ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0314/05/23 Վարչական գործ թիվ ՎԴ/0314/05/23
Գ. Սոսյան Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Նախագահող դատավոր՝
Կ. Գևորգյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
2026 թվականի հունիսի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.12.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ՄԷԳ-ՖԻՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` պատասխանողին 03․11․2022 թվականի և 04․11․2022 թվականի դիմումներով ակնկալվող բարենպաստ վարչական ակտը՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, գյուղ Զորակ, Բաղրամյան փողոց 95 հասցեի հողամասում առկա հորատանցքից 70 լիտր/վայրկյան ջրաքանակով ջուր օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ, ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանն ընդունելու 03․11․2022 թվականի և 04․11․2022 թվականի դիմումներով ակնկալվող բարենպաստ վարչական ակտը՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, գյուղ Զորակ, Բաղրամյան փողոց 95 հասցեի հողամասում առկա հորատանցքից 70 լիտր/վայրկյան ջրաքանակով ջուր օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ․ Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 14․06․2023 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.12.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է․ Դատարանի 14.06.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է․ Նախարարությանը պարտավորեցվել է ընդունելու Ընկերության 03.11.2022 թվականի և 04.11.2022 թվականի դիմումներով ակնկալվող բարենպաստ վարչական ակտը՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Զորակ, Բաղրամյան փողոց 95 հասցեի հողամասում առկա հորատանցքից 70 լիտր/վայրկյան ջրաքանակով ջուր օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 05.12.2022 թվականի թիվ 428-Ա հրամանը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Արփիկ Հակոբյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը և պահանջը.
Նախարարության վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 37․1-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ջրային օրենսգրքի 37․1-րդ հոդվածը՝ գտնելով, որ ջրավազային կառավարման պլանի բացակայության պայմաններում նշված նորմով սահմանված արգելքը չի գործում։ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ ջրավազանային կառավարման պլանով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գործում է նշված հոդվածով սահմանված արգելքը։ Այդ արգելքը կարող է չգործել միայն այն դեպքում, եթե ջրավազանային պլանով նախատեսվի ջրօգտագործման թույլտվության տրամադրում։ Քանի դեռ ջրավազանային պլանով նման հնարավորություն նախատեսված չէ, Արարատի մարզում չի կարող տրամադրվել ջրօգտագործման թույլտվություն։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14․06․2023 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված 03.11.2022 թվականի դիմումով խնդրել է ձկնաբուծական նպատակով տրամադրել ջրօգտագործման թույլտվություն դրենաժային համակարգից՝ 70լ/վրկ ծավալով (հատոր 1-ին, գ.թ. 16):
2) Ընկերությունը, ի լրումն 03.11.2022 թվականի դիմումի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված 04.11.2022 թվականի գրությամբ ներկայացրել է ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաների և կեղտաջրերով ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաների լրամշակված տարբերակները (հատոր 1-ին, գ.թ. 17):
3) ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 05.12.2022 թվականի թիվ 428-Ա հրամանով մերժվել է Ընկերության 03.11.2022 թվականի և 04.11.2022 թվականի գրություններով Նախարարություն ներկայացված ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Զորակ գյուղի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով մեկ խորքային հորից 70 լիտր վայրկյան ծավալով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը՝ պատճառաբանելով, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Զորակ գյուղի վարչական տարածքը, ՀՀ կառավարության 09․12․2004 թվականի թիվ 1749-Ն որոշման համաձայն, գտնվում է Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում, ինչի կառավարման պլանը հաստատված չէ: Որպես մերժման իրավական հիմք նշվել են ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերը, 37.1-ին հոդվածի 11-րդ պարբերությունը (հատոր 1-ին, գ.թ. 15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ ջրային օրենսգրքի 37․1-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ջրօգտագործման թույլտվությունների մերժման հիմքերին։
Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ ջրային օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) նպատակն է ազգային ջրային պաշարի պահպանությունը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարման միջոցով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ինչպես նաև նույն Օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը (Օրենսգրքի 6-րդ հոդված): Օրենսգրքի խնդիրները, ի թիվս այլնի, ներառում են, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը, ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը և վերահսկողության իրականացումը, ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը և զարգացումը (Օրենսգրքի 7-րդ հոդված)։ Օրենսգրքով սահմանված այս և մյուս խնդիրներն իրականացվում են ջրի ազգային ծրագրին համապատասխան, որը ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման և պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթն է, որը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ (Օրենսգրքի 1-ին և 16-րդ հոդվածներ)։ Ջրային ռեսուրսների կառավարումը ջրային ռեսուրսների պահպանման, առաջարկի ձևավորման, պահանջարկի պլանավորման, բաշխման, արդյունավետ օգտագործման ու մշտադիտարկման, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական բարեկեցության ու կայունության ապահովման գործընթացն է։ Օրենսգրքի խնդիրներին համահունչ Օրենսգրքի 5-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները, այդ թվում՝ ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը և ավելացումը, ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության։
Ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորման սկզբունքից բխում է Օրենսգրքի 21-րդ հոդվածի կարգավորումը, որի համաձայն՝ ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն, բացառությամբ նույն Օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա:
Օրենսգրքի 30․1-րդ հոդվածը սահմանում է․ «Ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե՝
1) դրանով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում սույն օրենսգրքին կամ ջրի ազգային քաղաքականությանը կամ ջրի ազգային ծրագրին կամ ջրավազանային կառավարման պլաններին կամ դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին.
2) ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը.
3) ներկայացված թերի փաստաթղթերը չեն համալրվել համալրման մասին լիազոր մարմնի պատշաճ ծանուցման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` լիազոր մարմինը պարտավոր է թերի փաստաթղթերի վերաբերյալ հայտատուին ծանուցել դրանք հայտնաբերելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչև թերի փաստաթղթերի համալրման օրը.
(․․․)
5) օրենսգրքով սահմանված ժամկետում չի վճարվել պետական տուրքը.
6) հայցվող ջրօգտագործման թույլտվության տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա:ե։
Օրենսգիրքը նախատեսել է որոշակի առանձնահատկություններ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման և պահպանման համար։
Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերության համաձայն՝ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։
Ջրավազանային կառավարման պլանը ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ է, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են Օրենսգրքի նպատակների իրականացման համար (Օրենսգրքի 1-ին հոդված)։ Ջրավազանային կառավարման պլանները վեց տարի ժամկետով մշակվում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից՝ ելնելով ջրային ազգային ծրագրից, և հաստատվում ՀՀ կառավարության կողմից։ Ջրավազանային կառավարման պլանավորման միջոցով հավասարակշռվում են ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները՝ հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականությունը: Ջրավազանային կառավարման պլաններով սահմանվում են ռիսկային և խիստ փոփոխված ջրային մարմինները։ Ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը (Օրենսգրքի 17-րդ հոդված)։ «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի քարտեզագրման տվյալները, տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները, ջրային և առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները, հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները, բնական ջրային ռեսուրսներից ջրառի և հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները, տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:
Հիմք ընդունելով Օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը՝ ՀՀ կառավարությունը 08․12․2022 թվականի «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» թիվ 1909-Ն որոշմամբ հաստատել է Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը` համաձայն հավելվածի։ Հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետով արգելվում է Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով նոր հորատանցքերի հորատման միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ ձկնաբուծական նպատակով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:
Վճռաբեկ դատարանը, Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերության վերը նշված նորմի մեկնաբանության արդյունքում արձանագրում է, որ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն օրենքի ուժով արգելվում է, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի ընդունել որոշում, որով հաստատված ջրավազանային կառավարման պլանով նշված թույլտվությունների տրամադրումը կդառնա թույլատրելի։
Այլ կերպ՝ Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն արգելված է, և այդ արգելքը գործում է հետևյալ իրավիճակներում․
- Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ընդհանրապես բացակայում է տվյալ ժամանակահատվածում ջրավազանային կառավարման որևէ պլան, այսինքն՝ ՀՀ կառավարությունը չի ընդունել որոշում, որով կհաստատվեր ջրավազանային կառավարման պլան տվյալ ժամանակատվածի համար,
- ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված է ջրավազանային կառավարման պլան տվյալ ժամանակահատվածի համար, և այդ պլանով ևս Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը արգելված է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված՝ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու արգելքը չի գործի միայն այն ժամանակ, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ջրավազանային կառավարման պլանը կթույլատրի նման թույլտվությունների տրամադրումը։ ՀՀ իրավական համակարգում տվյալ ժամանակահատվածի համար ջրավազանային կառավարման պլան հաստատող ՀՀ կառավարության որոշում ընդունված չլինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես օրենքի ուժով սահմանված արգելքի բացակայություն։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործերի քննության առանձնահատկություններին, արձանագրել է․ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը: (․․․) պարտավորեցման հայցի մերժումը (․․․) պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ» (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։ «(․․․) Պարտավորեցման հայցի հիմնական նպատակը հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ուստի, պարտավորեցման հայցը բավարարելու և վարչական մարմնին հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտը պետք է պարունակի պատճառաբանություններ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության ստուգման վերաբերյալ» (տե՛ս, Վալոդյա Ռուստամյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/9853/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ պարտավորեցման հայցի դեպքում ապացուցման առարկան հայցվող բարենպաստ վարչական ակտը մերժելու՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության կամ բացակայության փաստն է (…)։ Հայցվող բարենպաստ վարչական ակտն իրավաչափ է, և պարտավորեցման հայցը ենթակա է բավարարման, եթե բավարար ապացույցների համակցությամբ հաստատվում է տվյալ վարչական ակտի ընդունումը մերժելու՝ օրենքով սահմանված բոլոր հիմքերի բացակայության փաստը։ Համապատասխանաբար, հայցվող բարենպաստ վարչական ակտն իրավաչափ չէ, և պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, եթե բավարար ապացույցների համակցությամբ հաստատվում է տվյալ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու որևէ հիմքի առկայության փաստը։ Ըստ այդմ՝ պարտավորեցման հայցի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է ինչպես կողմերի ներկայացրած ապացույցների, այնպես էլ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան իր կողմից ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ ու գնահատմամբ պարզել հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու՝ օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։ (․․․) պարտավորեցման հայցի քննության շրջանակներում ՀՀ վարչական դատարանը պարտավոր է պարզել բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու՝ օրենքով սահմանված բոլոր հիմքերի առկայությունը (բացակայությունը)՝ անկախ նրանից, թե վարչական մարմինը կոնկրետ ինչ հիմքով է մերժել տվյալ բարենպաստ վարչական ակտի ընդունումը։ Այլ կերպ՝ եթե իրավաչափ չէ վարչական մարմնի՝ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը, այս հանգամանքն ինքնին չի ենթադրում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափություն․ նման իրավիճակում ՀՀ վարչական դատարանը պարտավոր է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան պարզել վարչական մարմնի կողմից չկիրառված մերժման մյուս հիմքերի առկայությունը (բացակայությունը), քանզի իրավաչափ է միայն այն վարչական ակտը, որը կայացվում է դրա ընդունումը մերժելու՝ օրենքով նախատեսված բոլոր հիմքերի բացակայության պայմաններում (տե՛ս, Փամելա Հաշեմն ընդդեմ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք՝ Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, թիվ ՎԴ/2116/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․12․2023 թվականի որոշումը)։
Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության իրավաչափության ստուգումը պահանջում է պարզել Օրենսգրքի 30․1-րդ հոդվածով սահմանված՝ ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժելու բոլոր հիմքերի, այդ թվում՝ Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված արգելքի բացակայությունը (առկայությունը)։ Նման թույլտվությունն իրավաչափ չէ, և պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, եթե գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում հաստատվում է Օրենսգրքի 30․1-րդ հոդվածով սահմանված՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժելու որևէ հիմքի, այդ թվում՝ Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված արգելքի առկայության փաստը։ Հիմք ընդունելով Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող՝ Արարատի և Արմավիրի մարզերում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվությունն իրավաչափ չէ նշված նորմով սահմանված արգելքի ուժով, և ըստ այդմ՝ պարտավորեցման հայցը ենթակա է մերժման։ Նման թույլտվությունը կարող է իրավաչափ համարվել, եթե միայն տվյալ ժամանակահատվածի համար հաստատված ջրավազանային կառավարման պլանը թույլատրում է ջրօգտագործման թույլտվության տրամադրում, և միաժամանակ առկա չէ Օրենսգրքի 30․1-րդ հոդվածով սահմանված ջրօգտագործման թույլտվության հայտը մերժելու մնացած հիմքերից որևէ մեկը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության ներկայացրած պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է պարտավորեցնել Նախարարությանն ընդունելու 03․11․2022 թվականի և 04․11․2022 թվականի դիմումներով ակնկալվող բարենպաստ վարչական ակտը՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, գյուղ Զորակ, Բաղրամյան փողոց 95 հասցեի հողամասում առկա հորատանցքից 70 լիտր/վայրկյան ջրաքանակով ջուր օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ։
Դատարանը 14․06․2023 թվականի վճռով հայցը մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) հաշվի առնելով, որ հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտ ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Զորակ, Բաղրամյան փողոց 95 հասցեի հողամասում առկա հորատանցքից 70 լիտր/վայրկյան ջրաքանակով ձկնաբուծական նպատակով ջուր օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ, դատարանն արձանագրում է, որ այս դեպքում կիրառելի է հենց ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման և պահպանման առանձնահատկությունները սահմանող՝ ՀՀ ջրային օրենսգրքի կարգավորումները, որի 37.1-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ: Վերը նշված իրավակարգավորումից ակնհայտ է, որ Օրենսդրի կողմից, հիմք ընդունելով նույն օրենսգրքով սահմանված նպատակի կենսագործումը և ղեկավարվելով նույն օրենսգրքով սահմանված սկզբունքներով իմպերատիվ կերպով սահմանվել է ձկնաբուծական նպատակներով ինչպես նոր, այնպես էլ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման արգելք Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում)՝ բացառությամբ, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսվի: Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ ձկնաբուծական նպատակներով ինչպես նոր, այնպես էլ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանի նույն օրենսգրքին և այդպիսի հայտերը ենթակա են մերժման ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Միաժամանակ, նշված կանոնից կարող է բացառություն լինել այն դեպքը, երբ ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսվի, սակայն այդպիսի դեպքերի սահմանումն էլ ջրի ազգային ծրագրից ելնելով՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի մշակման լիազորությունն է և որևէ կերպ այդպիսի դեպքերի չսահմանումը չի կարող դիտվել որպես ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման և ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքների սահմանափակում:
Այսպիսով, վերը նշված իրավակարգավորումները կիրառելով սույն վարչական գործով հաստատված փաստակազմի նկատմամբ՝ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտը չի բխում ՀՀ ջրային օրենսգրքի՝ վերը նշված իրավակարգավորումներից, իրավաչափ չէ, հետևաբար հայցն անհիմն է և ենթակա է մերժման:ե:
Վերաքննիչ դատարանի 24.12.2024 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.06.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ. «(…) ՀՀ ջրային օրենսգրքի ուժով ՀՀ Արարատյան դաշտում (ՀՀ Արարատի և ՀՀ Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման բացառումը պայմանավորվել է հենց տվյալ ջրավազանային կառավարման պլանով կամ այդպիսի պլանով նախատեսված այլ կանոնով, իսկ ջրավազանային կառավարման պլանն էլ հաստատման էր ենթակա 31.07.2022 թվականից հետո՝ 6-ամսյա ժամկետում: Հետևաբար նշված իրավանորմերի կանոնակարգման ժամանակահատվածում տվյալ ջրավազանային կառավարման պլանի ընդունված չլինելը՝ բացակայությունը, ըստ էության զրկում է նաև վարչական մարմնին դրան չհամապատասխանելու հիմքով ջրօգտագործման թույլտվության հայտի մերժման իրավական հնարավորությունից, քանի որ հենց ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածով է որպես ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման հիմք նշված նաև դրանցով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը ջրավազանային կառավարման պլաններին չհամապատասխանելու պայմանը, իսկ տվյալ ջրավազանային կառավարման պլանի բացակայության դեպքում հնարավոր չէ գնահատել այդպիսի հանգամանքը:
Ավելին՝ նշված մասով պետք է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Այսինքն՝ այդ նորմից հետևում է, որ ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված այն հիմքը, որը ջրօգտագործման թույլտվության հայտի մերժում է նախատեսում այն դեպքում, երբ դրանով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում ջրավազանային կառավարման պլանին, կարող է կիրառվել բացառապես նման պլանի առկայության դեպքում:
(․․․) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Հրամանի հիմքում դրված այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Զորակ գյուղի վարչական տարածքը, ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1749-Ն որոշման համաձայն, գտնվում է Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում, ինչի կառավարման պլանը հաստատված չէ, չէր կարող հայցվորի հայտի մերժման բավարար հիմք հանդիսանալ, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 11-րդ պարբերությամբ ՀՀ Արարատյան դաշտում (ՀՀ Արարատի և ՀՀ Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման բացառումը պայմանավորվել է տվյալ ջրավազանային կառավարման պլանով, որն այդ պահին գոյություն չի ունեցել, իսկ ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 1-ին կետով էլ ջրօգտագործման թույլտվության հայտի մերժման հիմք է ջրօգտագործման թույլտվության՝ ջրավազանային կառավարման պլանին չհամապատասխանելու հանգամանքը, որպիսի հիմքը նույնպես ջրավազանային կառավարման պլանի բացակայության պայմաններում կիրառվել չէր կարող, ինչն անտեսվել է վարչական մարմնի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարչական մարմինն իրավասու չէր ջրավազանային կառավարման պլանի բացակայության հիմքով մերժել հայցվորի հայտը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը թեև արձանագրում է, որ բողոքարկվող վճռի կայացման պահին ջրավազանային կառավարման պլանն արդեն եղել է հաստատված, բայց այն հայցվորի հայտի նկատմամբ կիրառելի լինել ևս չէր կարող:
(․․․) հայցվորի կողմից հայտի ներկայացման ու մերժման դրության համեմատ, երբ ջրավազանային կառավարման պլանը հաստատված չէր, նշված պլանը հանդիսանում է անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ՝ հիմք ընդունելով այդ մասով կատարված վերլուծությունները, այդ թվում՝ նման դեպքում պարտավորեցման հայցի քննության մասով կիրառելի օրենսդրության ընտրության հարցով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները, ուստի հիշյալ պլանը, որը բողոքարկվող դատական ակտի կայացման պահին արդեն եղել է ընդունված, սույն վեճի լուծման նկատմամբ կիրառելի չէ:
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարչական մարմնի կողմից Հրամանի հիմքում դրված ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 1-ին կետը և 37.1-ին հոդվածի 11-րդ պարբերությունը սույն դեպքում ընդհանրապես կիրառելի չեն եղել, ինչը հաշվի չի առնվել Դատարանի կողմից:ե։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված 03.11.2022 թվականի և 04.11.2022 դիմումներով հայցել է ջրօգտագործման թույլտվություն՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Զորակ գյուղի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով մեկ խորքային հորից 70 լիտր վայրկյան ծավալով ջրառ իրականացնելու համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 05.12.2022 թվականի թիվ 428-Ա հրամանով Ընկերության 03.11.2022 թվականի և թվականի գրություններով՝ հայցված ջրօգտագործման թույլտվությունը մերժվել է։ Թիվ 428-Ա հրամանում որպես մերժման իրավական հիմք նշվել են ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերը, 37.1-րդ հոդվածի 11-րդ պարբերությունը։
Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերության համաձայն՝ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։ Նշված նորմով Օրենսգիրքը լրացվել է 31․07․2022 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-316-Ն ՀՀ օրենքով, որի անցումային դրույթների համաձայն՝ ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը վեց ամսվա ընթացքում (թիվ ՀՕ-316-Ն ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետ)։
ՀՀ կառավարությունը 08․12․2022 թվականի «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» թիվ 1909-Ն որոշմամբ հաստատել է Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը` համաձայն հավելվածի։ ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված ջրավազանային կառավարման պլանը վերարտադրել է Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված արգելքը․ հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետով արգելվում է Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով նոր հորատանցքերի հորատման միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ ձկնաբուծական նպատակով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից 03.11.2022 թվականի և 04.11.2022 դիմումներով խնդրո առարկա ջրօգտագործման թույլտվությունը հայցելու և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 05.12.2022 թվականի թիվ 428-Ա հրամանի ընդունման պահին գործել է Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերության վերը նշված նորմը, սակայն դեռևս ընդունված չի եղել ջրավազանային կառավարման պլանը։
Հիմք ընդունելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից 03.11.2022 թվականի և 04.11.2022 դիմումներով խնդրո առարկա ջրօգտագործման թույլտվությունը հայցելու և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 05.12.2022 թվականի թիվ 428-Ա հրամանի ընդունման պահին գործել է Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված արգելքը՝ անկախ ջրավազանային կառավարման պլանի բացակայության փաստից։ Ըստ այդմ՝ գնահատելով Ընկերության կողմից հայցված ջրօգտագործման թույլտվության իրավաչափությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս չի կարող համարվել իրավաչափ վարչական ակտ, քանի որ առկա է եղել Օրենսգրքի 30․1-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժելու հիմքը, այն է՝ դրանով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում Օրենսգրքին, որպիսի անհամապատասխանությունը դրսևորվել է նրանում, որ նման թույլտվությունը խախտել է Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված արգելքը։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վկայակոչումը՝ որպես իր դիրքորոշման իրավական հիմք, քանզի այս դրույթում («Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:ե) նկարագրված իրավիճակը չի վերաբերում Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված իրավակարգավորմանը։ Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությամբ սահմանված՝ ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու արգելքի կիրառման համար որևէ կերպ պարտադիր չէ ջրավազանային կառավարման պլանի ընդունումը․ այլ արգելքը կիրառելի է անկախ ջրավազանային կառավարման պլանը հաստատող՝ ՀՀ կառավարության որոշման ընդունումից։
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ ՀՀ կառավարությունը 08․12․2022 թվականի «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» թիվ 1909-Ն որոշմամբ սահմանված՝ Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում համապատասխան ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն արգելող կարգավորումն Ընկերության իրավական վիճակը վատթարացնող իրավակարգավորում է, քանզի Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությունը հայցելու և և վերջինիս տրամադրումը մերժելու պահի դրությամբ էլ, ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված ջրավազանային կառավարման պլանի բացակայության պայմաններում, համապատասխան ջրօգտագործման թույլտվությունը տրամադրելու արգելը գործել է օրենքի ուժով՝ Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերության իրավական հիմքով՝ անկախ ջրավազանային կառավարման պլանի բացակայության փաստից։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը 08․12․2022 թվականի «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» թիվ 1909-Ն որոշմամբ Ընկերության իրավական վիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ խնդրո առարկա ջրօգտագործման թույլտվության տրամադրումն արգելված է եղել ինչպես մինչև ՀՀ կառավարության նշված որոշման ընդունումը, այնպես էլ դրանից հետո։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել Օրենսգրքի 37․1-րդ հոդվածի 11-րդ պարբերությունը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերության կողմից հայցվող ջրօգտագործման թույլտվությունը ոչ իրավաչափ վարչական ակտ է, որպիսի պայմաններում հայցը ենթակա է մերժման։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 30.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.12.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 14․06․2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. «ՄԷԳ-ՖԻՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
|
Նախագահող |
Հ. Բեդևյան |
|
Զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|