ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/5302/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5302/05/24

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5302/05/24

 

Նախագահող դատավոր՝

Հ Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի հունիսի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կառլեն Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21112025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կառլեն Ղազարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կառլեն Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվությունը։ 10092025 թվականին ներկայացվել է վիճարկվող վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 15092025 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21112025 թվականի որոշմամբ Կառլեն Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15092025 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառլեն Ղազարյանը (ներկայացուցիչ՝ Արեն Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորին հասցվող վնասն ապագայում դժվարությամբ է հնարավոր լինելու վերականգնել, քանի որ վարչական ակտի հիման վրա իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչը համապատասխան նորմերի պահպանման բացակայության պայմաններում առաջացնում է հրդեհային վտանգ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21112025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ Երևանի քաղաքապետի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվության կատարումը կասեցնել մինչև սույն գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Նախնական պաշտպանության միջոցները, արդար դատաքննության այլ երաշխիքների հետ միասին, ապահովում են իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։

Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան և Ալբերտ Հովսեփյան, թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված իրավունքի լիարժեք կենսագործմանն ուղղված կառուցակարգերից է։ Ըստ այդմ, վերջինիս, իբրև նախնական պաշտպանության միջոցի, բնորոշիչ է պաշտպանիչ և կանխարգելիչ բնույթը։ Այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը կոչված է «արգելակելու» հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու այն վտանգը, որը ձևավորվել է հիմնավոր կասկածի հիման վրա (տե՛ս, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Նունե Վարդանյան, թիվ ՎԴ/1239/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը)։

Այսպես, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Վերոգրյալ իրավանորմերի և նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

Հատկանշական է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներից մեկում հատուկ ընդգծել է, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին` ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը: Վնասը կարող է զգալի որակվել, մասնավորապես, եթե տվյալ վարչական ակտի կատարման հետևանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ հայցվորի համար կարող են առաջացնել լուրջ դժվարություններ կամ էական անհանգստություն։ Առանձին դեպքերում վնասի լրջության մակարդակը գնահատվում է ըստ հայցվորի վրա ունեցած ֆինանսական ազդեցության (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան և Ալբերտ Հովսեփյան, թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը)։

Անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։ «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։ Քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված: (․․․) Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ (․․․) (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ հատուկ ընդգծել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (տե՛ս, Խաչատուր Թումոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14022024 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները: Վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների շրջանակն սպառիչ է և, օրինականության սկզբունքին համահունչ` այդ շրջանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող լրացվել որևէ այլ չափանիշով (տե՛ս, Համբարձում Մովսեսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Անտոշեն» ՍՊԸ թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի իրավունքները և օրինական շահերը և բացառել վերջինիս իրավունքներին անդառնալի (անվերականգնելի) վնաս պատճառվելու հավանականությունը:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել առավել մանրամասն անդրադառնալ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջնորդության բավարարման պայմաններից մեկի` վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի գնահատման չափանիշներին:

Ընդհանուր առմամբ վնասը բնորոշվում է որպես անբարենպաստ, բացասական հետևանք, որը վրա է հասնում օրենքով պահպանվող գույքային իրավունքի կամ ոչ նյութական բարիքի խախտման դեպքում: Վնասի էությունը ամբողջական բացահայտելու համար անհրաժեշտ է բացահայտել դրա դրսևորման ձևերը: Վնասի սահմանումն իրավական ձևակերպում է ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ) (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)։

Նշված իրավական կարգավորումից հետևում է, որ օրենսդիրը տարբերակել է վնասների երկու տեսակ՝ նյութական և ոչ նյութական: Նյութական վնասը, իր հերթին, ունի երկու բաղադրատարր՝ իրական վնաս և բաց թողնված օգուտ: Իրական վնասը ներառում է այն ծախսերը, որն անձը կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, գույքի կորուստը կամ վնասվածքը: Այն ներառում է ոչ միայն իրականում կատարված ծախսերը, այլ նաև այն ծախսերը, որոնք անձը ստիպված կլինի կրել խախտված իրավունքը վերականգնելու համար: Ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վնասի առաջացման չհանգեցնող որևէ այլ բացասական հետևանք չի կարող մեկնաբանվել որպես վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի հաստատման բավարար նախապայման: Այսինքն` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված զգալի վնաս եզրույթին չպետք է տրվի առավել լայն մեկնաբանություն, քան նախատեսվում է վնաս հասկացության իրավական ձևակերպմամբ: (․․․)

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ընհանուր առմամբ կարելի է առանձնացնել վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի գնահատման հետևյալ չափանիշները`

- ենթադրյալ վնասն իր բնույթով պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական օրենգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված օրենսդրական բնորոշմանը և դրսևորվի կա՛մ իրական վնասի (չնախատեսված լրացուցիչ ծախսերի կատարում կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտություն, գույքի կորուստ կամ վնասվածք) կա՛մ բաց թողնված օգուտի (չստացված եկամուտ) կա՛մ ոչ նյութական վնասի ձևով,

- ենթադրյալ վնասը պետք է լինի զգալի, այսինքն` ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ,

- վնաս պատճառելու հավանականությունը պետք է հիմնավորվի վարչական ակտի կատարման և ենթադրյալ վնասի առաջացման միջև ուղիղ, անմիջական պատճառահետևանքային կապի առկայությամբ, այսինքն` վնասը պետք է հանդիսանա վարչական ակտի կատարման ուղղակի հետևանքը,

- կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում` հաշվի առնելով տվյալ գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները և ներկայացված ապացույցները (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9928/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06062025 թվականի որոշումը)։

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման միջնորդության քննարկման շրջանակում «զգալի վնաս» պատճառվելու «հիմնավոր կասկածի» առկայության գնահատմանը։

Այսպես, վարչական դատավարությունում վարչական ակտի կատարման կասեցումը, որպես նախնական պաշտպանության միջոց, ուղղված է նաև կանխելու հայցվորին զգալի վնաս պատճառելու այն վտանգը, որը ձևավորվում է հիմնավոր կասկածի հիման վրա։ Իսկ «հիմնավոր կասկածը» հաղթահարված կարող է համարվել նաև այն դեպքում, երբ առկա են այնպիսի փաստական տվյալներ, որոնք ողջամիտ կասկած են ձևավորում վիճարկվող վարչական ակտի կատարման պարագայում հայցվորին «զգալի վնաս» պատճառվելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ։ Հետևաբար, հայցվորը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ պետք է նախանշի վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որն անհամարժեք վնաս կպատճառի իրեն և/կամ այլևս կիմաստազրկի իր իրավունքների հետագա պաշտպանությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անբարենպաստ իրավիճակի սպասելիությունը, որի արդյունքում ձևավորվում է հիմնավոր կասկած՝ հայցվորին «զգալի վնաս» պատճառվելու կամ վերջինիս իրավունքների վերականգնման անհնարինության վերաբերյալ, ինքնին հիմք է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու համար՝ նկատի ունենելով, որ վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտն ուղղված է բացառելու նաև հայցվորի իրավունքներին անդառնալի վնաս պատճառվելու հավանականությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Կառլեն Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվությունը։

10092025 թվականին հայցվորը ներկայացրել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն հետևյալ հիմնավորմամբ «արտադատական կարգով ձեռք բերված երկու փորձագիտական եզրակացությամբ էլ հաստատվում է, որ ■■■1 հասցեում բազմաբնակարան շենքի շինարարության համար շինարարության թույլտվությունը տրված է մի շարք հակահրդեհային և քաղաքաշինական նորմերի խախտումներով, իսկ ըստ դատական կարգով ձեռք բերված եզրակացությամբ շինարարությունը մասամբ իրականացվել է և շարունակվում է իրականացվել նույն նորմերի խախտումներով, որն անմիջական կապ ունի հայցվորի հետ, քանի որ չեն պահպանվում հայցվորի բնակելի տան միջտարածության սահմանված հեռավորությունը, ինչն անխուսափելի հանգեցնում է հրդեհային անվտանգության խափանմանը։ Այլ կերպ ասած բազմաբնակարան շենքի շինարարությամբ պայմանավորված խափանվում է հայցվորի բնակելի տան հրդեհային անվտանգությունը։ Հաշվի առնելով հայցվորի բնակելի տան հրակայության ցածր աստիճանը նման վտանգն առկա է թե շինարարության աշխատանքներով պայմանավորված և թե առկա կլինի կառուցվող շենքը շահագործման հանձնելուց հետո» (Հավելված 4-րդ հատոր, գթ78-83)։

Դատարանը 15092025 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «(…) Տվյալ պարագայում հայցվորը ներկայացրել է Երևանի քաղաքապետի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ արտադատական կարգով ձեռք բերված երկու փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է, որ ■■■2 հասցեում բազմաբնակարան շենքի շինարարության համար շինարարության թույլտվությունը տրված է մի շարք հակահրդեհային և քաղաքաշինական նորմերի խախտումներով, իսկ ըստ դատական կարգով ձեռք բերված եզրակացության շինարարությունը մասամբ իրականացվել է և շարունակվում է իրականացվել նույն նորմերի խախտումներով, որն անմիջական կապ ունի հայցվորի հետ, քանի որ չեն պահպանվում հայցվորի բնակելի տան միջտարածության սահմանված հեռավորությունները:

Հայցվորը միջնորդությամբ փաստարկում է, որ նշված փորձաքննությունների եզրակացությունները վկայում են այն մասին, որ արձանագրված խախտումները անխուսափելիորեն հանգեցնելու են հայցվորի բնակելի տան հրդեհային անվտանգության խաթարմանը:

Տվյալ պարագայում միջնորդության, ինչպես նաև գործում առկա ապացույցների հետազոտմամբ և ուսումնասիրմամբ հնարավոր չէ հանգել հետևության, որ վիճարկվող վարչական ակտի կատարումն անմիջականորեն հանգեցնելու է հրդեհային իրավիճակի առաջացման:

Ինչ վերաբերում է հայցվորի կողմից փաստարկվող՝ հրդեհային անվտանգության խաթարմանը, ապա նշված փաստարկն ըստ էության նույնանում է հրդեհային անվտանգության նորմերի խախտված լինելու վերաբերյալ փաստարկի հետ, ինչպիսի փաստարկն ինքնին չի կարող բավարար գնահատվել՝ հայցվորին հասցվող ենթադրյալ վնասը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված և թիվ ՎԴ/9928/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.06.2025 թվականի որոշմամբ վերծանված՝ «զգալի վնաս» սահմանման շեմը հաղթահարված համարելու համար»:

Վերաքննիչ դատարանի 21112025 թվականի որոշմամբ հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես միջնորդությամբ, այնպես էլ վերաքննիչ բողոքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտ վավերապայմանի, տվյալ դեպքում` վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և իր իրավունքների հետագա պաշտպանության անհնարինության հավանականության հանգամանքի առկայության վերաբերյալ հայցվորի փաստարկը հիմնավորված չէ և ժամանակավրեպ է, մասնավորապես՝ բողոքաբերը եզրահանգել է, որ վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարությունն իրականացվում է իր սեփականության իրավունքի և ՀՀ-ում գործող շինարարական նորմերի պահանջների էական խախտումներով, ինչը հիմնավորվում է վարչական գործի նյութերում գտնվող եզրակացություններով, որոնք վերաբերում են միջտարածությունների պահանջվող հեռավորությունների արդեն առկա խախտմանը, արդեն կառուցված շինության ծավալային ուրվագծին, արդեն ենթադրյալ նվազած շուկայական արժեքին, արդեն ստեղծված հրդեհային ռիսկերին։

Բողոքաբերը, սակայն որևէ կերպ չի մասնավորեցրել և չի նշել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածի հիմքերը, իսկ դրա վերաբերյալ վերացական դատողությունը չի կարող բավարար դիտարկվել վարչական ակտի կատարմամբ անձին զգալի վնաս պատճառվելու հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար: Ուշագրավ է, որ բողոքաբերի կողմից որպես միջնորդության հիմնավորում ներկայացված փաստարկները և այն հիմնավորող ապացույցներն առավելապես վերաբերում են երրորդ անձի կողմից շինարարության աշխատանքների արդյունքում արդեն իսկ ենթադրյալ պատճառված վնասին, մինչդեռ վիճարկվող վարչական ակտի կասեցման նախապայմանը տվյալ՝ վիճարկվող վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունն է, իսկ պրևենտիվ կամ կանխարգելիչ բնույթ ունենալը նշանակում է, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի նպատակադրում պարզապես դանդաղեցնել ընթացակարգը կամ խուսափել վարչական ակտի կատարումից, այլ ուղղված է իրական վտանգների կանխմանը, ինչը սույն դեպքում չի հաստատվում, այսինքն՝ կասեցումն իր էությամբ չի կարող վերածվել արդեն պատճառված վնասի վերականգնման միջոցի։

Նկատի ունենալով, որ «զգալի վնաս» հասկացությունը վերաբերում է այնպիսի իրադրության, երբ վարչական ակտի կատարումը կստեղծի այնպիսի բացասական հետևանքներ, որոնք անհամաչափորեն կվատթարացնեն հայցվորի վիճակը՝ համեմատած նրա նախկին պայմանների հետ և գնահատելով հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն վնասի հավանականությունը, այլև դրա զգալիության փաստացի հաստատումն իրավաչափ ապացույցներով։ Ավելին՝ վիճարկվող վարչական ակտի կասեցման միջնորդության քննության շրջանակով պայմանավորված վնասի զգալիության փաստացի հաստատման տեսանկյունից պարտադիր է ուղղակիորեն հայցվորին և ոչ թե այլ անձանց վնաս պատճառելու փաստական հանգամանքի առկայությունը։

Ընդսմին՝ իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը գնահատելիս հարկ է նկատի ունենալ, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը պետք է ուղղակիորեն անհնարին դարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը և ոչ թե որոշակի խոչընդոտներ, անհարմարություններ կամ սահմանափակումներ առաջացնի: Ուստի, մնացյալ այն դեպքերում, երբ վարչական ակտերի կատարումն առաջացնում է կարծեցյալ դժվարություններ, ապա նման պարագայում չի կարող հաղթահարելի համարվել հիմնավոր կասկածի առկայության պայմանը, իսկ սույն դեպքում վարչական ակտի կատարման կասեցման միջնորդության բավարարման բողոքաբերի հիմնավորումները չեն կրում առարկայական բնույթ։

Ընդ որում, տվյալ դեպքում թե՛ միջնորդությամբ նշված փաստերից, թե՛ նշված եզրակացություններից և գործում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ գործի քննության տվյալ փուլում գոյություն ունի արդեն կառուցված շինություն։ Հատկանշական է, որ վիճարկվող վարչական ակտի կասեցման նախկին ռիսկերն այլևս չունեն իրավական նշանակություն, քանի որ տվյալ փուլում գնահատման ենթակա է միայն ապագա կամ շարունակական վնասի կամ անհնարինության վտանգի հիմնավորվածությունը, որը բացակայում է։

Միևնույն ժամանակ, սույն դեպքում դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության, իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում հայցվորը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից: Կարևոր է նաև նկատել, որ ՀՀ իրավական համակարգում գործում են մի շարք կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ոչ օրինական հիմքով իրականացված շինությունների արդյունքում հասցված վնասների և խախտված իրավունքների պատշաճ պաշտպանությունը, որն ընդգրկում է ընդհուպ մինչև որևէ տարածքի նախքան շինարարական աշխատանքները սկսելն առկա վիճակի վերականգնմանը հասնելու հնարավորությունը։

Տվյալ դեպքում գնահատման է ենթակա բացառապես վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականությունը, իսկ սույն դեպքում Երևանի քաղաքապետի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվության իրավաչափության գնահատումը դուրս է Դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման շրջանակներում վերաքննության սահմաններից և չունի վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ հիմնավոր կասկածի ձևավորման տեսանկյունից առանցքային նշանակություն։

Այլ կերպ՝ սույն գործում առկա չէ որևէ ծանրակշիռ փաստարկ, որի առկայության պարագայում կձևավորվի ողջամիտ կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Վերաքննիչ դատարանը կարևորում է նշել, որ ողջամիտ կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է հաստատված լինի որոշակի հանգամանքներով, որոնք շղթայական կապի մեջ կարող են հանգեցնել այնպիսի հետևության, որ հայցվորի կողմից միջնորդությամբ վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելն օբյեկտիվ իրականության մեջ հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը կամ անհնարին կդառնա վերջինիս իրավունքների պաշտպանությունը, իսկ իրավունքների իրացման անհնարինության մասով որևէ արգելք միջնորդության ներկայացման պահի դրությամբ առկա չէ»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Այսպես, քննարկման առարկա դարձնելով սույն վարչական գործի շրջանակում վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հայցվորին պատճառվող կամ պատճառվելիք զգալի վնասի հավանականության վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ըստ էության, փաստարկել է վիճարկվող վարչական ակտի, ըստ այդմ՝ բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների կատարմամբ պայմանավորված իր բնակելի տան հրդեհային անվտանգության խաթարումը՝ նշելով, որ վնաս պատճառվելու վտանգն առկա է թե շինարարության աշխատանքներով պայմանավորված, թե կառուցվող շենքը շահագործման հանձնելուց հետո։ Ի հիմնավորումն նշված փաստարկի՝ վերջինս վկայակոչել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 21082025 թվականի թիվ 04262507 եզրակացությունը։

Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 21082025 թվականի թիվ 04262507 եզրակացության հետևություն բաժնի համաձայն «Հարց՝ Արդյո՞ք Երևան քաղաքի ■■■3 հասցեում (նախկին՝ ■■■4 հասցեներ) Երևանի քաղաքապետի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ126160-2344 շինարարարության թույլտվության հիման վրա իրականացվող կառուցապատումն առաջացնում է շինարարական նորմերի խախտումներ՝ ■■■5 հասցեի անշարժ գույքի առկայության փաստով պայմանավորված, եթե այո՝ ինչ շինարարական նորմերի խախտումներ է առաջացնում:

Պատասխան՝ ■■■6 հասցեում իրականացվող կառուցապատումն ըստ ՀՀՇՆ 30-01-2023 «քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի շինությունների հրդեհային անվտանգություն», համապատասխանաբար աղյուսակ 50-ի և աղյուսակ 8-ի սահմանված հակահրդեհային միջտարածությունները՝ կախված օժանդակ շենքերի հրակայունության աստիճանից, հեռավորությունը սահմանված է 8մ, իսկ ■■■7 հասցեով բազմաբնակարան շենքի և ■■■8 հասցեով բնակելի տան ծավալային ուրվագծերի /габарит/ միջտարածության հեռավորությունը՝ փաստացի կազմում է 1,92մ, իսկ առաջին ոչ բնակելի՝ հասարակական /ըստ նախագծի/ հարկի 4,97մ, որը առաջացնում է ՀՀՇՆ 30-01-2023՝ 510, 511 և ՀՀՇՆ 21-01-2014՝ 150, 151 նորմերի կետերի խախտումներ» (Հավելված 4-րդ հատոր, գթ 58-65)։

Այսպիսով, վերոնշյալ եզրակացությամբ փորձագետը կատարել է հետևություն վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում շենքերի, շինությունների հրդեհային անվտանգության որոշ կանոնների ենթադրյալ խախտման վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում ընդգծել, որ վիճարկվող շինարարության թույլտվությունը շենքերի, շինությունների հրդեհային անվտանգության որոշ կանոնների խախտմամբ տրված լինելու/չլինելու հանգամանքը ենթակա է պարզման և դրա համատեքստում փորձագետի վերոնշյալ եզրակացությունը՝ որպես ապացույց, ենթակա է հետազոտման ու գնահատման սույն վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման շրջանակում։

Միաժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 21082025 թվականի թիվ 04262507 եզրակացության գոյությամբ ձևավորվում է հիմնավոր կասկած այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիության վերաբերյալ, որն անհամարժեք վնաս կարող է պատճառել հայցվորին, հետևաբար առկա է ողջամիտ կասկած հայցվորին հնարավոր «զգալի վնաս» պատճառվելու վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դատարանը հայցվորի միջնորդությունը մերժելու համար հիմք է ընդունել վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հրդեհային իրավիճակ անմիջականորեն չառաջանալու հանգամանքը։ Այնինչ, Վճռաբեկ դատարանը, սույն որոշման պատճառաբանությունների հաշվառմամբ, գտնում է, որ զգալի վնասի առաջացման սպասելիությունը և/կամ դրա վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, մասնավորապես, վիճարկվող վարչական ակտի կատարումը հրդեհային անվտանգության կանոնների ենթադրյալ խախտմամբ իրականացնելու, ինչպես նաև հետագայում կառուցված շինության շահագործման դեպքում հրդեհային իրավիճակի առաջացման ռիսկը, ինքնին բավարար է հաղթահարված համարելու «զգալի վնաս» պատճառվելու «հիմնավոր կասկած»-ի առկայությունը, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 21112025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21112025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 15092025 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումն ու կասեցնել Երևանի քաղաքապետարանի 14.11.2023 թվականի թիվ 01/18-Դ-126160-2344 շինարարության թույլտվության կատարումը մինչև սույն վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

______________________

1 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

8 Հանդիսանում է անձնական տվյալ

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

 

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան