ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 495
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1993 թ. N 495
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

սեպտեմբերի 29-ի N 495 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը (ստորև՝ ՀՀ բնութնախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից և իրականացնում է բնության պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման ոլորտների կառավարումը՝ ենթարկվելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը պատասխանատվություն է կրում բնական պաշարների պահպանության, արդյունավետ օգտագործման և վերարտադրության կազմակերպման, բնական միջավայրի աղտոտվածության հսկողության, դրա կանխարգելման և բնապահպան այլ հարցերի լուծման համար։

 

II. Հայաստանի Հանրապետության բնութնախարարության խնդիրներն ու ֆունկցիաները

 

2. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը՝

իրականացնում է բնության պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման համալիր վերահսկումը, բնապահպան գործունեության արդյունավետության բարձրացումը, շրջակա միջավայրի բարելավման աշխատանքների կազմակերպումը, բնօգտագործման նորմատիվների մշակումը և ներդրումը, բնապահպանության բնագավառում գիտատեխնիկական միասնական քաղաքականությունը.

կազմակերպում է էկոլոգիական հիմնահարցերի գիտական վերլուծությունը և հիմնավորում դրանց լուծման ուղիները՝ կապված արտադրողական ուժերի կառուցվածքի փոփոխության ու տեղաբաշխման, խոշոր տնտեսական օբյեկտների նախագծման ու շինարարության հետ.

կազմակերպում և ապահովում է պետական բնապահպան վերահսկողությունը նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների գործունեության նկատմամբ.

մշակում է և նպաստում իրականացնելու եզակի բնական համալիրները, բնության հուշարձանները, կենդանիների, բույսերի հազվագյուտ ու անհետացող տեսակները վնասակար ազդեցություններից պահպանելու միջոցառումները.

կազմակերպում է բնակչության էկոլոգիական դաստիարակությունը և բնության մասին գիտելիքների տարածումը.

իրականացնում է էկոլոգիական հարցերով միջազգային համագործակցություն.

սահմանված կարգով նախապատրաստում ու ՀՀ կառավարություն է ներկայացնում բնական միջավայրի պահպանության և համապատասխան պետական մարմինների հետ համատեղ բնական պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրեր.

շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների մասնակցությամբ նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում բնության պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման վերաբերյալ, դրանք հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.

համապատասխան պետական մարմինների հետ կազմակերպում և կոորդինացնում է բնության պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման տարածքային համալիր սխեմաների կազմման աշխատանքները, իրականացնում է այդ աշխատանքների մեթոդական աջակցությունն ու հաստատում դրանք.

կազմակերպում և իրականացնում է հանրապետության տարածքում բնական միջավայրի աղտոտվածության մոնիտորինգը (դիտարկում, գնահատում և կանխատեսում).

շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կառավարություն է ներկայացնում բնական պաշարների օգտագործման և աղտոտող նյութերի բնական միջավայր արտանետման համար վարձի գիտականորեն հիմնավորված նորմատիվներ, ինչպես նաև ինդեքսավորում բնապահպան օրենսդրության խախտման դեպքում պատճառված վնասի գումարը.

իր իրավասության սահմաններում հսկողություն է իրականացնում հողերի, օգտակար հանածոների, մակերևութային և ստորգետնյա ջրերի, մթնոլորտային օդի, բուսական և կենդանական աշխարհի պահպանման և օգտագործման, ինչպես նաև հանրապետության որսորդական տնտեսության գործունեության նկատմամբ.

սահմանում է բնական միջավայրի աղտոտվածությունից և այլ վնասակար ազդեցություններից պահպանությունը կարգավորող էկոլոգիական նորմատիվներ, կանոններ, ստանդարտներ (մթնոլորտը և ջրային օբյեկտները աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի նորմաներ), ապահովում է դրանց մշակումը և հաստատումը.

մասնակցում է անհրաժեշտ բնապահպան գործունեության իրականացման համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների հիմնական ուղղությունների մշակմանը։

3. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը, իր իրավասության սահմաններում, իրավունք ունի՝

վերահսկել կառուցվող բնապահպան մաքրման կայանների և կայանքների շինարարության ընթացքը, դրանց ժամանակին գործարկումը, տեխնիկական վիճակը և հետագա շահագործման կանոնների պահպանումը.

վերահսկել բնական պաշարների օգտագործման և բնական միջավայրը աղտոտումից և այլ վնասակար ազդեցություններից պաշտպանելու էկոլոգիական նորմատիվների պահպանումը.

պետական էկոլոգիական փորձաքննության ենթարկել տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերը, տնտեսության ճյուղերի տեղաբաշխման սխեմաները, քաղաքների գլխավոր հատակագծերը, արդյունաբերական շրջանների հանգույցների գլխավոր հատակագծերի սխեմաները, ժողովրդատնտեսական օբյեկտների և համալիրների շինարարության (նոր կառուցման, վերակառուցման, ընդլայնման, տեխվերազինման) տեխնիկատնտեսական հիմնավորումները.

համապատասխան մարմինների հետ հսկողություն իրականացնել ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից էկոլոգիական հետևանքներ ունեցող վթարների կանխման, արդյունավետ տեխնիկական միջոցների մշակման և ներդրման նկատմամբ.

մասնակցել նոր կառուցվող օբյեկտների տեղի ընտրության և շահագործման հանձնման պետական ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

սահմանված կարգով թույլատրել արդյունաբերական, կենցաղային և այլ թափոնների ու նյութերի թաղման (պահեստավորման), շրջակա միջավայրը աղտոտող նյութերի արտանետումների, արտադրական կարիքների նպատակով մթնոլորտային օդից ու կենդանական և բուսական աշխարհից օգտվելու, Կարմիր գրքի մեջ մտնող տեսակներին վերաբերող կենդանիների ու բույսերի հայթայթման համար.

հսկողություն իրականացնել սահմանված կարգով հաշվարկային անտառահատատեղի հատկացման նկատմամբ, ինչպես նաև մասնակցել ոչ գյուղատնտեսական կարիքների համար հողերի հատկացմանը.

կազմակերպել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի գործունեության աշխատանքները, դրանց կոորդինացումն ու զարգացումը.

հսկողություն իրականացնել բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում բնակավայրերի դեկորատիվ բույսերի, արդյունավետ օգտագործման և պահպանության նկատմամբ.

շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ վարել կենդանական և բուսական աշխարհի պետական կադաստրը, Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքը և, իր իրավասության շրջանակներում, սահմանված կարգով հաստատել այդ հարցերին վերաբերող նորմատիվային փաստաթղթերը.

իրականացնել հեռացվող ջրերի, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության պետական հաշվառումը և դրա ամփոփումը։ Վերահսկել աղտոտող նյութերի արտանետումների, բնական միջավայրի վրա վնասակար ներգործությունների, ջրի ու այլ բնական պաշարների օգտագործման առաջնային հաշվարկի ճշտությունը.

ստեղծել էկոլոգիական տվյալների բանկ և սահմանված կարգով տեղեկություններ հաղորդել պետական և հասարակական մարմիններին.

հասարակական կազմակերպությունների հետ աշխատանք տանել էկոլոգիական գիտելիքների քարոզչության ուղղությամբ, իրականացնել գիտատեխնիկական և գիտահանրամատչելի գրականության, գիտատեղեկատվական բյուլետենների, պարբերական հրատարակությունների և այլ նյութերի պատրաստումն ու հրապարակումը.

կազմակերպել բնության պահպանության մարմինների, ձեռնարկությունների և նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավար կադրերի ու մասնագետների որակավորման բարձրացումը.

նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և կազմակերպություններից անվճար ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և վիճակագրական հաշվետվություն շրջակա միջավայրի վիճակի, բնական պաշարների օգտագործման և վերարտադրության, բնապահպան միջոցառումների իրականացման, ինչպես նաև թափոնների առաջացման և աղտոտող նյութերի վթարային արտանետումների մասին.

համապատասխան կազմակերպությունների ղեկավարների համաձայնությամբ պետական էկոլոգիական փորձաքննության անցկացման ժամանակ ներգրավել մասնագետների և գիտնականների.

սահմանված կարգով արգելք դնել արդյունաբերական և այլ օբյեկտների շինարարության, վերակառուցման կամ ընդլայնման, բնական պաշարների օգտագործմամբ և բնապահպան օրենսդրության խախտումներով կատարվող աշխատանքների վրա, ինչպես նաև ժամանակավոր դադարեցնել արդյունաբերական և այլ ձեռնարկությունների աշխատանքը, որոնք կոպտորեն խախտում են շրջակա միջավայրի պահպանության նորմերն ու կանոնները.

հայցեր ներկայացնել ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ շրջակա միջավայրի աղտոտման և բնական պաշարների ոչ արդյունավետ օգտագործման հետևանքով պետությանը հասցրած վնասի փոխհատուցման համար.

տնօրինել Հայաստանի Հանրապետության բնության պահպանության պետական ֆոնդը։

 

III. Հայաստանի Հանրապետության բնութնախարարության աշխատանքի կազմակերպումը

 

4. Հայաստանի Հանրապետության բնութնախարարության համակարգը ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը։

5. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը։

6. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտի պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները։

Ապահովում է բնութնախարարության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունն ու դրանց նկատմամբ խնայողական վերաբերմունքը։

7. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա, և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է բնութնախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը։

Բնութնախարարությունը անհրաժեշտության դեպքում, մյուս նախարարությունների հետ համատեղ, հրապարակում է հրամաններ և հրահանգներ։

Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառումը բնության պահպանության ոլորտում, մշակում է առաջարկություններ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։

8. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարության զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով։

9. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը իր գործունեությունը իրականացնում է համապատասխան տեսչությունների, բնական միջավայրի աղտոտվածության հանրապետական հսկողության կենտրոնի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով։

10. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը գլխավորում է նախարարը, որը «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համաձայնությամբ։

Նախարարը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության գլխավոր պետական տեսուչը։

Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության նախարարի ներկայացմամբ։

11. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը՝

ա) պատասխանատվություն է կրում նախարարության վրա դրված խնդիրների ու ֆունկցիաների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը՝ նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև բնության պահպանության տեղական մարմինների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

դ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի, ինչպես նա՛և բնության պահպանության վարչատարածքային մարմինների կառուցվածքը.

ե) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև բնության պահպանության տեղական մարմինների կանոնադրությունները.

զ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ։

Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը։

12. Հայաստանի Հանրապետության բնութնախարարության կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները՝ ի պաշտոնե, ինչպես նաև բնութնախարարության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների աշխատողներ։

Հայաստանի Հանրապետության բնութնախարարության կոլեգիայի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

13. Հայաստանի Հանրապետության բնութնախարարության կոլեգիան իր նիստերում քննարկում է բնության պահպանության և բնօգտագործման կազմակերպման ու կատարելագործման, նախարարության գործունեության այլ հարցեր, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, կադրերի ընտրության, տեղաբաշխման ու ուսուցման, վերադաս մարմիններին ներկայացվող նորմատիվ ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի, ինչպես նաև նախարարության հրամանների, հրահանգների պատրաստման հիմնական հարցերը։ Լսում է շրջաններում բնության պահպանության վարչատարածքային մարմինների, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները։

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով։

Նախարարի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարակարծությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

14. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը ստեղծում, վերակազմում և լուծարում է իր ենթակայության ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հաստատում նրանց կանոնադրությունները։

15. Բնության պահպանության և բնօգտագործման բնագավառում միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու, գիտության, տեխնիկայի և առաջավոր փորձի նորագույն նվաճումները արտադրության մեջ ներդնելու համար բնութնախարարությունում կազմվում է գիտատեխնիկական խորհուրդ՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտական փորձագետներ, մասնագետներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գիտատեխնիկական խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատվում է նախարարի կողմից։

16. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունն ունի արտահաստիքային հասարակական տեսուչներ, որոնց կարգավիճակը սահմանվում է նախարարության կողմից հաստատված կանոնադրությամբ։

17. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում դրված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում նշված թերությունների վերացման համար։

18. Հայաստանի Հանրապետության բնութնախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք։