ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-123-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսության (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողների, միջատների և այլն) հետ կապված հարաբերությունների վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տնային կենդանիներ՝ «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված և Կառավարության սահմանած ցանկում ներառված կենդանիներ.

2) թափառող կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք չունեն պահող, կամ կորած համարվող տնային կենդանիներ.

3) ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ՝ կենդանական աշխարհի վայրի և ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են կրկեսներում, սպորտային և ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու և նկարահանումների համար.

4) ծառայողական կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրական խնդիրների շրջանակներում պահակության կամ որոնողափրկարարական նպատակների համար.

5) կենդանի պահող՝ տնային, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող կամ օգտագործող 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.

6) կենդանիների կացարան՝ վայր, որտեղ կերակրվում, բուժվում կամ պահվում են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև սեփականատիրոջ համաձայնությամբ՝ ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները.

7) կենդանիների բուծարան՝ կենդանիների բուծման համար հատուկ հարմարեցված և համապատասխան սարքավորումներով կահավորված կառույց՝ նախատեսված կենդանիների բազմացման համար.

8) կենդանու անձնագիր՝ անասնաբույժի տրամադրած փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն կենդանու նույնականացման և կենդանի պահողի վերաբերյալ: Կենդանու նույնականացման համար օգտագործվում է տեղեկատվություն պարունակող պիտակ կամ մարմնի որոշակի հատվածում ամրացված միկրոսխեմա կամ դաջվածք։

 

Հոդված 2. Կենդանիների բարեկեցությունը և կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրությունը

 

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը

 

1. Սույն օրենքի նպատակն է կարգավորել տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առք ու վաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4. Կառավարության իրավասությունը

 

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Կառավարությունը՝

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը.

2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության ծրագիրը․

2.1) հաստատում է թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման՝ բռնման, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձման ծրագիրը.

3) հաստատում է կացարանների կառուցման և շահագործման պահանջները և կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագիրը.

4) իրականացնում է միջազգային համագործակցություն.

5) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ կացարաններում) տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման և խնամքին ներկայացվող պահանջների կարգը.

6) սահմանում է սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկը.

7) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված, կենդանիների որդեգրման խրախուսման, թափառող կենդանիների խնամքի ժամանակակից և մարդասիրական մեթոդների ներդրման, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համակեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության և հանրային բարեկեցության վերաբերյալ հանրային կրթական ծրագիրը։

2. Տնային կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում խնդիրների բարձրաձայնման, ներկայացման և հասցեագրման նպատակով վարչապետը ձևավորում է միջգերատեսչական հանձնաժողով, հաստատում դրա անհատական կազմը և աշխատակարգը: Հանձնաժողովի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քանակը որոշում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը և ներկայացնում վարչապետի հաստատմանը:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

Հոդված 5. Պետական կառավարման լիազոր մարմինների լիազորությունները

 

1. Կառավարությունը սահմանում է պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների այն ցանկը, որոնց լիազորությունների շրջանակը ներառում է՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) կացարանների կառուցման և շահագործման պահանջների մշակումը.

3) այն համայնքների ցանկը, որոնց տարածքում պետք է կառուցվեն թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ և հարակից ենթակառուցվածքներ (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն).

4) իրենց իրավասության սահմանում միջազգային համագործակցության իրականացումը.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության ծրագրի մշակումը.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման՝ բռնման, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձման ծրագրի մշակումը.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ կացարաններում պահվող) տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման և խնամքին ներկայացվող կարգի մշակումը.

8) տնային կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևը, այն լրացնելու և տրամադրելու, միկրոսխեմաներ, պիտակներ տեղադրելու, դաջվածքներ դնելու, շներ, կատուներ պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու և տեղեկատվական առցանց էլեկտրոնային համակարգի վարման կարգի հաստատումը.

9) կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագրի մշակումը.

10) կենսագործունեությանը (կյանքին) սպառնացող վտանգավոր իրավիճակներում (արտակարգ իրավիճակներում) հայտնված կենդանիների փրկության հետ կապված գործառույթների իրականացումը.

11) կացարաններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգի մշակումը, պայմանների, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների, լիազորությունների ժամկետի, խմբի անդամների թվի, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմի և իրավասությունների շրջանակի սահմանումը.

12) կացարանների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու կարգի սահմանումը.

13) տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված, կենդանիների խնամքի ժամանակակից և մարդասիրական մեթոդների, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համակեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության և հանրային բարեկեցության վերաբերյալ պետական կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը.

14) տնային և թափառող կենդանիների հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպումը.

15) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված, կենդանիների որդեգրման խրախուսման, թափառող կենդանիների խնամքի ժամանակակից և մարդասիրական մեթոդների ներդրման, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համակեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության և հանրային բարեկեցության վերաբերյալ հանրային կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը:

(5-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով:

 

Հոդված 7. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը

 

1․ Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիների կողմից՝ կամավոր սկզբունքով։

2․ Կենդանիների պաշտպանությունը կամ հանրային առողջապահությունը որպես կանոնադրական նպատակ սահմանած հասարակական կազմակերպությունները, որոնք վերոնշյալ ոլորտներում ունեն առնվազն երկու տարվա գործունեության փորձ, կարող են իրականացնել հասարակական մշտադիտարկում կացարանների գործունեության նկատմամբ` անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով (ռոտացիոն սկզբունքով)։

3․ Սույն հոդվածի իմաստով` հասարակական մշտադիտարկումը ներառում է կացարանների կողմից խնամքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափորոշիչների, կարգի, պայմանների պահպանման, ինչպես նաև սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման նկատմամբ մշտադիտարկման գործառույթները։

(7-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 8. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները

 

1. Կենդանու հետ հարաբերվելիս հիմք են ընդունվում կենդանու նկատմամբ բարեխիղճ և կենդանասիրական սկզբունքները, որոնք ուղղված են կենդանու բարեկեցության, առողջ կենսագործունեության և կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահպանությանը:

2. Կենդանու նկատմամբ վերաբերմունքը և մարդու կողմից կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն իրագործվում է՝ հիմք ընդունելով կենդանու ցավազգաց լինելը, ֆիզիկական և էմոցիոնալ ապրումներ ունենալու հանգամանքը:

3. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքներն են՝

1) մարդու պատասխանատվությունը կենդանու կյանքի և բարեկեցության համար.

2) պետության հոգածությունը և պատասխանատու լինելը թափառող կենդանիների նկատմամբ:

 

Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները

 

1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝

1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան.

2) կենդանուն խեղդելը, կախելը, մասնատելը, ուժեղ հարվածելը, մտրակելը, կենդանու նկատմամբ զենք կիրառելը, դիտավորությամբ վրաերթի ենթարկելը, եթե նույնիսկ այդ գործողությունները չեն հանգեցրել կենդանու կյանքի ընդհատման.

3) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան և ցավոտ մահվան.

4) կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը.

5) կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը.

6) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը, իրականացումը և մասնակցությունը.

7) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը.

8) տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը՝ քաղցի մատնելու միջոցով.

9) գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով կենդանիների քնեցում կամ սպանդ իրականացնելը.

10) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ, կենդանու տարիքից, ֆիզիկական և առողջական վիճակից ելնելով, կան անզգայացման հակացուցումներ, կամ վիրահատական միջամտությունը հրատապ է, իսկ անզգայացումը կյանքի համար ռիսկեր է պարունակում․

11) առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը.

12) առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացմամբ կենդանու քնեցումը.

13) կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում:

2. Պատասխանատվություն չեն առաջացնում կենդանուն մտրակելը, քարով, ոտքով հարվածելը, կենդանու նկատմամբ էլեկտրաշոկ, գազային բալոն կիրառելը, եթե այդ արարքները կենդանու կողմից մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության կամ այլ անձանց պաշտպանության նպատակով են կատարվել։

3. Արգելվում է նաև՝

1) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչև կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը.

2) կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը.

3) կենդանիներ բուծելը կացարաններում.

4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.

5) կենդանիների այնպիսի վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն, ինչպես նաև այնպիսի հարմարանքների կիրառումը, որոնք ինքնին, անգամ առանց մարդու միջամտության, կարող են տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ վնասակար ազդեցություն ունենալ կենդանու անատոմիական և ֆիզիոլոգիական կարողությունների վրա.

6) առանց կենդանիների անատոմիական և ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը.

7) անհրաժեշտ որակավորում և մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման և վիրահատական միջամտությունների իրականացումը, բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում և ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի.

8) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակում կատարվելիք բուժում են հանդիսանում.

9) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.

10) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.

11) կենդանիներին կերակրումն այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար.

12) տարբեր տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև առաջանում է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար.

13) տնային կենդանիների բուծումը կամ պահումը մսի կամ մորթու արտադրության նպատակով.

14) կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում:

(9-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

Հոդված 10. Տնային կենդանիների պահման պահանջները

 

1. Տնային կենդանի պահողը՝ կախված կենդանու տեսակից, տարիքից և ցեղատեսակից, պարտավոր է կենդանու համար ապահովել Կառավարության սահմանած՝ պահմանը և խնամքին ներկայացվող պահանջների կարգերով նախատեսված պահանջների կատարումը, որոնք ներառում են առնվազն հետևյալ պարտադիր պայմանները․

1) տեղակայման և տեղաշարժման համար անհրաժեշտ տարածքը, ազատությունը և պայմանները.

2) կերի և ջրի բավարար քանակը.

3) կերակրման և խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորությունը․

4) կերակրվելու և խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու դրանց աղտոտումը և նվազեցնելու կենդանիների միջև ագրեսիվ մրցակցությունը․

5) կենսագործունեության համապատասխան միկրոկլիման.

6) կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելումը և բուժումը, հիվանդության կամ վնասվածքի դեպքում՝ անասնաբույժի օգնությանը դիմելը․

7) միջոցառումների ձեռնարկումը՝ ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարում ներքին և արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանը․

8) կենդանիների կողմից հասարակական վայրերի և շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտման դեպքում դրանց մաքրման ապահովումը․

9) հնարավոր նվազագույն միջոցների ձեռնարկումը կենդանիների՝ բարձրություններից ընկնելը կանխելու համար․

10) կենդանուն կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել, որ կապի երկարությունը լինի նվազագույնը երեք մետր․

11) մարդկանց կամ գույքը չվնասելու միջոցառումների ձեռնարկումը․

12) կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումների ձեռնարկումը․

13) վերահսկողություն իրականացնելիս իրավասու մարմիններին չխոչընդոտելը և անհրաժեշտության դեպքում տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելը:

2. Տնային կենդանի պահելու համար կենդանի պահողը պարտավոր է հաշվառել կենդանուն տեղական ինքնակառավարման մարմիններում՝ հաշվառման կարգի համաձայն։

3. Տնային շուն պահողը պարտավոր է նաև՝

1) կենդանուն ձեռք բերելիս իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ Կառավարության սահմանած կարգով կենդանու անձնագիր ստանալու և կենդանու վրա միկրոսխեմա տեղադրելու նպատակով: Տնային և թափառող շների նույնականացման գործընթացում առաջնային պետք է լինի կենդանու անհատական տվյալներ պարունակող միկրոսխեմայի միջոցով պետական լիազոր մարմնի կողմից կառավարվող տվյալների բազայում կենդանու վերաբերյալ տվյալների արագ և անխոչընդոտ նույնականացումը: Միկրոսխեմայի միջոցով պետք է հնարավոր լինի նույնականացնել կենդանի պահողին: Կենդանի պահողի նույնականացման անհնարինության պարագայում կենդանուն տեղավորում են կացարանում․

2) կենդանուն ձեռք բերելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով․

3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ կենդանիների անձնագրերը․

4) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները և այլ անհրաժեշտ միջոցառումներ․

5) կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան և ազատ տեղաշարժման տարածք․

6) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք․

7) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի և առնվազն մեկ մետր կարճեցված կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր խառնածին շների․

8) ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել առնվազն մեկ մետր կարճեցված կապով․

9) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալով և առնվազն մեկ մետր կարճեցված կապով ցանկացած հանրային վայրում․

10) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում․

11) շան կորելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնել դրա մասին և պատկան մարմինների ուղղորդմամբ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ։

4. Շներ պահողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակելու միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում, մեկուսացված շինություններում, շների համար նախատեսված համայնքային կամ մասնավոր զբոսայգիներում:

5. Երեքից ավելի կենդանի պահելու համար կենդանի պահողը պետք է թույլտվություն ստանա տեղական ինքնակառավարման մարմնից:

(10-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

Հոդված 11. Թափառող կենդանիների բռնման, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձման գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները

(վերնագիրը խմբ. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

1. Թափառող կենդանիների բռնումը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացնեն համապատասխան հմտություններ և փորձ ունեցող մասնագետները և համապատասխան փոխադրամիջոցներով կենդանիների բռնումը անվտանգ կատարեն:

3. Թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստերջացման միջոցով, ինչպես նաև պատվաստման նպատակով՝ կանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը և վտանգը մարդու առողջության համար: Ստերջացումից կամ պատվաստումից հետո կենդանին բաց է թողնվում նույն տարածք, որտեղից բռնվել է, բացառությամբ կենդանու մոտ վարակիչ հիվանդության առկայության դեպքի, երբ կենդանին պահվում է կացարանի կարանտինային տարածքում մինչև վերջնական բուժումը:

4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է:

5. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը և բնականոն կենսագործունեությունը:

6. Թափառող կենդանիների բռնումն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը նախևառաջ ստուգում են կենդանու մոտ միկրոսխեմայի առկայությունը՝ կենդանուն նույնականացնելու նպատակով: Եթե կենդանին չունի պահող, ապա կենդանուն տեղափոխում են կացարան և իրականացնում անհրաժեշտ անասնաբուժական միջամտություններ: Եթե կենդանին ունի պահող, ապա տեղական ինքնակառավարման մարմինները իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ կենդանի պահողին կենտրոնացված տվյալների բազայում նույնականացնելու և գտնված կենդանուն պահողին հանձնելու նպատակով: Կենդանի պահողին չգտնելու դեպքում կենդանին տեղափոխվում է կացարան: Կենդանի պահողի կողմից կենդանուց հրաժարվելու պարագայում կենդանի պահողի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված պահանջները, իսկ կենդանին տեղափոխվում է կացարան:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

Հոդված 12. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

 

1. Կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը թույլատրվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած թույլտվության առկայության դեպքում:

2. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, դելֆինարիաների, էկզոտարիումների, կենդանիների մասնակցությամբ կրկեսների և նմանատիպ կառույցների գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությունը:

4. Արգելվում է կենդանու մասնակցությունը այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը, որոնց ժամանակ կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:

5. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի՝ ապահովելով մարդկանց և այլ կենդանիների անվտանգությունը:

 

Հոդված 13. Ծառայողական կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

 

1. Ծառայողական կենդանիների վարժեցումից հետո անցկացվում են ծառայողական կենդանիների թեստեր (հանձնարարական ստուգում), որոնցից հետո այդ կենդանիներին օգտագործելու իրավունքի համար տրվում է սերտիֆիկատ (վկայագիր) տարբեր ծառայությունների նպատակով: Սերտիֆիկատի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարության սահմանած պետական կառավարման լիազոր մարմինը:

2. Արգելվում է ծառայողական կենդանու փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ ծառայողական կենդանուն առանց հսկողության թողնելը:

 

Հոդված 14. Կենդանիների բուծումը

 

1. Բուծվող կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորվում է սույն օրենքով կենդանի պահողի համար սահմանված պահանջների պահպանմամբ:

2. Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական սերմնավորման իրականացումը, որի հետևանքով նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ և անոմալ շեղումներ, այդ թվում՝

1) հենաշարժողական հիվանդություններ․

2) խլություն․

3) կուրություն․

4) ատամների և գլխի դեֆորմացիա․

5) ագրեսիվություն:

3. Տնային կենդանիների բուծումը ձեռնարկատիրական նպատակով պետք է կազմակերպվի բուծարանում:

 

Հոդված 15. Կենդանիների վաճառքը ձեռնարկատիրական նպատակով

 

1. Կենդանիների վաճառք իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի և ջրի բավարար քանակ, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք և պայմաններ:

2. Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել տեղական ինքնակառավարման մարմնի տված թույլտվության հիման վրա: Կենդանու վաճառքի դեպքում կենդանի պահողը պարտավոր է 10-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել կենդանու անձնագրում իր տվյալները ամրագրելու համար:

 

Հոդված 16. Կենդանիների պահման և խնամքի պահանջները կացարաններում

 

1. Կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիներ: Կացարան տեղափոխված կենդանիները անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումներից և ստերջացվելուց հետո բաց են թողնվում համայնք, բացառությամբ կացարանում մշտապես պահման ենթակա կենդանիների: Կացարանում կենդանիներին մշտապես պահելու դեպքերը սահմանում է Կառավարության սահմանած պետական կառավարման լիազոր մարմինը:

2. Կացարաններում կենդանի պահողի կողմից ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումները և ստերջացումն իրականացվում են բացառապես կենդանի պահողի դիմումի համաձայն, բացառությամբ անհետաձգելի բուժօգնության միջոցառումների:

3. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել պահվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել նրանց կերի, ջրի, քնի, շարժման և բնականոն վարքի բոլոր պահանջները:

4. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը կացարանը սպասարկող անասնաբույժի միջոցով՝ ապահովելով կացարանում պահվող կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելիչ այլ միջոցառումների իրականացումը:

5. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են վարել կացարանում պահվող կենդանիների հաշվառում բոլոր այն տվյալների գրանցմամբ, որոնք թույլ կտան նույնականացնել կենդանուն:

6. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կորած և կացարան բերված կենդանու պահողին գտնելու համար:

7. Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 18 տարին լրացած գործունակ անձանց՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

8. Կենդանիների կացարանը պետք է ունենա համացանցային հարթակ, որտեղ կտեղադրվեն գտնված և կացարանում պահվող կենդանիների նկարները և այլ տեղեկատվություն:

9. Կենդանիների կացարանը պետք է իրականացնի կացարանից կենդանիների պահման խթանմանն ուղղված միջոցառումներ, ներառյալ հանրային իրազեկման և սոցիալական գովազդների միջոցով:

10. Կացարանները պարտավոր են ներկայացնել հրապարակային հաշվետվություն լիազոր մարմնի սահմանած կարգով, որը պետք է ներառի կենդանու նկարը, սեռը, տարիքը (մոտավոր), ինչ առողջական խնդիրներով է հայտնվել կացարանում, ինչ անասնաբուժական միջամտություններ են կատարել կացարան հայտնվելուց հետո, անասնաբուժական անամնեզի պատմությունը, ինչ դեղամիջոցներով ինչ բուժում է ստացել կամ ստանում, պիտակի համարը, որտեղից է բռնվել և որտեղ է բաց թողնվել:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-359-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔՆԵՑՈՒՄԸ, ԱՆԿԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ԹԱՂՈՒՄԸ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

Հոդված 17. Կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով քնեցումը

 

1. Կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով քնեցման պահանջների վերաբերյալ հարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 18. Անկած կենդանիների դիակների հավաքումը, թաղումը կամ ոչնչացումը

 

1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ անասնաբուժական, շրջակա միջավայրի պահպանության, ճարտարապետական, քաղաքաշինության և շինարարական գործունեության օրենսդրության համաձայն:

2. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման կամ ոչնչացման կարգը սահմանում է Կառավարության սահմանած պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2․ Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 17

Երևան

ՀՕ-123-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: