ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/5606/05/25 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5606/05/25

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5606/05/25

 

Նախագահող դատավոր՝

Ռ․ Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի հունիսի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ԱՄ1-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ դիմումի ԱՄ2-ի ընդդեմ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ԱՄ3-ի վերաբերյալ թիվ 191-03-2025 բարեվարքության եզրակացությամբ բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը հանել բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկից և փոխարենը հաստատած համարել հետևյալ փաստերը՝

1) ԱՄ4-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, վերջինս աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական կամ այլ պատասխանատվության, ավելին՝ ԱՄ5-ը 6 (վեց) խրախուսվել է, մասնավորապես՝ պարգևատրվել է «Համագործակցության համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» մեդալներով և «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով,

2) Որևէ զանգվածային լրատվամիջոցներով և/կամ սոցիալական հարթակներում ԱՄ6-ի անձի կամ գործողությունների /անգործության/ վերաբերյալ քննարկումներ չեն եղել, դիմումատուից որևէ մեկը, այդ թվում, որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ երբևէ դիրքորոշում կամ պարզաբանում չի պահանջել,

3) ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ չկա որևէ նշում առ այն, որ ոչ արդյունավետ քննություն չկատարելու պատասխանատուն հանդիսանում է քննիչ ԱՄ7-ը, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նախաքննական մարմին, իսկ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով նախաքննական մարմին հասկացությունն ավելի ընդհանրական է և չի սահմանափակվում բացառապես քննիչով, այլ տվյալ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազով, բացի այդ 2021 թվականի հոկտեմբերի 22-ից ԱՄ8-ը չի հանդիսացել խնդրո առարկա քրեական գործով քննիչ և որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նախաքննությունը,

4) Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են փաստացի այն ժամանակ, երբ քննիչ ԱՄ9-ն այլևս որևէ լիազորություն այդ գործով չի ունեցել, այդ գործով չի հանդիսացել քննիչ, հնարավորություն չի ունեցել դատական ատյաններին ներկայացնել քրեական վարույթի անհրաժեշտ նյութերը և տալ բացատրություններ,

5) Վճռաբեկ դատարանի դիքորոշումները և եզրահանգումները վերաբերում են բացառապես Առաջին ատյանի և Վերաքննիչ քրեական դատարանների արտահայտած դիքորոշումներին և եզրահանգումներին,

6) Վճռաբեկ դատարանն իր 25.07.2024 թվականի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները թողել է անփոփոխ, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը չի առաջացրել որևէ իրավական հետևանք կողմերի համար» պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ԱՄ10-ը պահանջել է իր վերաբերյալ թիվ 191-03-2025 բարեվարքության եզրակացությամբ բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը հանել բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկից և փոխարենը հաստատած համարել հետևյալ փաստերը՝

1) ԱՄ11-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, վերջինս աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական կամ այլ պատասխանատվության, ավելին՝ ԱՄ12-ը 6 (վեց) խրախուսվել է, մասնավորապես՝ պարգևատրվել է «Համագործակցության համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» մեդալներով և «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով,

2) Որևէ զանգվածային լրատվամիջոցներով և/կամ սոցիալական հարթակներում ԱՄ13-ի անձի կամ գործողությունների /անգործության/ վերաբերյալ քննարկումներ չեն եղել, դիմումատուից որևէ մեկը, այդ թվում, որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ երբևէ դիրքորոշում կամ պարզաբանում չի պահանջել,

3) ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ չկա որևէ նշում առ այն, որ ոչ արդյունավետ քննություն չկատարելու պատասխանատուն հանդիսանում է քննիչ ԱՄ14-ը, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նախաքննական մարմին, իսկ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով նախաքննական մարմին հասկացությունն ավելի ընդհանրական է և չի սահմանափակվում բացառապես քննիչով, այլ տվյալ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազով, բացի այդ 2021 թվականի հոկտեմբերի 22-ից ԱՄ15-ը չի հանդիսացել խնդրո առարկա քրեական գործով քննիչ և որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նախաքննությունը,

4) Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են փաստացի այն ժամանակ, երբ քննիչ ԱՄ16-ն այլևս որևէ լիազորություն այդ գործով չի ունեցել, այդ գործով չի հանդիսացել քննիչ, հնարավորություն չի ունեցել դատական ատյաններին ներկայացնել քրեական վարույթի անհրաժեշտ նյութերը և տալ բացատրություններ,

5) Վճռաբեկ դատարանի դիքորոշումները և եզրահանգումները վերաբերում են բացառապես Առաջին ատյանի և Վերաքննիչ քրեական դատարանների արտահայտած դիքորոշումներին և եզրահանգումներին,

6) Վճռաբեկ դատարանն իր 25.07.2024 թվականի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները թողել է անփոփոխ, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը չի առաջացրել որևէ իրավական հետևանք կողմերի համար» պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Չիլինգարյան, դատավորներ՝ Ա Դարբինյան, Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2025 թվականի որոշմամբ դիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականի որոշմամբ ԱՄ17-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.04.2025 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ԱՄ18-ը։

Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2222-րդ, 2223-րդ և 22210-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը, սահմանափակելով ԱՄ19-ի դատական պաշտպանության իրավունքը, նշել է, որ Հանձնաժողովի կողմից կազմվող բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններն էականորեն տարբերվում են Հանձնաժողովի կողմից ընդունվող անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության, վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության, շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություններից։

Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությանը, քանի որ անձը զրկվում է իր իրավունքները խախտող բացասական եզրակացությունը վիճարկելու հնարավորությունից։ Ավելին, կիրառման ենթակա օրենսդրությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2222-րդ հոդվածը, չի սահմանափակվում միայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի շրջանակներում կայացվող եզրակացություններով, այլ սահմանում է յուրաքանչյուր եզրակացություն, որը կայացվել է պաշտոնատար անձի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից։

Դիմումը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար ՀՀ վարչական դատարանը պետք է պատասխաներ մի քանի պարզ հարցադրման՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 արդյոք ԱՄ20-ը հանդիսանում է պաշտոնատար անձ,

Ներմուծեք նկարագրությունը_1371 արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ԱՄ21-ի վերաբերյալ կայացրել է եզրակացություն,

Ներմուծեք նկարագրությունը_1371 արդյոք ԱՄ22-ը Կոռուպցիայի հանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը վիճարկել է փաստի հիմքով։

Տվյալ դեպքում ԱՄ23-ը հանդիսանում է պաշտոնատար անձ՝ քննիչ, և վերջինիս բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասով կազմել է թիվ 191-03-2025 եզրակացությունը, որն ակնհայտորեն խախտում է ԱՄ24-ի իրավունքները, և վերջինս եզրակացությամբ հաստատված փաստերի վիճարկման հիմքով դիմում է ներկայացրել վարչական դատարան, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերաքննիչ դատարանն իր հայեցողությամբ եզրակացությունները բաժանել է երկու խմբի՝ որոշելով, թե դրանցից որը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան, որը՝ ոչ, որպիսի պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնման համար ներպետական համակարգում բացակայում է դատական պաշտպանության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ հոդվածով նախատեսված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթների շրջանակում բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների բողոքարկման հնարավորությանը։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռ, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե'ս, Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռ, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Dumitru Gheorghe v. Romania թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռ, կետ 28

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ():

Օրենսգրքի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 31.2-րդ գլուխը նախատեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթներին առնչվող իրավակարգավորումները։

Նշված գլխում ամրագրված 222.2-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը։

Օրենսգրքի 222.3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 222.2-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե վիճարկում է Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը։

Վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակում ընդգրկված են նաև Հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները փաստի հիմքով համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից վիճարկելու վերաբերյալ գործերը։ Միաժամանակ, նշված եզրակացություններից օրենսդիրը բացառել է պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները։

Այսինքն՝ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների առնչությամբ առաջացած վեճերը չեն կարող քննության առարկա դառնալ Օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի գործերի շրջանակում։

 Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորում են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք):

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինքնավար պետական մարմին է:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի գործառույթներն են՝

(…)

6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի։

7) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի։

7.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելը և բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման։

(…)

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ։ Իսկ 21-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական եզրակացություններ:

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության իրավակարգավորումները նախատեսված են Օրենքի 26.1-ին հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝

1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.

2) անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտում կատարված լինելու հանգամանքների ուսումնասիրություն.

3) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.

4) անձի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.

5) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.

6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված և ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով կազմում և իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն:

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում։

Օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման վերաբերյալ վարույթներին:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարույթ կարող է հարուցվել՝

1) յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա, իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա.

2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերևույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում:

Օրենքի 33-րդ հոդածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունում է եզրակացություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության մասին կամ համապատասխան պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, պաշտոն զբաղեցնող անձին և նրա վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (առկայության դեպքում), իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ համապատասխանաբար Կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացությունը և այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ:

Այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել պաշտոն զբաղեցնող անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերևույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաև ձեռնարկել խախտման հետևանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը և արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման նույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունները շահագրգիռ անձը (անձինք) կարող է (են) բողոքարկել նաև ընթացակարգային կանոնների խախտման հիմքով՝ դատական կարգով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա (նրանց) իրավունքներն ու իրավաչափ շահերը:

Վկայակոչված նորմերից հետևում է, որ Հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, որի գործառույթներից է նաև պաշտոնատար անձանց կամ այլ հանրային ծառայողների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը (Օրենքի 26.1-ին հոդված)։ Մասնավորապես՝ նշված ուսումնասիրությունը ներառում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված և Հանձնաժողովի կողմից ձեռք բերված տվյալների ուսումնասիրություն, դրանց համադրում և ամփոփում, որպիսի գործընթացին հաջորդում է իրավասու մարմնին վերոգրյալ տվյալներն ամփոփող, խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելը։

Օրենքը, միաժամանակ, նախատեսում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթների արդյունքում խախտման կամ դեպքի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն ընդունելու իրավասությունը, որպիսի եզրակացությունն ուղարկվում է համապատասխան իրավասու մարմնին, և խախտում արձանագրելու դեպքում առաջացնում որոշակի բացասական հետևանքներ՝ ենթադրյալ խախտումը թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ։

Անդրադառնալով Հանձնաժողովի եզրակացությունների դատական կարգով բողոքարկման հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում, այսինքն՝ Օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի շրջանակներում։ Իսկ Հանձնաժողովի եզրակացությունները, ընթացակարգային խախտման հիմքով, կարող են վիճարկվել դատական կարգով՝ եթե դրանք էապես սահմանափակել են շահագրգիռ անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը։ Այսինքն՝ Հանձնաժողովի եզրակացությունները և՛ փաստի հիմքով, և՛ ընթացակարգային խախտման հիմքով ենթակա են բողոքարկման դատական կարգով։ Միակ բացառությունն օրենսդիրը նախատեսել է պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելու դեպքերում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկման հնարավորությունը որևէ կերպ պայմանավորված չէ այդ եզրակացությունների տեսակներով, քանի որ թեև Հանձնաժողովի եզրակացությունները մեծամասամբ կրում են խորհրդատվական բնույթ, սակայն դրանք կարող են հաշվի առնվել իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելիս և դրվել այդ որոշման հիմքում։ Ուստի, Հանձնաժողովի եզրակացությունները հավասարապես կարող են բացասական իրավական և փաստական հետևանքներ առաջացնել պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի համար։

Մասնավորապես՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ այն դեպքում, երբ մրցութային հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքներով ընդունում է զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանելու վերաբերյալ որոշում՝ նախաձեռնելով հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց, ապա այդպիսի որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծանուցում է տասնօրյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ («Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 15.1-ին մաս)։

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 15.2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։

Նույն հոդվածի 15.3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 15.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այն տրամադրվում է Հանձնաժողովին, որը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանելու վերաբերյալ որոշում ընդունելուն հաջորդում է նրա բարեվարքության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրություն անցկացնելը և դրա արդյունքերով խորհրդատվական եզրակացություն կազմելը։ Նշված եզրակացությունը ստանալուց հետո մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, ըստ այդմ՝ այն չի կաշկանդում հանձնաժողովին համապատասխան որոշում կայացնելիս, սակայն այդ եզրակացությունը կարող է հաշվի առնվել անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ որոշում կայացնելիս: Այսինքն՝ Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը կարող է կանխորոշել անձի՝ առաջխաղացման ցուցակում ներառվելու հարցը՝ ծանրակշիռ ազդեցություն ունենալով իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելու հարցում։

Հետևաբար, հաշվի առնելով Հանձնաժողովի եզրակացության՝ անձի համար առաջացրած հնարավոր հետևանքների ազդեցությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը, ում վերաբերյալ կայացվել է Հանձնաժողովի եզրակացությունը, պետք է հնարավորություն ունենա Օրենսգրքով տրամադրված իրավական կառուցակարգերի գործադրմամբ վիճարկելու իր վերաբերյալ որոշակի բացասական հետևանքներ առաջացնող եզրակացությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պայմանները, որոնց առկայությունն օրենքի ուժով անհնարին է դարձնում տվյալ հայցադիմումի հիման վրա արդարադատության իրականացումը։ Մասնավորապես՝ նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով հայցադիմումը մերժելու նշված հիմքի բովանդակությունը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: () Հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ () հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճերը ևս պետք է քննվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի պահպանմամբ: () հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

Ամփոփելով ամբողջ վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունները, ներառյալ՝ անձի վերաբերյալ կազմված բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը, ունենալով վճռորոշ ազդեցություն տվյալ անձի մասնագիտական գործունեության ոլորտում, որոշակի փաստեր հաստատելու միջոցով կարող են իրավական և փաստական հետևանքներ առաջացնել անձի համար, որպիսի պարագայում վերջինս, օգտվելով դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքից, պետք է հնարավորություն ունենա վիճարկելու դրանք դատական կարգով, որպիսի հնարավորություն Օրենսգիրքը նախատեսել է 31.2-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի շրջանակներում։ Ուստի, անկախ Հանձնաժողովի կողմից կազմված եզրակացության տեսակից, լինի դա բարեվարքության վերաբերյալ կազմված, թե՝ անհամատեղելիության պահանջների առնչությամբ (բացի պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելու դեպքերի), անձը զրկված չէ, իր համար տվյալ եզրակացությամբ հաստատված փաստերի առնչությամբ վիճարկելու դրանք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան՝ ԱՄ25-ը պահանջել է իր վերաբերյալ թիվ 191-03-2025 բարեվարքության եզրակացությամբ բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը հանել բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկից և փոխարենը հաստատած համարել հետևյալ փաստերը՝

1) ԱՄ26-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, վերջինս աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական կամ այլ պատասխանատվության, ավելին՝ ԱՄ27-ը 6 (վեց) խրախուսվել է, մասնավորապես՝ պարգևատրվել է «Համագործակցության համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» մեդալներով և «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով,

2) Որևէ զանգվածային լրատվամիջոցներով և/կամ սոցիալական հարթակներում ԱՄ28-ի անձի կամ գործողությունների /անգործության/ վերաբերյալ քննարկումներ չեն եղել, դիմումատուից որևէ մեկը, այդ թվում, որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ երբևէ դիրքորոշում կամ պարզաբանում չի պահանջել,

3) ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ չկա որևէ նշում առ այն, որ ոչ արդյունավետ քննություն չկատարելու պատասխանատուն հանդիսանում է քննիչ ԱՄ29-ը, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նախաքննական մարմին, իսկ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով նախաքննական մարմին հասկացությունն ավելի ընդհանրական է և չի սահմանափակվում բացառապես քննիչով, այլ տվյալ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազով, բացի այդ 2021 թվականի հոկտեմբերի 22-ից ԱՄ30-ը չի հանդիսացել խնդրո առարկա քրեական գործով քննիչ և որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նախաքննությունը,

4) Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են փաստացի այն ժամանակ, երբ քննիչ ԱՄ31-ն այլևս որևէ լիազորություն այդ գործով չի ունեցել, այդ գործով չի հանդիսացել քննիչ, հնարավորություն չի ունեցել դատական ատյաններին ներկայացնել քրեական վարույթի անհրաժեշտ նյութերը և տալ բացատրություններ,

5) Վճռաբեկ դատարանի դիքորոշումները և եզրահանգումները վերաբերում են բացառապես Առաջին ատյանի և Վերաքննիչ քրեական դատարանների արտահայտած դիքորոշումներին և եզրահանգումներին,

6) Վճռաբեկ դատարանն իր 25.07.2024 թվականի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները թողել է անփոփոխ, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը չի առաջացրել որևէ իրավական հետևանք կողմերի համար» պահանջի մասին:

Դատարանը դիմումի ընդունումը մերժել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Դատարանը եզրահանգում է, որ Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հիմքերով հարուցված վարույթի արդյունքում ընդունվող եզրակացություններով հաստատվում են փաստեր՝ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայությունը կամ բացակայությունն արձանագրելու նպատակով, մինչդեռ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում կազմվող եզրակացությունները միտված են ոչ թե փաստերի հաստատմանը կամ հերքմանը, այլ օրենքով սահմանված միջոցներով ձեռք բերված տեղեկությունների ամփոփմանը։ Դրանով պայմանավորված՝ տարբեր են նաև այդ եզրակացությունների իրավական հետևանքները՝ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում կազմվող եզրակացությունները (այդ թվում՝ բացասական) ունեն խորհրդատվական բնույթ և կոնկրետ իրավական հետևանքներ չեն կանխորոշում դրանք օգտագործող մարմինների համար, մինչդեռ Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված այն եզրակացություններին, որոնցով արձանագրվում է համապատասխան կանոնի խախտում կամ շահերի բախման իրավիճակի առկայություն, հաջորդում են հստակ իրավական հետևանքներ և կարող են հանգեցնել պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների դադարեցման նրա կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում, և կարգապահական պատասխանատվության՝ այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.2-րդ գլուխը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները բացառապես փաստի հիմքով վիճարկելու գործերին՝ որպես բացառություն սահմանելով պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները, ընդ որում, նույնաբովանդակ կարգավորում է նախատեսված նաև Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 3-րդ մասով սահմանված է նույն բացառությունը։ Օրենք 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բացի փաստի հիմքով վիճարկման դեպքերի՝ հանձնաժողովի եզրակացությունները համապատասխան պայմանների առկայության դեպքում կարող են բողոքարկվել նաև ընթացակարգային կանոնների խախտման հիմքով, ինչը, սակայն, դուրս է Օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված՝ փաստի հիմքով եզրակացությունների վիճարկման հատուկ վարույթի շրջանակներից։

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի շրջանակներում կարող են վիճարկվել միայն Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման վերաբերյալ վարույթների արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունված եզրակացությունները, իսկ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությունները հատուկ վարույթի շրջանակներում չեն կարող քննության առարկա դառնալ։

Տվյալ դեպքում ԱՄ32-ի նկատմամբ Օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասի և 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա իրականացվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդված 2-րդ մասով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է թիվ 191-03-2025 եզրակացությունը։ Հայցվորի պահանջը վերաբերում է այդ եզրակացության հիմքում դրված որոշ փաստեր հանելուն և փոխարենը այլ փաստեր հաստատելուն, մինչդեռ վերը նշված պատճառաբանությամբ այդ եզրակացությունը չի կարող քննության առարկա հանդիսանալ Օրենսգրքի 31.2-րդ գլխով սահմանված հատուկ վարույթի շրջանակներում։

(…)

Դատարանի գնահատմամբ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացությունը Օրենսգրքի 31.2-րդ գլխով սահմանված հատուկ վարույթի շրջանակներում փաստի հիմքով վիճարկման ենթակա չլինելու պայմաններում դիմումի ընդունումը ենթակա է մերժման՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով»։

Վերաքննիչ դատարանը, մերժելով ԱՄ33-ի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության հետ կապված վեճերը չեն կարող քննվել և լուծվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.2-րդ գլխով սահմանված կարգով, քանի որ այդ հատուկ վարույթի կանոններով դատարանին ընդդատյա են բացառապես Հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը, իսկ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը չի հանդիսանում այդպիսին (փաստ հաստատող): Հետևաբար, դրա վիճարկման (փաստի հաստատման) վերաբերյալ նշված օրենսգրքի 31.2-րդ գլխի շրջանակներում ներկայացված հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Տվյալ դեպքում ԱՄ34-ը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.2-րդ գլխի շրջանակներում դիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հանձնաժողովի՝ Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու պահանջի մասին: ԱՄ35-ի դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինիս նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նպատակով կազմվել է բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն, որն էլ դիմումատուն վիճարկում է դրանով արձանագրված փաստերի մասով՝ հայցելով նոր փաստերի հաստատում: Մինչդեռ, վերոգրյալ նորմերի և դրանց վերաբերյալ արված վերլուծությունների հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ խնդրո առարկա եզրակացությունը հատուկ վարույթով փաստի հիմքով վիճարկելու դիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.2-րդ գլխի չափանիշներին և այն չի կարող քննվել այդ գլխով սահմանված կարգով»:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանության հիմնավորվածությունը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դիմումի ընդունումը Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունը համարել է հիմնավոր՝ գտնելով, որ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության հետ կապված վեճերը չեն կարող քննվել և լուծվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.2-րդ գլխով սահմանված կարգով, քանի որ տվյալ հատուկ վարույթի կանոններով դատարանին ընդդատյա են բացառապես Հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները՝ հաշվի առնելով օրենսդրությամբ նախատեսված բացառությունները։

Դատարանների դատողությունները հանգում են նրան, որ բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն որևէ իրավական հետևանք չի առաջացնում անձի համար, այլ ընդամենը ամփոփում է տվյալ անձի վերաբերյալ առկա տեղեկատվությունը, մինչդեռ Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հիմքերով հարուցված վարույթի արդյունքում ընդունվող եզրակացություններով հաստատվում են փաստեր՝ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայությունը կամ բացակայությունն արձանագրելու նպատակով, այդ եզրակացությունները կոնկրետ իրավական հետևանքներ են առաջացնում անձի համար՝ ընդհուպ հանգեցնելով պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների դադարեցման՝ նրա կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում, և կարգապահական պատասխանատվության՝ այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում։

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ անդրադառնալով դատարանների եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր չի համարում, քանի որ Օրենքը որևէ տարբերակում չի նախատեսում Հանձնաժողովի եզրակացությունների միջև՝ դրանք դատական կարգով բողոքարկման ենթակա լինելու տեսանկյունից, դեռ ավելին՝ Օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է Հանձնաժողովի եզրակացությունները և' փաստի հիմքով, և' ընթացակարգային խախտման հիմքով դատական կարգով բողոքարկման ենթակա լինելու հնարավորությունը՝ միակ բացառությունը նախատեսելով պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկման հնարավորությունը որևէ կերպ պայմանավորված չէ այդ եզրակացությունների տեսակներով, քանի որ թեև Հանձնաժողովի եզրակացությունները մեծամասամբ կրում են խորհրդատվական բնույթ, սակայն դրանք կարող են հաշվի առնվել իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելիս և դրվում այդ որոշման հիմքում։

Տվյալ դեպքում ԱՄ36-ի վերաբերյալ կազմված բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը հիմք է հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում վերջինիս չներառելու համար, այսինքն՝ այդ եզրակացությունը փաստացի առաջացրել է բացասական հետևանք վերջինիս համար, որպիսի պայմաններում դատարանները, զրկելով ԱՄ37-ին տվյալ եզրակացության դեմ դատական կառուցակարգերի գործադրմամբ պաշտպանվելու հնարավորությունից, ոչ իրավաչափ կերպով սահմանափակել են վերջինիս դատական պաշտպանության իրավունքը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, 25.04.2025 թվականին կայացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, սահմանափակել են ԱՄ38-ի դատարանի մատչելիության իրավունքը՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 25.04.2025 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

______________________

1 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

8 Հանդիսանում է անձնական տվյալ

9 Հանդիսանում է անձնական տվյալ

10 Հանդիսանում է անձնական տվյալ

11 Հանդիսանում է անձնական տվյալ

12 Հանդիսանում է անձնական տվյալ

13 Հանդիսանում է անձնական տվյալ

14 Հանդիսանում է անձնական տվյալ

15 Հանդիսանում է անձնական տվյալ

16 Հանդիսանում է անձնական տվյալ

17 Հանդիսանում է անձնական տվյալ

18 Հանդիսանում է անձնական տվյալ

19 Հանդիսանում է անձնական տվյալ

20 Հանդիսանում է անձնական տվյալ

21 Հանդիսանում է անձնական տվյալ

22 Հանդիսանում է անձնական տվյալ

23 Հանդիսանում է անձնական տվյալ

24 Հանդիսանում է անձնական տվյալ

25 Հանդիսանում է անձնական տվյալ

26 Հանդիսանում է անձնական տվյալ

27 Հանդիսանում է անձնական տվյալ

28 Հանդիսանում է անձնական տվյալ

29 Հանդիսանում է անձնական տվյալ

30 Հանդիսանում է անձնական տվյալ

31 Հանդիսանում է անձնական տվյալ

32 Հանդիսանում է անձնական տվյալ

33 Հանդիսանում է անձնական տվյալ

34 Հանդիսանում է անձնական տվյալ

35 Հանդիսանում է անձնական տվյալ

36 Հանդիսանում է անձնական տվյալ

37 Հանդիսանում է անձնական տվյալ

38 Հանդիսանում է անձնական տվյալ

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

 

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան