետևանքների կամ սահմանափակումների չի ենթարկվել։

43. Կառավարությունը նշել է, որ եթե Դատարանը միջամտություն հայտնաբերի, այն կհամարվի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող։ Ներպետական իրավունքի մի քանի դրույթների հղում կատարելով (տե՛ս վերոնշյալ 26-35-րդ և 38-րդ պարբերությունները)՝ նրանք պնդել են, որ դիմումատուի տվյալները հավաքագրվել են ներպետական կանոնակարգերին համապատասխան։ Նրանք նաև պնդել են, որ ԱԱԾ գործակալի գործողությունների մանրամասն իրավական հիմքի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել է նաև ԱԱԾ տնօրենի երկու գաղտնի հրամաններով, որոնք տրվել են «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)։ Կառավարությունը պնդել է, որ տեղեկությունները հավաքագրվել են դիմումատուի հետ հնարավոր համագործակցությունը դյուրացնելու նպատակով, որի նպատակն էր պաշտպանել ազգային անվտանգությունը։ Նրանք նաև պնդել են, որ այդ նպատակով հավաքագրված տեղեկությունները խստորեն սահմանափակված էին այն ամենով, ինչն անհրաժեշտ էր հնարավոր սպառնալիքները բացահայտելու և մեղմելու համար։

44. Վերջապես, Կառավարությունն ընդունել է, որ պետության՝ անձնական կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքն ապահովելու դրական պարտավորությունը կարող է պահանջել արդյունավետ քննություն և քրեական հետապնդում։ Չնայած ԱԱԾ-ի կողմից միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն չէր իրականացվել, Կառավարությունը պնդում էր, որ տվյալ ժամանակահատվածում գոյություն ունեին արդյունավետ քրեական դրույթներ, և որ դիմումատուի մեղադրանքների վերաբերյալ արդյունավետ քրեական հետաքննություն էր իրականացվել։ Նրանց կարծիքով՝ դատախազի կողմից քրեական վարույթ չհարուցելու որոշումը՝ հիմնված հանցագործության մասին հաղորդման և ուղեկցող ձայնագրության գնահատման վրա, ցույց էր տալիս, որ գործող իրավական դաշտն արդյունավետորեն կիրառվել է։

 

2. Դատարանի գնահատականը

ա) 8-րդ հոդվածի ենթադրյալ խախտում՝ անձնական տվյալների հավաքագրման և պահպանման առնչությամբ, ինչպես նաև սպառնալիքների կիրառման առնչությամբ

i) Միջամտության առկայությունը

45. Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ իր անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ պնդումները հիմնված են եղել նրա՝ ԱԱԾ գործակալ Վ.Հ.-ի հետ ունեցած զրույցի ձայնագրության վրա։ Դատարանը նաև նկատում է, որ այդ ձայնագրության իսկությունը, դիմումատուի զրուցակցի ինքնությունը կամ զրույցի բովանդակությունը երբևէ չեն վիճարկվել ներպետական վարույթներում կամ Դատարանում։ Զրույցի ընթացքում Վ.Հ.-ն դիմումատուին առաջարկել է համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Երբ դիմումատուն հրաժարվել է, Վ.Հ.-ն տարբեր սպառնալիքներ է հնչեցրել։ Մասնավորապես, ի թիվս այլնի, նա նշել է, որ սա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ դիմումատուի և նրան մոտ կանգնած անձանց համար. նա փաստացի պնդել է, որ գրեթե ամեն ինչ գիտի դիմումատուի մասին. նա ակնարկել է, որ դիմումատուի և նրա քաղաքական կուսակցության հեղինակությանը վնաս հասցնող տեղեկությունները կարող են արտահոսել մամուլի միջոցով. նա պնդել է, որ միայն ինքը կարող է որոշել, թե արդյոք դիմումատուին թույլատրվելու է լքել Հայաստանը, և նա նախազգուշացրել է, որ դիմումատուն հայտնվելու է «սև ցուցակում» և այլևս ապագա չի ունենալու այդ պետությունում (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Դիմումատուի այս հայտարարություններն ու բողոքներն ընդգծում են երկու փոխկապակցված հարց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված իրավունքների նկատմամբ հավանական միջամտության, որոնք Դատարանը կուսումնասիրի ստորև՝ «Տվյալների հավաքագրումը և պահպանումը», ինչպես նաև «Սպառնալիքների կիրառումը» վերտառությամբ, որոնք կապված են մասնավորապես անձնական հարցերի և դիմումատուի հնարավոր հեռանկարի հետ։

 

α) Տվյալների հավաքագրումը և պահպանումը

46. Դատարանը նախկինում նշել է, որ պետական մարմնի կողմից որոշակի անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու պահպանումը միջամտություն են անձնական կյանքին (տե՛ս Ամանն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Amann v. Switzerland [GC]], թիվ 27798/95, §§ 65 և 69, ՄԻԵԴ 2000-II, և Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Rotaru v. Romania [GC]], թիվ 28341/95, §§ 43 և 46, ՄԻԵԿ 2000-V, և Գլուխինն ընդդեմ Ռուսաստանի [Glukhin v. Russia] գործերը, թիվ 11519/20, § 67, 2023 թվականի հուլիսի 4)։

47. Վ.Հ.-ի հայտարարությունները, այդ թվում՝ նրա պնդումը, թե նա գրեթե ամեն ինչ գիտի դիմումատուի մասին, նրա ակնարկը, որ հեղինակությանը վնաս հասցնող տեղեկությունները կարող են արտահոսել, և «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքը առնվազն prima facie (առերևույթ) հիմքեր են տալիս ենթադրելու, որ ԱԱԾ-ն հավաքագրել է զգալի քանակությամբ անձնական տվյալներ՝ դիմումատուի և նրա քաղաքական կուսակցության վերաբերյալ։ Հետևաբար Կառավարությանն է վերապահված ընտրություն կատարելու պարտականությունը՝ համոզիչ կերպով հերքելու դիմումատուի պնդումները (տե՛ս համապատասխան փոփոխություններով, Սեբանին ընդդեմ Բելգիայի [Sabani v. Belgium] գործը, թիվ 53069/15, § 43, 2022 թվականի մարտի 8)։ Կառավարությունը չի հերքել այդ պնդումները, ընդհակառակը, փաստացիորեն ընդունել է, որ դիմումատուի վերաբերյալ որոշ տվյալներ հավաքագրվել են (տե՛ս վերևում՝ 42-43-րդ պարբերությունները)։ Վ.Հ.-ի կողմից արված հայտարարություններում ակնարկ էր արվում, որ այդ տվյալները հասանելի են եղել իրեն և ԱԱԾ-ին, ինչը ենթադրում է, որ դրանք պահպանված են եղել. եզրակացություն, որն առավել հաստատվում է Կառավարության կողմից որևէ ցուցման բացակայությամբ այն մասին, որ տվյալները երբևէ ջնջվել կամ ոչնչացվել են։

48. Խնդրո առարկա տվյալների բնույթը և ծավալը մնում են բացառապես իշխանությունների վերահսկողության շրջանակում, քանի որ դրանք չեն բացահայտվել դիմումատուին կամ Դատարանում։ Հետևաբար անհիմն կլիներ ակնկալել, ինչպես առաջարկել է Կառավարությունը, որ դիմումատուն կսահմաներ այդ տվյալների ծավալը՝ հատկապես հաշվի առնելով, որ իշխանություններն իրենք չեն կարողացել հստակեցնել այդ խնդիրը արդյունավետ քննություն իրականացնելու միջոցով (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը)։ Ավելին, Դատարանը նախկինում պարզել է, որ միջամտությունն առկա է նույնիսկ այն դեպքում, երբ անհատի անձնական կյանքի վերաբերյալ պահպանված գաղտնի տվյալների բովանդակությունն անհայտ է (տե՛ս Լեանդերն ընդդեմ Շվեդիայի [Leander v. Sweden] գործը, թիվ 9248/81, §§ 14, 17 և 48, 1987 թվականի մարտի 26)։ Սույն գործում այս մոտեցումից շեղվելու որևէ պատճառ չկա։

49. Դատարանը համոզված չէ Կառավարության այն փաստարկի մասով, որ հավաքագրված տվյալների առնչությամբ երբեք որևէ գործողություն չի իրականացվել (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը)։ Փաստորեն Վ.Հ.-ն ակտիվորեն անդրադարձել է այդ տվյալներին՝ դիմումատուի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելիս։ Ամեն դեպքում, պետական մարմնի կողմից անհատի անձնական կյանքին առնչվող տվյալների պարզապես պահպանումը միջամտություն է 8-րդ հոդվածի իմաստով՝ անկախ նրանից՝ արդյոք տվյալները հետագայում օգտագործվել են, կամ արդյոք դիմումատուն որևէ անհարմարություն է կրել (տե՛ս վերևում՝ Ամաննի [Amann], կետեր 69-70, Ս.-ն և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [S. and Marper v. United Kingdom] [GC], թիվ 30562/04 և ևս 30566-ը, կետ 67, ՄԻԵԴ 2008, և Մ. Դ.-ն և այլք ընդդեմ Իսպանիայի [M.D. and Others v. Spain] գործերը, թիվ 36584/17, § 55, 2022 թվականի հունիսի 28)։

50. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ կան բավարար հիմքեր՝ եզրակացնելու, որ ԱԱԾ-ն հավաքագրել և պահպանել է դիմումատուի անձնական տվյալները։ Այդպիսի գործողություններն ինքնին արդեն համարվում են միջամտություն դիմումատուի անձնական կյանքին։

 

