ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0096/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ2/0096/05/24

2026 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0096/05/24

 

Նախագահող դատավոր՝

Ա Հարությունյան

Դատավորներ՝

Մ Մելքումյան

Հ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի հունիսի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.09.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Դումոյանի ընդդեմ Տեսչական մարմնի` 27.12.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Նարինե Դումոյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 27.12.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.09.2025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.09.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Հարությունյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սլավիկ Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Նարինե Դումոյանը 24.11.2023 թվականին դիմում է ներկայացրել Տեսչական մարմին՝ խնդրելով վարչական վարույթի բոլոր փաստաթղթերն ու ծանուցումներն ուղարկել www.vigencom@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 18.12.2023 թվականին Նարինե Դումոյանին է ուղարկվել թիվ 01/27471-2023 ծանուցագիրը, որով վերջինս ծանուցվել է, որ 21.12.2023 թվականին հրավիրվում է մասնակցելու Տեսչական մարմնում կայանալիք վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը։ Նշված ծանուցումը ստացած լինելու հանգամանքը հայցվորը 19.12.2023 թվականին էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել է։ Պատշաճ ծանուցված լինելով՝ հայցվորը չի ներկայացել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, ուստի Տեսչական մարմինը, հիմք ընդունելով այն, որ Նարինե Դումոյանը չի ցանկացել ներկայանալ արձանագրության կազմմանը, 27.12.2023 թվականի թիվ 2148 արձանագրությունը կազմել է վերջինիս բացակայությամբ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և ապահովել է վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ Տեսչական մարմինը գործնականում ձեռնարկել է միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և գործի քննությանը հայցվորի մասնակցությունը ապահովելու համար, սակայն վերջինս, ստանալով համապատասխան ծանուցագիրը, ցուցաբերել է անգործություն՝ այդ փաստարկը հետագայում դատական պաշտպանության հիմք դարձնելու համար։

Վերաքննիչ դատարանը դատավարական իրավունքի նորմի մասով սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը և նման մեկնաբանման պայմաններում դատական պաշտպանության է արժանացրել անձի ոչ պատշաճ վարքագիծը։ Ըստ այդմ՝ առկա է իրավունքի զարգացման խնդիր նշված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.09.2025 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետի կողմից Նարինե Դումոյանին ուղղված 18.12.2023 թվականի թիվ 01/27471-2023 ծանուցագրի համաձայն՝ 2112.2023 թվականին՝ ժամը 12։00-ին, Նարինե Դումոյանը հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց թիվ 22 հասցեում (լազերային կրիչ՝ գ.թ. 56).

2) Համաձայն հետադարձ էլեկտրոնային նամակի՝ Նարինե Դումոյանը ծանուցումը ստացել է 19.12.2023 թվականին, որը հավաստել է էլեկտրոնային նամակում առկա «ստացել եմ» գրառմամբ (լազերային կրիչ՝ գ.թ. 56).

3) Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Աննա Ֆերոյանի, դեղագետ Տաթևիկ Սահակյանի և Գավառի բաժնի դեղագետ Գեղամ Կարապետյանի կողմից 21.12.2023 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2199 արձանագրության համաձայն՝ 24.11.2023 թվականին ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Ռոմանի թիվ 14/2 հասցեում գործունեություն իրականացնող «Նարինե Դումոյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանն իրականացվել է զննում, որի արդյունքում դեղատան վաճառասրահի դարակաշարերի վրա արձանագրվել են ՀՀ-ում գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու տեսանկյունից կասկած հարուցող դեղեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները, ըստ ՀՀ առողջապահության նախարարության 01.12.2023 թվականի թիվ ԱԱ/22.2/27851-2023 գրության, բացակայում են «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ներմուծման փորձաքննության տվյալների բազայում։

Արդյունքում խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։

Խախտման համար պատասխանատու է Նարինե Դումոյանը (հատոր 1-ին, գ.թ. 11-14).

4) Տեսչական մարմնի ղեկավարի 27.12.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշմամբ Նարինե Դումոյանը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 1.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 17-24)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Տվյալ դեպքում օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները, ապացույցների տեսակները, դրանց գնահատումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս և վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հարցերը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու և վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը կայացնելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները, ի թիվս այլնի, հաստատվում են նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (…):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, և երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կա՛մ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ, կա՛մ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փուլ) (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ևս ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մեկնարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ և եզրափակվում նույն օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հետևյալ որոշումներից որևէ մեկի կայացմամբ. վարչական տույժ նշանակելու մասին որոշում կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս, Հադի Գուլռոզին ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6934/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2025 թվականի որոշումը)։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, լուծում է նաև այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը։

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ, օրենսդիրը կարևորել է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ։ Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին։ Այդուհանդերձ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորումը, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար, քանի որ վերջինս պետք է իրական հնարավորություն ունենա դիրքորոշում հայտնելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկի փուլից սկսած և ներկայացնի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ պարտադիր ներառման ենթակա տեղեկություններ՝ դրանով իսկ նպաստելով տվյալ գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք, եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում:

Ինչպես վերն արդեն նշվել է, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։ Այս կանոնից, սակայն, որոշ հանգամանքներով պայմանավորված կարող են լինել բացառություններ, որոնց անդրադարձ կկատարվի ստորև։

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ առանձին դեպքերում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից որոշ մասի պարագայում վերոգրյալ այնպիսի տվյալները, ինչպիսիք են՝ տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, կարող են պարզվել վարչական իրավախախտումը հայտնաբերելու վայրում։ Այսպես օրինակ, որոշ իրավախախտումների՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը» (հոդված 43.1), «Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը» (հոդված 57), «Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելը» (հոդված 63.2), «Անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը» (հոդված 64), «Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 88.1), «Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության» (հոդված 146), «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը» (հոդված 150.6), «Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը» (հոդված 154), «Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը» (հոդված 169.16), «Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը» (հոդված 175) և այլն, դեպքերում վերոգրյալ տվյալները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կարող են նշվել միայն այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող պաշտոնատար անձը վարչական իրավախախտումը հայտնաբերել է վարչական իրավախախտման վայրում, քանի որ թվարկված հոդվածներում նկարագրված իրավախախտումները, դրանք կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նաև իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը չեն կարող արձանագրվել այն կատարելու վայրից դուրս։

Միևնույն ժամանակ, սակայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված մի շարք հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումների պարագայում վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտման վայրում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ ներառման ենթակա տեղեկություններին, այդ թվում՝ վարչական իրավախախտման կատարման տեղի, ժամանակի և էության վերաբերյալ, տիրապետելու համար անմիջապես իրավախախտման վայրում գտնվելը պարտադիր չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ իրավախախտումները դրսևորվում են օրենքով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմիններ ներկայացնելու սահմանված կարգի խախտումների ձևով և իրավախախտման դեպքը պարզելու համար պետք է ստուգվի միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացված լինելու կամ չլինելու, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքները։

Այսպես օրինակ Վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում՝ «Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը» (հոդված 169.1), «Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը» (հոդված 169.2), «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը» (հոդված 169.8), «Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը» (հոդված 169.12), «Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը» (հոդված 169.18), «Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը» (հոդված 169.18), ««Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.19), «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.24), «Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը» (հոդված 169.26), «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը» (հոդված 169.32), «Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը» (հոդված 189), «Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը» (հոդված 189.13), «Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 189.14), «Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը» (հոդված 189.30), «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը» (հոդված 201.5) և այլն, նկարագրված իրավախախտումների հայտնաբերումը պայմանավորված է փաստաթղթային ուսումնասիրությամբ, որպիսի պարագայում զանցանքի կոնկրետ սուբյեկտի գտնվելու վայր այցելելու և վարչական իրավախախտման արձանագրությունը տեղում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է։

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում պետք է կազմվի բոլոր այն դեպքերում, երբ վարչական իրավախախտումը հնարավոր չէ հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով և իրավախախտումը կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նաև իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը կարող են արձանագրվել միայն այն կատարելու վայրում, իսկ այն դեպքերում, երբ վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը հնարավոր է պարզել փաստաթղթային ստուգումների միջոցով, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս։

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանելու անհրաժեշտությանն ու իրական հնարավորությանը՝ պայմանավորված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն ինչպես դրա կատարման վայրում, այնպես էլ կատարման վայրից դուրս կազմելու հանգամանքով։

Այսպես. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման վայրում կազմելու պարագայում գործում է այն կանխավարկածը, որ ենթադրյալ իրավախախտը գտնվում է վարչական իրավախախտման վայրում և մասնակցում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, վարչական իրավախախտման վերաբերյալ պաշտոնատար անձին տրամադրում է տեղեկություններ, տալիս է բացատրություն, ստորագրում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կամ հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, որի մասին նշում է արվում արձանագրության մեջ։ Այդուհանդերձ, գործնականում կարող են լինել դեպքեր, երբ ենթադրյալ իրավախախտը բացակայում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից և օբյեկտիվ պատճառներով չի կարողանում ներկա գտնվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կամ իր գործողություններով խուսափում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակից դառնալ։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը չի կարգավորել նկարագրված դեպքերում վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի գործողությունների շրջանակը, ինչի հետևանքով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարույթը հաճախ հնարավոր չի լինում մեկնարկել։ Մասնավորապես՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը պետք է կազմվի ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, սակայն վերջինս բացակայում է։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ենթադրյալ իրավախախտի մասնակցությունը կարևորելով հանդերձ գտել է, որ վերջինիս բացակայությունը չպետք է արգելք կամ խոչընդոտ հանդիսանա վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ նախաձեռնելու համար։ Ըստ այդմ՝ ելնելով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթում, այդ թվում՝ վարույթի հարուցման փուլից սկսած, անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու օրենսդրական իմպերատիվ պահանջից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ իրավախախտը ներկա չէ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել վերջինիս ներկայությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետք է պատշաճ ձևով ծանուցի ենթադրյալ իրավախախտին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար ներկայանալու վայրի և ժամանակի մասին և միայն պատշաճ ծանուցված անձի կողմից անգործություն դրսևորելու, մասնավորապես՝ ծանուցագրում նշված ժամկետում պաշտոնատար անձի հայտնած վայր չներկայանալու պարագայում՝ վերջինս իրավասու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կողմի մասնակցությունն ապահովելը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որ կողմը հնարավորություն ունենա մասնակցելու դրա կազմմանը և ներկայացնելու իր դիրքորոշումը արձանագրվածի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ծանուցումը պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը դրա կազմմանը։ Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արձանագրության կազմմանը մասնակցելու իրական հնարավորությունը կարող է երաշխավորվել միայն այն պարագայում, եթե ծանուցումը դրա հասցեատիրոջը հանձնվի արձանագրությունը կազմելու օրվան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ինչը հնարավորություն կտա ենթադրյալ իրավախախտին կազմակերպելու իր իրավունքների պաշտպանությունը ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով։ Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն իրավասու կլինի արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ կազմել միայն այն դեպքում, երբ իր տիրապետության տակ առկա լինի վերջինիս պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց։

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում ամրագրված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու կառուցակարգը պետք է հանգի հետևյալին.

Առաջին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, եթե վարչական իրավախախտումը կարող է հայտնաբերվել միայն վարչական իրավախախտման վայրում։

Երկրորդ՝ ենթադրյալ իրավախախտի բացակայության պատճառով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը կատարելու վայրում կազմելու անհնարինության դեպքում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։

Երրորդ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից դուրս, եթե վարչական իրավախախտումը հնարավոր է հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին (տե՛ս, Վահրամ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/4076/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2026 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ: Հետևաբար վարչական մարմնի ուղղակի պարտականությունն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի և ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նաև եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման կապակցությամբ հարկ է համարել արձանագրել, որ իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, օրենսդիրը կանխորոշել է նաև այդ իրավունքների իրացման սահմանները։ Եթե իրավունքի սուբյեկտն անտեսում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում (տե՛ս Արթուր Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են բավարարված համարվել ինչպես այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, այնպես էլ այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Դումոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 27.12.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշումը։

 Դատարանը 24.09.2024 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(…) ենթադրյալ իրավախախտումը կատարած անձին արձանագրությունը կազմելուն մասնակցելու համար ծանուցագիր ուղարկելը վարչական մարմնին չի ազատում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնները պահպանելու պարտականությունից: Հետևաբար արձանագրությունը հայցվորի բացակայությամբ կազմելով՝ վարչական մարմինը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջները, ինչի հետևանքով Նարինե Դումոյանին արձանագրությունը կազմելու պահին չի բացատրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքները, չի ապահովվել Նարինե Դումոյանի արձանագրությանը կցվող բացատրություններ տալու, արձանագրության բովանդակության առթիվ դիտողություններ ներկայացնելու իրավունքներն իրականացնելու և իրեն վերագրվող կոնկրետ իրավախախտման վերաբերյալ արտահայտվելու, դրա դեմ պաշտպանվելու լիարժեք հնարավորությունը»:

Վերաքննիչ դատարանը 04.09.2025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 24.09.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «(…) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս պետք է միաժամանակ պահպանեն ինչպես արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները, այնպես էլ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները: Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելու կանոնները և վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցելու ընթացակարգերը չեն նույնանում: (…)

Մասնավորապես՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 21.12.2023թ. կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2199 արձանագրության հետազոտումից պարզվել է, որ դրանում բացակայում է իրավախախտում կատարած անձի ստորագրությունը, արձանագրությունը ստանալու, ինչպես նաև արձանագրությունը ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու վերաբերյալ որևէ նշում: Բացի այդ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 27.12.2023թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշման ներածական մասում նշվել է, որ ուսումնասիրվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրության կազմմանը ներկայանալու թիվ 01/27471-2023 ծանուցագիրը, իսկ նկարագրական մասում նշվել է, որ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին կազմվել է թիվ 2199 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ծանուցագրի հետ միասին էլեկտրոնային փոստով ուղարկվել է «Նարինե Դումոյան» անհատ ձեռնարկատիրոջը:Վերոնշյալ փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հետ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ դրանում բացակայում է Հայցվորի ստորագրությունը, ինչպես նաև որևէ նշում՝ արձանագրությունը ստանալուց հրաժարվելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանված լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում օրենքի խախտմամբ կազմված արձանագրությունը չի կարող հիմք հանդիսանալ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ կազմելու կանոնը չի կարող նույնացվել նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության անցկացման տեղի և ժամանակի մասին ծանուցելու՝ վարչական մարմնի պարտականությունը սահմանող կանոնին:(…)»։

 

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիճարկվող Տեսչական մարմնի 27.12.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշմամբ Նարինե Դումոյանը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղ իրացնելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 1.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ «Դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը» վերտառությամբ 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված դեղեր արտադրելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը, ինչպես նաև որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած դեղեր իրացնելը կամ բաշխելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև հինգ փաթեթ (այդ թվում՝ խախտված) քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ դրանում նկարագրված իրավախախտումները հայտնաբերելու և արձանագրելու համար՝ բացառությամբ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը, զուտ փաստաթղթային ստուգում իրականացնելը բավարար չէ, քանի որ նշված իրավանորմի դիսպոզիցիայում նկարագրված արարքներն առանձին-առանձին, բացառությամբ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու դեպքի, որը հնարավոր է հայտնաբերել նաև փաստաթղթային ստուգմամբ, կարող են հայտնաբերվել, ըստ այդմ նաև՝ արձանագրվել բացառապես իրավախախտումը կատարելու վայրում։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված դեղեր արտադրելու կամ բաշխելու կամ իրացնելու կամ կիրառելու կամ օրենքի խախտմամբ դեղեր արտադրելու կամ պահպանելու կամ բաշխելու կամ իրացնելու, ինչպես նաև որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած դեղեր իրացնելու կամ բաշխելու արարքների հայտնաբերումը պայմանավորված է իրավախախտման վայրի զննությամբ, որի պարագայում ենթադրյալ իրավախախտի մասնակցությունը պետք է ապահովված լինի։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետի կողմից Նարինե Դումոյանին ուղղված 18.12.2023 թվականի թիվ 01/27471-2023 ծանուցագրի համաձայն՝ 2112.2023 թվականին՝ ժամը 12։00-ին, Նարինե Դումոյանը հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց թիվ 22 հասցեում։

Համաձայն հետադարձ էլեկտրոնային նամակի՝ Նարինե Դումոյանը ծանուցումը ստացել է 19.12.2023 թվականին, որը հավաստել է էլեկտրոնային նամակում առկա «ստացել եմ» գրառմամբ։

Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Աննա Ֆերոյանի, դեղագետ Տաթևիկ Սահակյանի և Գավառի բաժնի դեղագետ Գեղամ Կարապետյանի կողմից 21.12.2023 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2199 արձանագրությունը, որում, որպես խախտման համար պատասխանատու, նշվել է Նարինե Դումոյանը։ Արձանագրության վրա բացակայում է իրավախախտում կատարած անձի ստորագրությունը, արձանագրությունը ստանալու, ինչպես նաև արձանագրությունը ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու վերաբերյալ որևէ նշում։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում վերահաստատել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորման նպատակի վերաբերյալ վերն արտահայտված իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ այն միտված է անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովմանը, հետևաբար վարչական մարմինը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի այդ իրավունքի արդյունավետ իրացման համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է վարչական իրավախախտումը կատարելու վայրից դուրս՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց թիվ 22 հասցեում գտնվող Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում՝ հայցվորի բացակայությամբ։

Սույն գործում բացակայում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը կատարելու վայրում կազմելու անհնարինությունը հաստատող ապացույցը, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը կատարելու վայրում կազմելն անհնար է եղել ենթադրյալ իրավախախտի բացակայության պատճառով, ինչի հաշվառմամբ վարչական մարմինը որոշել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուն մասնակից դառնալու նպատակով ծանուցագիր ուղարկելով հայցվորին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը կատարելու վայրում կազմելու անհնարինությունը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում իրավաչափ չի կարող համարվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց թիվ 22 հասցեում գտնվող Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում կազմելու վարչական մարմնի գործողությունը, որպիսի պարագայում Նարինե Դումոյանին 18.12.2023 թվականի թիվ 01/27471-2023 ծանուցագիրն ուղարկելու և այն վերջինիս կողմից ստանալու հանգամանքը սույն գործի լուծման համար այլևս որևէ նշանակություն չունի։ Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս կազմելու իրավական հնարավորության մասին եզրահանգում կատարելու պարագայում անգամ վարչական մարմինը չի ապահովել ծանուցումը՝ արձանագրությունը կազմելու օրվան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ դրա հասցեատիրոջը հանձնելը, որպիսի իրավական դիրքորորոշում է արտահայտվել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4076/05/23 վարչական գործով կայացրած որոշմամբ։ Այսպես. Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետի կողմից Նարինե Դումոյանին ուղղված 18.12.2023 թվականի թիվ 01/27471-2023 ծանուցագիրը, որով վերջինս հրավիրվել է ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց թիվ 22 հասցեում 2112.2023 թվականին՝ ժամը 12։00-ին մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, Նարինե Դումոյանը ստացել է 19.12.2023 թվականին՝ հավաստելով էլեկտրոնային նամակում առկա «ստացել եմ» գրառմամբ, հետևաբար արձանագրությունը կարող էր կազմվել ոչ շուտ, քան 25.12.2023 թվականին (2023 թվականի դեկտեմբերի 23-ը և 24-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), այնինչ՝ կազմվել է 2112.2023 թվականին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում չի հաստատվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս կազմելու իրավական հնարավորության առկայությունը, ուստի այդ արձանագրության հիմքով կայացված վարչական ակտը՝ 27.12.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2148 որոշումը չի կարող գնահատվել իրավաչափ։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Տվյալ դեպքում Տեսչական մարմնի կողմից վճարվել է 34.500 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.09.2025 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական: