ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4295/05/24 Վարչական գործ թիվ ՎԴ/4295/05/24
Գ Դատավորներ՝ Ա․ Պողոսյան
Նախագահող դատավոր՝
Կ․ Գևորգյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Ք. Մկոյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան |
2026 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․06․2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ստեփան Սարգսյանի ընդդեմ Ծառայության՝ 03.01.2024 թվականի թիվ 8180390546 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1․Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ստեփան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել 03.01.2024 թվականի թիվ 8180390546 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հ․ Մուրադյան) (այսուհետ` Դատարան) 07․10․2024 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06․06․2025 թվականի որոշմամբ Ստեփան Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ՝ Դատարանի 07․10․2024 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Արևիկ Հարությունյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 267-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 42-րդ, 113-րդ, 124-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորի նկատմամբ 02.01.2024 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» հատվածում առկա է հայցվորի ստորագրությունը։ Նշվածից պարզ է դառնում, որ հայցվորին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները։ Բացի իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելուց՝ հայցվորին տրամադրվել է նաև իր իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը։
Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 42-րդ, 113-րդ, 124-րդ հոդվածները, սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում սխալ գնահատական է տվել հայցվորի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը։
Միաժամանակ, ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործի շրջանակներում հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս իրեն չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, Դատարանը գտնում է, որ նշված փաստարկը ևս անհիմն է, քանի որ 25.10.2021թ. կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում առկա է հայցվորի Մհեր Սարգսյանի ստորագրությունը և որևէ դիտողություն ներկայացված չէ»:
Այսինքն, ՀՀ վարչական դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերը համեմատելով միմյանց հետ՝ պարզ է դառնում, որ դիրքորոշումները չեն համընկնում։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 06․06․2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վարչական իրավախախտման վերաբերյալ 02.01.2024 թվականին, ժամը 21։22-ին կազմված արձանագրության համաձայն՝ Ստեփան Սարգսյանը, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետը, Վայք քաղաքի Շահումյան փողոցում 02․01․2024 թվականին, ժամը 21։17-ի սահմաններում «GAZ» մակնիշի ■■■1 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում և «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա են ստորագրություններ (գ.թ. 57)։
2) Ծառայության 03.01.2024 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180390546 որոշմամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում կրկին ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով Ստեփան Սարգսյանը զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով: Որոշման դարձերեսին առկա է քաղվածք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի վկայակոչմամբ (գ.թ. 32):
3) Ծառայության պետի 19.02.2024 թվականի «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 03․01․2024թ․ կայացված 8180390546 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշմամբ Ծառայության 03.01.2024 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180390546 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ Ստեփան Սարգսյանի վարչական բողոքը՝ առանց բավարարման (գ.թ. 33-36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում և թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 03․02․2023 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած վճռով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 267-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նշված իրավանորմերի միատեսակ կիրառության ու նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․
- արդյո՞ք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» հատվածում իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը բավարար է հաստատված համարելու պարեկային ծառայողի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվող անձին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքները և պարտականությունները բացատրված լինելու փաստը։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «ժա» կետերի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)` կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, (․․․) իրականացնում է պարեկային ծառայություն:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, (․․․):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում են նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:
Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` (․․․) Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը։
ՀՀ ոստիկանության պետի 23.09.2020 թվականի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանի 1-ին կետով հաստատվել է Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը (այսուհետ` Կանոնագիրք)` համաձայն հավելվածի:
Կանոնագրքի 3-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի համաձայն` ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը` ապահովում է (...) ճանապարհային երթևեկության անվտանգությունը, իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները և կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Կանոնագրքի 45-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս լիազորված է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, (...) կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված այլ միջոցներ։
Կանոնագրքի 8-րդ բաժնով սահմանվել են վարչական իրավախախտումների արձանագրման ժամանակ պարեկային ծառայողների գործողությունները։
Մասնավորապես, Կանոնագրքի 142-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման դեպք հայտնաբերելիս` պարեկային ծառայողները մոտենում են համապատասխան խախտումը կատարած անձին, ներկայանում` պատվի առնելով, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանում` հայտնելով իրենց պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը։ Անձի խնդրանքով պարեկային ծառայողները ներկայացնում են նաև իրենց ծառայողական վկայականը կամ ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանը։
Կանոնագրքի 143-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին հայտնում է, թե ինչ իրավախախտում է իր կողմից կատարվել և ինչպես է այն դրսևորվել, մատնանշում է համապատասխան իրավական նորմը, որով սահմանված է կատարված խախտումը։
Կանոնագրքի 144-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին տեղեկացնում է, որ դրսևորած վարքագիծը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որից հետո իրավախախտման վայրում պարեկային ծառայողին ամրակցված պլանշետի հատուկ ծրագրային ապահովման միջոցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կանոնագրքի 146-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ` համապատասխան հատկացված հատվածում, իրավախախտում կատարած անձից պարեկային ծառայողը վերցնում է բացատրություն: Պարեկային ծառայողը իրավախախտին տեղեկացնում է դիտողություններ, առարկություններ ներկայացնելու իրավունքի վերաբերյալ` ապահովելով անձի լսված լինելու իրավունքի իրացումը: Բացատրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:
Կանոնագրքի 148-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկված անձին պարտադիր տեղեկացնում է որոշման բողոքարկման կարգը (վարչական, ինչպես նաև դատական կարգով` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում):
Անդրադառնալով պարեկային ծառայողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձանագրության կազմմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալը․
Պարեկային ծառայողի կողմից արձանագրություն կազմելն իրավական կարևոր գործընթաց է, որն ունի հետևյալ հիմնական նպատակները․
1. իրավունքների և պարտականությունների իրազեկման հավաստում․ արձանագրություն կազմելիս պարեկային ծառայողը պարտավոր է տեղեկացնել ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին, լսել և արձանագրել նրա բացատրությունները կամ առարկությունները, պարզաբանել բողոքարկման կարգը։
2. Ենթադրյալ իրավախախտման փաստի ամրագրում․ արձանագրությունը, վարութային փաստաթուղթ է, որում, ի թիվս այլնի, նշվում են ենթադրյալ իրավախախտման հիմքը և էությունը, դեպքի ժամն ու վայրը։
3. Ապացուցողական հիմքի ստեղծում․ արձանագրությունը, ըստ էության, այն հիմնական ապացույցն է, որը հիմք է հանդիսանում ենթադրյալ իրավախախտման փաստը հաստատված համարելու և անձի նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցը կիրառելու համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում (տե՛ս, ըստ հայցի Գառնիկ Վերմիշյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․03․2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, ըստ էության, հանդիսանում է վարչական պատասխանատվության վարույթի հիմնասյուներից մեկը, քանի որ այն երաշխավորում է անձի՝ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման հնարավորությունը։ Մասնավորապես, անձը, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հասկանալու, թե կոնկրետ ինչում և ինչ հիմքով է մեղադրվում, կարող է ներկայացնել իր անմեղությունը հիմնավորող համապատասխան ապացույցներ, տալ բացատրություններ, իրացնել իր լսված լինելու իրավունքը, ստորագրել արձանագրությունը կամ հրաժարվել այն ստորագրելուց, վարչական ակտը բողոքարկել վերադասության և/կամ դատական կարգով։ Միաժամանակ անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր համար հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու։ Ընդ որում, ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի կողմից արձանագրության ստորագրումն ինքնին բավարար է եզրակացնելու, որ նա առնվազն չի առարկում պարեկային ծառայողի կողմից արձանագրության կազմման ընթացակարգի պահպանման հարցում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական տեսանկյունից որպես ապացույց, բավարար է արձանագրության մեջ՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը փաստելու համար, որ անձը պատշաճ իրազեկվել է իր իրավունքների և պարտականությունների մասին։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է գնահատվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջներին բավարարող և հիմք հանդիսանալ տուգանք կիրառելու մասին որոշում կայացնելու համար, եթե այն, ի թիվս այլնի, պարունակում է նաև նշում արձանագրություն կազմելիս խախտողին նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին, ինչը ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձը հաստատում է Ծառայության պաշտոնատար անձի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ստորագրելով։ Այսինքն՝ Ծառայության պաշտոնատար անձի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը, ըստ էության, դիտվում է որպես անձի կողմից այդ տողում նշված համապատասխան փաստի ընդունում, եթե առկա չեն դիտողություններ կամ արձանագրված փաստը հերքող այլ ապացույցներ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ստեփան Սարգսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 03.01.2024 թվականի թիվ 8180390546 որոշումը։
Դատարանը հայցը մերժել է, ի թիվս այլնի, պատճառաբանելով, որ «(․․․) անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ իրեն չեն բացատրել իր իրավունքներն ու պարտականությունները՝ Դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» հատվածում հայցվորի անվան դիմաց առկա է ստորագրություն, ինչից հետևում է, որ հայցվորին տրամադրվել է նրա իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը»։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ Ստեփան Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է ամբողջությամբ՝ բեկանել է Դատարանի 07.10.2024 թվականի վճիռը և փոփոխել՝ հայցը բավարարել։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ «(․․․) օրենքի ուժով արձանագրությունը պետք է ստորագրի նաև վարչական իրավախախտում կատարած անձը, իսկ եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում, ավելին՝ վարչական իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները, իսկ արձանագրություն կազմելիս խախտողին պետք է բացատրվեն օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին ևս արձանագրության մեջ նշում է արվում:
Այսինքն՝ արձանագրության կազմման նշված պահանջը երաշխավորում է նաև անձին զանցագրվող արարքի մասով նրան տրված արդյունավետ իրավական պաշտպանության սահմանադրական պահանջի կատարումը, քանի որ խախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև արձանագրություն կազմելիս խախտողին պետք է բացատրվեն նրա իրավունքներն ու պարտականությունները, որը ևս անձի իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է:
(․․․) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, հետազոտելով և գնահատելով սույն գործում առկա ապացույցները և դրանք համադրելով վերոգրյալ իրավանորմերի հետ, գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ վիճարկվող որոշման ընդունման հիմքում դրված վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելիս հայցվորին չեն բացատրվել օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները՝ հանգեցնելով հայցվորի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի սահմանափակման։
(․․․) Հաշվի առնելով հայցվորի կողմից նշված փաստարկը, ինչպես նաև ընդգծելով այն հանգամանքը, որ պարեկային ծառայողի համազգեստի վրա կրվող տեսախցիկի տեսանյութում ընդհանրապես բացակայում է հայցվորի ստուգաչափման և նրան օրենքով նախատեսված իրավունքները և պարտականությունները բացատրելու հատվածը, հիշյալ վիճելի հարցը չի կարող համարվել հաստատված, այսինքն՝ գործի տվյալներով չի հաստատվում, որ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելիս հայցվորին բացատրվել են օրենքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմպերատիվ պահանջով արձանագրությունը կազմելիս խախտողին բացատրվում են նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում, որպիսի կանոնն էլ տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից չի պահպանվել՝ հանգեցնելով հայցվորի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի խախտմանը, ինչն էլ վիճարկվող որոշումը դարձնում է ոչ իրավաչափ: Վերոգրյալ պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը բավարարելու պայմաններում Վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադառնում վերաքննիչ բողոք բերած անձի մյուս փաստարկներին, (․․․)»։
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վարչական իրավախախտման վերաբերյալ 02.01.2024 թվականի՝ ժամը 21։22-ին կազմված արձանագրության համաձայն՝ Ստեփան Սարգսյանը, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետը, Վայք քաղաքի Շահումյան փողոցում 02․01․2024 թվականին՝ ժամը 21։17-ի սահմաններում «GAZ» մակնիշի ■■■2 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրություն, դիտողությունը, ստորագրությունը» տողում և «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա են ստորագրություններ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ստորագրելով արձանագրության «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրություն, դիտողությունը, ստորագրությունը» և «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողերը, ըստ էության փաստել է, որ պարեկային ծառայողի կողմից տեղեկատվությունը ստացել է, միաժամանակ, ըստ էության հավաստել է, որ համաձայնել է պարեկային ծառայողի կողմից իրականցված արձանագրման ընթացակարգի հետ։ Տվյալ դեպքում նշված արձանագրության մեջ հայցվորի ստորագրության առկայությունը վերոգրյալ գրառման դիմաց արդեն իսկ բավարար է փաստելու, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմպերատիվ պահանջով արձանագրությունը կազմելիս հայցվորին պարեկային ծառայողի կողմից բացատրվել են նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները։ Ընդ որում, էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հայցվորը չի հրաժարվել ստորագրել արձանագրությունը, չի ներկայացրել արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ «(․․․) պարեկային ծառայողի համազգեստի վրա կրվող տեսախցիկի տեսանյութում ընդհանրապես բացակայում է հայցվորի ստուգաչափման և նրան օրենքով նախատեսված իրավունքները և պարտականությունները բացատրելու հատվածը, հիշյալ վիճելի հարցը չի կարող համարվել հաստատված, այսինքն՝ գործի տվյալներով չի հաստատվում, որ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելիս հայցվորին բացատրվել են օրենքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակեցրել է, որ տեսաձայնագրման միջոցով ամրագրվում է ոչ թե ենթադրյալ իրավախախտում կատարած անձին պարեկային ծառայողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու հանգամանքը, այլ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունը, ընդ որում՝ նշվածն այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է թվային՝ տեսաձայնագրման եղանակով։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությամբ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 03․02․2023 թվականի վճիռը, որով արձանագրվել է, որ «(․․․) անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս իրեն չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, Դատարանը գտնում է, որ նշված փաստարկը ևս անհիմն է, քանի որ 25.10.2021թ. կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում առկա է հայցվորի Մհեր Սագսյանի ստորագրությունը և որևէ դիտողություն ներկայացված չէ»։
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(․․․) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմպերատիվ պահանջով արձանագրությունը կազմելիս խախտողին բացատրվում են նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում, որպիսի կանոնն էլ տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից չի պահպանվել՝ հանգեցնելով հայցվորի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի խախտմանը, ինչն էլ վիճարկվող որոշումը դարձնում է ոչ իրավաչափ։ (․․․)»։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը, արձանագրում է, որ արձանագրության «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրություն, դիտողությունը, ստորագրությունը» և «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողերի վրա առկա իրավախախտում կատարած անձի ստորագրությունը, ըստ էության, փաստում և հավաստում է, որ պարեկային ծառայողի կողմից տեղեկատվությունը ստացել է ու համաձայնել է արձանագրման ընթացակարգի հետ, որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքների և պարտականությունների մասին անձի ծանուցված լինելու իրավունքը այսուհետ պետք է մեկնաբանել սույն որոշմամբ տրված դիրքորոշման հաշվառմամբ։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս արձանագրել է, որ «(․․․) Վերոգրյալ պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը բավարարելու պայմաններում Վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադառնում վերաքննիչ բողոք բերած անձի մյուս փաստարկներին, քանի որ դրանք վերաքննիչ բողոքի լուծման տեսանկյունից չունեն որևէ իրավական նշանակություն՝ հաշվի առնելով, որ հայցվորի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի խախտմամբ ընդունված վարչական ակտի դեպքում դրան վերաբերող ամբողջ վարույթն արդեն իսկ ոչ իրավաչափ է», Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտը պետք է բեկանել և ուղարկել նույն դատարան՝ նոր քննության վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը ևս գնահատելու համար։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի և 163-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Դատարանի 07․10․2024 թվականի վճռի դեմ հայցվոր Ստեփան Սարգսյանի բերած վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:
5․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են, ի թիվս այլնի, նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․06․2025 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
____________
1 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ք. Մկոյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|