ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4089/05/24 Վարչական գործ թիվ ՎԴ/4089/05/24
Գ․ Սոսյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան Ք. Մկոյան |
2026 թվականի հուլիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հովիկ Մեսրոպյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․12․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հովիկ Մեսրոպյանի ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին)՝ 12.02.2024 թվականի «Վարչական տույժ նշանակելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մասնակի կարճելու մասին» թիվ 0234 որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հովիկ Մեսրոպյանը պահանջել է վերացնել 12.02.2024 թվականի «Վարչական տույժ նշանակելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մասնակի կարճելու մասին» թիվ 0234 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ․ Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2025 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22․12․2025 թվականի որոշմամբ Հովիկ Մեսրոպյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2025 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովիկ Մեսրոպյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Գրիգորյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանը ոչ թե պետք է կասեցներ վարչական գործի վարույթը մինչև թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը, այլ պետք է եզրափակիչ դատական ակտով գնահատական տար պատասխանողի՝ վարչական վարույթը կասեցնելու պարտականությունը չկատարելու փաստին, որի դեպքում կհաստատվեր վիճարկվող վարչական ակտն օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը, ինչը կհանգեցներ վիճարկվող որոշման անվավերության։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական մարմնի կողմից իրականացվել է օրենքով նախատեսված ստուգում, ապա դրա արդյունքում կայացված ստուգման ակտն ինքնին չի կարող վկայել դրանով ամրագրված իրավախախտումների հաստատված լինելը, քանի դեռ ստուգման ակտն օրենքով սահմանված կարգով չի դարձել անբողոքարկելի։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում առկա չի եղել սույն գործի քննության անհնարինություն՝ պայմանավորված ստուգման ակտի վիճարկման գործով վերջնական դատական ակտի կայացմամբ, քանի որ բողոքաբերի ներկայացրած հիմքերն ու հիմնավորումները, այդ թվում՝ սույն գործով վարչական ակտի կայացման ժամանակ պատասխանողի կողմից թույլ տրված մի շարք ընթացակարգային խախտումները, արդեն իսկ բավարար են եղել վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար՝ անկախ թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի ելքից։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը թեև որոշման մեջ նշել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում դրվել է 08.01.2024 թվականին կազմված թիվ 23060338 ստուգման ակտը, որը վիճարկվում է թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի շրջանակներում, այդուհանդերձ բավարար չափով չի պատճառաբանել սույն գործի և թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի միջև առկա կապը, չի ներկայացրել դատավարության կարգով քննվող կոնկրետ այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք սույն գործի լուծման համար ունեն էական նշանակություն և, որ ամենակարևորն է, Դատարանն առհասարակ չի անդրադարձել և որևէ հիմնավորում չի ներկայացրել, որով կհաստատվեր սույն գործի քննության անհնարինությունը մինչև թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22․12․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 20․10․2025 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի վարույթն այդ ակտի հիմքում դրված մեկ այլ վարչական ակտի իրավաչափությունը մեկ այլ վարչական գործի շրջանակներում վիճարկելու հանգամանքով պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով կասեցնելու իրավական հնարավորությունը գնահատելու առանձնահատկություններին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը.
3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է սահմանադրական դատարան»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձը հետախուզման մեջ է.
3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է․
4) նույն օրենսգրքի 31.7-րդ գլխով սահմանված՝ հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերով վարույթի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել պարզելու լրացուցիչ հանգամանքներ կամ ստանալու տեղեկություններ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածը առանձնացնում է գործի վարույթը կասեցնելու երկու խումբ հիմք.
- պարտադիր հիմքեր, որոնց առկայության դեպքում դատարանին հայեցողություն վերապահված չէ գործի վարույթը կասցնելու կամ չկասցենելու հարցում. գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերը գործի հետագա ընթացքն արգելափակող, տվյալ գործով հետագա վարույթի իրականացումն անհնարին դարձնող հանգամանքներն են, որոնց առկայության դեպքում դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը (1-ին մաս),
- ֆակուլտատիվ հիմքեր, որոնց առկայության դեպքում դատարանի հայեցողությանն է թողնված որոշելու՝ արդյոք տվյալ հանգամանքը խոչընդոտում է գործի քննության հետագա ընթացքին, թե՝ ոչ (2-րդ մաս)։
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում խոսքը վերաբերում է ոչ թե տվյալ գործի՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի հետ զուտ փոխկապվածությանը, առնչակցությանը, այլ հստակ սահմանվում է այդ փոխկապվածության, առնչակցության բնույթը, այն է՝ այնպիսի առնչակցություն, փոխկապվածություն, որն անհնարին է դարձնում, բացառում է տվյալ վարչական գործի հետագա ընթացքը (տե՛ս, Էդիկ Ալթունյանը և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1553/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15․12․2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գործի վարույթը մինչև մեկ այլ դատական գործով վերջնական դատական ակտ կայացնելը կասեցնելու հարցին և արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, վերը նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Մանուկ Ղազանչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի թիվ ՎԴ/0393/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթի կասեցումը դատարանի կողմից տվյալ գործով դատավարական գործողությունների ժամանակավոր դադարեցումն է վարույթի հետագա զարգացմանը խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքների առկայության հիմքով, որոնք արգելակում են նրա հետագա շարժը, և որոնց ծագման պահին հնարավոր չէ հստակ որոշել, թե դրանք երբ կվերանան: Ըստ այդմ՝ գործի վարույթի կասեցումը՝ որպես դատավարական ինստիտուտ, անմիջականորեն շաղկապված է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի հետ: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է, որ ցանկացած դատական գործ պետք է քննվի և լուծում ստանա հնարավորինս սեղմ ժամկետում՝ առանց արհեստականորեն ձգձգելու դրա ընթացքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանել դատավարության բոլոր մասնակիցներին ընթացակարգային ավելորդ ձգձգումներից (տե՛ս, Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը): Նշված իրավական սկզբունքի միջոցով ընդգծվում է արդարադատությունն առանց հետաձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ այդպիսի հետաձգումները կարող են նվազեցնել արդարադատության արդյունավետությունն ու վնաս հասցնել դրա նկատմամբ հանրային վստահությանը (տե՛ս, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը): Եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում է արձանագրել, մասնավորապես, այն դեպքում, երբ դատարանը ոչ իրավաչափ կերպով (առանց բավարար հիմքերի) կասեցրել է իր կողմից քննվող գործի վարույթը մինչև մեկ այլ դատական գործով վերջնական դատական ակտի կայացումը (տե՛ս, König v. Germany (6232/73) գործով Եվրոպական դատարանի 28.06.1978 թվականի վճիռը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքը ենթադրում է դատարանի կողմից քննվող գործի և սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի այնպիսի փոխկապվածություն, որի առկայության պայմաններում դատարանի վարույթում գտնվող գործի քննությունը հնարավոր չէ մինչև վիճելի իրավահարաբերության ծավալից դուրս գտնվող, սակայն տվյալ գործի համար պարտադիր նշանակություն ունեցող հարցի կարգավորումը սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով գործի վարույթի կասեցումը կարող է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի տեսանկյունից իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով պետք է հաստատվեն այնպիսի իրավաբանական փաստեր, կամ պետք է հանգուցալուծվեն այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր չէ, իսկ այդ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ գնահատականներ տալը դուրս է տվյալ գործով վարչական դատարանի իրավասության շրջանակներից (տե՛ս, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը միայն այն դեպքում, երբ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող մեկ այլ գործի հետ առկա է այնպիսի առնչակցություն, փոխկապվածություն, որն անհնարին է դարձնում, բացառում է տվյալ վարչական գործի հետագա ընթացքը, երբ քննվող վարչական գործի համար էական նշանակություն ունեցող կոնկրետ փաստը, առանց որի հնարավոր չէ լուծել տվյալ գործը, կարող է հաստատվել բացառապես սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ տվյալ գործի փոխկապվածությունը այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի հետ, պետք է բացառի տվյալ վարչական գործն ըստ էության քննելու և լուծելու հնարավորությունը։
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի վարույթն այդ ակտի հիմքում դրված մեկ այլ վարչական ակտի իրավաչափությունը մեկ այլ վարչական գործի շրջանակներում վիճարկելու հանգամանքով պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցնելու իրավական հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները, ապացույցների տեսակները, դրանց գնահատումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս և վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հարցերը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու և վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը կայացնելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, և երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կա՛մ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ, կա՛մ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փուլ) (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02․10․2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները։ Դրանցից են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը։ Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք։ Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ևս արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մեկնարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ և եզրափակվում նույն օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հետևյալ որոշումներից որևէ մեկի կայացմամբ. վարչական տույժ նշանակելու մասին որոշում կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս, Հադի Գուլռոզին ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6934/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2025 թվականի որոշումը)։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, լուծում է նաև այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ։ Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները՝ ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
Վերը նշված իրավակարգավորումների համադրված վերլուծության հիման վրա, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը՝ որպես առանձին տեսակի վարչական վարույթ, մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որից հետո տեղի է ունենում ընթացիկ փուլ, որի ընթացքում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրականացվում են այդ գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ուղղված գործողություններ, մասնավորապես՝ բացահայտում, հավաքագրում և պատշաճ ձևակերպում է անհրաժեշտ ապացույցները, դրանց գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, այն է՝ արդյոք առկա են վարչական իրավախախտման վերաբերյալ տվյալ գործի վարույթը բացառող հանգամանքներ, կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզում է գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այսինքն՝ օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք։ Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
(...)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում որպես առանձին հայցի տեսակ նախատեսել է վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց: Վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական առարկա:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի դատական վերանայման մասին» 15.12.2004 թվականի թիվ Rec2004(20) հանձնարարականի համաձայն` բոլոր վարչական ակտերը կարող են դատական վերանայման առարկա հանդիսանալ, որպիսի վերանայումը պետք է անմիջական լինի: Դատարանը պետք է հնարավորություն ունենա գնահատելու օրենքի ցանկացած խախտում, ներառյալ՝ իրավասության բացակայությունը, ընթացակարգային խախտումները և լիազորությունների չարաշահումը:
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,
2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով։ Ընդ որում, այն պարագայում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը չի կարող այդ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության հարցին, եթե վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի վիճարկման պահանջը չի հանդիսանում տվյալ գործով հայցի առարկա, ապա դատարանն իրավասու չէ ստուգելու այդ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը՝ ելնելով չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածից։
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման սահմանների մեջ չի կարող ներառվել մեկ այլ, այդ թվում` այդ վարչական ակտի ընդունման հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության գնահատումը, մինչդեռ վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած վարչական ակտի կիրառելիության ստուգումը ներառվում է այդ սահմանների մեջ: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման հիմքում ընկած է մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս կարող է անդրադառնալ դրա հիմքում ընկած վարչական ակտի՝ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար կիրառելի լինելու կամ չլինելու հարցի պարզմանը: Այսինքն՝ դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը ներառում է նաև վիճարկվող վարչական ակտի հիմքում այլ վարչական ակտի դրված լինելու իրավաչափության պարզումը. դատարանը կարող է որոշել վարչական ակտի իրավաչափությունը՝ պարզելով, թե վիճարկվող վարչական ակտը կարող էր ընդունվել արդյոք դրա հիմքում դրված վարչական ակտի հիման վրա, թե՝ ոչ (տե'ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակներում իրավասու վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյոք առկա են բավարար ապացույցներ վարչական իրավախախտման փաստն արձանագրելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար։ Ընդ որում, վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի ընդունման հիմքում մեկ այլ վարչական ակտ դրված լինելու պարագայում պարզման է ենթակա այն հարցը, թե այդ ակտն արդյո՞ք կարող է կիրառելի լինել վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտն ընդունելիս։ Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս կարևորվում է ոչ թե այդ վարչական ակտի հիմքում ընկած մեկ այլ վարչական ակտի իրավաչափությունը, այլ՝ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի հիմքում տվյալ վարչական ակտի դրված լինելու իրավաչափությունը, մասնավորապես այն, թե վիճարկվող վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտը կարող էր արդյոք կայացվել դրա հիմքում դրված վարչական ակտի հիման վրա, թե՝ ոչ: Ըստ այդմ՝ եթե վարչական պատասխանատվություն սահմանող վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած մեկ այլ վարչական ակտի իրավաչափությունը վիճարկման առարկա է հանդիսանում վարչական դատավարության կարգով քննվող մեկ այլ գործի շրջանակներում, ապա վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հայցի հիմքով հարուցված վարչական գործի վարույթը ենթակա կլինի կասեցման միայն այն պարագայում, երբ հաստատվի, որ վարչական դատավարության կարգով քննվող տվյալ գործի հետ առկա է այնպիսի առնչակցություն և փոխկապվածություն, որն անհնարին է դարձնում, բացառում է տվյալ վարչական գործի հետագա ընթացքը, քանի որ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով կարող են հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, հանգուցալուծվեն այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հիմքով հարուցված գործի լուծումը հնարավոր չէ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի վարույթն այդ ակտի հիմքում դրված մեկ այլ վարչական ակտի իրավաչափությունը մեկ այլ վարչական գործի շրջանակներում վիճարկելու հանգամանքով պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությունը կարող է հաստատված համարվել, ըստ այդմ նաև՝ գործի վարույթը կասեցվել միայն այն պարագայում, երբ հաստատվի նշված գործի քննության անհնարինությունը՝ պայմանավորված վարչադատավարական կարգով քննվող մեկ այլ գործով կայացվելիք դատական ակտով հաստատվող այնպիսի իրավաբանական փաստերի ու այնպիսի իրավական հարցերի հանգուցալուծմամբ, որոնք նախադատելի նշանակություն կարող են ունենալ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափության գնահատման հարցում։ Այլ կերպ ասած՝ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի հետ մեկ այլ գործի փոխկապվածության և առնչակցության բնույթը պետք է անհնարին դարձնի, բացառի տվյալ վարչական գործն ըստ էության քննելու և լուծելու հնարավորությունը։ Հակառակ պարագայում, երբ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի հիմքում դրված մեկ այլ վարչական ակտի իրավաչափությունը ստուգման ենթարկող մեկ այլ վարչական գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով քննարկման ենթակա հարցերը և դրանց վերաբերյալ իրավական գնահատականները որևէ նախադատելի նշանակություն չեն ունենալու վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափության գնահատման հարցում, ապա այդ դեպքում գործի վարույթի կասեցումը կհանգեցնի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աշոտ Ենգիբարյանը և ավագ տեսուչ Աննա Ֆերոյանը «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունում իրականացրել են ստուգում, որի արդյունքում 08.01.2024 թվականին կազմել են թիվ 23060338 ստուգման ակտը (հատոր 2-րդ, գ.թ. 69-73):
Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աշոտ Ենգիբարյանը և ավագ տեսուչ Աննա Ֆերոյանը 23.01.2024 թվականին կազմել են «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրություն, որում նկարագրել են «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունում ստուգում իրականացրած լինելն ու դրա ընթացքում պարզված հանգամանքները (հատոր 1-ին, գ.թ. 20-29):
Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը, ի թիվս այլնի, ուսումնասիրելով նաև 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը և 23.01.2024 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրությունը, 12.02.2024 թվականին կայացրել է «Վարչական տույժ նշանակելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մասնակի կարճելու մասին» թիվ 0234 որոշումը, որով Հովիկ Մեսրոպյանը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու, այն է՝ օրենքի խախտմամբ դեղեր իրացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի կիրառմամբ ենթարկել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի 120.100.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 30-55):
Տեսչական մարմնի 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը վիճարկման առարկա է հանդիսանում «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումի հիման վրա հարուցված թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի շրջանակներում (հիմք՝ www.Court.am դատական իշխանության պաշտոնական կայք)։
Դատարանը 20․10․2025 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով կասեցրել է այն հիմնավորմամբ, որ «վիճարկվող 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշման հիմքում ընկած է 08.01.2024թ. թիվ 23060338 ստուգման ակտը, որի իրավաչափությունը քնվվում է ՎԴ/2658/05/24 գործով, անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև ՎԴ/2658/05/24 վարչական գործի ավարտը»։
Վերաքննիչ դատարանը, 22․12.2025 թվականի բողոքարկվող որոշմամբ անփոփոխ է թողել Դատարանի 20․10․2025 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը՝ պատճառաբանելով, որ «հաստատվում է, որ Տեսչական մարմնի 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշումը վերացնելու պահանջով սույն գործի և Տեսչական մարմնի 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի միջև առկա է այնպիսի փոխկապվածություն, որը համարվում է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված սույն գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմք: Մասնավորապես՝ սույն գործով Հովիկ Մեսրոպյանը խնդրել է վերացնել Տեսչական մարմնի 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշումը, որով հայցվորը ենթարկվել է վարչական տուգանքի, որպիսի որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Տեսչական մարմնի 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտով արձանագրված խախտումները: Ընդ որում՝ հայցվորը, ի թիվս այլ հիմքերի, հայցադիմումով նշել է նաև ստուգման վարույթի ոչ իրավաչափ իրականացված լինելու և բուն վարչական իրավախախտման բացակայության վերաբերյալ, այսինքն՝ նա բարձրացնում է նաև վարչական իրավախախտման փաստի հաստատված չլինելու հարցը, որպիսի իրավախախտման հաստատման համար հիմք է հանդիսացել հիշյալ ստուգման ակտը: Մինչդեռ Տեսչական մարմնի 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործով հանդիսանում է վիճարկման առարկա, այսինքն՝ այդ գործով քննվում է դրա իրավաչափության հարցը, իսկ, ինչպես նշվեց, նշյալ ակտը դրվել է սույն գործով վիճարկվող որոշմամբ իրավախախտման փաստի հաստատման հիմքում:
Հետևաբար (...) Դատարանը սույն գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցի և դրա հիմնավորումների շրջանակում պարտադիր պետք է ստուգման և գնահատման առարկա դարձնի նաև վիճարկվող որոշմամբ արձանագրված իրավախախտման առկայության կամ բացակայության հարցը, որպիսի խախտումն էլ, ըստ գործի տվյալների, արձանագրվել է այլ վարչական ակտով, որի իրավաչափությունը վիճարկվում է այլ վարչական գործով: Այսինքն՝ սույն գործով հայցի հիմքերով վիճարկվող որոշման իրավաչափության ստուգման և գնահատման տեսանկյունից առկա է կոնկրետ փաստի (իրավախախտման) պարզման անհրաժեշտություն, որպիսին հանդիսանում է վկայակոչված ստուգման ակտով արձանագրված իրավախախտումների առկայության կամ բացակայության հանգամանքը, որի ստուգումը սակայն ինքնին դուրս է սույն գործով քննարկվող իրավահաբարերության ծավալի շրջանակներից, այն է՝ Տեսչական մարմնի 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտով արձանագրված խախտումները չեն կարող հաստատվել կամ հերքվել սույն գործի շրջանակում, սակայն հիշյալ հանգամանքը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ հանդիսանում է սույն գործով հայցի հիմք, ինչն էլ այդ մասով անհնարին է դարձնում սույն վեճի հետագա քննությունը: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պետք է որոշեր դրա կայացման պահին վարույթով ձեռք բերված ապացույցների շրջանակում, իսկ վիճարկվող վարչական ակտի կայացման պահին ձեռք բերված և պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացած միակ ապացույցն այդ պահին անբողոքարկելի չդարձած ստուգման ակտն է եղել, ուստի Դատարանը պետք է արձանագրեր պատասխանողի կողմից վարչական վարույթը կասեցնելու պարտականությունը չկատարելու փաստը, այլ ոչ թե կասեցներ վարչական գործի վարույթը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հիմնավորումները դուրս են սույն բողոքի քննության շրջանակներից, այլ դրանք վերաբերում են վիճարկվող ակտի անվավերության հնարավոր հիմքին, որն էլ գնահատման է ենթակա Դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման ժամանակ:
Այսպիսով՝ (...) Դատարանը, կասեցնելով սույն գործի վարույթը, գործել է նշված նորմերի պահանջների շրջանակում՝ հիմնավորելով թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի առկայությամբ պայմանավորված՝ սույն գործի քննության անհնարինությունը»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հովիկ Մեսրոպյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշումը։ Նշված որոշման հիմքում դրված է 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը, որի իրավաչափությունը վիճարկվել է վարչադատավարական կարգով «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումի հիման վրա հարուցված թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի շրջանակներում։
Համադրելով սույն վարչական գործով և թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործով վիճելի իրավահարաբերությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական գործերը հարուցվել են երկու առանձին վարչական վարույթները եզրափակող վարչական ակտերի՝ Տեսչական մարմնի 12.02.2024 թվականի «Վարչական տույժ նշանակելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մասնակի կարճելու մասին» թիվ 0234 որոշման, որի հասցեատերն է «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության տնօրեն սույն գործով հայցվոր Հովիկ Մեսրոպյանը և 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտի, որի հասցեատերն է «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունը, վիճարկման հայցերի հիման վրա։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թեև սույն գործով և թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործով վիճարկման առարկա հանդիսացող վարչական ակտերն ունեն որոշակի առնչություն, մասնավորապես՝ 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշման հիմքում դրվել է նաև 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը, այդուհանդերձ նշված երկու գործերի միջև առկա չէ այնպիսի առնչակցություն և փոխկապվածություն, որն անհնարին է դարձնում, բացառում է սույն վարչական գործի հետագա ընթացքը, քանի որ վարչական դատավարության կարգով քննվող թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով չեն կարող հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, հանգուցալուծվեն այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հիմքով հարուցված գործի լուծումը հնարավոր չէ։
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը պայմանավորված է սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար այնպիսի փաստակազմի ուսումնասիրման անհրաժեշտությամբ, որի առնչությամբ թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի քննության արդյունքում կայացվելիք վերջնական դատական ակտով չի տրվելու որևէ իրավական գնահատական։ Մասնավորապես, թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի քննության ընթացքում ակնհայտորեն անդրադարձ չի կատարվելու 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշման հիմքում 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը դնելու իրավաչափությանը, թե վարչական մարմինն արդյո՞ք իրավաչափորեն է 08.01.2024 թվականի թիվ 23060338 ստուգման ակտը դրել 12.02.2024 թվականի թիվ 0234 որոշման հիմքում։ Նշված հարցը պետք է քննարկման առարկա դառնա սույն վարչական գործի քննության ընթացքում, որը տվյալ դեպքում որևէ կախվածություն չունի և չի կարող ունենալ թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի վերջնական լուծման, ըստ այդմ նաև՝ այդ գործով կայացվելիք վերջնական դատական ակտով հաստատվելիք հանգամանքներից։ Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով չեն կարող հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, հանգուցալուծվել այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի վիճարկման հիմքով հարուցված գործի լուծումը հնարավոր չէ, այսինքն՝ երկու գործերի միջև առկա չէ այնպիսի առնչակցություն և փոխկապվածություն, որն անհնարին է դարձնում, բացառում է սույն վարչական գործի հետագա ընթացքը, հետևաբար բացակայել է սույն գործի վարույթը կասեցնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․12․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 20․10․2025 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|