ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 552
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1993 թ. N 552

Քաղ. Երևան

 

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նշել, որ ադրբեջանական օդուժի կողմից 1993 թվականի հուլիսի 24-ի ռմբակոծության հետևանքով զգալի վնաս է հասցվել Վարդենիսի շրջանի բնակչությանը և տնտեսությանը:

Վարդենիսի շրջանի բնակավայրերի պաշտպանության ամրապնդման, տնտեսության վերականգնման, պատճառված վնասների հատուցման և բնակչության սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սեղմ ժամկետում ապահովել Վարդենիսի շրջանի հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործումն ու շուրջօրյա անխափան աշխատանքը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի հետ համատեղ`

ա) 15-օրյա ժամկետում ուսումնասիրել Վարդենիսի շրջանում ապաստարանների և կառավարման պաշտպանված կետի փաստացի վիճակն ու առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն նշված ապաստարանները և կառավարման պաշտպանված կետն անհրաժեշտ գույքով, կապի, էլեկտրասնուցման միջոցներով, տաքացուցիչներով ապահովելու վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում քննության առնել Վարդենիսի շրջանի բնակչության քաղաքացիական պաշտպանությունն ուժեղացնելու հարցը և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, կապի նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, լուսավորության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայկոոպի վարչությանը, պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` 10-օրյա ժամկետում կազմել վերականգնողական աշխատանքների նախահաշիվները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վերականգնողական աշխատանքների նախահաշիվներն ստանալուց հետո, 7-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն նշված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի հետ համատեղ քննության առնել Վարդենիսի շրջանում ռմբակոծությունից տուժած բնակելի տների նորոգման և կառուցման համար երկարաժամկետ արտոնյալ պայմաններով լրացուցիչ վարկի տրամադրման հարցը:

5. Պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում քննության առնել ռմբակոծության հետևանքով բնակիչներին հասցված վնասների հատուցման հարցը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն նշված վնասների փոխհատուցման չափի և ֆինանսական աղբյուրների վերաբերյալ:

6. Վարդենիսի շրջանի ռմբակոծության հետևանքների վերացմանն ուղղված նախագծային և շինարարական-վերականգնողական աշխատանքների գծով միասնական պատվիրատու սահմանել պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմը:

7. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին` շահագրգիռ այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի պատվերի հիման վրա լուծել Վարդենիսի շրջանում ռմբակոծության հետևանքների վերացման, ինչպես նաև շենքերի ու տների նորոգման, վերակառուցման նպատակով անհրաժեշտ շինանյութերի և այլ նյութատեխնիկական միջոցների հատկացման հարցերը` համաձայն կնքված պայմանագրերի:

8. Վարդենիսի շրջանի տուժած բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, շինարարության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի պատվերի հիման վրա սեղմ ժամկետում լուծել անհրաժեշտ թվով տնակների պատրաստման հարցը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի կողմից ներկայացված հիմնավորված նախահաշիվների և հաշվարկների համաձայն ապահովել տնակների պատրաստման կամ ձեռքբերման ու տեղափոխման աշխատանքների ֆինանսավորումը.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, շինարարության նախարարությանը` ապահովել նշված տնակների տեղափոխումը Վարդենիսի շրջանի ռմբակոծությունից տուժած բնակիչների վերաբնակության վայրերը:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայպետագրոբանկի հետ համատեղ ապահովել Վարդենիսի շրջանի բնակչությանը կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև աշխատավարձի ժամանակին վճարումը:

10. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական վարչության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Վարդենիսի շրջանի բնակավայրերի, շրջկենտրոնի և սահմանապահ հենակետերի միջև ռադիոռելեային կապի ապահովման, ինչպես նաև կապի պաշտպանված հանգույց ստեղծելու վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 15-օրյա ժամկետում համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության հետ, առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն նշված գոտում ռազմավարական ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և այդ աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` 15-օրյա ժամկետում քննության առնել Վարդենիսի շրջանի էլեկտրացանցը ուղղակիորեն «Հայէներգոարդ» ՊՁ-ին ենթարկելու տեխնիկական հնարավորության հարցը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

13. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` 3-ամսյա ժամկետում լուծել Վարդենիսի շրջանում հեղուկ վառելիքի պահուստային պաշարների ստեղծման հարցը:

Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 3-ամսյա ժամկետում քննության առնել Վարդենիսի շրջանում ալյուրի պահուստային պաշարների ստեղծման հարցը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Ռ. Բագոյանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան