ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 465
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 1993 թ. N 465

Քաղ. Երևան

 

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 20-ի N 391 կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատախումբը տեղում օպերատիվ միջոցներ է ձեռնարկել Կապան քաղաքի 1993 թվականի օգոստոսի 18-ի ռմբակոծության հետևանքները վերացնելու, հասցված վնասների չափը պարզելու ուղղությամբ:

Կազմակերպվել է դեղորայքի, սննդամթերքի, հեղուկ վառելանյութի, առաջին անհրաժեշտության շինանյութերի առաքումը: Ձեռնարկված միջոցների շնորհիվ վերականգնվել է քաղաքին խմելու ջրի և էլեկտրական էներգիայի մատակարարումը, վերսկսվել է արդյունաբերական ձեռնարկությունների, կապի և տրանսպորտի աշխատանքը: Տեղական բյուջեի և հիմնարկ-ձեռնարկությունների միջոցների հաշվին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել զոհվածների ընտանիքներին:

Կապան քաղաքի հուսալի պաշտպանության ապահովման, տնտեսության վերականգնման, կրած վնասների հատուցման, բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի կայունացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) արդյունավետ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի պաշտպանության ամրապնդման համար.

բ) հատուկ քննարկման առարկա դարձնել 1993 թվականի օգոստոսի 18-ի ռմբակոծության ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգի չգործելու պատճառները և ձեռնարկել համարժեք միջոցներ նրա հուսալիությունն ապահովելու համար:

Արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` կտրուկ միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության վիճակի բարելավման, ազդարարման և կանչի համակարգերի անխափան գործունեության, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած փրկարարական խմբերի կազմակերպման, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից կառուցվող ապաստարանների կահավորման և շահագործման արագացման համար:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, կապի նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, պատգամավորների Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 20-օրյա ժամկետում կազմել վերականգնողական աշխատանքների նախահաշիվները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և նյութական ռեսուրսների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը` նախահաշիվներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն նշված աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական և նյութական ռեսուրսների հատկացման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պատգամավորների Կապանի շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ`

ա) քննության առնել Կապան քաղաքում և շրջանում ռմբակոծությունից ու հրետակոծությունից տուժած բնակելի տների նորոգման և կառուցման համար երկարաժամկետ արտոնյալ պայմաններով լրացուցիչ վարկի տրամադրման հարցը.

բ) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ քննարկել և լուծել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և թեթև արդյունաբերության նախարարության ռմբակոծությունից տուժած ձեռնարկությունների վերականգնման համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը:

5. Պատգամավորների Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում քննության առնել ռմբակոծության հետևանքով բնակիչներին հասցված վնասների հատուցման հարցը և համաձայնեցված առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն նշված վնասների փոխհատուցման չափի ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Կապանի քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սանիտարական հատումների հաշվին ապահովել ռմբակոծությունից տուժած շենքերի և արտադրական օբյեկտների նորոգման համար անհրաժեշտ քանակության շինափայտի կուտակումն ու իրացումը:

7. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 15-օրյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Կապանի հացի գործարանի նորոգման, արտադրական հզորությունների ընդլայնման, ինչպես նաև հացաթխման ռեզերվային արտադրամասի կազմակերպման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, շինարարության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին` Կապան քաղաքի ռմբակոծության հետևանքների վերացման համար անհրաժեշտ շինանյութերի բացթողումը կատարել առանց կանխավճարի:

9. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին` «Հայկոմուննախագիծ» և «Հայնորոգնախագիծ» ինստիտուտների միջոցով 15-օրյա ժամկետում կատարել Կապան քաղաքի ռմբակոծության հետևանքով տուժած բնակելի շենքերի տեխնիկական փորձաքննությունը:

10. Թույլատրել Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին ռմբակոծությունների հետևանքների վերացման նպատակով անհրաժեշտ շինանյութերի արժեքի վճարման համար օգտագործելու 1993 թվականի կապիտալ շինարարության ծրագրով քաղաքին հատկացված կապիտալ ներդրումների չօգտագործված միջոցները:

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` հնարավորության սահմաններում արագացնել «Զանգեզուր» ծրագրով նախատեսված` Կապանի շրջանում փոքր ՀԷԿ-երի նախագծման աշխատանքները:

12. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին, Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը քննության առնել և լուծել Կապան քաղաքում հեղուկ վառելիքի և ալյուրի պահուստային պաշարների ստեղծման հարցը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