β) Սպառնալիքների կիրառում

51. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով «անձնական կյանք» եզրույթը լայն հասկացություն է, որը ենթակա չէ վերջնական կամ սպառիչ սահմանման։ Այն ընդգրկում է անձի ֆիզիկական և հոգեկան ամբողջականությունը։ Անձնական ինքնավարությունը կարևոր սկզբունք է, որն ընկած է 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների մեկնաբանման հիմքում (տե՛ս Կիրալին և Դոմոթորն ընդդեմ Հունգարիայի [Király and Dömötör v. Hungary] գործը, թիվ 10851/13, կետ 41, 2017 թվականի հունվարի 17)։

52. Դատարանը նկատում է, որ Վ.Հ.-ի կողմից հնչեցրած սպառնալիքները լուրջ բնույթ էին կրում։ Դրանք կարող էին դիմումատուի մոտ առաջացնել հիմնավորված երկյուղ, անհանգստություն և անորոշության զգացում, որոնք կազդեին նրա հոգեկան ամբողջականության և բարեկեցության վրա։ Այդպիսի սպառնալիքները կարող էին նաև զսպող ազդեցություն ունենալ դիմումատուի ազատ և ինքնուրույն գործելու հնարավորության վրա, հատկապես՝ նրա մասնագիտական, հասարակական կամ քաղաքական գործունեության, ինչպես նաև բնակության վայրի ընտրության հետ կապված հարցերում՝ այդպիսով միջամտելով նրա անձնական ինքնությանը։ Հատկանշական է, որ խնդրո առարկա իրադարձություններից հետո դիմումատուն տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ հետագայում նրան ապաստան է տրամադրվել (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)։

53. Բացի այդ, Դատարանը նախկինում ճանաչել է, որ լուրջ սպառնալիքները՝ նույնիսկ, եթե դրանք չեն դրսևորվում կոնկրետ գործողություններով, որոշ դեպքերում կարող են ազդել անձի հոգեկան ամբողջականության վրա՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով (տե՛ս վերևում՝ Կիրալիի և Դոմոթորի [Király and Dömötör], § 43, և Հաջդուովան ընդդեմ Սլովակիայի [Hajduova v. Slovakia] գործերը, թիվ 2660/03, § 49, 2010 թվականի նոյեմբերի 30)։ Չնայած այդ գործերը վերաբերում էին մասնավոր անձանց կողմից հնչեցված սպառնալիքներին, Դատարանը համարում է, որ այդպիսի սպառնալիքները, նախևառաջ, ունեն ավելի մեծ կշիռ և ներուժ՝ ազդելու անձի հոգեկան ամբողջականության ու բարեկեցության վրա, երբ դրանք հնչեցվում են պետական անվտանգության ծառայությունների գործակալի կողմից՝ հաշվի առնելով վերջինիս վերապահված լիազորությունները, իշխանությունն ու ազդեցությունը: Սա հատկապես վերաբերում է սույն գործին՝ հաշվի առնելով սպառնալիքներում անուղղակիորեն ակնարկված հետևանքների անկանխատեսելի և ծածուկ բնույթը։ Այն հանգամանքը, որ դիմումատուն կարողացել է մուտք գործել Հայաստան և դուրս գալ Հայաստանի տարածքից, ինչպես նշել է Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), չնայած տարբեր սպառնալիքներին, որոնք, ի թիվս այլնի, ներառում էին ճամփորդության հնարավոր սահմանափակումները, որևէ կերպ չի նվազեցնում այդ սպառնալիքների ազդեցությունը դիմումատուի վրա։ Ուստի Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն փաստարկը, որը վերաբերում է բացասական հետևանքների կամ սահմանափակումների բացակայությանը։

54. Պետք է նաև նշել, որ հարցաքննությունը թույլատրվել է ԱԱԾ-ում վերադաս սպաների կողմից (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը): ԱԱԾ-ն ոչ միայն չի դատապարտել այդ սպառնալիքները, այլև որևէ կերպ չի նշել, որ դրանք պարզապես եղել են ոմն անհատ գործակալի կողմից արված չարտոնված հայտարարություններ։ Քանի որ ԱԱԾ-ն չի տվել որևէ ցուցում, որ տվյալ գործակալի վարքագիծն անընդունելի է եղել, դիմումատուի կողմից անհիմն չէր լինի եզրակացնել, որ սպառնալիքներն ընդհանուր առմամբ ԱԱԾ-ի կողմից իր դեմ ուղղված դիտավորյալ ռազմավարության մի մասն էին կազմում՝ այդպիսով խորացնելով դրանց ենթադրյալ լրջությունը։ Այդ ընկալումը հետագայում հնարավոր է, որ ավելի ամրապնդվի խնդրո առարկա գործակալի հետագա նշանակմամբ՝ որպես Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը):

55. Հաշվի առնելով ԱԱԾ գործակալի կողմից հնչեցված սպառնալիքների լուրջ բնույթը և դրանց հնարավոր ազդեցությունը դիմումատուի հոգեկան ամբողջականության ու անձնական ինքնության վրա, Դատարանը գտնում է, որ դրանք համարվում են միջամտություն դիմումատուի անձնական կյանքին։

 

γ) Եզրակացություն միջամտության առկայության վերաբերյալ

56. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը ապացուցված է համարում, որ ԱԱԾ-ն հավաքագրել և պահպանել է դիմումատուի անձնական տվյալները, որ նրա նկատմամբ լուրջ սպառնալիքներ են հնչեցվել ԱԱԾ-ի գործակալի կողմից։ Վերը նշված երկու գործողություններից յուրաքանչյուրը համարվում է պետության կողմից միջամտություն դիմումատուի անձնական կյանքին՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով։ Սույն եզրակացությանը հանգելով՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել, թե արդյոք նույն գործողությունները միջամտել են նաև դիմումատուի ընտանեկան կյանքին։

 

ii) Միջամտության հիմնավորումը

57. 8-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի իրավունքներին ցանկացած միջամտություն կարող է արդարացվել միայն 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե այն համապատասխան է օրենքին, հետապնդում է այդ պարբերությունում նշված մեկ կամ մի քանի օրինական նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այդ նպատակներից որևէ մեկին հասնելու համար։ «Նախատեսված է օրենքով» արտահայտությունը պահանջում է, որ վիճարկվող միջոցը ներպետական իրավունքում ունենա որոշակի հիմք: Այն պետք է նաև համատեղելի լինի օրենքի գերակայության հետ, որը հստակորեն նշված է Կոնվենցիայի նախաբանում և կազմում է 8-րդ հոդվածի առարկայի և նպատակի անբաժանելի մասը։ Այսպիսով, օրենքը պետք է լինի մատչելի շահագրգիռ անձի համար և կանխատեսելի՝ դրա հետևանքների առումով (տե՛ս «Բիգ Բրադեր Ուոթչ»-ը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Big Brother Watch and Others v. the United Kingdom] [GC] գործը, թիվ 58170/13 և մյուս 2 գործերը, § 332, 2021 թվականի մայիսի 25):

58. Կառավարությունը որպես վիճարկվող միջամտության իրավական հիմք հղում է կատարել «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» օրենքի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունների մասին» օրենքի մի շարք դրույթների։ Սույն դրույթները միասին վերցրած լիազորում են ԱԱԾ-ին հավաքագրել այն տվյալները, որոնք անհրաժեշտ են հատկապես իր ազգային անվտանգության նպատակներին հասնելու համար (տե՛ս վերևում՝ 27-28-րդ, 34-35-րդ և 38-րդ պարբերությունները) և համագործակցել այն անձանց հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել և համաձայնություն տվել նրանց հետ գաղտնի համագործակցելու համար (տե՛ս վերևում՝ 29-րդ և 31-րդ պարբերությունները)։

59. Այդուհանդերձ, Կառավարությունը չի տվել համոզիչ բացատրություն այն մասին, թե ինչպես են վերոհիշյալ դրույթներն արդարացնում ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ գործողությունները։ Թեև նրանք նշել են, որ տվյալների հավաքագրումն ուղղված է եղել դիմումատուի հետ հնարավոր համագործակցության հեշտացմանը և ազգային անվտանգության պաշտպանությանը, նրանք չեն ներկայացրել, որ ներպետական իրավունքով ԱԱԾ-ն լիազորվում է հավաքագրել տվյալներ անհատի վերաբերյալ՝ նրան գաղտնի ծառայությունների հետ համագործակցելուն հարկադրելու նպատակով։ Բացի այդ, նրանք չեն նշել որևէ կոնկրետ կամ նույնիսկ ենթադրյալ մտահոգություն ազգային անվտանգության վերաբերյալ։ Չի ապացուցվել, որ դիմումատուն կամ նրա հետ կապված որևէ անձ սպառնալիք է ներկայացրել կամ առնչվել է քրեական կամ որևէ այլ հանցագործության հետ։ Ընդհակառակը, ձայնագրված զրույցի ընթացքում Վ.Հ.-ն նշել է, որ դիմումատուին համագործակցության խնդրանքով դիմելու պատճառը նրա «խոստումնալից անձնավորություն» լինելն էր։ Հատկանշական է, որ դատախազի որոշման մեջ կամ Դատարան ներկայացված որևէ այլ նյութում ազգային անվտանգության մասով նկատառմանը որևէ հղում չի արվել։ Ազգային անվտանգության շահերին վերաբերող որևէ տեղեկության բացակայությունը, երբ այն դիտարկվում է դիմումատուի քաղաքական կողմնորոշման հետ միասին, առաջացնում է հիմնավոր մտահոգություններ ԱԱԾ-ի գործողությունների իրական դրդապատճառների և հետևաբար դրանց համապատասխանության վերաբերյալ՝ օրենքի գերակայության հիմնական սկզբունքների մասով։

60. Ինչ վերաբերում է Կառավարության հղմանը ԱԱԾ տնօրենի երկու գաղտնի հրամաններին, որոնց բովանդակությունը հայտնի չէ նույնիսկ Դատարանին, այդ հրամանները չեն համապատասխանում Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված «կանխատեսելիության» և «մատչելիության» պահանջներին։ Ավելին, այդ հրամանների արձակման ենթադրյալ օրենսդրական հիմքը նախատեսում էր, որ դրանք կարող են վերաբերել ԱԱԾ-ի հետ համագործակցության որոշ ընթացակարգային հարցերի, սակայն չեն կարող ծառայել որպես էական իրավական հիմք այդպիսի համագործակցություն հաստատելու կամ անձնական տվյալներ հավաքագրելու առումով (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)։

61. Բացի այդ, ներպետական իրավունքը թույլ է տալիս ԱԱԾ-ին համագործակցել անհատների հետ միայն կամավոր հիմունքներով։ Վ.Հ.-ի՝ դիմումատուի վրա ճնշում գործադրելու փորձը համագործակցության ուղղությամբ ակնհայտորեն անհամատեղելի էր այդ պահանջի հետ։ Նրա կողմից հարկադրանքի մեթոդների և սպառնալիքների կիրառումը նույնպես հիմնարար կերպով հակասում էր օրենքի գերակայության սկզբունքին։

62. Սույն նկատառումները Դատարանին բավարար են եզրակացնելու համար, որ խնդրո առարկա միջամտությունը չի եղել «օրենքին համապատասխան»։

63. Թեև վերը նշվածը բավարար կլիներ եզրակացնելու, որ խախտվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, սակայն Դատարանը կարևոր է համարում հավելյալ հղում կատարել ազգային անվտանգության հետ կապված ակնհայտորեն վտանգված որևէ շահի բացակայության վերաբերյալ իր եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 59-րդ պարբերությունը)։ Նշելով, որ ազգային անվտանգությունը եղել է միակ նպատակը, որի վրա հիմնվել է Կառավարությունը՝ համաձայն 8-րդ հոդվածի 2-րդ կետի, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի իրավունքներին միջամտելը չի հետապնդել օրինական նպատակ (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Տոման ընդդեմ Ռումինիայի [Toma v. Romania], թիվ 42716/02, § 92, 2009 թվականի փետրվարի 24, Ալիևն ընդդեմ Ադրբեջանի [Aliyev v. Azerbaijan] , թիվ 68762/14 և 71200/14, § 186, 2018 թվականի սեպտեմբերի 20, և Յունուսովան և Յունուսովն ընդդեմ Ադրբեջանի [Yunusova and Yunusov v. Azerbaijan] (թիվ 2) գործերը, թիվ 68817/14, § 156, 2020 թվականի հուլիսի 16):

64. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի անձնական կյանքին միջամտելն արդարացված չի եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

 

բ) 8-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը՝ քննություն չիրականացնելու մասով

65. Առաջին հարցը, որը ծագում է վերոնշյալ բողոքի առնչությամբ՝ համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, այն է, թե արդյոք իշխանություններից պահանջվում էր իրականացնել արդյունավետ քննություն դիմումատուի պնդումների վերաբերյալ, և եթե այո, ապա արդյոք այդպիսի քննություն իրականացվել է։

66. Դատարանը վերահաստատում է, որ ընդհանուր առմամբ քննություն իրականացնելու պարտականությունները նախատեսված են ապահովելու հաշվետվողականություն համապատասխան քրեական, քաղաքացիական, վարչական և մասնագիտական ուղիներով։ Այս առումով կարևոր է վերահաստատել, որ պետությունն ունի հայեցողության որոշակի շրջանակ՝ որոշելու համար, թե ինչպես է կազմակերպում իր համակարգը՝ Կոնվենցիայի հետ համապատասխանությունն ապահովելու համար։ Այն նախկինում ճանաչել է 8-րդ հոդվածի համատեքստում քննություն իրականացնելու պարտականությունը որոշակի հանգամանքներում՝ կապված մասնավոր անձանց գործողությունների հետ։ Ավելին, Դատարանը չի բացառել այն հնարավորությունը, որ 8-րդ հոդվածի համաձայն՝ պետության՝ անհատի անձեռնմխելիությունն ապահովելու դրական պարտավորությունը կարող է ընդգրկել նաև քննության արդյունավետությանն առնչվող հարցերը։ Դատարանը գտնում է, որ քննություն իրականացնելու պարտավորությունը նույնիսկ ավելի քիչ բացառելի է 8-րդ հոդվածի համատեքստում՝ կապված պետության գործակալների գործողությունների հետ, եթե դիմումատուն վիճելի պնդում է ներկայացնում պետության գործակալների կողմից իր անձնական կյանքին միջամտելու լուրջ և ակնհայտ անօրինական գործողությունների վերաբերյալ (տե՛ս համապատասխան փոփոխություններով, Կրաքսին ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [Craxi v. Italy], թիվ 25337/94, § 75, 2003 թվականի հուլիսի 17, Խադիջա Իսմայիլովան ընդդեմ Ադրբեջանի[Khadija Ismayilova v. Azerbaijan], թիվ 65286/13 և 57270/14, § 112, 2019 թվականի հունվարի 10, և Բասուն ընդդեմ Գերմանիայի [Basu v. Germany] գործերը, թիվ 215/19, § 32, 2022 թվականի հոկտեմբերի 18):

67. Դատարանը նշում է, որ դիմումատուի անձնական կյանքին միջամտող գործողությունները կրել են լուրջ բնույթ։ Բացի այդ, դիմումատուն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և տրամադրել հավանական պնդումներ, որ Վ.Հ.-ի գործողությունները պարունակել են մի շարք հանցագործությունների տարրեր, այդ թվում՝ անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների ապօրինի հավաքագրում, պահպանում, օգտագործում կամ տարածում, միջամտություն՝ միավորվելու ազատության իրավունքի իրացմանը, և պաշտոնեական լիազորությունների չարաշահում (տե՛ս վերևում՝ 12-րդ և 15-րդ պարբերությունները)։ Հատկանշական է, որ 2016 թվականի մարտի 30-ի իր առաջին որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ դիմումատուի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն առաջին հայացքից (prima facie) բացահայտում է որոշակի հանցագործությունների տարրեր և պահանջում է ստուգում, որը կարող է արդարացնել քրեական վարույթի հարուցումը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը)։ Որևէ այլընտրանքային իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի առկայություն չի հայտարարվել կամ ներկայացվել։ Դատարանը գտնում է, որ սույն հանգամանքները բավարար են՝ առաջացնելու պետության դրական պարտավորությունը՝ արդյունավետ քննություն իրականացնելու առումով։

68. Դատարանը նշում է, որ քննչական որևէ գործողություն չի ձեռնարկվել դեպքի հանգամանքները, այդ թվում՝ ԱԱԾ-ի և նրա գործակալի գործողությունների իրական դրդապատճառները, դիմումատուի մասին հավաքագրված տվյալների բնույթն ու ծավալը և սպառնալիքների լրջությունը պարզելու ուղղությամբ։ Վ.Հ.-ն և նրա ղեկավարները չեն հարցաքննվել։ Թեև Գլխավոր դատախազությունը, ըստ երևույթին, որոշակի տվյալներ ձեռք է բերել ԱԱԾ-ից՝ կապված միջադեպի հետ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), սակայն դրանց բովանդակությունը ոչ ուսումնասիրվել, և ո՛ էլ բացահայտվել է։

69. Վերջիվերջո, դատախազը մերժել է քրեական վարույթ հարուցել՝ գտնելով, որ ԱԱԾ-ի գործակալի գործողությունները չունեն prima facie (առերևույթ) հանցագործության տարրեր (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)։ Այդ որոշումը կայացնելիս դատախազը սահմանափակվել է միայն խնդրո առարկա զրույցի աուդիո ձայնագրության մակերեսային և ընտրողական գնահատմամբ (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Մասնավորապես նա նշել է, որ դիմումատուի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման մեջ հստակ նշված չի եղել, թե ինչ սպառնալիքներ են հնչեցվել, չնայած այն հանգամանքին, որ այդ տվյալներն ակնհայտորեն տրամադրվել էին նրան աուդիո ձայնագրության տեսքով։ Ավելին, նա պատրաստակամորեն ընդունել է Վ.Հ.-ի պնդումը՝ ձայնագրված զրույցի ընթացքում, որ համագործակցությունը պետք է լինի կամավոր, մինչդեռ անտեսելով ակնհայտ սպառնալիքներն ու հարկադրական ակնարկները, որոնք ակնհայտորեն անհամատեղելի էին կամավոր համագործակցության գաղափարի հետ։ Չնայած վերոնշյալ թերություններին՝ դատախազի որոշումը անփոփոխ է թողնվել Վերաքննիչ դատարանի կողմից։

70. Դատարանը նաև նկատում է, որ Կառավարությունը չի պնդել, որ իրականացվել է վարչական, կարգապահական կամ որևէ այլ բնույթի քննություն։ Ընդհակառակը, ըստ երևույթին, պետության գործակալի կողմից դիմումատուի նկատմամբ իրականացված ակնհայտ անօրինական գործողությունները մնացել են պետական մարմինների կողմից աննկատ, և երբեք ջանքեր չեն գործադրվել՝ ապահովելու համար, որ այդպիսի անօրինական գործողությունները չկրկնվեն։

71. Վերոնշյալ դիտարկումները բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ պատասխանող պետությունը չի կատարել իր դրական պարտավորությունները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն։

72. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ պետության կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու մասով։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

73. Դիմումատուն բողոք է ներկայացրել իր բողոքների մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չունենալու վերաբերյալ՝ համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, քանի որ պետական մարմինները չեն ձեռնարկել և իրականացրել քրեական գործով արդյունավետ քննություն իր պնդումների մասով։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

 

74. Դատարանը նշում է, որ սույն բողոքը, ըստ էության, նույնն է, ինչ վերոնշյալ 65-72-րդ պարբերությունների մեջ նշված՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն քննվող բողոքը։ Չնայած սույն բողոքը պետք է հայտարարվի ընդունելի, այն 13-րդ հոդվածի իմաստով առանձին հարց չի առաջացնում։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

75. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը համարում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժող կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

76. Դիմումատուն պահանջել է 5,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

77. Կառավարությունը պնդել է, որ խախտման փաստացի արձանագրումը բավարար հիմք կլինի արդարացի փոխհատուցման համար, և որ ամեն դեպքում պահանջվող գումարը չափազանց բարձր է:

78. Դատարանը գտնում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս՝ իր անձնական կյանքի նկատմամբ անհիմն միջամտության և արդյունավետ քննության բացակայության հետևանքով, որը չի կարող փոխհատուցվել միայն խախտման արձանագրմամբ։ Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 5000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

79. Դիմումատուն ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝

 

1. Միաձայն հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում ինչպես դիմումատուի անձնական կյանքին միջամտելու, այնպես էլ արդյունավետ քննության բացակայության մասով.

3. 6 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն որևէ առանձին հարց չի ծագում

4. Միաձայն վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 5,000 եվրո (հինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3 րդ կետերի։

 

Վիկտոր Սոլովեյչիկ՝

Կատերինա Շիմաչկովա՝

Քարտուղար

Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74 րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում է դատավոր Սերղիդեսի առանձին կարծիքը։

 

ԴԱՏԱՎՈՐ ՍԵՐՂԻԴԵՍԻ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

1. Ինչպես նշված է վճռի ներածական մասում, սույն գործով բողոքներ էին ներկայացվել Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն, որը վերաբերում էր անվտանգության ծառայությունների կողմից դիմումատուի անձնական տվյալների ենթադրյալ հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, սպառնալիքների միջոցով իրենց հետ համագործակցությանը հարկադրելուն, այդ պնդումների վերաբերյալ արդյունավետ քննության, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը։

2. Ես կողմ եմ քվեարկել վճռի գործող դրույթների բոլոր կետերին՝ բացի 3 րդ կետից, որով սահմանվում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն որևէ առանձին հարց չի ծագում։

3. Վերոհիշյալ 3-րդ կետի առնչությամբ՝ վճռի 74-րդ պարբերությամբ արվել է հետևյալ եզրակացությունը․

«Դատարանը նշում է, որ սույն բողոքը, ըստ էության, նույնն է, ինչ վերոնշյալ 65-72-րդ պարբերությունների մեջ նշված՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն քննվող բողոքը։ Չնայած սույն բողոքը պետք է հայտարարվի ընդունելի, այն առանձին հարց չի առաջացնում 13-րդ հոդվածի իմաստով»։

4. Վերոնշյալ հայտարարության մեջ նշված պարբերությունները վերաբերում են «8-րդ հոդվածի [ե]նթադրյալ խախտմանը՝ քննություն չիրականացնելու մասով», և ընդգրկվում են սույն վերնագրում։ Սույն պարբերության նախավերջին՝ 71-րդ պարբերության մեջ նշվում է, որ վերոնշյալ դիտարկումները բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ պատասխանող պետությունը չի կատարել իր դրական պարտավորությունները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն։ Այնուհետև սույն վերնագրում ընդգրկված վերջին՝ 72-րդ պարբերության մեջ նշվում է, որ «[հ]ետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ պետության կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու մասով»։

5. Իմ անհամաձայնությունը մեծամասնության հետ նրանում է, որ 8-րդ հոդվածով սահմանված՝ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտավորության բովանդակությունն ու ծավալը, ելնելով Դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա ձևավորված դրական պարտավորություններից1, հայեցակարգային և գործառութային առումով տարբեր են Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսած իրավունքից, որը ապահովում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի առկայությունը։ Այս երկու իրավունքները կիսում են միայն «արդյունավետ» եզրույթը, որը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կոնտեքստում բնութագրում է տարբեր իրավական հասկացություններ։ Ի տարբերություն նշված դատավարական պարտավորությանը՝ 13-րդ հոդվածով սահմանված իրավունքն առանձին և անկախ իրավունք է։ Հրաժարվելով 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելուց՝ մենք ռիսկի ենք ենթարկում երկու առանձին պաշտպանությունների համադրումը. մեկը կապված է 8-րդ հոդվածի հետ՝ հիմնված արդյունավետության2 սկզբունքի վրա, իսկ մյուսը ապահովում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ՝ 13-րդ հոդվածի համաձայն։ Այս մոտեցումը խաթարում է Կոնվենցիայի հիմնաքարը, այն է՝ 34-րդ հոդվածով նախատեսված անհատական գանգատներ ներկայացնելու իրավունքը, որն ապահովում է Կոնվենցիայի արդյունավետությունը և օրենքի գերակայության բուն էությունը։

6. Այս մոտեցումը հավասարապես խաթարում է սուբսիդիարության և իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման սկզբունքները։ 13-րդ հոդվածով հստակ սահմանվում է Կոնվենցիայի նախաբանով ամրագրված սուբսիդիարության սկզբունքը։ Հաշվի չառնելով այս կապը՝ Դատարանը բաց է թողել մի կարևոր հնարավորություն՝ պետություններին տրամադրելու պարզաբանումներ այն մասին, թե ինչ բնույթ և ծավալ ունեն «իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները», և ինչ պետք է դրանք իրականում ենթադրեն։ Այս առումով Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland] [GC] գործով (թիվ 30210/96, § 152, ՄԻԵԴ 2000-XI) Դատարանի հիմնավորումը հատկապես ուսուցողական է․

«... 13-րդ հոդվածը, որն ուղղակի արտահայտում է պետությունների պարտավորությունը՝ առաջին հերթին ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունն իրենց սեփական իրավական համակարգում, ստեղծում է անհատի համար լրացուցիչ երաշխիք՝ ապահովելու համար, որ նա արդյունավետորեն օգտվի այդ իրավունքներից։ 13-րդ հոդվածի նպատակը, ինչպես պարզ է դառնում նախապատրաստական նյութերից (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Նախապատրաստական նյութեր» ժողովածուի II հատորի 485-րդ և 490-րդ էջերը և III հատորի 651-րդ էջը), այն է, որ ապահովվի միջոց, որով անհատները կարող են ազգային մակարդակում ստանալ ազատություն Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքների խախտումների դեպքում՝ նախքան Դատարանում բողոքարկման միջազգային մեխանիզմին դիմելը։ Այս տեսանկյունից՝ ողջամիտ ժամկետում անհատի արդար դատաքննության իրավունքը պակաս արդյունավետ կլինի, եթե որևէ հնարավորություն չկա առաջին հերթին պահանջ ներկայացնել պետական մարմին՝ համաձայն Կոնվենցիայի, և 13-րդ հոդվածով նախատեսված պահանջները պետք է դիտվեն որպես 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներն ամրապնդող, այլ ոչ թե կլանված լինելով այդ հոդվածով սահմանված ընդհանուր պարտավորությամբ, ըստ որի անհատներին առնչվող գործերը չպետք է անհարկի ձգձգվեն դատական վարույթ հարուցելիս։

7. Վերջապես, Դատարանի նախադեպային իրավունքից բխող իրավունքը, ինչպիսին է օրինակ՝ ներկայիս գործով՝ 8-րդ հոդվածի համաձայն մեր կողմից քննվող իրավունքը, չի կարող փոխարինել կամ նվազեցնել այն իրավունքը, որը հստակ ամրագրված է Կոնվենցիայի տեքստում։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ընթացակարգային խախտման վրա հիմնվելը՝ 13-րդ հոդվածի վերանայումից խուսափելու նպատակով, կնշանակի, որ որոշ իրավունքների նկատմամբ փաստացի կգործի ավելի ուժեղ իրավական պաշտպանություն, քան մյուս իրավունքների նկատմամբ, ինչը համահունչ իրավական կառուցվածք չի ձևավորում։ Վերոնշյալի հիման վրա պետք է ընդունել, որ այս երկու իրավունքները, որոնք տարբերվում են թե՛ ծավալով և թե՛ գործառույթով, կարող են առաջացնել տարբեր իրավական հետևանքներ՝ ենթադրյալ խախտումը գնահատելիս։ Հետևաբար այս հարցը ոչ միայն մեծ հայեցակարգային կարևորություն ունի, այլև զգալի գործնական կարևորություն։

8. Վերոնշյալի լույսի ներքո՝ եթե ես չլինեի փոքրամասնության շարքերում, ես կքննեի բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն։ Հայտարարությունների այն համատարած գործելակերպը, ըստ որի «անհրաժեշտություն չկա քննելու 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը» կամ ինչպես տվյալ գործով՝ «13-րդ հոդվածի շրջանակներում որևէ առանձին հարց չի ծագում», 13-րդ հոդվածը պատրանքային դարձնելու վտանգ է առաջացնում և խաթարում է Դատարանի կողմից ձևավորված ստանդարտը»։

 

_______________

1 Սկիզբ առած 1968 թվականին՝ «Բելգիայում կրթության մեջ լեզուների օգտագործման վերաբերյալ օրենքների որոշ հայեցակետերի» առնչությամբ գործում (ըստ էության), 1968 թվականի հուլիսի 23, Սերիա Ա, թիվ 6։

2 Ըստ իս՝ հենց այս սկզբունքն է ապահովում երաշխավորված իրավունքների համալիր պաշտպանությունը՝ գործելով ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական հայեցակետերով։ Այս երկակի մոտեցումն արտացոլում է պետությունների կողմից բացասական պարտավորությունները հարգելու անհրաժեշտությունը՝ խուսափելով անհիմն միջամտությունից, և դրական պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը՝ ձեռնարկելով միջոցառումներ, որոնք ապահովում են այդ իրավունքների արդյունավետ իրացումը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան