ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 525
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 1993 թ. N 525
Քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 12-ի N 571 որոշմամբ հանձնարարվել էր բոլոր պետական ձեռնարկություններում, կազմակերպություններում և բյուջետային հիմնարկներում անցկացնել պետական ունեցվածքի գույքագրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց գույքի օտարման օրինականությանը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ կատարած դրական աշխատանքների հետ մեկտեղ, նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների զգալի մասը չի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման լրիվ կատարումը։

Ձեռնարկություններում, կազմակերպություններում, հիմնարկներում գույքագրմամբ հայտնաբերվել են նյութական արժեքների պակասորդներ և ավելցուկներ: Առանձին ձեռնարկություններում, կազմակերպություններում, հիմնարկներում գույքագրումը կրել է ձևական բնույթ և չի կատարվել սահմանված ժամկետներում։ Պակասորդների մասին գործերի մի մասը դեռևս չի ձևակերպվել կամ հանձնվել քննչական մարմիններին։

Հանրապետությունում պետական գույքի օտարման և օտարումից ստացված միջոցների ծախսման մասին միասնական կարգ չի սահմանվել, որի հետևանքով գույքի օտարումից ստացված գումարները ձեռնարկությունների կողմից ուղղվել են սեփական միջոցների ավելացմանը կամ առանձին դեպքերում՝ բյուջեի եկամուտներին, իսկ բյուջետային հիմնարկները այն փոխանցել են բյուջեի եկամուտներին, արտաբյուջետային հաշիվներին կամ ուղղել այլ նպատակների։

Նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների անբավարար հսկողության հետևանքով ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից պետական գույքի օտարումը շատ դեպքերում իրականացվել է չհիմնավորված գներով՝ հաշվի չառնելով ինչպես սահմանված, այնպես էլ տվյալ ժամանակ գործող շուկայական գները։ Նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների մեծ մասի կողմից համակարգի համար չի սահմանվել պետական գույքի օտարման մասին կարգ։ Օգտվելով նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների անբավարար հսկողությունից և խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի սեպտեմբերի 30-ի N 581 որոշմամբ սահմանված կարգը, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ճնշող մեծամասնությունը ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց օտարել են գույք՝ առանց վերադասի թույլտվության։

Ձեռնարկություններում մեծ քանակությամբ պետական գույքի օտարումը բացասաբար է ազդել նրանց արտադրական-ֆինանսական գործունեության վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խախտումների զգալի մասը կատարվել է մինչև 1992 թվականը։

Պետական գույքի պահպանության և ոչ պետական ձեռնարկություններին ու ֆիզիկական անձանց օտարման գործում առավել լուրջ խախտումների փաստեր և թերություններ են արձանագրվել ներքոհիշյալ նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում`

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության (ստեղծվել է 1992 թ., նախարար Ա. Սաֆարյան) համակարգի ձեռնարկություններից 69-ում հայտնաբերվել են պակասորդներ, այդ թվում 56-ում՝ նաև ավելցուկներ։ Մեղավորներից գանձված ընդհանուր գումարը կազմել է 402,7 հազ. ռուբլի։

Ամփոփ տվյալներով ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց 1990 - 1992 թվականներին օտարվել է գույք՝ 9335 հազ. ռուբլի գումարով, որի սկզբնական արժեքը կազմել է 9822 հազ. ռուբլի, իսկ մնացորդային արժեքը՝ 5584 հազ. ռուբլի։ Գույքի օտարման ժամանակ համակարգի մի շարք ձեռնարկություններ պակաս են գնահատել դրա արժեքը։ Համակարգի ձեռնարկությունների կողմից առանց վերադասի թույլտվության օտարվել է 349 անուն տարբեր տեսակի գույք (201 դեպք)։

Երևանի ոսկերչական գործարանը (տնօրեն Է. Գրիգորյան) 1990-1992 թվականներին վաճառել է 130 հատ տարբեր տեսակի գույք, բոլորը մնացորդային արժեքով, անտեսելով այդ ժամանակ գործող մանրածախ կամ շուկայական գները և աճի սահմանված գործակիցները, այդ թվում՝ 6 ոսկերչական դազգահ, հաստոցներ և այլ սարքավորումներ 1991 թվականին գնել է և 1992 թվականին վաճառել նույն գներով այն դեպքում, երբ շուկայական գները զգալի չափով աճել էին։

Գործարանն առանց վերադասի թույլտվության 1992 թվականին իրացրել է 12 անուն գույք։

Սոտքի ոսկու հանքի ձեռնարկությունը (տնօրեն Ա. Մովսիսյան) 1983-1988 թվականներին գնված տարբեր մակնիշի 18 ավտոմեքենա 1990-1991 թվականներին օտարել է դրանց ձեռքբերման գնի 15 տոկոսի չափով, այդ թվում «ԿամԱԶ» և «ԿրԱԶ» մակնիշի 7 ավտոմեքենա՝ 8 տոկոսի չափով:

Երևանի «Էլեկտրոն» գործարանը (նախկին տնօրեն Հ. Մեհրաբյան) 1987 թվականին ձեռքբերված «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 1990 թվականին 5,4 հազ. ռուբլով այն դեպքում, երբ դրա մնացորդային արժեքը կազմում է 11,0 հազ. ռուբլի։ Գործարանը 1992 թվականին օտարել է 10 անուն գույք՝ առանց վերադասի թույլտվության։

«Ռեզիստոր» ձեռնարկությունը (տնօրեն Յու. Աթոյան) 1990-1991 թվականներին ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց օտարել է տարբեր տեսակի 12 մեքենա և սարքավորում մնացորդային արժեքով, չկիրառելով ավելացվող գործակիցները և մանրածախ գինը, ընդ որում 1990 թվականին գնել է նոր ավտոամբարձիչ և հաջորդ տարի վաճառել նույն գնով։

Գործարանն առանց վերադասի թույլտվության օտարել է 9 անուն գույք։

Աբովյանի «Սիրիուս» գործարանը (նախկին տնօրեն Է. Պետրոսյան) 1990 թվականին գնել և 1991 թվականին նույն գնով (4,9 հազ. ռուբ.) վաճառել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ չկիրառելով մանրածախ գինը։

Գործարանը (նախկին տնօրեն Վ. Ամիրբեկյան) 1992 թվականին գնել է 2 տնակ, 9,1 հազ. ռուբլով և նույն տարում իրացրել 6,4 հազար ռուբլով կամ 2,7 հազ. ռուբլով պակաս։ 1992 թվականին գնել և նույն տարում նույն գնով՝ 140 հազ. ռուբլով, վաճառել է 30 տեսաձայնագրիչ:

Գործարանը 1992 թվականին իրացրել է 16 անուն գույք՝ առանց վերադասի թույլտվության։

«Անի» պետական ձեռնարկությունը (տնօրեն Ս. Թումանյան) 1989 թվականին գնել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա 16,5 հազ. ռուբլով և 1991 թվականին վաճառել 7,2 հազ. ռուբլով, երբ դրա մանրածախ գինը կազմում էր 66 հազ. ռուբլի, իսկ 1987 թվականին գնված «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 1990 թվականին մնացորդային արժեքից ցածր գնով։ 1989-1990 թվականներին գնված 218 տեսամագնիտաֆոնները 1990-1992 թվականներին վաճառվել են դրանց մնացորդային արժեքով՝ անտեսելով մանրածախ կամ շուկայական գները։ Առանց վերադասի թույլտվության օտարվել է 8 անուն գույք։

Էջմիածնի «Էլեկտրոն» գործարանը (տնօրեն Ն. Խաչատրյան) տարբեր մակնիշի 3 ավտոմեքենա վաճառել է մնացորդային արժեքով կամ 49,1 հազ. ռուբլով պակաս։

«Դիպոլ» ԱՁ-ն (տնօրեն Հ. Ղուկասյան) 1990 թվականին վաճառել է 10 ավտոմեքենա մնացորդային արժեքով՝ անտեսելով տվյալ ժամանակ գործող մանրածախ գները և մեծածախ գների նկատմամբ կիրառվող գործակիցները։ 1987 թվականին 9,4 հազ. ռուբլով գնված ձուլման սարքը 1991 թվականին վաճառել է 94 ռուբլով, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան 1991 թ. վաճառել է մնացորդային արժեքով (1020 ռուբ.)՝ անտեսելով վաճառքի սահմանված գները։

Չարենցավանի «Ավտոձույլ» գործարանը (1990 թվականին տնօրեն Ռ. Թումանյան, 1991-1992 թվականներին տնօրեն Ս. Մելքոնյան) 1990 թվականին գնել է ֆրեզերային և ներտաշող հաստոցներ, ավտոմատ տերմոպլաստ 268,5 հազ. ռուբլի գումարով և 1991 թվականին վաճառել 13,4 հազ. ռուբլով կամ 255,1 հազ. ռուբլով պակաս։

«ԵրԱԶ» ավտոգործարանը (նախկին տնօրեն Է. Բաբաջանյան) «ԵրԱԶ» մակնիշի 8, «ՌԱՖ» մակնիշի 1 ավտոմեքենա 1990-1991 թվականներին օտարել է դրանց մնացորդային արժեքից 8,6 հազ. ռուբլով պակաս։

«Նեյրոն» պետական ձեռնարկությունը 1988-1989 թվականներին գնված «Իկարուս» մակնիշի 2 ավտոբուս 1991 թվականին վաճառել է 150,6 հազ. ռուբլով պակաս նվազագույն գներից (նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ցուցակում այս ձեռնարկության գծով 14 տրանսպորտային միջոց չի նշված)։

Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարանը (նախկին տնօրեն Ա. Աղաջանյան) «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան 1,8 հազ. ռուբլի մնացորդային արժեքով 1992 թվականին վաճառել է 0,4 հազ. ռուբլով, այն դեպքում, երբ դրա վաճառքի նվազագույն գինը կազմում էր 19,8 հազ. ռուբլի։ 1989 թվականին 3184,1 հազ. ռուբլով գնված «Սպորտկոշիկ» իտալական հոսքագիծը 1991 թվականին վաճառվել է նույն գնով։ 1992 թվականին նույն կարգով վաճառվել է ատամնաբուժական սարքավորում 54,3 հազ. ռուբլով, իսկ 1992 թվականին 25,9 հազ. ռուբլով գնված օդափոխիչը նույն տարում վաճառվել է 10,0 հազ. ռուբլով։

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունում (նախարար Հ. Քոչինյան) լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ նախարարության համակարգում (նախկին նախարար Հ. Բադեյան) 1990 թվականին գների սխալ կիրառման հետևանքով, տարբեր մակնիշի 31 ավտոմեքենաների գծով պակաս է գանձվել 88,4 հազ. ռուբլի։ Արթիկի ավտոձեռնարկությունը (նախկին տնօրեն Ա. Մարտիրոսյան) 1990 թվականին տարբեր մակնիշի 9 ավտոմեքենա վաճառել է 41,2 հազ. ռուբլով պակաս։ Դատախազության ստուգումներով հայտնաբերվել է պակաս գնահատման 22 դեպք` 258,6 հազ. ռուբլի գումարով, «Հայավտոճան» ՀԱՄ-ի (նախկին գլխավոր տնօրեն Գ. Մելքումյան) Աշտարակի ՃՇՇՁ-ում հայտնաբերվել է պակաս գանձման 20 դեպք՝ 47,7 հազ. ռուբլի գումարով։ Երևանի մետրոպոլիտենի ձեռնարկություններում հայտնաբերվել է պակաս գնահատման 6 դեպք՝ 50,3 հազ. ռուբլի գումարով։ Ստուգումների ժամանակ վերականգնվել են պակաս գանձված գումարները։

Նախարարության ստուգումներում գույքի օտարման ժամանակ արձանագրվել է սխալ գնահատման 73 դեպք՝ 472,5 հազ. ռուբլի գումարով։ Ձեռնարկությունների 19 տնօրեն ազատվել է աշխատանքից։

Նախարարության համակարգի 20 ձեռնարկությունում օտարվել է 32 հատ գույք` առանց վերադասի թույլտվության։

Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի ենթակա տնտեսություններում 1990-1992 թվականներին գույքի պահպանության և օտարման գործը եղել է բարձիթողի վիճակում։ Գույքագրման ու գույքի վաճառքի հարցը 1993 թվականի հունիսի 2-ին քննարկվել է գործկոմի նիստում։

Ջրմուղ-կոյուղու տնտեսության ձեռնարկությունը (նախկին տնօրեն Ա. Սարգսյան, տնօրեն Հ. Գրիգորյան) ավտոտնտեսության նոր ստացած «ԿամԱԶ» մակնիշի հատուկ (երկու ցիստեռնով) ավտոմեքենան 1992 թվականի փետրվարին վաճառել է 70,1 հազ. ռուբլով կամ 97 հազ. ռուբլի պակաս գումարով։

1992 թվականի հունիսին առանց հանձնաժողովի ակտի դուրս է գրվել «Արարատյան-3» պոմպակայանի 1988 թվականից փորձնական շահագործման մեջ գտնվող ավտոմատ պոմպը՝ 158 հազ. ռուբլի արժողությամբ, որի մնացորդային արժեքը կազմում էր 110,4 հազ. ռուբլի։

«Քաղշին» շինմոնտաժային ձեռնարկության (տնօրեն Է. Հակոբյան) ավտոտրանսպորտային ձեռնարկությունն առանց թույլտվության վաճառել է 1984 և 1986 թվականների արտադրության «ԿամԱԶ» մակնիշի 3 ավտոմեքենա։ Ընդ որում, առանձին մեքենաների իրացումը կատարվել է մնացորդային կամ չնչին գներով։

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության (պետ Ա. Մխիթարյան) «Երևաննախագիծ» ինստիտուտը 1992 թվականին նախկին պետ Ս. Չիբուխչյանի թույլտվությամբ վաճառել է 1988 թվականին գնված հաշվիչ համակարգը՝ առանց հաշվի առնելու շուկայական գները։

Բնակտնտեսության արտադրական վարչությունը (նախկին պետ Հ. Գրիգորյան) 1990 - 1991 թվականներին վաճառել է տարբեր մակնիշի 26 ավտոմեքենա՝ 12 հազ. ռուբլի գումարով, այն դեպքում, երբ դրանց մնացորդային արժեքը կազմել է 44 հազ. ռուբլի, իսկ սկզբնական արժեքը՝ 101 հազ. ռուբլի կամ 120 հազ. ռուբլով պակաս է գնահատվել։

«Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ում (գլխ. տնօրեն Գ. Աղասարյան) գույքագրմամբ հայտնաբերվել են 179 հազ. ռուբլու ապրանքանյութական արժեքների պակասորդներ, այդ թվում 45 հազ. ռուբլու գործը հանձնվել է դատաքննչական մարմիններին։ Համակարգի առանձին ձեռնարկությունների կողմից գույքագրման և գույքի օտարման գործում ցուցաբերվել է ճիշտ մոտեցում (Հրազդանի կենցաղսպասարկման կոմբինատ, Վանաձորի կոշիկի ֆաբրիկա): Դրա հետ մեկտեղ, մի շարք ձեռնարկություններ թույլ են տվել լուրջ խախտումներ և թերացումներ։

Կոշիկի «Նաիրի» ֆաբրիկան (նախկին տնօրեն Կ. Էլբակյան), խախտելով գույքի գնահատման գործող կարգը, 1989 թվականին 5,5 հազ. ռուբլով ձեռքբերված ֆրեզերային և հղկող հաստոցները 1990 թվականին վաճառել է 1,1 հազ. ռուբլով կամ մնացորդային արժեքից 5,2 հազ. ռուբլով պակաս, 1982 թվականին 6,6 հազ. ռուբլու արժողությամբ երկու ալյումինե կրպակ վաճառվել է 99 ռուբլով։

Տեխնիկական գործարանը (նախկին տնօրեն Է. Թորոսյան), խախտելով գույքի գնահատման գործող կարգը, ֆրեզերային հաստոցը, «ԵրԱԶ» և «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենաները օտարել է սահմանվածից 4,8 հազ. ռուբլի պակաս գներով։

Արմավիրի շինտեղամասը (նախկին տնօրեն Ռ. Կարապետյան) «ԵրԱԶ», «Զիլ-130» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաները վաճառել է սահմանվածից 39,3 հազ. ռուբլով պակաս։

Կամոյի կենցաղսպասարկման արտադրական վարչությունը (նախկին տնօրեն Ռ. Սարգսյան) 1990 թվականին վաճառել է կենցաղի տունը 7,3 հազ. ռուբլով, այն դեպքում, երբ դրա մնացորդային արժեքը կազմել է 23,1 հազ. ռուբլի կամ 15,8 հազ. ռուբլով պակաս։

Համակարգի 14 ձեռնարկություն, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի սեպտեմբերի 30-ի N 581 որոշումը, առանց վերադասի թույլտվության օտարել է 46 հատ տարբեր տեսակի գույք։

Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համակարգում (նախկին նախարար Ռ. Ավոյան, նախարար Գ. Պողպատյան) գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 13,4 հազ. ռուբլու պակասորդ, գործը հանձնվել է քննչական մարմիններին։ Բացի այդ, կապի 29 շրջանային բաժանմունքում հայտնաբերվել են 4071 հեռագրասյան գողության փաստեր՝ շուրջ 19 մլն ռուբլի արժեքով։ Կան դեպքեր, երբ գույքի օտարման ժամանակ հաշվի չի առնվել գործող մանրածախ կամ շուկայական գները։ Համակարգի 7 ձեռնարկությունում առանց վերադասի թույլտվության օտարվել է 24 անուն գույք և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։

Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության (նախկին նախարար Ռ. Մկրտչյան) համակարգում գույքագրմամբ հայտնաբերվել է 296,9 հազ. ռուբլու պակասորդ, այդ թվում Գյումրիի տրիկոտաժի արտադրական միավորումում (նախկին տնօրեն Ա. Մանուկյան)՝ 90 հազ. ռուբլու, Գյումրիի տեքստիլ արտադրական միավորումում (նախկին տնօրեն Ա. Աղզումցյան)՝ 75 հազ. ռուբլու, «Էրեբունի» տրիկոտաժի միավորումում (տնօրեն Վ. Հայրապետյան)՝ 72 հազ. ռուբլու։

Գույքագրումներն առանձին ձեռնարկություններում կրել են ձևական բնույթ (Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ՝ նախկին տնօրեն Ի. Ադամյան, «Մետաքս» ԱՄ՝ տնօրեն Ա. Հովհաննիսյան, Երևանի տեքստիլ գուլպեղենի ԱՄ՝ տնօրեն Մ. Մկրտչյան և այլն)։

Նախարարության ենթակա ձեռնարկություններում 1990-1992 թվականներին օտարվել է 4659 անուն գույք՝ 12673 հազ. ռուբլի գումարով:

Համակարգի 25 ձեռնարկությունում, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումը, առանց վերադասի թույլտվության օտարվել է մեծ քանակությամբ պետական գույք։ Այսպես, «Արաքս» կոշիկի արտադրական-միավորումը (տնօրեն Ա. Գորոյան) օտարել է 79 հատ գույք՝ 790 հազ. ռուբլի գումարով, Գյումրիի տրիկոտաժի արտադրական միավորումը (նախկին տնօրեն Ա. Մանուկյան)՝ 13 հատ գույք՝ 43,4 հազ. ռուբլի գումարով, Շիրակամուտի կարի ֆաբրիկան (տնօրեն Ա. Արշակյան)՝ 16 անուն գույք` 9,0 հազ. ռուբլի գումարով, Կամոյի կարի ֆաբրիկան (տնօրեն Ռ. Խաչատրյան)՝ 12 հատ գույք՝ 141,4 հազ. ռուբլի գումարով և այլն։

Գույքի օտարման ժամանակ թույլ են տրվել սխալ գնահատման փաստեր։ Այսպես, Գյումրիի գուլպանասկեղենի միավորումը (տնօրեն Ա. Տոնոյան) օտարել է գործող և կարող 119 մեքենա` դրանց սկզբնական արժեքի 10 տոկոսի չափով։

«Արագած» բամբակագործվածքային արտադրական միավորումը (տնօրեն Թ. Սարգսյան) 1990-1992 թվականներին վաճառել է 122 մեքենա և այլ գույք, դրանց մնացորդային արժեքով, այդ թվում «ԳԱԶ - 24» մակնիշի ավտոմեքենան՝ 1,8 հազ. ռուբլով, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը՝ 100 ռուբլով, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան՝ 100 ռուբլով և այլն, չկիրառելով գործող մանրածախ գները, արժեքի նկատմամբ սահմանված գործակիցները կամ շուկայական գները` պետությանը պատճառելով մեծ գումարների հասնող վնաս։

«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը (նախկին տնօրեն Դ. Գասպարյան) 1990 թվականին գնել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա 71,0 հազ. ռուբլով և 1992 թվականին վաճառել 4,5 հազ. ռուբլով, իսկ «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան գնել է 5,3 հազ. ռուբլով և նույն տարում վաճառել 1,1 հազ. ռուբլով։ Անտեսելով շուկայական գները 1992 թվականին օտարվել է «ԳԱԶ - 24» մակնիշի ավտոմեքենա՝ 4,1 հազ. ռուբլով։

«Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորումը (նախկին գլխավոր տնօրեն Վ. Մարգարյան, գլխավոր տնօրեն Գ. Գամազյան) և համակարգի մի շարք ձեռնարկություններ որոշակի դրական աշխատանքներ են կատարել պետական գույքի պահպանման և սահմանված կարգով օտարման գործում։ Ընդհանուր առմամբ, օտարումից ստացված հասույթը շուրջ 3 անգամ գերազանցում է դրանց մնացորդային արժեքը։ Միաժամանակ, առանձին ձեռնարկություններում գույքի օտարման ժամանակ թույլ են տրվել խախտումներ։

Երևանի «Մարմար» ֆիրման (նախկին տնօրեն Ռ. Մանուկյան) 1990-1991 թվականներին գնել է տարբեր տեսակի 10 հաստոց և այլ գույք ու նույն կամ հաջորդ տարում վաճառել նույն գներով, իսկ 1991 թվականին 13,7 հազ. ռուբլի արժեքով գնված «Կռունկ-բալկան» նույն տարում վաճառել է 13,0 հազ. ռուբլով կամ 0,7 հազ. ռուբլով պակաս։

Էջմիածնի շինիրերի կոմբինատը (նախկին տնօրեն Կ. Մալխասյան) 1991 թվականին վաճառել է «ԿրԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա և «Իֆա» մակնիշի 3 ավտոմեքենա, դրանց սկզբնական արժեքի 10 տոկոսի չափով։ Համակարգում առանց վերադասի թույլտվության օտարվել է 12 անուն գույք։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 70 ձեռնարկությունում և կազմակերպությունում չի կատարվել գույքագրում, իսկ առանձին ձեռնարկություններում այն կրել է ձևական բնույթ կամ ձգձգվել շուրջ 7 ամիս։ Գույքագրմամբ հայտնաբերվել է 7114 հազ. ռուբլու պակասորդ, այդ թվում՝ «Զարթոնք» եթերայուղատու մշակաբույսերի փորձակայանում (տնօրեն Հ. Ղազարյան) 5,0 մլն ռուբլու պակասորդ, որն առաջացել է 99 կգ եթերայուղի հափշտակման հետևանքով։ Գույքագրմամբ պակասորդներ են հայտնաբերվել «Հայագրոսպասարկում» ՀԱՄ-ում (տնօրեն Լ. Խաչատրյան)՝ 714 հազ. ռուբլու, «Հայջրշին» մասնագիտացված շինարարական միավորումում (տնօրեն Մ. Գևորգյան)՝ 74 հազ. ռուբլու, «Հայանտառ» ԱԱՄ-ում (տնօրեն Հ. Ղազարյան)՝ 109 հազ. ռուբլու։ Համակարգի տնտեսություններում 1990-1992 թվականներին իրացվել է 4549 հազ. ռուբլու գույք։ Գույքի անօրինական վաճառքի փաստեր են հայտնաբերվել Արմավիրի, Սիսիանի, Նոյեմբերյանի գյուղական վարչություններում, Մասիսի շրջանի «Արարատ» համալիրում, «Հայգյուղջրատարշին» ձեռնարկությունում, «Հայագրոսպասարկում» ՀԱՄ-ի Մասիսի միջշրջանային բազայում և այլն։

Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությունը (նախարար Տ. Գրիգորյան) համակարգի համար գույքի օտարման վերաբերյալ միասնական կարգ չի սահմանել։ Այսպես, 5-րդ սննդառը և Երարդառը առանց բացառության, գույքը վաճառել են հաշվեկշռային արժեքով, իսկ 6-րդ սննդառը՝ սկզբնական արժեքի նկատմամբ 5 անդամ ավելի գներով։

«Հայկահույքառ» միավորումը (տնօրեն Ռ. Գալստյան) 1989 թվականին գնած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան 1990 թվականին վաճառել է 4,7 հազ. ռուբլով, այն դեպքում, երբ պետք է վաճառեր 18,3 հազ. ռուբլով կամ 13,5 հազ. ռուբլով պակաս է գնահատել։ Նույն կարգով «ԵրԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա 1991 թվականին վաճառվել է 7,0 հազ. ռուբլի պակաս գներով։

Հրազդանի քաղառը (տնօրեն Ս. Հովակիմյան) 1991-1992 թվականներին վաճառել է 40 անուն գույք սկզբնական արժեքի չափով՝ չկիրառելով մանրածախ կամ շուկայական գները։ Այսպես, 1989 թվականին գնած «ԵրԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա 1991 թվականին վաճառել է 7,5 հազ. ռուբլով պակաս։ Նույն կարգով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 14,3 հազ. ռուբլով պակաս վաճառքի գնից և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան (1981 թվականի արտադրության) 1991 թվականին վաճառել է 150 ռուբլով՝ մետաղի ջարդոնի գնից պակաս գնով։

Հայհագուստառը (տնօրեն Ժ. Խաչատրյան) 1990 թվականին գնված «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան 1992 թվականին վաճառել է 2,1 հազ. ռուբլով պակաս մնացորդային գնից այն դեպքում, երբ դրա նվազագույն գինը 10,5 հազ. ռուբլի է:

Գյումրիի հասարակական սննդի ձեռնարկությունը (տնօրեն Հ. Ամիրխանյան) 1988 թվականին գնել և 1991 թվականին վաճառել է «ԼԱԶ-42021» մակնիշի 10 ավտոբուս, մնացորդային արժեքով՝ 265 հազ. ռուբլի ընդհանուր գումարով կամ 491 հազ. ռուբլով պակաս։

Նույն կարգով պակաս է գնահատվել 1988 թվականին գնված և 1991 թվականին վաճառված «ՊԱԶ» մակնիշի 5 ավտոմեքենա՝ 131,3 հազ. ռուբլի գումարով։

Կամոյի քաղառը (տնօրեն Լ. Խանդանյան) «ԻԺ» մակնիշի 2 ավտոմեքենա 1992 թվականին վաճառել է 39,0 հազ. ռուբլի պակաս գնով։

«Հայառմոնտաժ» կոմբինատը (տնօրեն Ֆ. Պողպատյան) 1992 թվականին վաճառել է 1970-ական թվականների արտագրության «ԻԺ» մակնիշի 25 ավտոմեքենա` առանց վերադասի թույլտվության։

«Հայառշինվերանորոգում» տրեստը (տնօրեն Ֆ. Բասենցյան) 1990-1991 թվականներին վաճառել է 1970-1980 թվականներին ձեռքբերված տարբեր մակնիշի 50 ավտոմեքենա՝ մի շարք դեպքերում հաշվի չառնելով տվյալ ժամանակ գործող մանրածախ գները:

Նախարարության համակարգում արձանագրվել է առանց վերադասի թույլտվության գույքի վաճառքի 137 դեպք։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի ավտոձեռնարկությունը (նախկին տնօրեններ Ա. Մարտիրոսյան և Հ. Հակոբյան) 1990 թվականին վաճառել է 1988 թվականին գնված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, մնացորդային արժեքից ցածր գնով կամ 10 հազ. ռուբլով պակաս սահմանված գնից, իսկ նույն թվականին 6,0 հազ. ռուբլի մնացորդային արժեքով գնված «ՎԱԶ» մակնիշի մեկ ուրիշ ավտոմեքենա 1991 թվականին վաճառել է 1,0 հազ. ռուբլով կամ 14 հազ. ռուբլով պակաս։

Մեխանիկական գործարանը (տնօրեն Վ. Գրիգորյան) 1992 թվականի արտադրության տրակտորը 1991 թվականին իրացրել է 160 ռուբլով, իսկ 2,5 հազ. ռուբլի արժողության հաստոցը՝ 100 ռուբլով կամ ջարդոնի արժեքից ցածր գներով։

«Արծափ» ձեռնարկությունը (տնօրեն Ա. Գրիգորյան) 1982 թվականի արտադրության էքսկավատորը, որի մնացորդային արժեքը կազմում էր 4,8 հազ. ռուբլի, 1990 թվականին վաճառել է 1,1 հազ. ռուբլով։

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության համակարգում 1990-1992 թվականներին օտարվել է 4770 հազ. ռուբլի արժողությամբ գույք, որի սկզբնական արժեքը կազմել է 7965 հազ. ռուբլի։

«Հայգազշին» տրեստը (նախկին կառավարիչ Ե. Զախարյան) 1987 թվականին, 1990-1991 թվականներին գնել է տարբեր տեսակի 52 ավտոմեքենա և այլ գույք, որոնցից 46-ը վաճառել է 1992 թվականին մնացորդային-արժեքով, անտեսելով գործող մանրածախ կամ շուկայական գները, որի հետևանքով պետությանը հասցվել է ավելի քան 1,0 մլն ռուբլու վնաս։ Ամբողջ գույքը օտարվել է առանց թույլտվության։

«Հայէներգոցանցշին» տրեստը (կառավարիչ Լ. Միքայելյան) 1988-1990 թվականներին գնված 80 անուն գույքը՝ 631 հազ. ռուբլի գումարով, 1990-1992 թվականներին վաճառել է դրանց մնացորդային արժեքի չափով (330 հազ. ռուբլի)՝ անտեսելով գործող կամ շուկայական գները։

Գույքի զգալի մասն իրացվել է առանց վերադասի թույլտվության։

«Հայհիդրոէներգոշին» տրեստը (նախկին կառավարիչ Ն. Վարդանյան) վաճառել է 60 անուն գույք՝ գործող գնից ցածր գներով։ Այսպես, 1988 թվականին գնված «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան 1992 թվականին վաճառել է 7,8 հազ. ռուբլով, իսկ «ԿամԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա 1992 թվականին վաճառել է 15,8 հազ. ռուբլով կամ շուկայական գներից բազմապատիկ պակաս գներով։ Նույն կարգով 1990 թվականին գնած «ԿամԱԶ» կցորդով ավտոմեքենան 1992 թվականին վաճառել է 21,8 հազ. ռուբլով (կամ տասնապատիկ ցածր գնով)։

Պետական ունեցվածքի գույքագրման և օտարման ժամանակ նմանատիպ անօրինականության փաստեր են արձանագրվել նաև այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների համակարգում։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նշել, որ հանրապետությունում նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների անբավարար հսկողության հետևանքով ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից պետական գույքի օտարումը ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց կատարվել է խախտումով՝ զգալի վնաս հասցնելով պետական ունեցվածքին։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին՝ կոլեգիաների նիստերում քննության առնել պետական գույքի պահպանության, գույքագրման, օտարման գործում թույլ տրված անօրինականությունների փաստերը՝ տալով համապատասխան գնահատականներ, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց, վերականգնել պետությանը հասցված վնասը, հիմքեր լինելու դեպքում նյութերն ուղարկել քննչական մարմիններին։

Մինչև 1993 թվականի նոյեմբերի 1 -ը արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարների պատասխանատվության հարցին անդրադառնալ ըստ սույն որոշման կատարման արդյունքների։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ հանրապետությունում միասնական կարգ սահմանելու նպատակով 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Պետական գույքի օտարման կարգի մասին» որոշման նախագիծը։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական այն գույքի անվանացանկը, որը կարող է օտարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ։

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ համատեղ, ի կատարումն սույն որոշման, անցկացնել ընտրովի ստուգումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան