ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 487 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին հատկացվող արտոնությունների մասին» N 487 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշմամբ նախատեսված արտոնություններից օգտվող անձինք շարունակում են օգտվել համապատասխան արտոնություններից մինչև գործող աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների դադարումը։
4․ Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց կողմից համապատասխան արտոնությունների հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխան պետական գաղտնիքը տնօրինող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
5․ Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց համար սահմանված լրացուցիչ վարձատրությունն իրականացվում է անվանացուցակի, իսկ լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրումը` անհատական տեղեկանքի հիման վրա:
6․ Սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված վճարումները ենթակա են կատարման նշված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելուց հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2026 թվական: