ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1955-Լ
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն ծրագրի շրջանակում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։
3. Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ընդ որում` դիմումների ընդունման գործընթացը մինչև նշված ժամկետը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշի սահմանաչափը լրանալու դեպքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1955-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ
1. Ծրագրի նպատակն է նպաստել Ղարաբաղից տեղահանված անձանց տնտեսական կայունացմանը՝ խթանելով ձեռնարկատիրական գործունեությունը։
2. Ծրագրի շահառու են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով (բացառությամբ 1-ին մասի 6-րդ կետի) սահմանված գործունեության որևէ տեսակով Հայաստանի Հանրապետությունում չզբաղված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձինք։
(2-րդ կետը լրաց. 30.07.26 N 1121-Լ)
3. Ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։
4. Ծրագրի շրջանակում շահառուի ինքնազբաղվածության խթանման նպատակով տրամադրվում է աջակցություն հետևյալ ուղղություններով`
1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակներում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում՝ հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, արտադրանքի (արդյունքի) փաթեթավորման, առաքման, վճարման կամ այլ նորարարության հարցերով, այդ թվում՝ թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման վերաբերյալ).
2) գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։
5. Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ սույն ծրագրով սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
6. Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 2 տարի իրականացրել են բիզնես դասընթացների կազմակերպման և բիզնես ուղեկցման գործունեություն, որն էլ հավաստվում է համապատասխան փաստաթղթերի (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կամ արձանագրություն կամ այլ հավաստող փաստաթղթեր) առկայությամբ։
(6-րդ կետը խմբ. 30.07.26 N 1121-Լ)
7. Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են ծառայության պաշտոնական կայքէջում:
8. Ծրագիրը ֆինանսավորվում է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.
2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Ծրագրի շրջանակում կազմակերպությանը վճարվում է՝
1) յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ.
2) յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։
10. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում՝ սույն ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Տվյալ դեպքում անձը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Շահառուն հարթակում կատարում է նաև նշում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տալիս համաձայնություն նշված տեղեկատվությունը ստուգելու վերաբերյալ։ Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի՝ սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարթակում՝ տվյալների շտեմարանների փոխգործելիությամբ անձի տվյալների համադրման, ինչպես նաև համապատասխան մարմիններից տեղեկատվության ստացման միջոցով, այն դեպքում, երբ այդ տեղեկատվության ստացումը հնարավոր չէ իրականացնել ինքնաշխատ եղանակով։
(10-րդ կետը լրաց., փոփ. 30.07.26 N 1121-Լ)
11. Հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կատարվում է շահառուների՝ սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանության կրկնակի ստուգում, որից հետո ձևավորվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում (այսուհետ՝ ցուցակ)), որը հաջորդ ամսվա առաջին աշխատանքային օրը հասանելի է դառնում ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Հարթակի միջոցով ծառայությունը նույն աշխատանքային օրվա ընթացքում ցուցակն ուղարկում է ծրագրի շրջանակում օֆերտայի պայմանագիր կնքած կազմակերպությունների էլեկտրոնային փոստի հասցեին (հասցեներին)։
(11-րդ կետը խմբ. 30.07.26 N 1121-Լ)
12. Կազմակերպությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է շահառուների ընտրություն՝ հիմք ընդունելով նրանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորություններն ու կարողությունը և էլեկտրոնային փոստի միջոցով այդ մասին տեղեկացնում ծառայություն: Ընդ որում, ցուցակում ընդգրկված անձանց թվի նվազման դեպքում կազմակերպությունը կարող է դիմել ծառայություն նոր շահառուների վերաբերյալ լրացուցիչ ցուցակ ներկայացնելու առաջարկով: Տարբեր կազմակերպությունների կողմից միևնույն անձի ընտրության դեպքում տվյալ անձն է կատարում ընտրություն, թե որ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացին է ցանկանում մասնակցել և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում ծառայություն։ Այն դեպքում, երբ ցուցակում ընդգրկված անձը չի ընտրվում որևէ կազմակերպության կողմից, ապա նրա վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հաջորդ ամսվա ցուցակում։
(12-րդ կետը խմբ. 30.07.26 N 1121-Լ)
13. Կազմակերպությունը շահառուների ընտրությունը կատարելուց հետո նրանց համար կազմակերպում է բիզնես ուսուցման դասընթացներ 1-3 ամիս ժամկետով՝ առնվազն շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ, յուրաքանչյուր խմբում 5-10 մասնակցի ընդգրկմամբ, որի արդյունքում մշակվում են գործարար ծրագրեր։ Սույն ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը վճարվում է կազմակերպությանն ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամիս համամասնորեն։ Ոչ լրիվ ուսումնական ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա համար նախատեսված ուսուցման օրերի թվի վրա և բազմապատկելով ուսուցմանը մասնակցած օրերի թվով։
(13-րդ կետը խմբ. 30.07.26 N 1121-Լ)
14. Կազմակերպության կողմից դրական եզրակացություն է տրվում գործարար ծրագրերին՝ առաջնահերթություն տալով մշակող արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործունեության իրականացում նախատեսող գործարար ծրագրերին։ Կազմակերպությունը դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերը դասընթացն ավարտվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն, որն էլ երկու աշխատանքային օրվա ընթացքում, կցելով գործարար ծրագրերի վերաբերյալ իր եզրակացությունը, ներկայացնում է ծառայություն։ Ծառայությունը, հիմք ընդունելով ներկայացված եզրակացությունները, երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը տարածքային կենտրոնին՝ շահառուի հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքելու համար:
(14-րդ կետը լրաց. 30.07.26 N 1121-Լ)
15. Տարածքային կենտրոնը ծառայության համաձայնությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։
(15-րդ կետը փոփ. 30.07.26 N 1121-Լ)
16. Շահառուն պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը), որի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով արտացոլվում է հարթակում։
17. Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար տրվում է դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։ Ընդ որում, դրամաշնորհը տրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 30%-ի չափով շահառուի կողմից ներդրում կատարվելուց հետո։ Շահառուի կողմից ներդրումները կարող են լինել դրամական կամ գույքային (հիմնական միջոցներ, տարածքի տրամադրում)։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
(17-րդ կետը լրաց. 30.07.26 N 1121-Լ)
18. Շահառուն սույն ծրագրի 17-րդ կետով նախատեսված՝ գործարար ծրագրի գումարի 30%-ի չափով ներդրումը հիմնավորող փաստաթղթերը (բանկային հաշվի քաղվածքներ, գումարի փոխանցման վերաբերյալ բանկային փաստաթղթեր, վճարման հանձնարարականներ, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ, հաշիվ-ապրանքագրեր, վճարման անդորրագրեր, գնումների պայմանագրեր, սեփականության իրավունքը հաստատող, ինչպես նաև ներդրվող գույքի արժեքը հավաստող փաստաթղթեր) ներկայացնում է տարածքային կենտրոն, որից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման 1 տարին լրանալուց հետո։
(18-րդ կետը փոփ. 30.07.26 N 1121-Լ)
19. Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է առնվազն 3,000,000 դրամ, շահառուին տրվում է հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը տրվում է ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։
20. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման 12 ամիսը, ինչպես նաև դրանից հետո ևս 6 ամիսը լրանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տվյալների հիման վրա իրականացվում է շահառուի ձեռնարկատիրական գործունեության շարունակականության ստուգում, որն էլ հիմք է հանդիսանում սույն ծրագրի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված աջակցության տրամադրման համար։
20.1. Շահառուի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով, եթե նա չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները։
(20.1-ին կետը լրաց. 30.07.26 N 1121-Լ)
20.2. Ծրագրով նախատեսված աջակցությունը դադարեցվում է՝
1) սույն ծրագրի 20-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո.
2) սույն ծրագրի 2-րդ կետով շահառու լինելու համար սահմանված պահանջները մինչև դրամաշնորհի տրամադրումը չպահպանելու դեպքերում.
3) պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեությունը մեկ տարվա ընթացքում դադարեցնելու դեպքում.
4) շահառուի դիմումի համաձայն.
5) շահառուի մահվան դեպքում:
(20.2-րդ կետը լրաց. 30.07.26 N 1121-Լ)
20.3. Ծրագրով նախատեսված աջակցության տրամադրումը կասեցվում է շահառուի կողմից զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածներում։
(20.3-րդ կետը լրաց. 30.07.26 N 1121-Լ)
21. Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ծառայություն մինչև հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը։ Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը։
(21-րդ կետը խմբ. 30.07.26 N 1121-Լ)
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 30.07.26 N 1121-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.07.2026, N 1121-Լ | 25.12.2025, N 1955-Լ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|