ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3730-Ա |
«30» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արամ Պետրոսյանի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68467-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68467-26 դիմումի քննության նպատակով 2026 թվականի հուլիսի 17-ին ժամը 15.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել են Արամ Պետրոսյանը և վերջինիս լիազորված անձ՝ Lիլիա Սիմոնյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68467-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 17-ի արձանագրությունը, վարույթի լսումների ընթացքում ներկայացված և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դիմումով և վարույթի լսումների ժամանակ հայտնած դիրքորոշմամբ Արամ Պետրոսյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի հունիսի 3-ին Երևանի Չարենցի փողոցի թիվ 5 շենքի բակում ծառի ճյուղն իր սեփականությունը հանդիսացող «Ford Fusion» մակնիշի «37 HF 530» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում առաջացած վնասը:
2025 թվականի հունվարի 20-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB130330 վկայագրի համաձայն՝ «Ford Fusion» մակնիշի «37 HF 530» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արամ Պետրոսյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի համայնքային ոստիկանի կողմից 2026 թվականի հունիսի 3-ին կազմվել է տեղեկանք, որի համաձայն՝ նույն օրը կատարված ահազանգով Արամ Պետրոսյանը հայտնել է, որ իրենց բակում գտնվող ծառից անհայտ պայմաններում ճյուղ է պոկվել և ընկել պարսպի վրա, որի հետևանքով պարսպից քարեր են պոկվել և թափվել իր «Ford Fusion» մակնիշի «37 HF 530» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա և վնասել ավտոմեքենայի աջակողմյան հատվածը: Ահազանգի կապակցությամբ 2026 թվականի հունիսի 4-ին այց է կատարվել պատահարի հասցե և կազմվել է գրավոր արձանագրություն:
Դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից 2026 թվականի հուլիսի 9-ին պարզաբանվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Չարենց փողոցի թիվ 5 հասցեում «Ակտիվ քաղաքացի» հավելվածով ստացվել է հայտ այն մասին, որ նշված հասցեում առկա է ծառի կոտրված ճյուղ, որը սեփական տարածքից կոտրվել և ընկել է բակում կայանված մեքենայի վրա: Որպես բարի կամքի դրսևորում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից ծառի ճյուղը հեռացվել է տարածքից, իսկ հետագայում, հաշվի առնելով բնակիչների անվտանգությունը, իրականացվել են ծառի մասնատման և տեղափոխման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2026 թվականի հունիսի 22-ի թիվ 17/81651-26 գրությամբ փաստաբան Արտյոմ Կոստանդյանին տեղեկացվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2026 թվականի հունիսի 3-ին «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված ահազանգի հիման վրա իրականացվել է տեղատեսություն, որի արդյունքում պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Չարենց փողոցի թիվ 5 շենքի բակին հարակից սեփական տարածքում առկա է կոտրված ճյուղ: Վթարային ճյուղի հատման, մասնատման և հեռացման աշխատանքների ընթացքում արձանագրվել է, որ ծառն ամբողջությամբ վթարավտանգ է: Ելնելով բնակչության անվտանգությունից և հաշվի առնելով մնացած ճյուղերի կոտրվելու հավանականությունը՝ սեփականատիրոջ համաձայնությամբ իրականացվել են թթենու ամբողջական հատման աշխատանքներ:
2026 թվականի հուլիսի 20-ի թիվ Ն/47403-26 գրությանն ի պատասխան՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 2026 թվականի հուլիսի 22-ին հայտնել է, որ Չարենց փողոցի թիվ 5 հասցեի սեփական տարածքում գտնվող ծառի ճյուղը տապալվել և ընկել էր մեքենայի վրա՝ պատճառելով գույքային վնաս, որից հետո նույն կազմակերպության աշխատակիցները մասնատել և հեռացրել են ծառի կոտրված ճյուղը։ Նաև նշվել է, որ ծառը գտնվում էր սեփական տարածքում, որի պահպանման և խնամքի աշխատանքները դուրս են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործառույթներից։ Միաժամանակ՝ հասկանալով, որ սեփական տարածքում գտնվող թթենին կեսունակության ավարտին մոտ է և հետագայում կարող է առաջանալ նմանատիպ իրավիճակներ և ցուցաբերելով բարի կամք, ելնելով բնակչության անվտանգությունից և խուսափելով վտանգավոր իրավիճակներից՝ հետագա օրերի ընթացքում կազմակերպության աշխատակիցները կապ են հաստատել սեփականատիրոջ հետ և, գալով համաձայնության, հատել են ծառը։
2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68467-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով Արամ Պետրոսյանի կողմից չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասի չափի, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի հիմնավորվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծառի ճյուղը, որն ընկնելու հետևանքով վնասվել է «Ford Fusion» մակնիշի «37 HF 530» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը, պոկվել է այն ծառից, որը գտնվում էր սեփական տարածքում և որի պահպանման և խնամքի աշխատանքները դուրս են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործառույթներից, իսկ վարույթով չեն ներկայացվել պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև չեն ներկայացվել նկարագրված պատահարի հետևանքով վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 134-րդ, 164-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արամ Պետրոսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ Դ-68467-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|