ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 443
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1993 թվականի N 443

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կանոնադրությունը (կցվում է)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 559 որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1993 թվականի

սեպտեմբերի 3-ի N 443 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը (այսուհետև՝ ՀՀ ընդերքպետվարչություն) գործադիր իշխանության Հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից և իրականացնում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրման աշխատանքները, արդյունաբերության մեջ օգտակար հանածոների հանքավայրերի ներգրավման ու շահագործվող հանքավայրերի պաշարների փոփոխման (շարժի) նկատմամբ վերահսկողությունը՝ ենթարկվելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

2. ՀՀ ընդերք պետ վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է ընդերքի պետական կառավարումը։

ՀՀ ընդերքպետվարչությունը պատասխանատվություն է կրում հանքահումքային բազայի վիճակի ու զարգացման, հանքային հումքի հետախուզված պաշարներով տնտեսության կարիքների ապահովման, ինչպես նաև օգտագործողներին տրամադրվող ընդերքի վերաբերյալ երկրաբանական տեղեկատվության հավաստիության համար։

 

II. ՀՀ ընդերքպետվարչության խնդիրներն ու ֆունկցիաները

 

3. ՀՀ ընդերքպետվարչության հիմնական խնդիրներն ու ֆունկցիաներն են՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերին համապատասխան հանքահումքային բազայի կազմավորումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կոորդինացումը և կազմակերպումը՝ երկրաբանական կառուցվածքի համալիր (ներառյալ երկրաէկոլոգիական պահպանության) ուսումնասիրման, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով.

շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ ընդերքի ուսումնասիրման և պահպանման բնագավառում միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառումը, դրանց փոփոխման (շարժի) վերահսկողությունը, օգտակար հանածոների պաշարների միասնական պետական հաշվեկշռի և հանքավայրերի (այդ թվում՝ ստորերկրյա ջրերի) կադաստրի վարումը, պաշարների օպերատիվ աճի հաստատումն ու մանրամասն հետախուզությունից հետո պաշարների հաստատման սահմանված կարգով ներկայացումը.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հանրապետության հանքահումքային բազայի օգտագործման ստրատեգիայի, դրա հետագա ընդլայնման ու որակական բարելավման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալի հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների գրանցումը, ինչպես նաև կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների մասին լրիվ տեղեկատվության հավաքումը, պահպանումն ու սահմանված կարգով օգտագործումը.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ երկրաբանահետախուզական աշխատանքների գնագոյացման սկզբունքների որոշումը և պետական պատվերի կատարման նկատմամբ վերահսկողությունը.

օրենքով սահմանված կարգով ընդերքի օգտագործման և պահպանման պետական հսկողության ու վերահսկողության իրականացումն այն ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կատարում են երկրաբանահետախուզական աշխատանքներ և շահագործում են օգտակար հանածոների հանքավայրերը.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայլեռտեխհսկողության վարչության հետ համատեղ օգտակար հանածոների ըստ նշանակության դասակարգման ցանկերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովի հաստատմանը.

Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ լիազորված մարմնի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով արտոնագրերի, ինչպես նաև ջրօգտագործման ու ջրերի համար շահագործական հորատանցքերի հորատման թույլտվության ձևակերպման համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.

սահմանված կարգով տրված արտոնագրերի հիման վրա ընդերքն օգտագործողների հետ պայմանագրերի կնքումը.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ բոլոր տեսակի օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքից օգտվելու վարձի չափի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

շինարարական նպատակներով հատկացվող տարածքների ընդերքում օգտակար հանածոների առկայության կամ բացակայության մասին եզրակացությունների նախապատրաստումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին.

երկրաբանության և հանքային հումքի օգտագործման բնագավառում համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արտաքին տնտեսական կապերի զարգացումը.

ՀՀ ընդերքպետվարչության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ապահովումը։

 

III. ՀՀ ընդերքպետվարչության աշխատանքի կազմակերպումը

 

4. ՀՀ ընդերքպետվարչությունը և նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը կազմում է պետական վարչության միասնական համակարգը։

5. ՀՀ ընդերքպետվարչությունը համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իր իրավասության սահմաններում՝ պահպանելով գործող օրենսդրությամբ նախատեսված պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ինքնուրույնությունը։

Իր իրավասության սահմաններում պետական վարչությունը մշակում ու հաստատում է երկրաբանահետախուզական գործընթացը կարգավորող մեթոդական ցուցումներ և ակտեր, որոնք պարտադիր են հանրապետության տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար։

ՀՀ ընդերքպետվարչությունն այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ կապեր ու գործարար համագործակցություն է իրագործում միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար։

ՀՀ ընդերքպետվարչությունը նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, գիտական կազմակերպություններից, ձեռնարկություններից իրավասու է ստանալու նյութեր, տվյալներ ու եզրակացություններ երկրաբանության և հանքային հումքի օգտագործման հարցերի վերաբերյալ:

6. ՀՀ ընդերքպետվարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները։

ՀՀ ընդերքպետվարչությունն ապահովում է իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանումն ու դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

7. ՀՀ ընդերքպետվարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ, որոնց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ ու հրահանգներ, տալիս ցուցումներ և ստուգում դրանց կատարումը։

ՀՀ ընդերքպետվարչությունն անհրաժեշտության դեպքում այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ հրապարակում է համատեղ հրամաններ ու հրահանգներ։

ՀՀ ընդերքպետվարչությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան հանձնարարված ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։

8. ՀՀ ընդերքպետվարչությունը համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման հիման վրա։

9. ՀՀ ընդերքպետվարչությունը գլխավորում է պետը, որը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Պետն ունի տեղակալներ, որոնց նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետի ներկայացմամբ։ Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է պետը։

10. ՀՀ ընդերքպետվարչության պետը`

պատասխանատվություն է կրում պետական վարչության վրա դրված խնդիրների ու ֆունկց՛իաների կատարման համար.

սահմանում է իր տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը.

հաստատում է պետական վարչության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.

իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ։

ՀՀ ընդերքպետվարչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալներից մեկը։

11. ՀՀ ընդերքպետվարչությունն ունի կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետական վարչության պետը (նախագահ) և տեղակալներն ի պաշտոնե, ինչպես նաև պետական վարչության այլ ղեկավար աշխատողներ։

12. ՀՀ ընդերքպետվարչության կոլեգիան պարբերաբար անցկացվող իր նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական հարցերն ու պետական վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները,

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Պետական վարչության պետի և կոլեգիայի միջև տարաձայնություններ լինելու դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

13. Գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման ու արտադրության մեջ արմատավորման վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ՀՀ ընդերքպետվարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ՝ բաղկացած նշանավոր գիտնականներից, բարձրորակ մասնագետներից և արտադրության նորարարներից։

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատվում են պետական վարչության պետի կողմից։

14. ՀՀ ընդերքպետվարչությունը ստեղծում, վերակազմում և լուծարում է իր ենթակայության հիմնարկները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

15. ՀՀ ընդերքպետվարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

16. ՀՀ ընդերքպետվարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին և ուշադիր քննարկումը՝ հասնելով այդ նամակներում դրված հարցերի ճիշտ լուծմանը։

17. ՀՀ ընղերքպետվարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան