ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1092-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին» N 450-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1092-Ն որոշման

«17 ապրիլի 2025 թվականի N 450-Ն

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 10-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու և մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) պետական աջակցության դիմելու համար իրավասու են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած այն առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում՝ հայցվող ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը (համապատասխան հաշվարկներով հայտարարագրված տոկոսների միջին թվաբանականը) պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձևավորվի նույն հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից (հանրագումարից).

2) պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության տեսակների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում, բացառությամբ, երբ դիմող տնտեսավարող սուբյեկտը մինչև փոփոխությունները կատարելն արդեն իսկ բավարարում էր սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները.

3) սույն որոշմամբ պետական աջակցության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:

 4) պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմնին նախորդ ժամանակահատվածների համար ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում կատարվում են տրամադրված աջակցության գումարների վերահաշվարկներ և ավել տրամադրված աջակցության գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ.

5) տնտեսավարող սուբյեկտը նոր աշխատողների, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար, ինչպես նաև աշխատանքային միգրանտին տրվող պետական աջակցության աջակցություն ստանալու համար համապատասխան հարթակի միջոցով ներկայացնում է մեկ միասնական դիմում.

6) պետական աջակցության տրամադրման ժամանակ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար տնտեսավարող սուբյեկտին պետական աջակցության գումարի (այդ թվում՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով) ավել վճարված գումարը ենթակա է հաշվանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտին տրամադրման ենթակա պետական աջակցության գումարից, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից պետական աջակցության ստացման հայտ չներկայացվելու դեպքում, գումարի ավել վճարված մասը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձնում տնտեսավարող սուբյեկտը․

7) պետական աջակցության (այդ թվում՝ աշխատանքային միգրանտին տրամադրման ենթակա) դադարեցման դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է պետական աջակցության դադարեցման վերաբերյալ վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում պետական աջակցության կոնկրետ դեպքով ստացված գումարները: Ընդ որում՝ օրենքով սահմանված պետական աջակցության դադարեցման հիմք հանդիսացող ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնել է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից՝

ա. այնպիսի գործողությունների կատարումը, որոնց չկատարման դեպքում հնարավոր չէր լինի պետական աջակցություն ստանալը կամ պետական աջակցության գումարի չափի ավելացումը,

բ․ պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ նախորդող ժամանակաշրջանների մասով գրանցման հայտերում կատարած մասնագիտական պաշտոնների դասակարգիչների փոփոխությունը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար,

գ. պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ նախորդող ժամանակաշրջանների մասով հարկային հաշվարկներում կատարված տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի փոփոխությունը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար:

3. Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 353-Ն որոշմամբ հաստատված հավելվածով:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 17-ի N 450-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) նոր աշխատողներ ներգրավելու և մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության (այսուհետ նաև՝ աջակցություն) տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ օրենք) իմաստով:

3. Սույն կարգի իմաստով՝

1) նոր աշխատող է համարվում օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջները բավարարող՝ մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողը, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում չի հանդիսացել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի վարձու աշխատող։ Ընդ որում՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված հայտերի դեպքում 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև հայտը ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածը չի դիտարկվում նոր աշխատողի կարգավիճակի որոշման նպատակով։ Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է՝ օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած մինչև օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարվա լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ, անկախ գործատուի փոփոխությունից։

3) կադրերի պատրաստում և վերապատրաստում (այսուհետ՝ վերապատրաստում) է համարվում տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը և շարունակական կատարելագործումը, որը հավաստվում է վերապատրաստումն իրականացնող համապատասխան մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթղթով.

4) մասնագիտական կենտրոն է համարվում բարձր տեխնոլոգիաների ինչպես նաև ինժեներության (այդ թվում ղեկավարման՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ինժեներության ոլորտներում ծրագրի ղեկավարում, պրոդուկտի ղեկավարում, վաճառքի ղեկավարում, մարդկային ռեսուրսների ղեկավարում) ոլորտներում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված՝ հավաստագրում իրականացնող հարթակներում համապատասխան քննություններ իրականացնող կազմակերպությունը.

5) մասնագիտական կենտրոնի տրամադրած հավաստագիրը՝ մասնագիտական կենտրոնի կողմից հավաստագրում իրականացնող հարթակներից առնվազն մեկից ստացված հավաստումն է, որոնց վերաբերյալ հիմնավորումներն ուսումնասիրվում և ընդունվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված կարգով.

6) վերապատրաստված է համարվում այն մասնագետը, ով ունի մասնագիտական կենտրոնի տրամադրած հավաստագիր: Ընդ որում՝ աջակցության տրամադրման համար մասնագիտական կենտրոնի տրամադրած հավաստագիրն ընդունվում է, եթե այն ստանալու օրն ընդգրկող եռամսյակի վերջին օրվանից չի անցել 6 ամիս.

7) աջակցության համար դիմող է համարվում տնտեսավարող սուբյեկտի տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ՝ դիմող):

4. Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում նոր աշխատողի և (կամ) վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (ԱՎՈՒՄ) գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1․1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող նոր աշխատող կամ վերապատրաստված վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (ԱՎՈՒՄ) 20 տոկոսին համարժեք մեծությունը:

5. Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ մոնիթորինգի միջոցով:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք բավարարում են սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջները և աջակցության համար հայցվող ժամանակաշրջանում ունեցել են մասնագիտական աշխատանք կատարող նոր աշխատողներ և (կամ) մասնագիտական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարողներ, ովքեր դիմելու օրվա դրությամբ նույն տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողներն են:

8. Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում նոր աշխատողների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա և (կամ) մասնագիտական աշխատանք կատարող վերապատրաստված աշխատողների վերաբերյալ առկա տեղեկությունների հիման վրա՝ համապատասխան մասնագիտական կենտրոնի կողմից տրամադրված հավաստագիր ներկայացնելու դեպքում:

9. Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որում ներառվող ամիսների համար եկամտային հարկի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված լինի հարկային մարմին: Ընդ որում՝ հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Տնտեսավարող սուբյեկտի համար աջակցություն ստանալու նպատակով դիմողը սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն դիմում (հայտ) է ներկայացնում նախարարություն՝ https://benefits.hightech.gov.am/ հարթակի միջոցով:

11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ 2026 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող դիմումների, որոնք կարող են ներկայացվել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ընդ որում՝ դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար, բացառությամբ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ներկայացվող դիմումների, որոնք ներկայացվում են միայն 2026 թվականի առաջին եռամսյակի համար: Սույն կետով սահմանված դիմումների ներկայացման ժամկետների ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:

12. Դիմողը հարթակում նույնականանում է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով:

13. Նույնականացում անցնելուց հետո հարթակում առանձին քարտադարանով հասանելի կլինեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց մասով դիմողը կարող է ներկայացնել աջակցություն ստանալու դիմում:

14. Քարտադարանում առկա յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անհատական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկատվությունը:

15. Մասնագիտական աշխատանք կատարող վերապատրաստված անձի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի քարտադարանում՝ անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակում դիմողի կողմից մուտքագրելուց հետո: Դիմողը հարթակում մուտքագրում է վերապատրաստում անցած աշխատակցի վերապատրաստումը հավաստող փաստաթղթի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ակտիվ հղում տեղադրելու միջոցով:

16. Տնտեսավարող սուբյեկտն ինքնաշխատ եղանակով ստանում է նոր աշխատողի և (կամ) վերապատրաստված աշխատակցի համար հայցվող եռամսյակում հաշվարկված պետական աջակցության չափի մասին տեղեկատվությունը՝ ըստ առանձին աշխատակիցների և հաշվետու եռամսյակի ամիսների.

17. Նախքան սույն կարգի 16-րդ կետում նշված տեղեկությունը ստանալը՝ հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ՝

1) ստուգում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ եռամսյակի շրջանառության հարկի կամ եռամսյակը ներառող բոլոր ամիսների ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների Կառավարության սահմանած՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ: Ընդ որում՝ ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության դասակարգիչների համապատասխանության ստուգման ժամանակ հիմք է ընդունվում տնտեսավարող սուբյեկտի համապատասխան հարկային հաշվարկներով հայտարարագրած տնտեսական գործունեության դասակարգիչների տոկոսների միջին թվաբանականը:

2) ստուգում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, այնուհետև՝

3) ստուգում է դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի՝ 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում՝

4) տնտեսավարող սուբյեկտի աշխատողներից ընտրում է նոր աշխատողներին և (կամ) վերապատրաստում անցած աշխատակցներին:

18. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված գործողությունների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է՝

1) մասնագիտական աշխատանք կատարող նոր աշխատողի մասով՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու ամիսների համար աջակցության հնարավոր գումարի չափը՝ հետևյալ հաշվարկով՝ ԱՎՈՒՄ x 20% x 60%.

2) մասնագիտական աշխատանք կատարող վերապատրաստված աշխատողի մասով՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու ամիսների համար աջակցության հնարավոր գումարի չափը՝ հետևյալ հաշվարկով՝ ԱՎՈՒՄ x 20% x 50%:

19. Աջակցության ստացման նպատակով դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը՝ կարող է լրացնել իր հայեցողությամբ:

20. Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է հարթակում դիմումը հանձնելով, որից հետո հարթակը տրամադրում է հնարավոր աջակցության չափի վերաբերյալ տեղեկատվություն:

21. Աջակցության բավարարման դեպքում պետական աջակցություն ստացող տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է պայմանագիր, իսկ աջակցության մերժման դեպքում՝ դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին Նախարարության գրությունը:

22. Դիմումը բավարարվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:

23. Սույն կարգի համաձայն կնքված պետական աջակցության պայմանագրերը մուտքագրվում են պետական գնումների Armeps համակարգ։

 

4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Տնտեսավարող սուբյեկտը հարթակում անմիջապես կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:

25. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախարարությունը ներկայացված բողոքը քննարկում է հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկության, դիմումով ներկայացված փաստական հանգամանքների, ինչպես նաև լիազոր մարմնին հայտնի դարձած կամ տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից տրամադրված այլ տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:

26. Բողոքարկման արդյունքում բավարարվում կամ մերժվում է բողոքը, տրվում են գրավոր պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:

27. Բողոքարկման դեպքում, եթե ճշգրտվում է աջակցության գումարը, ապա բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է աջակցության վերահաշվարկ:

28. Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքում կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 17-ի N 450-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ օրենք) իմաստով:

3. Սույն կարգի իմաստով՝

1) աշխատանքային միգրանտ է համարվում օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները բավարարող տնտեսավորող սուբյեկտի մոտ մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողը, ում համար Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանքի վարձատրության մասով հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն որևէ գործատուի կողմից եկամտային հարկ վճարված չէ.

2) պետական աջակցություն (այսուհետ նաև՝ աջակցություն) է համարվում օրենքի հիման վրա աշխատանքային միգրանտին սույն կարգով տրամադրվող ֆինանսական օժանդակությունը.

3) աջակցության համար դիմող է համարվում աշխատանքային միգրանտի՝ գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ՝ դիմող):

4. Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1․1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող աշխատանքային միգրանտի մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (ԱՎՈՒՄ) 20 տոկոսին համարժեք մեծությունը:

5. Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ մոնիթորինգի միջոցով:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրումն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ նաև՝ միջնորդ) միջոցով:

7. Սույն կարգով աջակցություն ստանալու դիմում ներկայացնելու իրավունք ունեն աշխատանքային միգրանտի գործատու այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք բավարարում են սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջները և աջակցության համար հայցվող ժամանակաշրջանում և դիմելու օրվա դրությամբ տվյալ աշխատանքային միգրանտը հանդիսանում է դիմող տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողը:

8. Աշխատանքային միգրանտին աջակցությունը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում տվյալ աշխատանքային միգրանտի վերաբերյալ առկա տեղեկության հիման վրա:

9. Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որում ներառվող ամիսների համար եկամտային հարկի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված լինի հարկային մարմին: Ընդ որում՝ հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Աշխատանքային միգրանտի համար աջակցություն ստանալու նպատակով դիմողը սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն դիմում (հայտ) է ներկայացնում նախարարություն՝ https://benefits.hightech.gov.am/ հարթակի միջոցով:

11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ 2026 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող դիմումների, որոնք կարող են ներկայացվել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ընդ որում՝ դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար, բացառությամբ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ներկայացվող դիմումների, որոնք ներկայացվում են միայն 2026 թվականի առաջին եռամսյակի համար: Սույն կետով սահմանված դիմումների ներկայացման ժամկետների ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:

12. Դիմողը հարթակում նույնականանում է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով:

13. Նույնականացում անցնելուց հետո հարթակում առանձին քարտադարանով հասանելի կլինեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց մասով դիմողը կարող է ներկայացնել աշխատանքային միգրանտի համար աջակցություն ստանալու դիմում:

14. Քարտադարանում առկա յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անհատական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տեղեկատվությունը:

15. Տնտեսավարող սուբյեկտն ինքնաշխատ եղանակով ստանում է աշխատանքային միգրանտի համար հայցվող եռամսյակում հաշվարկված պետական աջակցության չափի մասին տեղեկատվությունը՝ ըստ առանձին աշխատակիցների և հաշվետու եռամսյակի ամիսների.

16. Նախքան սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկությունը ստանալը՝ հարթակն ինքնաշխատ եղանակով՝

1) ստուգում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ եռամսյակի շրջանառության հարկի կամ եռամսյակը ներառող բոլոր ամիսների ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների Կառավարության սահմանած՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ: Ընդ որում՝ ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրած տնտեսական գործունեության դասակարգիչների համապատասխանության ստուգման ժամանակ հիմք է ընդունվում տնտեսավարող սուբյեկտի համապատասխան հարկային հաշվարկներով հայտարարագրած տնտեսական գործունեության դասակարգիչների տոկոսների միջին թվաբանականը:

2) ստուգում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, այնուհետև՝

3) ստուգում է դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի՝ 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում՝

4) տնտեսավարող սուբյեկտի աշխատողներից ընտրում է աշխատանքային միգրանտներին:

17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է մասնագիտական աշխատանք կատարող աշխատանքային միգրանտի մասով՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու ամիսների համար աջակցության հնարավոր գումարի չափը՝ հետևյալ հաշվարկով՝ ԱՎՈՒՄ x 20% x 60%:

18. Աջակցության ստացման նպատակով դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը՝ կարող է լրացնել իր հայեցողությամբ:

19. Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է հարթակում դիմումը հանձնելով, որից հետո հարթակը տրամադրում է յուրաքանչյուր աշխատանքային միգրանտի համար հնարավոր աջակցության չափի վերաբերյալ տեղեկատվություն:

20. Աջակցության բավարարման դեպքում միջնորդի և նախարարության միջև կնքվում է պայմանագիր, իսկ աջակցության մերժման դեպքում՝ միջնորդին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին նախարարության գրությունը:

21. Դիմումը բավարարվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է միջնորդի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:

22. Աշխատանքային միգրանտի համար աջակցության գումարը ստանալուց հետո միջնորդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է աշխատանքային միգրանտի բանկային հաշվեհամարին, որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:

23. Աշխատանքային միգրանտը աջակցության գումարի ստացման պահանջը կարող է ներկայացնել միայն տնտեսավարող սուբյեկտին:

 

4. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Տնտեսավարող սուբյեկտը հարթակում անմիջապես կարող է բողոքարկել սույն կարգով սահմանված աջակցության տրամադրման դիմումի պատասխանը:

25. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախարարությունը բողոքը քննարկում է հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկության, դիմումով ներկայացված փաստական հանգամանքների, ինչպես նաև լիազոր մարմնին հայտնի դարձած կամ տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից տրամադրված կամ այլ տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:

26. Բողոքարկման արդյունքում բավարարվում կամ մերժվում է բողոքը, տրվում են գրավոր պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:

27. Բողոքարկման դեպքում, եթե ճշգրտվում է աջակցության գումարը, ապա բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է աջակցության վերահաշվարկ:

28. Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքում կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2026 թվական: