ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-395-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.7-րդ հոդվածով.

 

«Հոդված 7.7.

Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած նյութերի հիման վրա իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով վարչական վարույթ կարող է հարուցվել և իրականացվել նաև համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմին ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:

2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացվելու պարագայում սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխան նյութերի ստացման պահից:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին ներկայացված նյութերի հիման վրա նշանակված տուգանքների գումարը կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը ներկայացրել է համապատասխան նյութերը։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-395-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: