ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ5/0151/05/22 Վարչական գործ թիվ ՎԴ5/0151/05/22
Կ․ Գևորգյան Դատավորներ՝ Ա. Առաքելյան Գ․ Սոսյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
2026 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15․10․2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԼԱՅԹԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Տեսչական մարմնի՝ 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը վերացնելու, և որպես հետևանք՝ նույն ակտի հիման վրա կատարված հաշվարկը վերացնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը, և որպես հետևանք՝ վերացնել նույն ակտի հիման վրա կատարված հաշվարկը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ․ Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 20․07․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15․10․2024 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20․07․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Հովհաննես Մարտիրոսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտին ներկայացվող պահանջները, սույն դեպքում կիրառելի է համարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը և արձանագրել է, որ ստուգման ակտը չի համապատասխանում այդ հոդվածով ամրագրված վարչական ակտի որոշակի և հիմնավորված լինելու օրենսդրական պահանջին։ Այնինչ, սույն գործով կիրառելի են եղել վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքի՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, մասնավորապես, նշված օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, և վիճարկվող ստուգման ակտն ամբողջությամբ համապատասխանում է այդ նորմով սահմանված պահանջներին, քանի որ այդ ակտում պարզորոշ նկարագրված են ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտված և պատասխանատվության կիրառման իրավական նորմերը:
Սույն դեպքում, Ընկերությանը վերագրված իրավախախտումը հիմնավորվում է վարույթի նյութերում առկա բազմաթիվ ապացույցներով, իսկ վիճարկվող ստուգման ակտի կայացման հիմքում դրված փաստական հանգամանքները հիմնավորվում են այդ ապացույցները համակցության մեջ հետազոտելու և գնահատելու արդյունքում։ Սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15․10․2024 թվականի որոշումը և կարճել գործի վարույթը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1) ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 04.04.2011 թվականին Ընկերությանը չորս ամիս ժամկետով՝ մինչև 04.08.2011 թվականը, տրվել է թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը (ջրօգտագործման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Բանդիվան համայնքի վարչական տարածք, ջրօգտագործման նպատակը՝ էներգետիկական (ՓՀԷԿ-ի կառուցում), ջրօգտագործման ծավալը՝ այդ թվում՝ ա) մակերևույթային ջրային ռեսուրսներ՝ Ախուրյան գետ, ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի՝ I - 0,20 մ3/վրկ, II - 0,20 մ3/վրկ, III - 0,60 մ3/վրկ, IV - 9,20 մ3/վրկ, V - 9,20 մ3/վրկ, VI - 4,23 մ3/վրկ, VII - 4,70 մ3/վրկ, VIII - 3,60 մ3/վրկ, IX - 1,80 մ3/վրկ, X - 1,50 մ3/վրկ, XI - 0,40 մ3/վրկ, XII - 0,30 մ3/վրկ, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը՝ ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի) (հատոր 1-ին, գ.թ. 118-120):
2) Տեսչական մարմնի ղեկավարի «Ստուգում իրականացնելու մասին» 22.03.2022 թվականի թիվ 46-Ա հանձնարարագրով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ստուգում՝ տնտեսավարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը բնապահպանության և շրջակա միջավայրի ոլորտները կարգավորող օրենքների, բնական ռեսուրսների օգտագործման և վերարտադրության բնագավառը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պարզելու նպատակով (ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը՝ 07.07.2009 թվականից մինչև ստուգման ավարտը) (հատոր 1-ին, գ.թ. 44-45):
3) Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 21.04.2022 թվականին կազմվել է թիվ 02 ստուգման ակտը, որի համաձայն՝ «(…) ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները.
1. Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում ջրառ է իրականացրել ջրօգտագործման թույլտվության 5-րդ կետի՝ ըստ ամիսների, փաստացի ծավալների չափաքանակների գերազանցությամբ, մասնավորապես՝
2012 թվական – օգոստոս՝ 2572846 խմ, սեպտեմբեր՝ 8734489 խմ, նոյեմբեր՝ 432125 խմ
2013 թվական – փետրվար՝ 1783246 խմ, մարտ՝ 1513274 խմ, սեպտեմբեր՝ 3956368 խմ
2014 թվական – օգոստոս՝ 2622001 խմ
2015 թվական – սեպտեմբեր՝ 6543531 խմ, հոկտեմբեր՝ 6524392 խմ
2016 թվական – մարտ՝ 632912 խմ, սեպտեմբեր՝ 6316330 խմ
2017 թվական – օգոստոս՝ 3468661 խմ
2018 թվական – մարտ՝ 2297366 խմ
2019 թվական – օգոստոս՝ 4905778 խմ, սեպտեմբեր՝ 8562554 խմ, հոկտեմբեր՝ 5230564 խմ:
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից (ըստ ամիսների) ավել ջրառ է իրականացվել 66096437 խմ ծավալով, որից 6075970 խմ ջրառը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, որի համար կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում (հաշվարկը կցվում է):
2. Ընկերությունը 2012 թվականի մայիս ամսից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ՓՀԷԿ-ը շահագործել է առանց ջրառի կետում ջրաչափական դիտակետի առկայությամբ՝ չկատարելով ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետով սահմանված պահանջը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ստուգման պահին առկա էր դերիվացիոն խողովակաշարին տեղադրված 2019 թվականի արտադրության AKPOH-01 N 12322 տիպի ուլտրաձայնային հոսքաչափ, որը ենթակա է սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) և լիազոր մարմնի կողմից կապարակնքման:
Ստուգման արդյունքում խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել N 000066 Ջրօգտագործման թույլտվությունը և ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունը:
Խախտվել է ՀՀ Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության, 114-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետի պահանջները:
Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 2-րդ մասով»: (հատոր 1-ին, գ.թ. 17-18, գ.թ. 74-75):
4) Հիմք ընդունելով Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության 22.11.2011 թվականի թիվ ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության կողմից Ընկերությանը պատկանող փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի առաքման (կվտ/ժ) վերաբերյալ տրամադրված տվյալները՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 11.04.2022 թվականին կազմվել է Ընկերության կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվարկը (հատոր 1-ին, գ.թ. 19, գ.թ. 76):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Օրենքով սահմանված առանձնահատուկ վարույթի իրականացման շրջանակներում կազմվող ստուգման ակտի պատճառաբանվածությանը վերաբերող առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են ընդերքօգտագործման և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման, այդ թվում` բնապահպանական հարկով հարկման բազայի և (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները (…):
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են` Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը), ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները (…):
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, մարմինների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ (…):
Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`
(…)
Ակտում նշվում են`
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.
9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:
(…):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերի արժանահավատության և նրա փաստացի գործունեության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության պարզմանը։ Սույն գործընթացն իրականացնելու իրավասությամբ օժտված են, ի թիվս այլնի, ՀՀ տեսչական մարմինները՝ իրենց լիազորությունների շրջանակներում։
Ստուգումները, ըստ իրականացման ծավալի և նպատակի, լինում են թեմատիկ և համալիր: Համալիր ստուգումները նպատակաուղղված են սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը, և դրանց մեկնարկի անհրաժեշտ նախապայման է հանդիսանում իրավասու պետական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան հրամանի կամ հանձնարարագրի արձակումը։
Ստուգման իրականացման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է տնտեսավարողին` վերջինիս տալով հինգ աշխատանքային օր` առարկություններ ներկայացնելու համար, որն իր հերթին հանդիսանում է լսված լինելու իրավունքի իրացման կարևորագույն երաշխիք։ Առարկությունների բացակայության դեպքում ստուգող մարմինը կազմում է ստուգման վերջնական ակտը, որը պետք է տեղեկություններ պարունակի բացահայտված խախտումների (դրանց նկարագրության), խախտված իրավական նորմերի և պատասխանատվության կիրառման հիմքերի վերաբերյալ։ Նշված տեղեկությունների ներառումն ակտում հանդիսանում է վարչական ակտի պատճառաբանվածության ապահովման նախապայման:
Անդրադառնալով Օրենքի կարգավորման առարկա հանդիսացող իրավահարաբերությունների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով սահմանված են գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.
ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:
Նույն հոդվածի 4-րդ մասի «ե» կետի համաձայն` վարչական ակտը պետք է պարունակի`
ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս):
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որևէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, և, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններին, նշել է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տե՛ս, «Եվրոթերմ ՓԲԸ»-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/1567/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․04․2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը չի բացառվում, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով ստուգման կազմակերպման և անցկացման վարույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ այն հանդիսանում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով (տե՛ս օրինակ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդդեմ «Վագրա» ՍՊԸ-ի` 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1714(ՏԴ) որոշումը):
Սույն դեպքում, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով, ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառվում է լրացնող (սուբսիդիար) կարգով: Նշվածը նշանակում է, որ առանձին տեսակի վարչական վարույթների, այդ թվում` ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կարող են կիրառելի համարվել վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ: Այլ կերպ ասած, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն։
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթը եզրափակող ստուգման ակտին ներկայացվող պահանջների կիրառելիության մասով հատուկ` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և ընդհանուր` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հարաբերակցությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում ստուգումների կազմակերպման և իրականացման կարգը և առանձնահատկությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, որով միաժամանակ սահմանված են ստուգման ակտին ներկայացվող հատուկ պահանջներ, ինչը նշանակում է, որ այդ պահանջների, այդ թվում` ստուգման ակտի պատճառաբանվածության պահանջի վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր իրավակարգավորումները կիրառելի չեն, և խնդրո առարկա վարչական վարույթի վրա տարածվում են միայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված առանձնահատուկ կարգավորումները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Տեսչական մարմնի 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը և որպես հետևանք՝ նույն ակտի հիման վրա կատարված հաշվարկը:
Դատարանը 20.07.2023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(…) Վերլուծելով վերը նշված իրավական նորմերի պահանջներն և դրանք համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ՝ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը չի համապատասխանում օրենքով նախատեսված՝ որոշակիության և հիմնավորվածության պահանջներին առ այն, որ Պատասխանողը, եզրահանգելով, որ «ստուգմամբ ընդգրկվող ժամանկահատվածում ընկերության կողմից ջրօգտագործման թույտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից (ըստ ամիսների) ավել ջրառ է իրականացվել 66096437 խմ ծավալով, որից 60759770 խմ ջրառը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, որի համար կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում, 2012 թվականի մայիս ամսից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ՓՀԷԿ-ը շահագործել է առանց ջրառի կետում ջրաչափական դիտակետի առկայության՝ չկատարելով ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետով սահմանված պահանջը (...)», չի ներկայացրել այն վերլուծությունները, որոնք հանգեցրել են վերը նշված եզրահանգումներին: Արձանագրված ենթադրյալ իրավախախտումների հաստատման համար տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկող վարչական ակտի վիճարկման դեպքում վարչական մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել ստուգման ընթացքում ձեռք բերված և վերոգրյալ փաստական հանգամանքները հիմնավորող համապատասխան ապացույցները, մինչդեռ ներկայացված վարչական վարույթի նյութերում բացակայում են ենթադրյալ իրավախախտումների կատարման փաստը հաստատող համապատասխան ապացույցները: Ավելին՝ պարզ չէ նաև, թե վարչական մարմինն ինչ չափանիշների կամ ելակետային տվյալների հիման վրա է եզրահանգել, որ ջուրն օգտագործվել է ավել, քան դա նախատեսված էր ջրօգտագործման թույլտվությամբ, առկա չէ որևէ ողջամիտ հիմնավորում կամ փաստարկ, որոնցով հնարավոր կլիներ, ըստ էության, հաստատել ստուգման ակտով արձանագրված խախտումները»։
Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, Դատարանի 20.07.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ. «(…) Հիմք ընդունելով վարչական ակտերի հիմնավորվածության պահանջի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և դրանց լույսի ներքո ուսումնասիրելով Վիճարկվող ստուգման ակտը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանում վարչական ակտի որոշակի ու հիմնավորված լինելու օրենսդրական պահանջին, ի մասնավորի՝ այն մասով, որը վերաբերում է Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից 66,096,437 խմ ծավալով ավել ջրառ իրականացնելու և, ըստ դրա՝ Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվության պահանջները և (կամ) պայմանները չկատարելու փաստի արձանագրմանը, որը վիճարկվող վարչական ակտում որևէ կերպ չի հիմնավորվել: Տվյալ դեպքում պատասխանող Տեսչական մարմինը Վիճարկվող ստուգման ակտը կազմելիս բավարարվել է զուտ ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից 66,096,437 խմ ծավալով ավել ջրառ իրականացված լինելու փաստի վկայակոչմամբ՝ չբացահայտելով, թե ինչ ելակետային տվյալների համադրման արդյունքում է եկել նման եզրահանգման, մինչդեռ Վերաքննիչ դատարանի համոզմամբ Վիճարկվող ստուգման ակտում պարտադիր կերպով պետք է նշվեին այն բոլոր էական փաստական հանգամանքները, որոնք ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հիմք են տվել հաստատված համարելու վերը նկարագրված խախտման առկայությունը:
(…):
Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ Դատարան ներկայացված ստուգման վարույթի նյութերում, այն է՝ Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվության, շրջակա միջավայրի վրա ազդեցության 22.11.2011 թ. թիվ ԲՓ 112 փորձաքննական եզրակացության մեջ (գ. թ. 161-164) ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության կողմից Ընկերությանը պատկանող փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի առաքման (կվտ/ժ) վերաբերյալ տրամադրված տվյալներում (գ. թ. 98-102) առկա են բոլոր այն հիմնական ելակետերը, որոնց հիման վրա Տեսչական մարմինն արձանագրել է կատարված իրավախախտումները՝ Վերաքննիչ դատարանն այն անհիմն է գնահատում՝ համոզմունք հայտնելով, որ այդ նյութերի առկայությունն ինքնին վարչական մարմնին չի ազատում իր կողմից ընդունվող վարչական ակտը պատշաճ հիմնավորելու օրենսդրորեն ամրագրված պարտականությունից»:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն դեպքում, ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 04.04.2011 թվականին Ընկերությանը չորս ամիս ժամկետով՝ մինչև 04.08.2011 թվականը, տրվել է թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը (ջրօգտագործման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Բանդիվան համայնքի վարչական տարածք, ջրօգտագործման նպատակը՝ էներգետիկական (ՓՀԷԿ-ի կառուցում), ջրօգտագործման ծավալը՝ այդ թվում՝ ա) մակերևույթային ջրային ռեսուրսներ՝ Ախուրյան գետ, ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի՝ I - 0,20 մ3/վրկ, II - 0,20 մ3/վրկ, III - 0,60 մ3/վրկ, IV - 9,20 մ3/վրկ, V - 9,20 մ3/վրկ, VI - 4,23 մ3/վրկ, VII - 4,70 մ3/վրկ, VIII - 3,60 մ3/վրկ, IX - 1,80 մ3/վրկ, X - 1,50 մ3/վրկ, XI - 0,40 մ3/վրկ, XII - 0,30 մ3/վրկ, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը՝ ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի):
Այնուհետև, Տեսչական մարմնի ղեկավարի «Ստուգում իրականացնելու մասին» 22.03.2022 թվականի թիվ 46-Ա հանձնարարագրով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ստուգում՝ տնտեսավարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը բնապահպանության և շրջակա միջավայրի ոլորտները կարգավորող օրենքների, բնական ռեսուրսների օգտագործման և վերարտադրության բնագավառը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պարզելու նպատակով (ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը՝ 07.07.2009 թվականից մինչև ստուգման ավարտը):
Հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման ամփոփման արդյունքում Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 21.04.2022 թվականին կազմվել է թիվ 02 ստուգման ակտը, որի համաձայն՝ «(…) ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները.
1. Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում ջրառ է իրականացրել ջրօգտագործման թույլտվության 5-րդ կետի՝ ըստ ամիսների, փաստացի ծավալների չափաքանակների գերազանցությամբ, մասնավորապես՝
2012 թվական – օգոստոս՝ 2572846 խմ, սեպտեմբեր՝ 8734489 խմ, նոյեմբեր՝ 432125 խմ
2013 թվական – փետրվար՝ 1783246 խմ, մարտ՝ 1513274 խմ, սեպտեմբեր՝ 3956368 խմ
2014 թվական – օգոստոս՝ 2622001 խմ
2015 թվական – սեպտեմբեր՝ 6543531 խմ, հոկտեմբեր՝ 6524392 խմ
2016 թվական – մարտ՝ 632912 խմ, սեպտեմբեր՝ 6316330 խմ
2017 թվական – օգոստոս՝ 3468661 խմ
2018 թվական – մարտ՝ 2297366 խմ
2019 թվական – օգոստոս՝ 4905778 խմ, սեպտեմբեր՝ 8562554 խմ, հոկտեմբեր՝ 5230564 խմ:
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից (ըստ ամիսների) ավել ջրառ է իրականացվել 66096437 խմ ծավալով, որից 6075970 խմ ջրառը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, որի համար կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում (հաշվարկը կցվում է):
2. Ընկերությունը 2012 թվականի մայիս ամսից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ՓՀԷԿ-ը շահագործել է առանց ջրառի կետում ջրաչափական դիտակետի առկայությամբ՝ չկատարելով ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետով սահմանված պահանջը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ստուգման պահին առկա էր դերիվացիոն խողովակաշարին տեղադրված 2019 թվականի արտադրության AKPOH-01 N 12322 տիպի ուլտրաձայնային հոսքաչափ, որը ենթակա է սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) և լիազոր մարմնի կողմից կապարակնքման:
Ստուգման արդյունքում խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել N 000066 Ջրօգտագործման թույլտվությունը և ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունը:
Խախտվել է ՀՀ Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության, 114-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետի պահանջները:
Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 2-րդ մասով»:
Հիմք ընդունելով Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության 22.11.2011 թվականի թիվ ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության կողմից Ընկերությանը պատկանող փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի առաքման (կվտ/ժ) վերաբերյալ տրամադրված տվյալները՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 11.04.2022 թվականին կազմվել է Ընկերության կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվարկը:
Սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 21.04.2022 թվականին կազմված թիվ 02 ստուգման ակտի իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն համապատասխանում է դրան ներկայացվող պատճառաբանվածության պահանջին: Մասնավորապես, վիճարկվող ստուգման ակտը պարունակում է կոնկրետ փաստական հանգամանքների մանրամասն նկարագրությունը, Տեսչական մարմինը հստակեցրել է Ընկերությանը տրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը և դրանով սահմանված ամսական չափաքանակները, ակտում արտացոլված են 2012-2019 թվականների ընթացքում իրականացված փաստացի ջրառի ծավալները՝ ըստ կոնկրետ տարիների և ամիսների, որոնք համադրվել են ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված սահմանաչափերի հետ: Ընդ որում, Տեսչական մարմինը հիմնվել է «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված էլեկտրաէներգիայի առաքման տվյալների վրա, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու օբյեկտիվ հետադարձ հաշվարկ՝ պարզելու օգտագործված ջրի իրական ծավալը:
Միաժամանակ, ստուգման ակտում հստակ նշված են այն իրավական նորմերը, որոնք խախտվել են տնտեսավարող սուբյեկտի կողմից:
Հարկ է նկատել, որ գործի նյութերում առկա է նաև ստուգման ակտի անբաժանելի մաս հանդիսացող Ընկերության կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվարկը, որի համադիր ուսումնասիրությունը ևս փաստում է ստուգման ակտի հիմնավորվածության մասին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ 02 ստուգման ակտը պատշաճ պատճառաբանված վարչական ակտ է, քանի որ դրանում առկա է տրամաբանական կապ հաստատված փաստական հանգամանքների, կիրառված իրավական նորմերի և արված եզրակացությունների միջև: Ակտը հնարավորություն է տալիս հասցեատիրոջը հստակ պատկերացում կազմել իր կողմից թույլ տրված իրավախախտման բնույթի, դրա ժամանակահատվածի և իրավական հետևանքների մասին:
Մինչդեռ ստորադաս ատյանները, սույն դեպքում անտեսելով Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ստուգման ակտին ներկայացվող հատուկ պահանջները և սույն գործով կիրառելի համարելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի կարգավորումները, եկել են գործի սխալ լուծման:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վիճարկվող ստուգման ակտի անվավերության վերաբերյալ Ընկերության կողմից հայցադիմումում ներկայացված մյուս փաստարկներին անդրադարձ չի կատարվել, գործի ամբողջական ու օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքը մասնակիորեն ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15․10․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական: