ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/8983/05/19 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.05.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8983/05/19

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8983/05/19 

 

Նախագահող դատավոր՝

Ա. Մկրտչյան

Դատավորներ՝

Կ Գևորգյան

Ս. Հովակիմյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան


 2026 թվականի մայիսի 18-ին

 գրավոր ընթացակարգով քննելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31102025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձինք` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան, ՀՀ ֆինանսների նախարարություն` բարենպաստ վարչական ակտ (վնասը հատուցելու մասին) ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ (վնասը հատուցելու մասին):

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լ. Սադոյան) (այսուհետ` Դատարան) 01.09.2025 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31102025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Ազատ Շահբազյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի 01.09.2025 թվականի որոշումն Ընկերության կողմից վերաքննության կարգով բողոքարկելու համար անհրաժեշտ համարելով սնանկության կառավարչի համաձայնությունը, սահմանափակել է Ընկերության դատարանի մատչելիության իրավունքը։

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31102025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչված անձի դատական պաշտպանության իրավունքի, մասնավորապես, բողոքարկման իրավունքի իրացման առանձնահատկություններին։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28): 

 Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում՝ մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Եվրոպական դատարանի Zubac v. Croatia գործով նույն վճիռը, կետ 80):

 ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքներին, արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

 - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

 - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

 - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով (տե՛ս, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը)։

 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է: Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նաև նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական և հիմնավորված դատական ակտ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 16042024 թվականի ՍԴՈ-1725 որոշումը):

 Սնանկ ճանաչված անձանց դատարանի մատչելիության իրավունքի իրացման առանձնահատկությունները սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք)։ Օրենքի նպատակն է ինչպես անվճարունակ պարտապանների շահերի պաշտպանությունը՝ դրանց բնականոն գործունեությունը վերականգնելուն, ֆինանսական առողջացմանը նպաստելու միջոցով, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության ապահովումը՝ պարտապանի գույքի հաշվին պարտատերերի պահանջների բավարարման միջոցով:

 Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

 Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (․․․):

 «Սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտված է ՀՀ սահմանադրական դատարանի 11012011 թվականի ՍԴՈ-932 որոշման մեջ։ Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «սնանկության գործ» հասկացությունը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթով, և ներառում է այն բոլոր վեճերի լուծմանն ուղղված դատական վարույթները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննության ընթացքում, կամ առնչվում են պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարման իրավական հետևանքներին: Այլ կերպ` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված դատական գործը, որպես սնանկության գործ, ի տարբերություն այլ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործերի, չի ավարտվում տվյալ վարույթով կայացված դատական ակտով և կարող է բաղկացած լինել մի քանի առանձին վարույթներից, որոնք, սակայն, չեն հանդիսանում առանձին գործեր, այլ ներառվում են տվյալ իրավասուբյեկտի սնանկության վերաբերյալ միասնական դատական գործում:

 Օրենսդիրը սնանկության գործընթացում կարևոր դերակատարություն է վերապահել սնանկության գործով կառավարչին։

 Օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է սնանկության գործով կառավարչի լիազորությունները։ Մասնավորապես, կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան` նույն Օրենքով նախատեսված դեպքերում (1-ին մասի «բ» կետ), պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից (1-ին մասի «գ» կետ)։

 Անդրադառնալով սնանկության գործով կառավարչի գործառույթի ու լիազորությունների բովանդակությանն ու էությանը՝ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի լիազորությունները հանգում են պարտապանի գույքի պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի վերջինիս տրված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը: (․․․) Սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս ոչ թե պարտապանի կամ պարտատիրոջ կողմում, այլ օրենքի սահմաններում իրականացնում է իր՝ որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որոնք ուղղված են պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 26012021 թվականի ՍԴՈ-1572 որոշումը):

 Օրենսդիրը մի շարք դեպքերում սնանկության գործով կառավարչին օժտել է այնպիսի լիազորություններով, որոնք մինչև սնանկ ճանաչվելը կրել է պարտապանը։ ՀՀ սահմանադրական դատարանը շեշտադրել է, որ պարտապանի կողմից իր լիազորությունների իրացման հնարավորության նման սահմանափակումը պայմանավորված է բացառապես սնանկության վարույթի բարեհաջող և արդյունավետ ընթացքի ապահովմամբ, պարտապանին պատկանող գույքի պահպանմամբ, ինչպես նաև պարտատերերի պահանջների պատշաճ բավարարմամբ:

Ինչպես պարտապանը, այնպես էլ սնանկության գործով կառավարիչն օժտված են օրենսդրությամբ հստակ ամրագրված մի շարք իրավունքներով, որոնք չեն կարող հանգեցնել նշված սուբյեկտների նույնացման, քանի որ սնանկության գործով կառավարիչը մի շարք դեպքերում հանդես է գալիս պարտատերերի իրավունքների պաշտպանության կողմում, իսկ այլ դեպքերում՝ պարտապանի, որը պայմանավորված է բացառապես պարտապանի գույքի պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման նկատառումով, ինչն էլ հանդիսանում է սնանկության վարույթի էությունն ու նպատակը:

Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը՝ միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:

 Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի՝ դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 26012021 թվականի ՍԴՈ-1572 որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո սնանկության գործով կառավարիչը գործում է պարտապանի անունից և իրականացնում է մի շարք գործողություններ, ներառյալ իրացնում է պարտապանի դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Այսպիսի կարգավորում նախատեսելու օրենսդրի գլխավոր նպատակն այն է, որ իր ֆինանսական պարտավորությունները չկատարած պարտապանի անունից, և ի շահ վերջինիս գործողություններն իրականացվի առավել պրոֆեսիոնալ անձի, տվյալ դեպքում՝ սնանկության գործով կառավարիչի կողմից և որ միաժամանակ վերջինիս կողմից պատշաճ հսկողությամբ կանխվի պարտապանի գույքի տնօրինման կամ պարտապանի համար պարտավորություն առաջացնող գործողությունների կատարումը։ Արդյունքում՝ ի շահ պարտապանի իրացվում են նրա բոլոր իրավունքները կառավարչի կողմից, և այն դեպքերում, երբ պարտապանը գտնում է, որ կառավարչի գործողությունները կամ անգործությունը կատարվել են ի վնաս իրեն, նա իրավասու է բողոքարկել դրանք։ (․․․) հնարավոր են նաև դեպքեր, երբ սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի մոտ անհամաձայնություն է առաջացել ոչ թե կառավարչի գործողության, այլ այդ գործողության հիման վրա դատարանի կայացրած դատական ակտի կապակցությամբ, ինչը հանգեցրել է կայացված ակտը պարտապանի կողմից բողոքարկելու իրավունքի իրացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերի միջև առկա հակասությունը տվյալ հարցի առնչությամբ (տե՛ս, թիվ ԱՐԱԴ/0043/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2022 թվականի որոշումը

 ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ թեև օրենսդրի կողմից սահմանվել է պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո վերջինիս դատավարական իրավունքները և պարտականությունները սնանկության գործով կառավարչի կողմից իրացվելու և կառավարչի ոչ բարեխիղճ գործողությունները (անգործությունը) պարտապանի կողմից բողոքարկելու իրավական հնարավորություն, սակայն վերը թվարկված օրենսդրական կառուցակարգերը, այդուհանդերձ, չեն կարող սահմանափակել պարտապանի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը բոլոր այն դեպքերում, երբ չնայած կառավարչի կողմից իր պարտականությունների պատշաճ իրականացմանը, այդ պարտականությունների իրականացման դատավարական եղանակների հարցի շուրջ հակասություն է ծագել պարտապանի և կառավարչի շահերի միջև։ (․․․) բոլոր այն դեպքերում, երբ կայացված դատական ակտը հակասում է պարտապանի շահերին, և վերջինս ունի անհամաձայնություն դատարանի եզրահանգումների հետ, նա անձամբ պետք է օժտված լինի այդ դատական ակտը բողոքարկելու իրավասությամբ (տե´ս, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «2ԷԴ» ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/0497/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

 Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունը մեկնաբանել կառավարչի գործունեության հիմնական նպատակի, այն է՝ պարտապանի գույքի պահպանումը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելու, պարտապանի և պարտատերերի շահերը հավասարակշռելու նպատակի համատեքստում։

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է դատավարությունում սնանկության գործով կառավարչի մասնակցության մի քանի եղանակ, այն է՝

- կառավարիչը հանդես է գալիս որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ առանց լիազորագրի պարտապանի անունից հայց ներկայացնելով դատարան,

 - ներգրավվում է այն դատավարություններում, որոնցում պարտապանը հանդես է գալիս որպես դատավարության մասնակից՝ հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ,

- առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից, մասնավորապես, այն դեպքերում, երբ պարտապանը դատավարությունում պատասխանող է կամ երրորդ անձ։

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում դատավարությունում սնանկության գործով կառավարչի մասնակցության վերը նշված եղանակների տարանջատումը, մասնավորապես, մասնակցության այնպիսի եղանակի առանձնացումը, ինչպիսին է հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի կարգավիճակում պարտապանի մասնակցությամբ դատավարությունում կառավարչի ներգրավումը որպես երրորդ անձ, ակնհայտորեն վկայում է այն մասին, որ առանձին վեճերով պարտապանն ինքն է իրավասու անձամբ ներկայացնելու հայց, ինքնուրույնաբար իրացնելու դատարանի մատչելիության, այդ թվում՝ բողոքարկման իր իրավունքը։

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի նորմերը մեկնաբանելով սնանկության գործով կառավարչի գործառույթի ու լիազորությունների վերը նշված նպատակի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչված անձն իրավասու է անձամբ իրացնելու դատարանի մատչելիության, այդ թվում՝ բողոքարկման իր իրավունքը բոլոր այն գործերով, որոնք նպատակաուղղված չեն պարտապանի գույքի պահպանմանը կամ պարտատերերի շահերի պաշտպանությանը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ (վնասը հատուցելու մասին):

Դատարանի 01.09.2025 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է։

Վերաքննիչ դատարանի 31102025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…)«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է նույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչված իրավաբանական անձանց անունից դատարաններում գործերը վարելու, այդ թվում՝ վերաքննիչ բողոք բերելու լիազորությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով, վերապահված է սնանկության կառավարչին, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապան հանդիսացող իրավաբանական անձի ղեկավարը մինչև լուծարելու մասին որոշում ընդունելը գործում է բացառապես կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Այսինքն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իմաստով սնանկ ճանաչված իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչը սնանկության կառավարիչն է, իսկ տնօրենի լիազորությունը կարող է հաստատվել միայն այդ կապակցությամբ սնանկության կառավարչի համաձայնությունը հավաստող ապացույցի առկայության դեպքում:

Վարչական գործի նյութերում առկա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0421/04/15 սնանկության գործով 18.04.2016 թվականին կայացված վճիռը, որով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքը ստորագրվել է Ազատ Շահբազյանի կողմից, իսկ Ազատ Շահբազյանին լիազորագիրը տրվել է Ընկերության տնօրենի կողմից, սակայն այդ կապակցությամբ սնանկության կառավարչի համաձայնությունը հավաստող ապացույց չի ներկայացվել: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչված Ընկերության անունից Ազատ Շահբազյանի կողմից վերաքննիչ բողոք բերելու լիազորությունը չի հաստատվում:

(․․․) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ենթակա է վերադարձման: (…)»։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցադիմումը 28102019 թվականին Դատարան է ներկայացվել ԵԿԴ/0421/04/15 սնանկության գործով 18.04.2016 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված Ընկերության կողմից՝ առանց սնանկության կառավարչի համաձայնության։ Այսինքն՝ նշված հայցադիմումը Դատարան ներկայացնելով Ընկերությունն իրացրել է դատարանի մատչելիության իր իրավունքն անձամբ, ինքնուրույնաբար և առանց որևէ այլ սուբյեկտի կամաարտահայտության անհրաժեշտության։ Դատարանի 04.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ՝ այդպիսով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան սույն դատավարությունում օգտվելով կողմերի բոլոր իրավունքներից (բացառությամբ նշված հոդվածի նույն մասով նախատեսված իրավունքներից):

Ընկերությունը Դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարությամբ Ընկերությանը պատճառված վնասը։ Հայցի առարկայից և հիմքերից ակնհայտ է, որ նշված հանրային իրավական վեճը որևէ առնչություն չունի սնանկության գործին, չի բխում սնանկության գործից, նպատակաուղղված չէ պարտապանի գույքի պահպանմանը կամ պարտատերերի շահերի պաշտպանությանը։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Ընկերության բողոքարկման իրավունքի իրացման համար անհրաժեշտ է համարել սնանկության կառավարչի համաձայնությունը՝ հիմք ընդունելով Օրենքի 47-րդ հոդվածի կարգավորումը։ Օրենքի՝ «Պարտապանի գույքն ու դրա օտարումը» վերտառությամբ 47-րդ հոդվածն ամրագրված է Օրենքի «Պարտապանի գույքը» վերտառությամբ 7-րդ գլխում և սահմանում է «1. Պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: (…)

2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

3. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

4. Պարտապանի կողմից սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:»։

 Օրենքի 7-րդ գլխի նորմերի և, մասնավորապես, 47-րդ հոդվածի բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածը կարգավորում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի տնօրինման հետ կապված հարաբերությունները և չի առնչվում դատավարական իրավահարաբերություններին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն դեպքում վերաքննիչ բողոք ներկայացրած Ընկերության նկատմամբ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասն ընդհանրապես կիրառելի չէր։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերի նորմերին, որոնց համաձայն՝ սնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են սնանկության ժամանակավոր կառավարիչը, սնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը, ովքեր հանդիսանում են ի պաշտոնե ներկայացուցիչներ, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այս նորմերից չի բխում սույն գործով Ընկերության բողոքարկման իրավունքը սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ իրացնելու պահանջը։ Նշված նորմերի բովանդակությունը հանգում է նրան, որ դրանք լիազորում են սնանկության գործով կառավարչին ՀՀ վարչական դատարանում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում սնանկ ճանաչված անձի անունից հանդես գալու դեպքում գործել որպես վերջինիս ի պաշտոնե ներկայացուցիչ՝ առանց համապատասխան լիազորագրի։

 Ավելին, Վերաքննիչ դատարանը որպես Ընկերության բողոքարկման իրավունքի իրացման անհրաժեշտ պայման է դիտարկել սնանկության կառավարչի համաձայնության առկայությունն այն պայմաններում, երբ ի սկզբանե դատական պաշտպանության դիմելիս, Դատարան հայց ներկայացնելիս, Դատարանում գործի քննության ընթացքում Ընկերությունը դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իր իրավունքներն իրացրել է անձամբ՝ առանց սնանկության կառավարչի համաձայնության։ Իսկ վերջինս՝ Արմենակ Էլոյանը, Դատարանում գործի քննությանը մասնակցել է երրորդ անձի կարգավիճակում։

Սույն գործի նկատմամբ կիրառելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության կառավարչի համաձայնությամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ, և նման համաձայնության բացակայության պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով՝ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են Ընկերության դատարանի մատչելիության և դատական պաշտպանության՝

ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքները։ Սույն դեպքում Ընկերությունն իրավասու էր վերաքննության իր իրավունքն իրացնել անձամբ՝ առանց սնանկության գործով կառավարչի համաձայնության։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 31102025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31102025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան