ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով․
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` առավելագույնը 1000 դրամ․
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` առավելագույնը 5000 դրամ.
3) մեկ շաբաթվա համար` առավելագույնը 10000 դրամ.
4) մեկ ամսվա համար` առավելագույնը 80000 դրամ.
5) մեկ տարվա համար` առավելագույնը 1000000 դրամ.
6) ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 18. |
Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները վերադարձնելը |
1. Ավտոկայանատեղի վճարի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման նաև այն դեպքերում, երբ սույն օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև վճարված գումարը վերադարձնելու դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշների ցանկում), կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ: Սույն մասով նախատեսված դեպքերում տեղական վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի հիմքում ընկած փաստերի ապացուցման պարտականությունը կրում է դիմումատուն: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստերն ապացուցված չլինելու դեպքում դիմումը ենթակա է մերժման սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:
4. Ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար՝ կիրառման):
5. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա չեն վերադարձման, եթե վճարման պահից անցել է մեկ տարի:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 18-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կարգավորումների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված ավտոկայանատեղի տեղական վճարի դրույքաչափերը սահմանող իրավական ակտում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում այն շարունակում է գործել որպես ընթացիկ՝ հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված ավտոկայանատեղի տեղական վճարի դրույքաչափերը սահմանող իրավական ակտ:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-389-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|