ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1993 թ. N 475
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1993 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնության հետ քլիրինգային փոխադարձ առաքումների հաշվեկշռում ստեղծված ճեղքվածքը փակելու, քլիրինգի շրջանակներից դուրս արտադրանքի կենտրոնացված արտահանումը Ռուսաստանի Դաշնություն խթանելու, ինչպես նաև արտադրանքի իրացման ժամկետների կրճատման հաշվին միջոցների շրջանառությունն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը քլիրինգային առաքումների անվանացանկով Ռուսաստանի Դաշնություն արտահանված արտադրանքի մինչև 30 տոկոսն իրացնել ինքնուրույն, որից ստացված հասույթը կենտրոնացնել հաշվարկային մեկ հաշվի վրա և օգտագործել այն քլիրինգային առաքումների տրանսպորտային, էքսպեդիցիոն և այլ պարտադիր վճարումները Ռուսաստանի Դաշնությունում կատարելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` բանկային 3 օրվա ընթացքում բացել արտաբյուջետային արտահանման հաշիվ` նյութական ռեսուրսների նախարարության համակարգի ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորման կողմից քլիրինգի շրջանակներից դուրս Ռուսաստանի Դաշնություն արտադրանքի կենտրոնացված արտահանումների ֆինանսավորման համար:
Նշված հաշվում գումարները կուտակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում գործող քլիրինգային խմբին ներկայացված պայմանագրերի հիման վրա: Քլիրինգային խումբը ներկայացված պայմանագրերը 3 օրվա ընթացքում ենթարկում է փորձաքննության և դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 3 բանկային օրվա ընթացքում հաշվում ապահովում է համապատասխան գումարները:
3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի մրցունակությունը Ռուսաստանի Դաշնության շուկայում պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ձեռնարկություններին և «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորմանը թույլատրել ձեռքբերված արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում իրացնել ձեռքբերման գնի և դրա 40 տոկոսի չափով տրանսպորտային ծախսերի ընդհանուր մակարդակից միջին հաշվով մինչև 18 տոկոս ցածր գներով:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտադրանքի իրացումից Ռուսաստանի Դաշնությունում ստացված հասույթի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հանրապետությունից դուրս անկանխիկ հաշվարկների իրականացման և տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակավոր կարգի մասին» N 402 համատեղ որոշման գործողությունը:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով բացված հաշվի միջոցներով ձեռքբերված և Ռուսաստանի Դաշնություն արտահանված արտադրանքի իրացումից ստացված հասույթը`
ա) Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ձեռնարկությունների միջոցով իրականացված մասով կենտրոնացվում է սույն որոշման 1-ին կետում նախատեսված հաշվարկային հաշվում.
բ) «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորման կողմից իրականացված մասով, ժամանակավորապես, մինչև Ռուսաստանի Դաշնությունում դուստր ձեռնարկություն հիմնելը, նույնպես կենտրոնացվում է վերոհիշյալ հաշվարկային հաշվում.
գ) բաշխվում և օգտագործվում է հետևյալ կարգով`
35 տոկոսը տրամադրվում է արտահանումն ու իրացումը կատարողին` տրանսպորտային, էքսպեդիցիոն և այլ պարտադիր վճարումներ կատարելու համար.
32,5 տոկոսը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և օգտագործվում է նրա ցուցումով.
32,5 տոկոսը տրամադրվում է Հայաստանում արտադրանք վաճառած ձեռնարկությանը և վերջինիս կողմից օգտագործվում է միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ արտաբյուջետային արտահանման հաշվին համապատասխան փոխհատուցումը կատարելուց հետո:
6. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորմանը`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետությունում արտադրանք վաճառած ձեռնարկությանը Ռուսաստանի Դաշնությունում արտադրանքի իրացումից ստացված հասույթի նրան հասանելիք մասի տրամադրումը, համաձայն կնքված պայմանագրերի.
բ) յուրաքանչյուր շաբաթ, հինգշաբթի օրը, ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հասանելիք մասի փոխանցումը` նրա կողմից նշված հասցեով.
գ) յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվա 10-ը, ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության նախորդ ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արտադրանքի իրացման և ստացված հասույթի օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացումը:
7. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում իրացված արտադրանքի հասույթի (իրենց տրամադրված մասով) և Ռուսաստանի Դաշնությունում կատարված տրանսպորտային, էքսպեդիցիոն և այլ պարտադիր վճարումների տարբերությունը Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության համակարգի ձեռնարկությունների և «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորման համար դրական արդյունքի դեպքում հանդիսանում է շրջանառու միջոցների լրացման աղբյուր, իսկ բացասական արդյունքի դեպքում համարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան արտաբյուջետային հաշիվների հանդեպ պարտք, որը նրանք պարտավոր են փոխհատուցել իրենց եկամուտների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նյութական ռեսուրսների նախարարության հետ համատեղ, ներկայացված հաշվետվությունների հիման վրա փոփոխել սույն որոշմամբ սահմանված կարգով արտադրանքի իրացումից ստացված հասույթի բաշխման և օգտագործման նախատեսված նորմատիվները` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել կարգ, որի համաձայն սույն որոշման դրույթները պետք է տարածվեն նաև պետական և ոչ պետական այլ ձեռնարկությունների վրա` հավասար իրավունքներով և կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան տեղեկանք:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |