ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1993 թ. N 404
Քաղ. Երևան
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔ-ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև Ջերմուկ քաղաք-առողջարանի կենսագործունեության վրա:
Թերբեռնված են գործում միջազգային համարում ունեցող և հեռանկարում հանրապետության համար եկամտաբեր առողջարանները, անբավարար են օգտագործվում սակավաթիվ ձեռնարկությունների կարողությունները, որի հետևանքով զգալիորեն նվազել է արտադրական և սպասարկման ոլորտներում զբաղվածների թիվը:
Ջերմուկ քաղաք-առողջարանի կենսագործունեության վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` սեփական միջոցների հաշվին ապահովել 1993 թվականին Ջերմուկ քաղաքի հացի նոր գործարանի գործարկումը և նախատեսել 1993-1994 թվականներին գործարանին կից 20 տոննա տարողությամբ մազութի ավազանի ու 15 օրվա պաշարի տարողությամբ ալյուրի պահեստարանի նախագծման և շինարարական աշխատանքների իրականացումը:
2. «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի անխափան և համաչափ աշխատանքն ապահովելու նպատակով`
ա) օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` լուծել գործարանին օրական 10,0 հազ. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի հատկացման հարցը.
բ) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 1993 թվականին տրամադրված վարկային էմիսիայի հաշվին համապատասխան հատկացումներ կատարել գործարանի շրջանառու միջոցների լրացման համար:
3. Առաջարկել Արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհրդին ապահովել 1993-1994 թվականներին «Ջերմուկ» հանքային ջրի ըմպելասրահի ամրացման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և շինարարական աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը` խիստ հսկողություն սահմանել «Ջերմուկ» հանքային ջրի որակի նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանն ու պարենի և մթերումների նախարարությանը` Ջերմուկ քաղաքի առողջարանների, քաղաքային հիվանդանոցի, մանկական նախադպրոցական հիմնարկների սպասարկումը բարելավելու նպատակով լուծել Ջերմուկի քաղառին, ներկայացված հայտերի համաձայն, պարենային ապրանքների հատկացման հարցը:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`
ա) ապահովել Երասխ-Գորիս ավտոմայրուղուց մինչև Գնդեվանքի հուշարձանը և Ջերմուկ քաղաքից մինչև Կեչուտի ջրամբարի պատվարն ընկած ճանապարհահատվածներում տրանսպորտի անցանելիության նորմալ պայմաններ.
բ) Չայքենդ-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի առանձին հատվածներում իրականացնել նորոգման աշխատանքներ:
7. «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը`
ա) 1993/94 թթ. ձմռան ժամանակաշրջանում ջեռուցման ապահովման նպատակով պատգամավորների Ջերմուկի քաղխորհրդի գործկոմին հատկացնել անհրաժեշտ քանակությամբ մազութ.
բ) պատգամավորների Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի հետ համատեղ իրականացնել Կեչուտ գյուղի 60 պետական բնակելի տների կոմունալ սպասարկումը:
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` քննության առնել Ջերմուկի գործող ՀԷԿ-ից մինչև քաղաքի կենսաապահովման օբյեկտները 10 կվ լարման օդային գծի անցկացման հարցը և մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և արդարադատության նախարարությանը` քննության առնել Ջերմուկ քաղաքում նոտարական ծառայություն ստեղծելու հարցը և մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` Ջերմուկ քաղաքի առողջարաններում, պանսիոնատներում և մյուս կացարաններում բնակվող փախստականներին ապահովել մարդասիրական օգնության կարգով ստացվող մանկական սննդով և այլ սննդամթերքով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով:
11. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը և «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը` մինչև 2010 թվականը հաշվարկային ժամկետով:
12. Պատգամավորների Ջերմուկի քաղխորհրդի գործկոմին` 1993 թվականի բյուջեով քաղխորհրդի գործկոմին նախատեսված գումարների սահմաններում 1993 թվականին իրականացնել քաղաքային հիվանդանոցի շենքի հիմնանորոգման փաստացի կատարված աշխատանքների ֆինանսավորումը:
13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի վրա:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|