ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/14113/05/25 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.05.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/14113/05/25

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/14113/05/25

 

Նախագահող դատավոր՝

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Բիոկաթ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)՝ Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը։ Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ներսիսյան) 28.08.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ արգելվել է Հանձնաժողովին կատարելու այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով կխոչընդոտվեն Ընկերության կողմից ԲԻՈԿԱԹ մակնշմամբ ապրանքների իրացումն անձամբ կամ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով:

Հանձնաժողովը 09.09.2025 թվականին Դատարան է ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.11.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.09.2025 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Դավիթ Դավթյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել։

 

2.  Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  93-րդ և 123-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում հայցվորի կողմից ի սկզբանե ներկայացված է եղել ճանաչման հայցադիմում, և դրան կից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն ունեցել է երկու հիմք՝ դատական ակտի կատարման դժվարացում կամ անհնարինություն և հայցվորին էական վնաս պատճառելու հանգամանք։ Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը կայացնելու հիմքում դրել է դատական ակտի կատարման անհնարինությունը՝ գիտակցելով, որ քննության է առնում ճանաչման հայց։ Հետագայում Դատարանը չէր կարող վերացնել հայցի ապահովման միջոցն այն հիմնավորմամբ, որ ճանաչման հայցի պայմաններում չի կարող կիրառվել հայցի ապահովում՝ դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հիմքով։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշման մեջ չի նշել գեթ մեկ հանգամանք, որը չի եղել Դատարանի տիրապետության ներքո հայցի ապահովման միջոցը կիրառելիս և վերջինիս առջև բացահայտվել է հետագայում, որն էլ հիմք է հանդիսացել դատական ակտի կայացման համար։ Այնինչ՝ Վերաքննիչ դատարանի պարտականությունն է կայացնել պատճառաբանված դատական ակտ, որը պետք է պարունակի բոլոր հանգամանքների վերաբերյալ մանրամասն վերլուծություններ։

Վերաքննիչ դատարանը պետք է մատնացույց աներ այն բոլոր նոր փաստական հանգամանքները, որոնք հայցի ապահովման միջոց կիրառելիս Դատարանը չի ունեցել իր տիրապետման ներքո, և որոնք բացահայտվել են հետագայում և հիմք են հանդիսացել դատական ակտի կայացման համար։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքում դրված բողոք բերած անձին էական վնաս հասցնելու հանգամանքին։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում գնահատման ենթակա հանգամանքներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով սահմանված հայցի ապահովման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով ապահովվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ վերջնական դատական ակտերի կատարելիության սկզբունքի արդյունավետ իրացումը։

Այս ինստիտուտի գործառույթն ու բովանդակությունը բացահայտված են ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներում։

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:

ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ` հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տե՛ս, Մհեր Ավետիսյանը և այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու նպատակ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն անձանց ենթադրյալ խախտված իրավունքների իրական և ամբողջ ծավալով վերականգնումը երաշխավորելն է: Ըստ այդմ, հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ դատարանն ըստ էության կանխում է հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի անվերականգնելի դառնալու հավանականությունը (տե՛ս, «Ուստր Մամիկոն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետևյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

2) գործողության   կատարման   հայց  (ՀՀ  վարչական  դատավարության  օրենսգրքի 68-րդ հոդված),

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում՝ անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն՝ օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնույթ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու՝ օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն՝ նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը (տե՛ս, «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/5719/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) «Հայցի ապահովումը» վերտառությամբ 15-րդ գլխով սահմանված են հայցի ապահովման հիմքերը, հայցի ապահովում կիրառելու, հայցի ապահովման մասին որոշման կատարման կարգը, ինչպես նաև հայցի ապահովման միջոցը փոփոխելու, փոխարինելու և վերացնելու իրավական հնարավորությունն ու կարգը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` (...) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը. (...

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։

Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:

Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը, այն է՝

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, կամ

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, կամ

- հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման նշված հիմքերն ուղղակիորեն բխում են հայցի ապահովման ինստիտուտի գործառույթից ու նպատակից և չափանիշ են հայցի ապահովման կիրառման անհրաժեշտությունը գնահատելու համար:

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք և բավարար հիմքերի առկայության պայմաններում՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն` հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք և բավարար հիմքերի առկայությունը (տե՛ս, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը որպես կանոն ենթադրում է դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) իրավունքների սահմանափակում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հայցվորից պահանջվում է բավարար, համարժեք և ամբողջական փաստարկների համակցությամբ հիմնավորել հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, իսկ դատարանի իմպերատիվ պարտականությունն է միջնորդությամբ ներկայացված փաստարկների բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության ու գնահատման արդյունքում հաստատել կամ հերքել նման անհրաժեշտության առկայությունը: Հայցի ապահովման միջոցը կիրառելու համար դատարանից պահանջվում է բավարար և համարժեք փաստարկների համակցությամբ հիմնավորել, որ հայցի ապահովման տվյալ միջոցը չկիրառելու դեպքում կամ անհնարին կդառնա դատական ակտի կատարումը կամ կդժվարանա դրա կատարումը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները

- հայցի ապահովում կիրառվում է  պարտավորեցման հայցի (Օրենսգրքի 67-րդ հոդված),  գործողության կատարման հայցի (Օրենսգրքի 68-րդ հոդված) և  ճանաչման հայցի (Օրենսգրքի 69-րդ հոդված) հիման վրա հարուցված գործերով բացառություն են հանդիսանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերը, որպիսի պարագայում օրենսդիրը՝ որպես հայցվորի շահերի պաշտպանության ապահովման իրավական երաշխիք, նախատեսել է վիճարկվող վարչական ակտի կասեցման իրավական հնարավորությունը  (Օրենսգրքի 83-րդ հոդված),

- հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման, որպիսի պայմաններում դատավարության մյուս մասնակիցների շահերի պաշտպանության դատավարական միջոցն  Օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավական հնարավորությունն է ընդ որում՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման (Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ),

- օրենսդիրը, ամրագրելով դատավարության մասնակցի միջնորդությամբ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու իրավական հնարավորություն, չի սահմանել հայցի ապահովման միջոցը վերացնելու կոնկրետ հիմքեր։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերն ու պայմաններն անհրաժեշտ է համարել հստակեցնել հայցի ապահովման ինստիտուտի վերը բացահայտված գործառույթի ու նպատակի լույսի ներքո և հայցի ապահովման միջոցի կիրառման՝ Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի համատեքստում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո կարող են ի հայտ գալ նոր փաստեր, կարող է տեղի ունենալ փաստական դրության այնպիսի փոփոխություն, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանա կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցի ապահովման գործառույթն ու նպատակը, ինչպես նաև հայցի ապահովում կիրառելու օրենքով սահմանված հիմքերը, արձանագրել է, որ նախ՝ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո տեղի ունեցած փաստական դրության փոփոխության ուժով վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այն է՝ հայցի ապահովման միջոց չկիրառելն այլևս չի կարող դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը։ Այլ կերպ՝  կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել այն դեպքում, երբ առկա է գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որպիսի պայմաններում հայցի ապահովումը այլևս չի ծառայում իր գործառույթին ու նպատակին և դառնում է ինքնանպատակ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես կանոն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, փաստերն ու ապացույցները՝ ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելիս հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի և/կամ ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժեր հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ 

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոցը կիրառելիս դատարանի տրամադրության տակ չի գտնվել այնպիսի փաստ և/կամ ապացույց, որի առկայության պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացնելիս դատավարության մասնակցից պահանջվում է ներկայացնել

- կամ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստ և/կամ ապացույց, փաստական դրության փոփոխություն՝ հիմնավորելով, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը,

- կամ այնպիսի փաստ և/կամ ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել հայցի ապահովման  միջոց կիրառելու որոշում կայացնելիս՝ հիմնավորելով, որ այդ փաստին և/կամ ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի հայցի ապահովում կիրառելու մասին որոշման քողարկված բողոքարկման, որպիսի իրավական հնարավորություն օրենսդիրը չի սահմանել: Ըստ այդմ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման շրջանակներում չի կարող գնահատման առարկա դառնալ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։

Ի ամփոփումն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե

- հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի և/կամ ապացույցի լույսի ներքո գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այլևս առկա չէ դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարումը դժվարանալու հավանականություն, կամ

- դատարանը գնահատելով հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված և հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը  և/կամ ապացույցը՝ եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը (տե՛ս, «Ուստր Մամիկոն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում գնահատման ենթակա հիմնական հարցն այն է, թե հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո արդյո՞ք առկա է ի հայտ եկած նոր փաստ և (կամ) ապացույց, փաստական դրության փոփոխություն, որոնց առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, կամ առկա՞ է այնպիսի փաստ և (կամ) ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշում կայացնելիս, որպիսի փաստին և (կամ) ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։ Այս միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշումը ենթակա է բողոքարկման, որպիսի իրավունքի իրացման ընթացքում հնարավոր է բարձրացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ կայացված որոշման հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ինչը որևէ պարագայում չի կարող վերածվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման քողարկված բողոքարկման։

Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման և լուծման շրջանակներում որևէ դեպքում գնահատման ենթակա չեն կարող լինել հայցի ապահովման միջոցը կիրառելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, որոնք արձանագրվել են հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտով, կամ որևէ այլ հանգամանք՝ կապված քննվող հայցատեսակի կամ այլ փաստական հանգամանքի հետ, բացառությամբ հետևյալ երկու հանգամանքների գնահատումից դրանք են՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո արդյո՞ք ի հայտ է եկել նոր փաստ և/կամ ապացույց, փաստական դրության փոփոխություն, որոնց առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը կամ արդյո՞ք բացահայտվել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանի տրամադրության տակ չգտնված փաստ և/կամ ապացույց, որպիսի փաստին և (կամ) ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված ճանաչման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին մի շարք տնտեսվարող սուբյեկտների գրություն ուղարկելու Հանձնաժողովի 01.08.2025 թվականի գործողությունը՝ միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ արգելել Հանձնաժողովին կատարելու այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով կխոչընդոտվեն Ընկերության կողմից ԲԻՈԿԱԹ մակնշմամբ ապրանքների իրացումն անձամբ կամ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով (հավելվածի գ.թ. 2-4, 31-32

ՀՀ վարչական դատարանը 28.08.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) սույն գործով ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին այնպիսի գործողություններ կատարելը չարգելելու դեպքում, որոնց հետևանքով կխոչընդոտվեն «ԲԻՈԿԱԹ» ՍՊ ընկերության կողմից ԲԻՈԿԱԹ մակնշմամբ ապրանքների իրացում անձամբ կամ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով, սույն գործով կայացվելիք դատական ակտի կատարումը` հայցի հնարավոր բավարարման դեպքում, անվիճելիորեն անհնարին կդառնա (…)» (հավելվածի գ.թ. 33

Հանձնաժողովի կողմից 09092025 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն՝ հետևյալ փաստարկներով «(…) նախքան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության ստուգումը, դատարանի առաջնահերթ պարտականությունն է նախնական, առերևույթ մակարդակով հայցի հիմնավորվածության գնահատումը։ (…) ներկայացված հայցը ակնհայտ անհիմն է, ավելին, սույն գործով ներկայացված պահանջը ենթակա չէ վարչական դատավարության կարգով քննության, հայցի ապահովում չէր կարող կիրառվել։ (…) սույն գործով ներկայացված է ճանաչման հայց, (…) հետևաբար, չի կարող լինել նաև այս գործով կայացվելիք դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն» (հավելվածի գ.թ. 40-42

Դատարանը 17.09.2025 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացրել է՝ հետևյալ պատճառաբանությամբ «(…)  Նախ, Դատարանն արձանագրում է, որ թեև փաստացիորեն ներկայացվել է ճանաչման հայց, այդուհանդերձ, հայցվորը հղում է կատարել, մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին, այլ ոչ թե 69-րդ հոդվածի 3-րդ մասին:

Տվյալ դեպքում Դատարանն ունի գործողությունների երկու տարբերակ.

ա/ վերադարձնել հայցադիմումը՝ մատնանշումով,

բ/ հայցադիմումն ընդունել վարույթ՝ նախնական դատական նիստի ընթացքում մատնանշում կատարելու մտադրությամբ:

Դատարանն ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ հայցվորը հայցադիմումը վերադարձնելու որոշումը չի բողոքարկի Վերաքննիչ դատարան, իսկ բողոքարկելու դեպքում՝ Վերաքննիչ դատարանը չի վերացնի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը: Իսկ մինչ այդ, Դատարանը պարտավոր էր երկօրյա ժամկետում լուծելու միջնորդության հարցը: Սակայն, մինչև նախնական դատական նիստը պատասխանողը ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:

Հաջորդիվ, վերը նշված պայմաններում Դատարանն արձանագրում է, որ փաստացիորեն ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայց, որը վերաբերում է կատարմամբ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելուն: Նման պայմաններում, եթե նույնիսկ տեսականորեն Դատարանը ոչ իրավաչափ ճանաչի պատասխանողի՝ խնդրո առարկա գործողությունը, ապա այդ գործողությունն ինքնստինքյան կհամարվի ոչ իրավաչափ՝ օրենքի ուժով՝ դատական ակտի հիման վրա, ինչը բացառում է նման բնույթի դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտությունը, այսինքն՝ նման դատական ակտը կատարում չի ենթադրում: Նման պայմաններում բացակայում է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը» (հավելվածի գ.թ. 73-74

Վերաքննիչ դատարանը 17.11.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 17.09.2025 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) Տվյալ դեպքում, համաձայն գործի տվյալների, քննարկելով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությունը՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Վարչական դատարանը միջնորդությունը բավարարել է ձեռնարկել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով Հանձնաժողովին կատարելու այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով կխոչընդոտվեն Ընկերության կողմից «ԲԻՈԿԱԹ» մակնշմամբ ապրանքների իրացումն անձամբ կամ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով: Այնուհետև Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում Վարչական դատարանը բողոքարկված 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ, նկատի ունենալով, որ ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայց, որը վերաբերում է կատարմամբ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելուն, որոշակի դիտարկման մատնանշմամբ վերացրել է կիրառված հայցի ապահովումը՝ փաստելով, որ սույն փուլում այլևս չի ընդգծում ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտությունը:

Փաստորեն, Վարչական դատարանը, ձեռնարկված հայցի ապահովման միջոցի վերացման հարցը լուծելիս, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, փաստելով, որ բացակայում է գործով կայացվելիք հնարավոր կատարման ենթակա դատական ակտի կատարման անհնարինության վերաբերյալ ձևավորված մտավախությունը, գտել է, որ նշված փաստական հանգամանքները հանգեցնում են ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտության բացակայությանը: Մինչդեռ, բողոքաբերը հակադարձում է՝ պնդելով, որ հայցի ապահովման միջոց կիրառվում է ոչ միայն դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով, այլև միջնորդությունը ներկայացրած անձի էական վնասներ կրելու պայմաններում, մինչդեռ, հայցվորին էական վնաս հասցնելու մասով որևէ առարկություն չի մատնանշվել հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության մեջ և որևէ անդրադարձ չի կատարվել նաև Վարչական դատարանի բողոքարկված որոշմամբ այն դեպքում, երբ հայցվորը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության մեջ նշել է երկու հիմք՝ դատական ակտի կատարման անհնարինություն և հայցվորին էական վնաս հասցել:

Նախ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունը Վարչական դատարանը բխեցրել է բացառապես հնարավոր կատարման ենթակա դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարման դժվարության մասով իր ձևավորած մտավախությունից, ինչը նշանակում է, որ Ընկերության էական վնաս կրելու փաստարկը չի դրվել հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտության մասին Վարչական դատարանի համոզմունքի հիմքում, հետևապես այդ մասով վերաքննիչ բողոքով ամրագրված բողոքաբերի փաստարկներին Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում՝ հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի առաջ բարձրացվել է կիրառված հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ Վարչական դատարանի որոշման իրավաչափության ստուգման խնդիր, որպիսի պայմաններում հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ Վարչական դատարանի որոշմամբ ամրագրված պատճառաբանությունների թերի լինելու կամ չլինելու իրավաչափության ստուգումը դուրս է սույն վերաքննիչ բողոքի քննության շրջանակից։

Հաջորդիվ, ելնելով կիրառված հայցի ապահովման հետագա պահպանության անհրաժեշտության բացակայության մասին Վարչական դատարանի ձևավորած համոզմունքի բաղադրատարրերի բովանդակությունից՝ կարելի է պնդել, որ հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունը գնահատելիս՝ Վարչական դատարանը չի տիրապետել անհրաժեշտ փաստական հանգամանքների, որոնք ներկայացված հայցատեսակով պայմանավորված՝ հուշում են դատական ակտի կատարման անհնարինությամբ ուղղորդված հայցի ապահովման կիրառման անհրաժեշտության բացակայության մասին, իսկ կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին հանձնաժողովի միջնորդության քննարկման փուլում Վարչական դատարանն այլևս ձևավորել է համոզմունք առ այն, որ ճանաչման հայցով գործի հետագա քննության պայմաններում այլևս բացակայում է դատական ակտի կատարման ապահովմամբ պայմանավորված՝ հայցի ապահովման պահպանման անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն առկա փաստական հանգամանքների տիրույթում նույնպես գտնում է, որ պայմանավորված ճանաչման հայցով գործի քննությունն իրականացվելու հանգամանքով, որի արդյունքում կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտն առավելապես ճանաչողական բնույթի ակտ է, որը չի ենթադրում դրա ուղիղ կատարման փաստական հնարավորություն՝ այլևս բացակայում է կիրառված հայցի ապահովման հետագա պահպանման անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ վերացնելով կիրառված հայցի ապահովումը՝ Վարչական դատարանը եկել է ճիշտ եզրահանգման։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վարչական դատարանը, ձեռնարկված հայցի ապահովման միջոցի վերացման հարցը լուծելիս, հաշվի առնելով գործով կայացվելիք դատական ակտի կատարման վերաբերյալ ձևավորված մտավախության բացակայությունը, ինչպես նաև գործի առանձնահատկությունը, իրավացիորեն եզրահանգել է, որ այլևս բացակայում է ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտությունը» (հավելվածի գ.թ. 169-177

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

Նախ՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 28.08.2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու Հանձնաժողովի 09092025 թվականի միջնորդության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդության փաստարկներն առավելապես ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման ենթադրյալ ոչ հիմնավորվածության ու ոչ իրավաչափության վերաբերյալ փաստարկներ են, որոնք չեն առնչվում հայցի ապահովման միջոցը վերացնելու՝ Վճռաբեկ դատարանի կողմից հստակեցված վերը նշված հիմքերին։

Հաջորդիվ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 09092025 թվականի միջնորդությամբ չի ներկայացվել և ըստ այդմ նաև՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել որևէ նոր փաստ, որը Դատարանին հայտնի չի եղել և հայտնի լինելու դեպքում Դատարանը չէր բավարարի հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Նշված միջնորդությամբ չի ներկայացվել և ըստ այդմ՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել նաև ՀՀ վարչական դատարանի 28.08.2025 թվականի հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո ի հայտ եկած որևէ նոր փաստ, փաստական դրության փոփոխություն, որպիսի պայմաններում վերացած կլիներ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը։

Մինչդեռ սույն գործով Դատարանը, բավարարելով Հանձնաժողովի ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին իրավաչափ համարելով Դատարանի այդ եզրահանգումը, գնահատման առարկա են դարձրել այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտի կատարման վերաբերյալ ձևավորված մտավախությունն այլևս բացակայում է, քանի որ գործի քննությունն իրականացվելու է ճանաչման հայցով։ Նշվածի արդյունքում ստորադաս դատարանները եզրահանգել են, որ այլևս բացակայում է ձեռնարկված հայցի ապահովման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտությունը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ սույն գործով ներկայացված միջնորդության քննությունը ստորադաս դատարաններն իրականացրել են քննարկման առարկա դարձնելով այնպիսի փաստարկներ,  որոնք չեն  առնչվում հայցի  ապահովման միջոցը  վերացնելու հիմքերին։

Ավելին՝ ստորադաս դատարանների կողմից հայցի ապահովման միջոցի պահպանման անհրաժեշտությունը գնահատման է ենթարկվել՝ պայմանավորված քննվող հայցի տեսակով, և արդյունքում կատարվել է եզահանգում, որ կիրառված հայցի ապահովման անհրաժեշտությունը բացակայում է՝ այդպիսով հակասելով նաև հայցի ապահովման ինստիտուտի էությանն այն առումով, որ հայցի ապահովում կիրառվում է, ի թիվս այլնի, նաև ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերով։

Հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու որևէ հիմքի բացակայության պայմաններում Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ոչ իրավաչափորեն անփոփոխ է թողել Դատարանի նշված որոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը ենթակա է վերացման, ըստ այդմ՝ անհրաժեշտ է կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել նաև Դատարանի 17.09.2025 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.09.2025 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան