ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/7798/05/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7798/05/23

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7798/05/23

 

Նախագահող դատավոր՝

Ռ Խանդանյան

Դատավորներ՝

Հ Այվազյան

Կ Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի հուլիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17072025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ԴԱՄԿԱՐ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Գարիկ Նարիբեկյանի ընդդեմ Տեսչական մարմնի՝ Տեսչական մարմնի 16.08.2023 թվականի թիվ 1348 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 16.08.2023 թվականի թիվ 1348 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 29.08.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17072025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.08.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սլավիկ Սարգսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունն ապահովելու համար, որպիսի պայմաններում չներկայանալու բացասական հետևանքները կրում է ու պետք է կրի հայցվորը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը պատշաճ ծանուցված է եղել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, ինչպես նաև վարչական իրավախախտման գործի քննության վայրի, ժամանակի և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մասին: Ուստի վարչական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունը: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից իր իրավունքի իրացումից հրաժարվելու փաստին, ապա պատշաճ ծանուցված լինելու դեպքում հայցվորի չներկայանալը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և գործի քննությանը չի կարող արգելք հանդիսանալ գործի քննություն իրականացնելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտով չի պարզաբանվել, թե Տեսչական մարմինը բացի հայցվորի պատշաճ ծանուցումն ապահովելուց, այլ ինչ միջոցներով պետք է ապահովեր իրավախախտի ներկայությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը։

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը, ըստ այդմ՝ առկա է իրավունքի զարգացման խնդիր նշված հոդվածի կապակցությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 1707.2025 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողին է հասցեագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությունը հետևյալ բովանդակությամբ. «Ձեզ է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից «ԴԱՄԿԱՐ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 04428836) մոտ իրականացված ստուգման արդյունքում 2023 թվականի ապրիլի 11-ին կազմված թիվ 4181868 ստուգման ակտով ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության խախտման վերաբերյալ ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշման հավելված 2-ով սահմանված արձանագրությունը և վարձու աշխատակցի գրավոր հայտարարությունը՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով» (տե՛ս, լազերային կրիչ).

2) հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարը 07072023 թվականի թիվ ՎՎ-1821-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով (տե՛ս, լազերային կրիչ).

3) Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետի 27.07.2023 թվականի թիվ 14/16669-2023 ծանուցագրի համաձայն՝ Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանը և վերջինիս լիազորված անձը 08.08.2023 թվականին ժամը 11:30-ին հրավիրվել են մասնակցելու թիվ 070723-1796 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Ա. Խաչատրյան 116 հասցեում: Նշված ծանուցագիրը Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանի կողմից ստացվել է 01.08.2023 թվականին՝ համաձայն թիվ AL0110540948AM փոստային հետադարձ ծանուցագիր (տե՛ս, լազերային կրիչ).

4) Տեսչական մարմնի 08.08.2023 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1375 արձանագրության համաձայն՝ Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչների կողմից, Տեսչական մարմնի ղեկավարի 07.07.2023 թվականի թիվ ՎՎ-1821-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում հարուցված վարույթի շրջանակներում պարզվել է, որ Զավեն Գրիգորյանը 2023 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 23-ը առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի աշխատել է Ընկերությունում, ինչով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով։ Խախտման համար պատասխանատու է՝ Գարիկ Նարիբեկյանը։ Նույն արձանագրության «Իրավախախտողի բացատրությունը», «Արձանագրությունը ստացա» և «Արձանագրությունը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում» տողերում որևէ նշում առկա չէ .թ. 26, նաև լազերային կրիչ).

5) Տեսչական մարմնի 16.08.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1348 որոշմամբ Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանը՝ որպես խախտում թույլ տված անձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել է վարչական տույժի՝ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50.000 ՀՀ դրամ .թ. 30, նաև լազերային կրիչ)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման առանձնահատկություն- ներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները, ապացույցների տեսակները, դրանց գնահատումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս և վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հարցերը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու և վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը կայացնելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները, ի թիվս այլնի, հաստատվում են նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (…):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, և երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կա՛մ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ, կա՛մ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փուլ) (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ևս ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մեկնարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ և եզրափակվում նույն օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հետևյալ որոշումներից որևէ մեկի կայացմամբ. վարչական տույժ նշանակելու մասին որոշում կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս, Հադի Գուլռոզին ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6934/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2025 թվականի որոշումը)։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, լուծում է նաև այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը։

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ՝ օրենսդիրը կարևորել է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ։ Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին։ Այդուհանդերձ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների՝ պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին վարչական իրավախախտումը կատարելու վայրում։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորումը, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար, քանի որ վերջինս պետք է իրական հնարավորություն ունենա դիրքորոշում հայտնելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկի փուլից սկսած և ներկայացնի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ պարտադիր ներառման ենթակա տեղեկություններ՝ դրանով իսկ նպաստելով տվյալ գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք, եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում:

Ինչպես վերն արդեն նշվել է, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։ Այս կանոնից, սակայն, որոշ հանգամանքներով պայմանավորված կարող են լինել բացառություններ, որոնց անդրադարձ կկատարվի ստորև։

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ առանձին դեպքերում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից որոշ մասի պարագայում վերոգրյալ այնպիսի տվյալները, ինչպիսիք են՝ տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, կարող են պարզվել վարչական իրավախախտումը հայտնաբերելու վայրում։ Այսպես օրինակ, որոշ իրավախախտումների՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը» (հոդված 43.1), «Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը» (հոդված 57), «Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելը» (հոդված 63.2), «Անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը» (հոդված 64), «Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 88.1), «Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության» (հոդված 146), «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը» (հոդված 150.6), «Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը» (հոդված 154), «Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը» (հոդված 169.16), «Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը» (հոդված 175) և այլն, դեպքերում վերոգրյալ տվյալները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կարող են նշվել միայն այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող պաշտոնատար անձը վարչական իրավախախտումը հայտնաբերել է վարչական իրավախախտման վայրում, քանի որ թվարկված հոդվածներում նկարագրված իրավախախտումները, դրանք կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նաև իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը չեն կարող արձանագրվել այն կատարելու վայրից դուրս։

Միևնույն ժամանակ, սակայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված մի շարք հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումների պարագայում վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտման վայրում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ ներառման ենթակա տեղեկություններին, այդ թվում՝ վարչական իրավախախտման կատարման տեղի, ժամանակի և էության վերաբերյալ, տիրապետելու համար անմիջապես իրավախախտման վայրում գտնվելը պարտադիր չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ իրավախախտումները դրսևորվում են օրենքով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմիններ ներկայացնելու սահմանված կարգի խախտումների ձևով և իրավախախտման դեպքը պարզելու համար պետք է ստուգվի միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացված լինելու կամ չլինելու, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքները։

Այսպես օրինակ, Վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում՝ «Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը» (հոդված 169.1), «Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը» (հոդված 169.2), «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը» (հոդված 169.8), «Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը» (հոդված 169.12), «Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը» (հոդված 169.18), «Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը» (հոդված 169.18), ««Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.19), «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.24), «Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը» (հոդված 169.26), «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը» (հոդված 169.32), «Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը» (հոդված 189), «Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը» (հոդված 189.13), «Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 189.14), «Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը» (հոդված 189.30), «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը» (հոդված 201.5) և այլն, նկարագրված իրավախախտումների հայտնաբերումը պայմանավորված է փաստաթղթային ուսումնասիրությամբ, որպիսի պարագայում զանցանքի կոնկրետ սուբյեկտի գտնվելու վայր այցելելու և վարչական իրավախախտման արձանագրությունը տեղում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է։

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում պետք է կազմվի բոլոր այն դեպքերում, երբ վարչական իրավախախտումը հնարավոր չէ հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով և իրավախախտումը կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նաև իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը կարող են արձանագրվել միայն այն կատարելու վայրում, իսկ այն դեպքերում, երբ վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը հնարավոր է պարզել փաստաթղթային ստուգումների միջոցով, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանելու անհրաժեշտությանն ու իրական հնարավորությանը՝ պայմանավորված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն ինչպես դրա կատարման վայրում, այնպես էլ կատարման վայրից դուրս կազմելու հանգամանքով։

Այսպես. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման վայրում կազմելու պարագայում գործում է այն կանխավարկածը, որ ենթադրյալ իրավախախտը գտնվում է վարչական իրավախախտման վայրում և մասնակցում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, վարչական իրավախախտման վերաբերյալ պաշտոնատար անձին տրամադրում է տեղեկություններ, տալիս է բացատրություն, ստորագրում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կամ հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, որի մասին նշում է արվում արձանագրության մեջ։ Այդուհանդերձ, գործնականում կարող են լինել դեպքեր, երբ ենթադրյալ իրավախախտը բացակայում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից և օբյեկտիվ պատճառներով չի կարողանում ներկա գտնվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կամ իր գործողություններով խուսափում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակից դառնալ։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը չի կարգավորել նկարագրված դեպքերում վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի գործողությունների շրջանակը, ինչի հետևանքով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարույթը հաճախ հնարավոր չի լինում մեկնարկել։ Մասնավորապես՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը պետք է կազմվի ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, սակայն վերջինս բացակայում է։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ենթադրյալ իրավախախտի մասնակցությունը կարևորելով հանդերձ, գտել է, որ վերջինիս բացակայությունը չպետք է արգելք կամ խոչընդոտ հանդիսանա վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ նախաձեռնելու համար։ Ըստ այդմ՝ ելնելով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթում, այդ թվում՝ վարույթի հարուցման փուլից սկսած, անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու օրենսդրական իմպերատիվ պահանջից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ իրավախախտը ներկա չէ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել վերջինիս ներկայությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետք է պատշաճ ձևով ծանուցի ենթադրյալ իրավախախտին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար ներկայանալու վայրի և ժամանակի մասին և միայն պատշաճ ծանուցված անձի կողմից անգործություն դրսևորելու, մասնավորապես՝ ծանուցագրում նշված ժամկետում պաշտոնատար անձի հայտնած վայր չներկայանալու պարագայում՝ վերջինս իրավասու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կողմի մասնակցությունն ապահովելը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որ կողմը հնարավորություն ունենա մասնակցելու դրա կազմմանը և ներկայացնելու իր դիրքորոշումը արձանագրվածի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ծանուցումը պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը դրա կազմմանը։ Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արձանագրության կազմմանը մասնակցելու իրական հնարավորությունը կարող է երաշխավորվել միայն այն պարագայում, եթե ծանուցումը դրա հասցեատիրոջը հանձնվի արձանագրությունը կազմելու օրվան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ինչը հնարավորություն կտա ենթադրյալ իրավախախտին կազմակերպելու իր իրավունքների պաշտպանությունը ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով։ Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն իրավասու կլինի արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ կազմել միայն այն դեպքում, երբ իր տիրապետության տակ առկա լինի վերջինիս պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց։

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում ամրագրված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու կառուցակարգը պետք է հանգի հետևյալին.

Առաջին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, եթե վարչական իրավախախտումը կարող է հայտնաբերվել միայն վարչական իրավախախտման վայրում։

Երկրորդ՝ ենթադրյալ իրավախախտի բացակայության պատճառով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը կատարելու վայրում կազմելու անհնարինության դեպքում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։

Երրորդ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից դուրս, եթե վարչական իրավախախտումը հնարավոր է հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին (տե՛ս, Վահրամ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/4076/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2026 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ: Հետևաբար վարչական մարմնի ուղղակի պարտականությունն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի և ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նաև եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման կապակցությամբ հարկ է համարել արձանագրել, որ իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, օրենսդիրը կանխորոշել է նաև այդ իրավունքների իրացման սահմանները։ Եթե իրավունքի սուբյեկտն անտեսում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում (տե՛ս, Արթուր Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները բավարարված համարվելու կառուցակարգի վերաբերյալ թիվ ՎԴ/4076/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2026 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 16.08.2023 թվականի թիվ 1348 որոշումը։

 Դատարանը 29082024 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(…) արձանագրությունը չի կազմվել հայցվորի ներկայությամբ, որի արդյունքում խախտվել է Օրենսգրքի 255-րդ և 267-րդ հոդվածները: Ինչ վերաբերում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ժամանակի և վայրի մասին ծանուցելու և այդ պայմաններում կողմի բացակայությամբ արձանագրությունը կազմելու հարցին, նման ընթացակարգ ՎԻՎ օրենսգիրքը չի նախատեսում»:

Վերաքննիչ դատարանը 17.07.2025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 29082024 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) սույն դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դրա կազմման վայրը հանդիսացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնը՝ ՀՀ, Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Ա. Խաչատրյան 116 հասցեում, և ոչ՝ իրավախախտման կատարման վայրը: Ընդ որում, վարչական մարմինը չի ներկայացրել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը խախտման վայրում կազմելու անհնարինությունը հավաստող որևէ վերաբերելի և թույլատրելի պատշաճ ապացույց։ Նշված արձանագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ դրանում բացակայում է այն անձի ստորագրությունը, ում նկատմամբ այն կազմվել է, բացակայում է նաև որևէ գրառում՝ կապված հասցեատիրոջ կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ճիշտ է, սույն դեպքում հայցվորը ստացել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու վերաբերյալ ծանուցումը, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու է վարչական մարմինը վերոհիշյալ արձանագրությունը կազմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում և ոչ՝ իրավախախտման կատարման վայրում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը պետք է կազմվի իրավախախտման վայրում՝ ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայցվորին ծանուցագրով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար ծանուցելը բավարար չէ փաստելու, որ վարչական մարմնի կողմից պահպանվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված իմպերատիվ պահանջը: Ընդ որում, սույն դեպքում արձանագրությունը կազմելիս հայցվորին չեն բացատրվել Վարչական իչավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները»։

 

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողին է հասցեագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությունը հետևյալ բովանդակությամբ. «Ձեզ է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից «ԴԱՄԿԱՐ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 04428836) մոտ իրականացված ստուգման արդյունքում 2023 թվականի ապրիլի 11-ին կազմված թիվ 4181868 ստուգման ակտով ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության խախտման վերաբերյալ ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշման հավելված 2-ով սահմանված արձանագրությունը և վարձու աշխատակցի գրավոր հայտարարությունը՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով»։

Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարը 07072023 թվականի թիվ ՎՎ-1821-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 3-րդ մասով՝ Տեսչական մարմնի ղեկավարը 24072023 թվականին կայացրել է թիվ 1907 որոշումը, որով Տեսչական մարմնում 07072023 թվականին հարուցված թիվ 070723-1796 վարչական վարույթը կարճվել է՝ խախտումները վերացնելու հիմքով։

Այնուհետև՝ 27.07.2023 թվականի թիվ 14/16669-2023 ծանուցագրով Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետը Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանին և վերջինիս լիազորված անձին հրավիրել է 08.08.2023 թվականին ժամը 11:30-ին մասնակցելու թիվ 070723-1796 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Ա. Խաչատրյան 116 հասցեում: Նշված ծանուցագիրը Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանը ստացել է 01.08.2023 թվականին, ինչը հաստատվում է թիվ AL0110540948AM փոստային հետադարձ ծանուցագրով։

Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչների կողմից 08.08.2023 թվականին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1375 արձանագրությունը, որում արձանագրվել է, որ Զավեն Գրիգորյանը 2023 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 23-ը առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի աշխատել է Ընկերությունում, ինչով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով։ Խախտման համար պատասխանատու է՝ Գարիկ Նարիբեկյանը։ Նույն արձանագրության «Իրավախախտողի բացատրությունը», «Արձանագրությունը ստացա» և «Արձանագրությունը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում» տողերում որևէ գրառում առկա չէ։

Տեսչական մարմնի 16.08.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1348 որոշմամբ Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանը՝ որպես խախտում թույլ տված անձ, ենթարկվել է վարչական պատասխանատվության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50.000 ՀՀ դրամ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ «Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը» վերտառությամբ 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը» վերտառությամբ 17-րդ գլխում ներառված 230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի (…) 169.5-րդ, 169.8-րդ հոդվածներով, (…) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան` տեսչական մարմինն իրականացնում է հետևյալ լիազորությունները. 

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը։

ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 755-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը, որի՝ «Տեսչական մարմնի լիազորությունները» վերտառությամբ 3-րդ բաժնի 10-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն՝ Տեսչական մարմնի լիազորություններից է նաև աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման և (կամ) լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը։

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են` (...) Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներից բխում է, որ առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմին է հանդիսանում Տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսվել է որպես վարչական իրավախախտում (զանցանք), որի համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: Նշված իրավախախտումներով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունն օրենսդիրը վերապահել է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող Տեսչական մարմնին, որն էլ օժտված է տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացնելու, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացնելու լիազորությամբ։ Հետևաբար, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու իրավախախտման փաստը հայտնաբերելու, այն արձանագրելու և վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորության կրողը հանդիսանում է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող Տեսչական մարմինը։ Ըստ այդմ՝ վերջինս պարտավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և նշված նորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ։ Մասնավորապես՝ հաշվի առնելով ենթադրյալ զանցառուին վերագրվող իրավախախտման բնույթը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի կոնկրետ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման նկարագիրը՝ Տեսչական մարմինը պարտավոր է ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո նախևառաջ որոշել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրը, ապա ձեռնամուխ լինել այդ գործընթացի իրականացմանը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման բնույթը թույլ է տալիս եզրահանգում անել այն մասին, որ այդ իրավանորմի խախտման արձանագրումը կարող է իրականացվել միայն ենթադրյալ իրավախախտումը կատարելու վայրում։

Այսպես. առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը չի կարող բացահայտվել զուտ միայն փաստաթղթային ստուգման միջոցով, քանի որ բացառապես աշխատանքի վայրում է հնարավոր բացահայտել այն աշխատողին, ով գործատուի մոտ կատարում է վարձատրվող աշխատանք, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագիրը բացակայում է։ Միակ բացառությունը կարող է հանդիսանալ այն դեպքը, երբ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու իրավախախտումը հայտնաբերվել է մեկ այլ վարչական վարույթի ընթացքում և արձանագրվել է այդ վարույթի արդյունքում ընդունված և անբողոքարկելի դարձած վարչական ակտում։ Այս դեպքում Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտումը փաստաթղթային ստուգմամբ արձանագրելը՝ պայմանով, որ ենթադրյալ զանցառուն պատճաշ ձևով ծանուցված լինի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի և ժամանակի մասին։

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 08.08.2023 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1375 արձանագրությունը տվյալ դեպքում պետք է կազմվեր ենթադրյալ իրավախախտումը կատարելու վայրում, սակայն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայի այդ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարելու վայրում կազմելու կամ ենթադրյալ իրավախախտումը կատարելու վայրում կազմելու անհնարինության մասին։ Ավելին, ըստ գործի փաստերի՝ 08.08.2023 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1375 արձանագրությունը կազմվել է ենթադրյալ իրավախախտումը կատարելու վայրից դուրս՝ Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Ա. Խաչատրյան 116 հասցեում:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում առկա է ապացույց առ այն, որ Ընկերության տնօրեն Գարիկ Նարիբեկյանը և վերջինիս լիազորված անձը 27.07.2023 թվականի թիվ 14/16669-2023 ծանուցագրով հրավիրվել են 08.08.2023 թվականին ժամը 11:30-ին մասնակցելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և այդ ծանուցագիրը ստացել են 01.08.2023 թվականին, այսինքն՝ առնվազն երեք աշխատանքային օր առաջ, սակայն գործում առկա չէ ապացույց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտման վայրում կազմելու կազմելու անհնարինության, ըստ այդմ՝ ենթադրյալ իրավախախտման վայրից դուրս կազմելու իրավական հնարավորության մասին, ինչի հաշվառմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու համար հայցվորին ծանուցելու հանգամանքը որևէ նշանակություն այլևս չունի։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությունը որպես Տեսչական մարմնի ղեկավարի 07072023 թվականի թիվ ՎՎ-1821-Ա որոշմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք դիտարկելուն և դրանում պարունակվող տեղեկությունները ենթադրյալ վարչական իրավախախտման վայրից դուրս կազմված 08.08.2023 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1375 արձանագրության մեջ ներառելուն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությամբ Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողին է տրամադրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից Ընկերության մոտ իրականացված ստուգման արդյունքում 11.04.2023 թվականին կազմված թիվ 4181868 ստուգման ակտով ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության խախտման վերաբերյալ ՀՀ կառավարության 28.09.2017 թվականի թիվ 1214-Ն որոշման հավելված 2-ով սահմանված արձանագրությունը և վարձու աշխատակցի գրավոր հայտարարությունը։ Այսինքն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 29062023 թվականի թիվ 01/70-8/39628-2023 գրությամբ Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողին է տրամադրել Ընկերության մոտ իրականացված ստուգման արդյունքում 11.04.2023 թվականին կազմված թիվ 4181868 ստուգման ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացիկ փուլում ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ կառավարության 28.09.2017 թվականի թիվ 1214-Ն որոշման հավելված 2-ով սահմանված արձանագրությունը և վարձու աշխատակցի գրավոր հայտարարությունը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված ապացույցներում պարունակվող տեղեկությունները չեն կարող համարվել անվիճելի և հիմք հանդիսանալ այդ տեղեկությունները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ ներառելու համար, քանի դեռ դրանք որպես հաստատված փաստեր չեն արձանագրվել ստուգման ակտում, և այդ ակտը չի դարձել անբողոքարկելի։ Այլ կերպ ասած, միայն անբողոքարկելի դարձած վարչական ակտում ներառված իրավախախտման հատկանիշներ պարունակող տեղեկությունները կարող են որպես անվիճելի փաստեր հիմք հանդիսանալ վարչական իրավախախտման գործ հարուցելու վերաբերյալ արձանագրություն կազմելու համար, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտման կատարման վայրից դուրս կազմելը՝ պայմանով, որ ենթադրյալ զանցառուն պատճաշ ձևով ծանուցված լինի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի և ժամանակի մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում, սակայն, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու հիմք է հանդիսացել ոչ թե անբողոքարկելի դարձած վարչական ակտը, այլ, ինչպես վերն արդեն նշվել է, այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ կառավարության 28.09.2017 թվականի թիվ 1214-Ն որոշման հավելված 2-ով սահմանված արձանագրությունը և վարձու աշխատակցի գրավոր հայտարարությունը, որպիսիք ինքնին չէին կարող նախադատելի համարվել և հիմք հանդիսանալ սույն գործով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտման կատարման վայրից դուրս կազմելու ու այդ ապացույցներում առկա տեղեկությունները դրանում ներառելու համար։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում վերահաստատել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորման նպատակի վերաբերյալ վերն արտահայտված իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ այն միտված է անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովմանը, հետևաբար վարչական մարմինը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի այդ իրավունքի արդյունավետ իրացման համար։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող որոշմամբ արձանագրված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու և արձանագրելու համար փաստաթղթային ստուգում իրականացնելը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը չի կարող բացահայտվել զուտ միայն փաստաթղթային ստուգման միջոցով, քանի որ բացառապես աշխատանքի վայրում է հնարավոր բացահայտել այն աշխատողին, ով գործատուի մոտ կատարում է վարձատրվող աշխատանք, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագիրը բացակայում է։

 

Ամբողջ վերոշարադրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչական մարմնի 16.08.2023 թվականի թիվ 1348 որոշումը չի կարող գնահատվել իրավաչափ, ուստի ենթակա է անվավեր ճանաչման, որպիսի հետևության իրավացիորեն հանգել է նաև Վերաքննիչ դատարանը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Տվյալ դեպքում Տեսչական մարմնի կողմից վճարվել է 25.400 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17072025 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական: