ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/2072/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2072/05/24

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2072/05/24

 

Նախագահող դատավոր՝

Ա. Բաբայան

Դատավորներ՝

Կ. Ավետիսյան

Հ. Այվազյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի հուլիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.07.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Կարեն Շահբազյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարեն Շահբազյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.12.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Արևիկ Հարությունյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ և 267-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 42-րդ և 124-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով վերոնշյալ հոդվածները, սխալ գնահատական է տվել հայցվորի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը։

Հայցվորի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» հատվածում առկա է հայցվորի ստորագրությունը, ինչից պարզ է դառնում, որ հայցվորին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները։ Բացի իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելուց՝ հայցվորին տրամադրվել է նաև իր իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը։

Բացի այդ, թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածին տրվել է սույն գործով բողոքարկվող որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն, համաձայն որի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն իրավախախտում կատարած անձի կողմից ստորագրելը փաստում է վերջինիս կողմից իր իրավունքների և պարտականությունների մասին ծանուցվելու մասին։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 17072025 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության Վայոց ձորի վաշտի 1-ին դասակի պարեկ Բ. Սարգսյանի կողմից 10.12.2023 թվականին՝ ժամը 01:25-ին, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Կարեն Շահբազյանը «Ֆորդ» մակնիշի «▪▪▪▪▪▪▪▪1» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի  24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի ք. Եղեգնաձոր, Արսենյան փողոցում ժամը 01:05-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում Տ/Մ-ն կանգնեցվել է ստուգման նպատակով, ստուգումից պարզվել է, որ Կարեն Շահբազյանը Տ/Մ-ն վարել է ոչ սթափ վիճակում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով: Նշված արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրություն, դիտողություն, ստորագրություն» տողում առկա է միայն ստորագրություն, իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է ստորագրություն և «Շահբազյան» գրառում (հատոր 1-ին, գ.թ. 74).

2) Ծառայության Վայոց ձորի վաշտի 1-ին դասակի պարեկ Բ. Սարգսյանի 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշմամբ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Կարեն Շահբազյանը զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 74).

3) Ծառայության պետի 05.02.2024 թվականի որոշմամբ Ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (հատոր 1-ին, գ.թ.  46-50)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(...):

Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը

- արդյո՞ք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» հատվածում իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը բավարար է հաստատված համարելու պարեկային ծառայողի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվող անձին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքները և պարտականությունները բացատրված լինելու փաստը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները, ապացույցների տեսակները, դրանց գնահատումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս և վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հարցերը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու և վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը կայացնելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները, ի թիվս այլնի, հաստատվում են նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:

Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով: (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մեկնարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ և եզրափակվում նույն օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հետևյալ որոշումներից որևէ մեկի կայացմամբ. վարչական տույժ նշանակելու մասին որոշում կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս, Հադի Գուլռոզիին ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6934/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2025 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ՝ օրենսդիրը կարևորել է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ։ Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին։ Այդուհանդերձ,  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորումը, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար, քանի որ վերջինս պետք է իրական հնարավորություն ունենա դիրքորոշում հայտնելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկի փուլից սկսած և ներկայացնի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ պարտադիր ներառման ենթակա տեղեկություններ՝ դրանով իսկ նպաստելով տվյալ գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք, եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում:

(...) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։ Այս կանոնից, սակայն, որոշ հանգամանքներով պայմանավորված կարող են լինել բացառություններ, (...) (տե՛ս, Վահրամ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/4076/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2026 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ (տե՛ս, Գառնիկ Վերմիշյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22032019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները ենթադրյալ իրավախախտին արձանագրությունը կազմելիս բացատրելու կանոն սահմանելն ինքնանպատակ չէ, այդպիսի կանոնը միտված է ենթադրյալ իրավախախտին իր իրավունքների և պարտականությունների մասին հենց վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկի՝ արձանագրությունը կազմելու պահից իրազեկելուն՝ այդպիսով հնարավորություն տալով նրան առավել արդյունավետ իրացնելու իր իրավունքները և մասնակցել իր նկատմամբ կազմվող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակության ձևավորմանը: Այս իմաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, ըստ էության, հանդիսանում է վարչական պատասխանատվության վարույթի հիմնասյուներից մեկը, քանի որ այն ապահովում է անձի՝ վարչական վարույթի մեկնարկից սկսած լսված լինելու իրավունքի իրացման, ըստ այդմ նաև իր իրավունքներն արդյունավետ կերպով պաշտպանելու իրական հնարավորություն։ Այսինքն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու կանոնը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման կարևոր երաշխիք, ինչի հաշվառմամբ օրենսդիրը նախատեսել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու փաստն ամրագրելու կարգը, այն է՝ նույն արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում, որն անձը վավերացնում է իր ստորագրությամբ:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` (...)։ Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը։

ՀՀ ոստիկանության պետի 23.09.2020 թվականի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանի 1-ին կետով հաստատվել է Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը (այսուհետ` Կանոնագիրք)` համաձայն հավելվածի:

Կանոնագրքի 3-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի համաձայն` ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը` ապահովում է (...) ճանապարհային երթևեկության անվտանգությունը, իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները և կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Կանոնագրքի 45-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս լիազորված է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, (...) կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված այլ միջոցներ։

Կանոնագրքի 8-րդ բաժնով սահմանվել են վարչական իրավախախտումների արձանագրման ժամանակ պարեկային ծառայողների գործողությունները։

Մասնավորապես, Կանոնագրքի 142-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման դեպք հայտնաբերելիս` պարեկային ծառայողները մոտենում են համապատասխան խախտումը կատարած անձին, ներկայանում` պատվի առնելով, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանում` հայտնելով իրենց պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը։ Անձի խնդրանքով պարեկային ծառայողները ներկայացնում են նաև իրենց ծառայողական վկայականը կամ ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանը։

Կանոնագրքի 143-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին հայտնում է, թե ինչ իրավախախտում է իր կողմից կատարվել և ինչպես է այն դրսևորվել, մատնանշում է համապատասխան իրավական նորմը, որով սահմանված է կատարված խախտումը։

Կանոնագրքի 144-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին տեղեկացնում է, որ դրսևորած վարքագիծը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որից հետո իրավախախտման վայրում պարեկային ծառայողին ամրակցված պլանշետի հատուկ ծրագրային ապահովման միջոցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Կանոնագրքի 146-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ` համապատասխան հատկացված հատվածում, իրավախախտում կատարած անձից պարեկային ծառայողը վերցնում է բացատրություն: Պարեկային ծառայողը իրավախախտին տեղեկացնում է դիտողություններ, առարկություններ ներկայացնելու իրավունքի վերաբերյալ` ապահովելով անձի լսված լինելու իրավունքի իրացումը: Բացատրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:

Կանոնագրքի 148-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկված անձին պարտադիր տեղեկացնում է որոշման բողոքարկման կարգը (վարչական, ինչպես նաև դատական կարգով` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում):

Անդրադառնալով պարեկային ծառայողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձանագրության կազմմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալը

Պարեկային ծառայողի կողմից արձանագրություն կազմելն իրավական կարևոր գործընթաց է, որն ունի հետևյալ հիմնական նպատակները

1. իրավունքների և պարտականությունների իրազեկման հավաստում արձանագրություն կազմելիս պարեկային ծառայողը պարտավոր է տեղեկացնել ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին, լսել և արձանագրել նրա բացատրությունները կամ առարկությունները, պարզաբանել բողոքարկման կարգը։

2. Ենթադրյալ իրավախախտման փաստի ամրագրում արձանագրությունը, վարույթային փաստաթուղթ է, որում, ի թիվս այլնի, նշվում են ենթադրյալ իրավախախտման հիմքը և էությունը, դեպքի ժամն ու վայրը։

3. Ապացուցողական հիմքի ստեղծում արձանագրությունը, ըստ էության, այն հիմնական ապացույցն է, որը հիմք է հանդիսանում ենթադրյալ իրավախախտման փաստը հաստատված համարելու և անձի նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցը կիրառելու։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից արձանագրության՝ «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը (…) ստացա»  տողում կատարված ստորագրությունը հանդիսանում է իր իրավունքների և պարտականությունների մասին անձի իրազեկվածության փաստը վերջինիս կողմից ընդունելու բավարար հիմք: Այսինքն՝ արձանագրության համապատասխան դաշտում ստորագրելով` անձը փաստացի ընդունում է, որ իրազեկվել է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, և այդ ստորագրությունը հիմք է հանդիսանում հետևություն անելու այն մասին, որ իրավասու պաշտոնատար անձը պատշաճ կատարել է օրենքով իրեն վերապահված պարտականությունը՝ տեղեկացնելով անձին իր իրավունքների և պարտականությունների մասին։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական տեսանկյունից որպես ապացույց բավարար է արձանագրության մեջ՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը՝ փաստելու համար, որ անձը պատշաճ իրազեկվել է իր իրավունքների և պարտականությունների մասին։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է գնահատվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջներին բավարարող և հիմք հանդիսանալ տուգանք կիրառելու մասին որոշում կայացնելու համար, եթե այն, ի թիվս այլնի, պարունակում է նաև նշում արձանագրություն կազմելիս խախտողին նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին, ինչը ենթադրյալ զանցառուն հաստատում է Ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ստորագրելով։ Այսինքն՝ Ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ենթադրյալ զանցառուի ստորագրության առկայությունը, ըստ էության, դիտվում է որպես անձի կողմից այդ տողում նշված համապատասխան փաստի ընդունում, եթե առկա չեն դիտողություններ կամ արձանագրված փաստը հերքող այլ ապացույցներ։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Կարեն Շահբազյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշումը։

Դատարանը 11.12.2024 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(…) պատասխանողի կողմից ներկայացված լազերային կրիչի վրա առկա ձայնագրությամբ արձանագրված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշման ընդունմանն ուղղված վարույթի ընթացքից որոշակի հատվածներ, որպիսի ապացույցի հետազոտմամբ՝ դատարանը նկատում է, որ ներկայացված ձայնագրության մեջ արձանագրված չէ ո՛չ արձանագրության կազմման պահը, ո՛չ հայցվորին իրավունքները և պարտականությունները պարզաբանելու պահը:

Այսպես, այլ ապացույցների բացակայության պայմաններում դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի ծառայողների կողմից հայցվորի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս վերջինիս չեն բացատրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ վերջինիս իրավունքները և պարտականությունները, հետևաբար գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվում է, որ վարույթ իրականացվել է նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի խախտմամբ»:

Վերաքննիչ դատարանը 17.07.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 11.12.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) ուսումնասիրելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի 1-ին դասակի պարեկ Բ.Սարգսյանի կողմից 10.12.2023թ. կազմված արձանագրությունը, փաստում, է, որ դրանում, որպես այն կազմելու ժամանակ, նշված է՝ 01:25, իսկ իրավախախտումը կատարելու ժամանակ՝ 01:05, դրանում առկա «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրություն, դիտողություն, ստորագրություն» վերտառությամբ տողի վերևում առկա է միայն ստորագրություն, իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է ստորագրություն և «Շահբազյան» գրառումը:

Այսինքն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նշում է կատարվել ոչ թե Օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվորի իրավունքներն ու պարտականությունները բացատրված լինելու մասին, այլ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու մասին:

Հաջորդիվ, Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերում առկա լազերային կրիչում զետեղված տեսանյութերը, նախ արձանագրում է, որ դրանց ընդհանուր տևողության ժամանակը, հաջորդաբար՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, սկիզբ է առնում 04:55 րոպե 47 վարկյանից և ավարտվում է 05:25 րոպե 47 վարկյանին:

(...) տեսանյութերն ամբողջական չեն պատկերում 10.12.2023թ. թիվ 8180391438 որոշման ընդունմանն ուղղված վարույթի ընթացքը, այն հատվածական է և ընդհատվում է արձանագրության կազմման ընթացքում՝ արձանագրությունը կազմող պարեկի բարձրաձայնած՝ «առաջին դասակի» բառերով (տեղ-տեղ տեսախցիկը փակ լինելու պատճառով տեսանյութը պատկեր չի պարունակում, և լսելի է միայն պարեկի արձանագրությունը կազմելիս կատարվող գրառումների բարձրաձայնումը): Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիշատակված տեսանյութերում և մասնավորապես վարչական իրավախախտման արձանագրության կազմումը հատվածական պատկերող (ոչ ամբողջական տեսանյութի որոշակի հատվածներում լսելի է միայն պարեկի արձանագրության կազմմանը վերաբերող բարձրաձայնումները) տեսանյութում բացակայում է որևէ հատված, որով հնարավոր կլիներ փաստել, որ պարեկային ծառայության պարեկ(ներ)ի կողմից ենթադրյալ իրավախախտում կատարած անձին՝ հայցվորին, բացատրվում են վերջինիս՝ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքները:

Հատկանշական է, որ բերված վերաքննիչ բողոքում բողոքաբերը նույնպես ընդունում է այն փաստը, որ տեսանյութերում չի երևում հայցվորին՝ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ իր իրավունքները և պարտականությունները բացատրելու պահը, սակայն նշված հոդվածով սահմանված պարտականությունը կատարված լինելու փաստի հաստատումը փորձում է հիմնավորել այն փաստարկներով, որ կազմված թիվ 8180391438 արձանագրության և դրան զուգակցված որոշման՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա», «Որոշման պատճենը և կատարման կարգի մասին քաղվածքն ստացա» հատվածներում առկա է հայցվորի ստորագրությունը, ինչպես նաև «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» դաշտում առկա է հայցվորի ստորագրությունը:

(...) փաստելով, որ տվյալ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նշում է կատարվել ոչ թե Օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվորի իրավունքներն ու պարտականություններն արձանագրությունը կազմելիս բացատրված լինելու մասին, այլ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու մասին, նկատի ունենալով, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել նաև համազգեստին ամրացված ծառայողական տեխնիկական միջոցներ, որպիսի տեխնիկական միջոցով վերահասկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին և տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը, և այդ տեսանյութը ոստիկանությունում պահվում է մինչև հասարակական կարգի խախտման դեպքի քննության ավարտը, իսկ դրա ոչնչացումը տարաժամկետվում է նաև, եթե անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները, և հաշվի առնելով գործում առկա, որպես իրականացված վարչական վարույթի նյութ ներկայացված տեսանյութերի հատվածական, ոչ ամբողջական լինելն ու դրանցով պատկերվող վարույթի ծավալը, գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող փաստի վերաբերյալ օբյեկտիվ հսկողության տվյալների (պարեկի համազգեստին ամրացված տեսախցիկով կատարված դադարեցման և ընդհատման ոչ ենթակա տեսանյութ, տեսաձայնագրություն) նման ծավալի պայմաններում արձանագրության իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու հատվածում առկա անձի ստորագրության ու ազգանվան առկայությունն ինքնին թույլ չի տալիս հաստատված համարելու այն հանգամանքը, որ այս դեպքով վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվել է Օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, մասնավորապես՝ չապացուցված է մնում այն, որ արձանագրությունը կազմելիս հայցվոր Կարեն Շահբազյանին բացատրվել են Օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքները, և ապահովվել է վերջինիս, նաև իրականացվող վարույթի այդ փուլում, իր իրավունքների մասին իրազեկ լինելու և ըստ դրա՝ արդյունավետ և ամբողջ ծավալով իրացնելու տվյալ վարույթի ընթացքում երաշխավորված իր, այդ թվում նաև՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահին բացատրություններ ներկայացնելու, խնդրո առարկա արձանագրության բովանդակության առթիվ դիտողություններ ներկայացնելու, ինչպես նաև միջնորդություններ և ապացույցներ ներկայացնելու իրավունքները»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության Վայոց ձորի վաշտի 1-ին դասակի պարեկ Բ. Սարգսյանի կողմից 10.12.2023 թվականին՝ ժամը 01:25-ին, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Կարեն Շահբազյանը «Ֆորդ» մակնիշի «▪▪▪▪▪▪▪▪2» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի ք. Եղեգնաձոր, Արսենյան փողոցում ժամը 01:05-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում Տ/Մ-ն կանգնեցվել է ստուգման նպատակով, ստուգումից պարզվել է, որ Կարեն Շահբազյանը Տ/Մ-ն վարել է ոչ սթափ վիճակում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով: Նշված արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրություն, դիտողություն, ստորագրություն» տողում առկա է միայն ստորագրություն, իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է ստորագրություն և «Շահբազյան» գրառումը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ Ծառայության Վայոց ձորի վաշտի 1-ին դասակի պարեկ  Բ. Սարգսյանի 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշմամբ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Կարեն Շահբազյանը զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

Ծառայության պետի 05.02.2024 թվականի որոշմամբ Ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման։

Տվյալ դեպքում Ծառայության 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշումը վիճարկելու հիմքերից մեկը, որն էլ հենց հատուկ քննարկման առարկա է դարձվել ստորադաս դատարանների կողմից, վերաբերում է նրան, որ պարեկային ծառայողը չի կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները պարզաբանելու՝ նույն օրենսգրքի 255-րդ հոդվածով ամրագրված պարտականությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների  բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող որոշման անվավերությանը հանգեցրած և ստորադաս դատարանների կողմից քննարկման ենթարկված միակ հիմքին, արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, գնահատելով «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա ստորագրությունը և «Շահբազյան» գրառումը, նշել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նշում է կատարվել ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվորի իրավունքներն ու պարտականություններն արձանագրությունը կազմելիս բացատրված լինելու մասին, այլ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու մասին։  

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում կատարված նշումը, ըստ Վերաքննիչ դատարանի, բովանդակում է ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  267-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվորի իրավունքներն ու պարտականություններն արձանագրությունը կազմելիս բացատրված լինելու մասին, այլ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու մասին, իսկ այդպիսի նշումը և դրա դիմաց առկա ստորագրությունը բավարար չեն հաստատված համարելու այն հանգամանքը, որ վարչական մարմինը կատարել է իր՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված պարտականությունը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ պարեկային ծառայողին կցված տեսախցիկով ամրագրված տեսագրության հատվածական և ոչ ամբողջական լինելը թույլ չի տալիս նշված հանգամանքը պարզել՝ այդպիսով ստեղծելով նորմի այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ պարեկային ծառայողին կցված տեսախցիկով ամրագրված տեսագրության մեջ պետք է երևա անձին իր իրավունքները և պարտականությունները բացատրելու պահը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նորմի նման մեկնաբանությունը չի բխում նորմի նպատակից և վարչական մարմնի օրինաչափ գործելու կանխավարկածի հաղթահարման որևէ հիմք առկա չլինելու պայմաններում ստեղծում է նորմի չափազանց ձևական մեկնաբանություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը, կատարելով իր վրա դրված պարտականությունը՝ արձանագրությունը կազմելիս անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելը, նշված պարտականության կատարումն ամրագրում է նույն արձանագրության մեջ համապատասխան գրառում կատարելով:  

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նշում է կատարվել ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվորի իրավունքներն ու պարտականություններն արձանագրությունը կազմելիս բացատրված լինելու մասին, այլ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու մասին, իրավաչափ չէ։ Սույն իրավիճակում արձանագրության վարչական մարմնի կողմից լայնորեն կիրառվող համապատասխան ձևանմուշի «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը (…) ստացա» տողում անձի կողմից դրվել է ստորագրություն և կատարվել է «Շահբազյան» գրառումը՝ առանց ձևանմուշի համապատասխան տողում նշվածը արտագրելու կամ այլ կերպ վերարտադրելու՝ ապահովելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված անձին նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները և պարտականությունները բացատրելու պահանջի կատարումը։ Ընդ որում, կարևորվում է նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հայցվորը չի հրաժարվել ստորագրել արձանագրությունը, չի ներկայացրել արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ Կարեն Շահբազյանի կողմից արձանագրության՝ «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը (…) ստացա» տողում կատարված ստորագրությունը հիմք է հանդիսանում փաստելու, որ վերջինիս բացատրվել են  իր իրավունքները և պարտականությունները, ինչի կապակցությամբ էլ նա ստորագրել է արձանագրության համապատասխան հատվածում։ Հակառակ դեպքում արձանագրության համապատասխան մասում Կարեն Շահբազյանի ստորագրության առկայությունը որևէ այլ ողջամիտ մեկնաբանություն չի կարող ստանալ։

Հետևաբար սույն գործով կազմված արձանագրության մեջ «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը (…) ստացա»  տողում առկա Կարեն Շահբազյանի ստորագրությունը և «Շահբազյան» գրառումը թույլ են տալիս իրավաչափ եզրահանգում կատարել վարչական մարմնի նշված պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ, իսկ տեսագրության մեջ այդ հանգամանքն արտացոլված չլինելը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ «(…)  հաշվի առնելով գործում առկա, որպես իրականացված վարչական վարույթի նյութ ներկայացված տեսանյութերի հատվածական, ոչ ամբողջական լինելն ու դրանցով պատկերվող վարույթի ծավալը, գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող փաստի վերաբերյալ օբյեկտիվ հսկողության տվյալների (պարեկի համազգեստին ամրացված տեսախցիկով կատարված դադարեցման և ընդհատման ոչ ենթակա տեսանյութ, տեսաձայնագրություն) նման ծավալի պայմաններում արձանագրության իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու հատվածում առկա անձի ստորագրության ու ազգանվան առկայությունն ինքնին թույլ չի տալիս հաստատված համարելու այն հանգամանքը, որ այս դեպքով վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվել է Օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, մասնավորապես՝ չապացուցված է մնում այն, որ արձանագրությունը կազմելիս հայցվոր Կարեն Շահբազյանին բացատրվել են Օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքները, (…)» ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակեցրել է, որ տեսաձայնագրման միջոցով ամրագրվում է ոչ թե ենթադրյալ իրավախախտում կատարած անձին պարեկային ծառայողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու հանգամանքը, այլ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունը, ընդ որում՝ նշվածը միայն այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է թվային՝ տեսաձայնագրման եղանակով։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 03.02.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմի վերաբերյալ արտահայտված միմյանց հակասող մեկնաբանություններին, որը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի հիմնավորում, վկայակոչել է նաև բողոքաբերը։

Այսպես թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 03.02.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ըստ էության, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» հատվածում վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից կատարված ստորագրությունը բավարար է փաստելու, որ վերջինիս բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ստացված լինելու հատվածում առկա անձի ստորագրության ու ազգանվան առկայությունն ինքնին թույլ չի տալիս հաստատված համարելու այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջի պահպանմամբ։

Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որում վարչական պատասխանատվության ենթարկվող անձը կատարել է նշում` ստորագրելով «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը (․․․) ստացա» տողում, հանդիսանում է բավարար հիմք` փաստելու, որ իրավասու պաշտոնատար անձը պատշաճ կատարել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ժամանակ վարչական պատասխանատվության ենթարկվող անձին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու իր պարտականությունը, ինչը համահունչ է թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 03.02.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արտահայտված մեկնաբանությանը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 255-րդ հոդվածը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ժամանակ վարչական պատասխանատվության ենթարկվող անձին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու՝ իրավասու պաշտոնատար անձի պարտականության կատարման իրավական պահանջի կարգավորման մասով, ենթակա են կիրառման թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 03.02.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արտահայտված և սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վերահաստատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Դատարանն անդրադարձ չի կատարել Ծառայության 10.12.2023 թվականի թիվ 8180391438 որոշման անվավերության վերաբերյալ հայցվորի կողմից հայցադիմումում ներկայացված բոլոր հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության՝ վիճարկվող որոշման անվավերության վերաբերյալ հայցադիմումում ներկայացված մյուս հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու նպատակով:

 

5. Վճռաբեկ  դատարանի  պատճառաբանությունները  և  եզրահանգումները  դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.07.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

______________________

1 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան