ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 471
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(15.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 1993 թ. N 471

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կանոնադրությունը (կցվում է)։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն ունենալ նախարարի 4 տեղակալ, այդ թվում՝ մեկ առաջին տեղակալ, և 15 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության երկաթգծի մասին» N 436 որոշման 1-ին ու 2-րդ կետերը, 1992 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության մասին» N 148 որոշման 2-րդ կետը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1993 թվականի

սեպտեմբերի 15-ի N 471 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է տրանսպորտի և հաղորդակցության համակարգի կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նախարարությունը պատասխանատվություն է կրում ճյուղում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար։

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք։

 

II. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության խնդիրներն ու ֆունկցիաները

 

2. Նախարարության գլխավոր խնդիրներն ու ֆունկցիաներն են՝

ա) ելնելով բնակչության պահանջմունքից, Հայաստանի Հանրապետության տնտեսության և պաշտպանության շահերից ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի, մետրոպոլիտենի և հաղորդակցության ուղիների փոխկապակցված զարգացման ապահովումը.

բ) իր իրավասության սահմաններում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

գ) պետական պատվերների կատարման ապահովումը.

դ) աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի արմատավորումը, կառավարման կառուցվածքի ու կազմակերպման ձևերի կատարելագործումը.

ե) աշխատողների սոցիալական պաշտպանվածության, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.

զ) տրանսպորտային ծառայություններից և հաղորդակցության ուղիներից օգտվողների իրավունքների պաշտպանումը.

է) պետական գույքի սեփականաշնորհման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.

ը) տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության կարգավորումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը.

ի) ենթակա ձեռնարկություններին հանրապետական զարգացման ծրագրերից, հանրապետական բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից կամ այլ աղբյուրներից սահմանված կարգով միջոցների տրամադրումը և դրանց նպատակային ու արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

խ) տրանսպորտի երթևեկության կազմակերպման բարելավումը, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը։

 

III. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Նախարարության համակարգն ընդգրկում է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, մետրոպոլիտենի և հաղորդակցության ճանապարհների շինարարության ու շահագործման ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը։

4. Նախարարությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով ենթակա ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը։ Նախարարությունը մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն՝ միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար։

5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ճյուղի պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները։

Նախարարությունը ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը։

6. Նախարարությունը՝

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար, և ստուգում դրանց կատարումը.

բ) մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը։

7. Նախարարությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով։

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ։

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքային ցուցակը.

ե) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների քանակը և կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

է) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության կազմի մեջ մտնող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ։

10. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը։

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները՝ ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ։ Նախարարության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները։

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով։ Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

13. Նախարարությունը տրանսպորտի, հաղորդակցության ուղիների և երթևեկության բնագավառում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումը և տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ։

14. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ճյուղում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ՝ բաղկացած մասնագետներից, օտարերկրյա գիտնական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը։

15. Նախարարությունը մասնակցում է տրանսպորտի և հաղորդակցության ուղիների բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները։

16. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները։

17. Նախարարությունը թույլտվություն է տալիս ենթակա ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար։

18. Նախարարությունը համաձայնություն է տալիս ենթակա ձեռնարկությունների բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար։

19. Նախարարությունը սահմանում է ենթակա ձեռնարկությունների շահույթի օգտագործման կարգը։

20. Նախարարությունը թույլտվություն է տալիս ենթակա ձեռնարկություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար։

21. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ենթակա ձեռնարկությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը։

22. Նախարարությունն իրականացնում է ենթակա ձեռնարկությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և ձեռնարկությունների կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը։

23. Նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

24. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող՝ նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար։