ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1121-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1955-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը հաստատելու մասին» N 1955-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 2-րդ կետը «5-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 1-ին մասի 6-րդ կետի)» բառերով.
2) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 2 տարի իրականացրել են բիզնես դասընթացների կազմակերպման և բիզնես ուղեկցման գործունեություն, որն էլ հավաստվում է համապատասխան փաստաթղթերի (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կամ արձանագրություն կամ այլ հավաստող փաստաթղթեր) առկայությամբ։».
3) որոշման հավելվածի 10-րդ կետում՝
ա. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Շահառուն հարթակում կատարում է նաև նշում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տալիս համաձայնություն նշված տեղեկատվությունը ստուգելու վերաբերյալ։»,
բ. «միջոցով» բառը փոխարինել «, ինչպես նաև համապատասխան մարմիններից տեղեկատվության ստացման միջոցով, այն դեպքում, երբ այդ տեղեկատվության ստացումը հնարավոր չէ իրականացնել ինքնաշխատ եղանակով» բառերով.
4) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կատարվում է շահառուների՝ սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանության կրկնակի ստուգում, որից հետո ձևավորվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում (այսուհետ՝ ցուցակ)), որը հաջորդ ամսվա առաջին աշխատանքային օրը հասանելի է դառնում ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Հարթակի միջոցով ծառայությունը նույն աշխատանքային օրվա ընթացքում ցուցակն ուղարկում է ծրագրի շրջանակում օֆերտայի պայմանագիր կնքած կազմակերպությունների էլեկտրոնային փոստի հասցեին (հասցեներին)։».
5) որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Կազմակերպությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է շահառուների ընտրություն՝ հիմք ընդունելով նրանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորություններն ու կարողությունը և էլեկտրոնային փոստի միջոցով այդ մասին տեղեկացնում ծառայություն: Ընդ որում, ցուցակում ընդգրկված անձանց թվի նվազման դեպքում կազմակերպությունը կարող է դիմել ծառայություն նոր շահառուների վերաբերյալ լրացուցիչ ցուցակ ներկայացնելու առաջարկով: Տարբեր կազմակերպությունների կողմից միևնույն անձի ընտրության դեպքում տվյալ անձն է կատարում ընտրություն, թե որ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացին է ցանկանում մասնակցել և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում ծառայություն։ Այն դեպքում, երբ ցուցակում ընդգրկված անձը չի ընտրվում որևէ կազմակերպության կողմից, ապա նրա վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հաջորդ ամսվա ցուցակում։
13. Կազմակերպությունը շահառուների ընտրությունը կատարելուց հետո նրանց համար կազմակերպում է բիզնես ուսուցման դասընթացներ 1-3 ամիս ժամկետով՝ առնվազն շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ, յուրաքանչյուր խմբում 5-10 մասնակցի ընդգրկմամբ, որի արդյունքում մշակվում են գործարար ծրագրեր։ Սույն ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը վճարվում է կազմակերպությանն ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամիս համամասնորեն։ Ոչ լրիվ ուսումնական ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա համար նախատեսված ուսուցման օրերի թվի վրա և բազմապատկելով ուսուցմանը մասնակցած օրերի թվով։».
6) որոշման հավելվածի 14-րդ կետը «կենտրոն» բառից հետո լրացնել «, որն էլ երկու աշխատանքային օրվա ընթացքում, կցելով գործարար ծրագրերի վերաբերյալ իր եզրակացությունը, ներկայացնում է ծառայություն։ Ծառայությունը, հիմք ընդունելով ներկայացված եզրակացությունները, երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը տարածքային կենտրոնին՝ շահառուի հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքելու համար» բառերով.
7) որոշման հավելվածի 15-րդ կետում «գործարար ծրագիրն» բառերը փոխարինել «ծառայության համաձայնությունն» բառերով.
8) որոշման հավելվածի 17-րդ կետը «2,000,000 դրամը։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, դրամաշնորհը տրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 30%-ի չափով շահառուի կողմից ներդրում կատարվելուց հետո։ Շահառուի կողմից ներդրումները կարող են լինել դրամական կամ գույքային (հիմնական միջոցներ, տարածքի տրամադրում)։».
9) որոշման հավելվածի 18-րդ կետում «Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո» բառերը փոխարինել «Շահառուն սույն ծրագրի 17-րդ կետով նախատեսված՝ գործարար ծրագրի գումարի 30%-ի չափով ներդրումը հիմնավորող փաստաթղթերը (բանկային հաշվի քաղվածքներ, գումարի փոխանցման վերաբերյալ բանկային փաստաթղթեր, վճարման հանձնարարականներ, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ, հաշիվ-ապրանքագրեր, վճարման անդորրագրեր, գնումների պայմանագրեր, սեփականության իրավունքը հաստատող, ինչպես նաև ներդրվող գույքի արժեքը հավաստող փաստաթղթեր) ներկայացնում է տարածքային կենտրոն, որից հետո» բառերով.
10) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին, 20.2-րդ և 20.3-րդ կետերով.
«20.1. Շահառուի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով, եթե նա չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները։
20.2. Ծրագրով նախատեսված աջակցությունը դադարեցվում է՝
1) սույն ծրագրի 20-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո.
2) սույն ծրագրի 2-րդ կետով շահառու լինելու համար սահմանված պահանջները մինչև դրամաշնորհի տրամադրումը չպահպանելու դեպքերում.
3) պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեությունը մեկ տարվա ընթացքում դադարեցնելու դեպքում.
4) շահառուի դիմումի համաձայն.
5) շահառուի մահվան դեպքում:
20.3. Ծրագրով նախատեսված աջակցության տրամադրումը կասեցվում է շահառուի կողմից զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածներում։».
11) որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ծառայություն մինչև հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը։ Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |