ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3603-Ա |
«22» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ռոբերտ Առաքելյանի 2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 10-ին, ժամը 15:00-ին հրավիրվել են լսումներ, որի մասին 2026 թվականի հունիսի 24-ի թիվ 07/83379-26 գրությամբ և «advocate.arakeliian@gmail.com» էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվել է Ռոբերտ Առաքելյանը, սակայն վերջինս լսումներին չի ներկայացել:
Ուսումնասիրելով 2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումով Ռոբերտ Առաքելյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի մայիսի 29-ին Երևան քաղաքի Արղության փողոցի 1-ին փակուղում, ճանապարհի երթևեկելի մասում առկա փոսի պատճառով իր վարած և իր սեփականությունը հանդիսացող «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ինքնավթարի ենթարկվելու պատճառով վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որը «Խաչատուրով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 18-ին կազմված թիվ 26-2256 եզրակացության համաձայն՝ կազմում է 590.000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև նշված եզրակացության համար վճարված 198.000 (մեկ հարյուր իննսունութ հազար) ՀՀ դրամը՝ որպես խախտված իրավունքների վերականգնման նպատակով կատարված ծախս:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողների կողմից 2026 թվականի մայիսի 29-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 106224 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն), որի համաձայն՝ նշված օրը Ռոբերտ Առաքելյանի վարած «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Արղության 1-ին փակուղի թիվ 1/21 հասցեի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա, որում գծագրվել է ճանապարհի քանդված հատվածը՝ փոսը:
2025 թվականի հուլիսի 16-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB372143 վկայագրի համաձայն՝ «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ռոբերտ Առաքելյանի սեփականությունը:
2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումին (այսուհետ՝ Դիմում) կից ներկայացված՝ «Խաչատուրով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2026 թվականի հունիսի 18-ին կազմված թիվ 26-2256 ավտոտեխնիկական և ապրանքագիտական եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) «Հետևություն» բաժնի ավտոտեխնիկական մասի համաձայն՝ առաջադրված պայմաններում «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ պատահարի առաջացումը, չեն դիտվում: Փորձագետը նաև գտել է, որ առաջադրված պայմաններում ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք՝ տեխնիկական տեսակետից թույլ են տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը: Եզրակացության «Հետևություն» բաժնի ապրանքագիտական մասի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափը արժեքային արտահայտությամբ, փորձաքննության իրականացման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 590.000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
Դիմումին կից չեն ներկայացվել «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած և Արձանագրությամբ նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները հետազոտման ենթարկելու, պատահարը ճանապարհի երթևեկելի մասում առկա փոսի պատճառով տեղի ունենալու վերաբերյալ կազմված, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած ավտոմեքենայի վնասվածքների հետքաբանական փորձագիտական եզրակացություններ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ճանապահատրանսպորտային պատահար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Քննարկվող պարագայում՝ Ռոբերտ Առաքելյանը Դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորել է Եզրակացությամբ, հետևաբար վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը ենթակա է գնահատման Եզրակացության ապացուցողական նշանակությունը պարզելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես վարորդի կողմից պատահարը կանխելու տեխնիկական հնարավորության բացակայությունը հիմնավորող ապացույց՝ Ռոբերտ Առաքելյանը ներկայացրել է Եզրակացությունը, որի՝ ավտոտեխնիկական մասի համար փորձագետը, որպես ելակետային տվյալ, հաշվի է առել հետևյալը. «Ըստ Ռոբերտ Արմանի Առաքելյանի դիմումով տրված պարզաբանման ինքը երթևեկում էր 40կմ/ժ արագությամբ, իսկ ճանապարհի վրայի փոսը նկատել է 15 մետր հեռավորությունից» (Եզրակացության «Ելակետային տվյալներ» բաժնի 2-րդ կետ):
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Եզրակացության բազմակողմանի հետազոտմամբ պարզվում է, որ երթևեկության համար առաջացած վտանգը (փոսը) հայտնաբերելու տեխնիկական հնարավորության բացակայության, վարորդի կողմից ՃԵԿ-ի պահանջների խախտում թույլ տրված չլինելու վերաբերյալ փորձագետի եզրահանգումները հիմնված են ոչ թե համապատասխան փորձաքննությամբ պարզված տվյալների (փոխադրամիջոցի ընթացքի արագություն, ավտոմեքենայի լուսարձակների լուսավորության հեռավորություն, վտանգի հայտնաբերման և կանխման նպատակով գործողություններ ձեռնարկելու համար անհրաժեշտ ժամանակահատված և այլն), այլ վարորդի դիմումում նշված տվյալների հաշվառմամբ կատարված հաշվարկների վրա, ինչը Եզրակացությունը զրկում է օբյեկտիվությունից, քանի որ վարորդը հանդիսանում է շահագրգիռ կողմ, իսկ տվյալ պարագայում վերջինիս տրամադրած տվյալների հավաստիությունը ապացուցված չէ համապատասխան փորձաքննությամբ ստացված տվյալներով:
Ինչ վերաբերում է Եզրակացության «Հետևություն» բաժնի ապրանքագիտական մասին, ապա այն ևս չի արտացոլում օբյեկտիվ իրականությունը, քանի որ Եզրակացությունը չի պարունակում հետազոտություն ավտոմեքենայի վրա հայտնաբերված վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ և չի բացահայտում Արձանագրությամբ նկարագրված պատահարի և գնահատված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված հանգամանքով պայմանավորված՝ Եզրակացությամբ չի հիմնավորում ենթադրյալ վնասը 590.000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը, քանի որ Եզրակացության ապրանքագիտական մասը հիմնված չէ «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքաբանական փորձաքննության եզրակացության վրա:
Այսպիսով՝ Եզրակացության ապացուցողական նշանակությունը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշման լույսի ներքո գնահատելու արդյունքում պարզվում է, որ այն չի հանդիսանում պատշաճ ապացույց, ուստի գնահատվում է ոչ վերաբերելի և ոչ արժանահավատ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փաստական հանգամանքներն արդեն իսկ Դիմումի մերժման համար բավարար հիմք են հանդիսանում, ուստի նշված հանգամանքով և վարույթը չբարդացնելու նպատակով պայմանավորված՝ Ռոբերտ Առաքելյանի կողմից ներկայացված՝ խախտված իրավունքների վերականգնման նպատակով կատարված ծախսը փոխհատուցելու պահանջն առանձին գնահատման և քննարկման առարկա չի դարձվում, քանի որ այն ածանցվում է հիմնական՝ գույքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջից:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2026 թվականի մայիսի 29-ին «Tesla» մակնիշի «10 RA 011» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել վնասի առաջացումը պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, փոսի առկայությամբ պայմանավորված լինելու վերաբերյալ պատշաճ և արժանահավատ ապացույց, առկա չէ պատահարի հանգամանքներում Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողությունը կամ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, չեն ներկայացվել թիվ 106224 արձանագրությամբ նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած ավտոմեքենայի վնասվածքների հետքաբանական փորձագիտական եզրակացություններ, պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան վարորդի կողմից կանխելու անհնարինության վերաբերյալ արժանահավատ և օբյեկտիվ փորձագիտական եզրակացություն, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Ռոբերտ Առաքելյանի 2026 թվականի հունիսի 24-ի թիվ Դ-65088-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|